Ջազը, որ ճեղքեց երկաթե վարագույրն ու գաղտնի զենք դարձավ. «Ջազի դեսպանները» ծրագիրը՝ փափուկ ուժի դասական օրինակ
20-րդ դարի կեսերին, երկրորդ համաշխարհայինից հետո, Միացյալ Նահանգներն ու Խորհրդային Միությունը նոր պատերազմի մեջ ներքաշվել չէին կարող, որովհետև հետևանքները գուցե անդառնալի լինեին։ Ահա այսպես սկիզբ առավ Արևմուտքի և Սոցիալիստական ճամբարի երկրների միջև համաշխարհային աշխարհաքաղաքական, տնտեսական, գաղափարական առճակատումը՝ սառը պատերազմը։ Սա շատ ավելի երկար, ավելի խորքային ու հաճախ նաև ավելի ազդեցիկ պայքար էր՝ մարդկանց գաղափարների ու պատկերացումների վրա ազդելու մրցավազք։ Այս նոր իրականության մեջ ամեն ինչ՝ գրականությունից մինչև կինո, ռադիոյից մինչև սպորտ, գաղափարական մրցակցության գործիք էր դառնում։ Բայց թերևս ամենաանսպասելի և միաժամանակ ամենաարդյունավետ գործիքներից մեկը դարձավ ջազը։
1953 թվականին, նախագահ Դուայթ Էյզենհաուերի նախաձեռնությամբ ստեղծվեց United States Information Agency-ն՝ ԱՄՆ Տեղեկատվական գործակալությունը։ Դրա հիմնական նպատակը պարզ էր․ ազդել միջազգային հանրային կարծիքի վրա և համոզել հատկապես նոր ձևավորվող, դեռևս հստակ կողմնորոշում չունեցող հասարակությունների քաղաքացիներին, որ Ամերիկան ազատության սիմվոլն է։ Գործակալության կազմում գործում էր նաև Voice of America ռադիոկայանը, որը հաղորդումներ էր հեռարձակում աշխարհի տարբեր լեզուներով ու հասնում միլիոնավոր մարդկանց։
Բայց այս ամբողջ պրոպագանդիստական հաջողված նախագծում մի լուրջ ու համակարգային մարտահրավեր կար, որը Խորհրդային Միությունը շատ արագ նկատեց ու սկսեց ակտիվորեն օգտագործել Միացյալ Նահանգների դեմ։ ԱՄՆ-ում ռասսայական խտրականությունը լրջագույն խնդիր էր։ Սեգրեգացիան հաճախ դրսևորվում էր բռնության և բացահայտ անարդարության ձևով։ Մինչ ԱՄՆ-ն փորձում էր ներկայանալ որպես «ազատության մոդել», ներքին այս հակասությունն ավելի ու ավելի դժվար էր թաքցնել։
Խորհրդային քարոզչությունը այս թեման օգտագործում էր առավելագույն արդյունավետությամբ։ Խորհրդային միության տարածքում ստեղծվում էին թեմայի վերաբերյալ ֆիլմեր, հնչում էր աֆրոամերիկացիների երաժշտությունը, ընդգծվում թեմայի դրամատիզմը։ 1950-ականներին այս թեման առավել քան երբևէ արդիական էր։ Կրակի վրա յուղ լցրեց 1955 թվականին Միսիսիպի նահանգում տեղի ունեցած ողբերգությունը՝ 14-ամյա Էմմեթ Թիլի դաժան սպանությունը, ինչը հետագայում արդարացվել էր դատարանի կողմից ու դարձել միջազգային սկանդալ։
Սա լրջորեն վնաս հասցրեց ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը։ Ռասայական հարցը դարձավ ամերիկյան դիվանագիտության աքիլեսյան գարշապարը։ Այս իրավիճակում Վաշինգտոնում հասկացան, որ աշխարհին դիմելու այլ ձև, այլ լեզու պիտի գտնեն։ Եվ այդ լեզուն դարձավ երաժշտությունը։
1955 թվականի հունվարի 6-ին Voice of America-ն՝ Ամերիկայի ձայնը, եթեր հեռարձակեց նոր ծրագիր՝ Jazz Hour կամ ջազի ժամ։ Առաջին հայացքից սա պարզապես երաժշտական հաղորդում էր, բայց ժամանակը ցույց տվեց, որ այն շատ ավելի մեծ ռազմավարության մաս էր։ Այդ ժամանակ ջազը Խորհրդային երկրներում գրեթե արգելված երևույթ էր։ Այն ընկալվում էր որպես «կապիտալիստական փտած մշակույթ», տարածված էին նույնիսկ աբսուրդ կարգախոսներ՝ «այսօր ջազ ես նվագում, վաղը հայրենիքդ կվաճառես»։ Բայց նաև այդ «արգելված» բնույթն էր ջազը երիտասարդների համար այդքան գրավիչ դարձնում։
Այսպիսով՝ հաղորդման վարողը դարձավ Ուիլիս Քոնովերը։ Ի սկզբանե նա թեմայի գիտակ ու պրոֆեսիոնալ չէր, պարզապես սիրում էր այս երաժշտությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ծառայում էր բանակում, Քոնովերը սկսել էր հավաքել, լսել ու ուսումնասիրել ջազային ձայնագրություններ, հետո արդեն դարձել էր ռադիոհաղորդավար։ Քոնովերի ոճը յուրահատուկ էր։ Նա խոսում էր դանդաղ, հստակ արտասանությամբ։ Գիտակցում էր, որ իրեն լսում են աշխարհի տարբեր երկրներից, որտեղ անգլերենը մայրենի լեզու չէ։ Նրա խորը, «թավշյա» ձայնը տարիների ընթացքում ամբողջ աշխարհի ջազասերների համար ճանաչելի դարձավ։
Քոնովերը գրեթե երբեք չէր խոսում քաղաքականությունից։ Բայց ազատության գաղափարը մշտապես առկա էր նրա խոսքում։ Նրա ներկայացմամբ ջազը երաժշտություն էր, որտեղ յուրաքանչյուր երաժիշտ ազատ է, բայց միևնույն ժամանակ համագործակցում է մյուսների հետ։ Եվ սա, ըստ ռադիոհաղորդավարի, հենց Ամերիկայի գաղափարն էր։ Արդյունքը զարմանալի էր։ Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ամեն երեկո միացնում էին իրենց ռադիոները ու լսում այս հաղորդումը։ Շատերի համար սա առաջին հանդիպումն էր ամերիկյան մշակույթի հետ՝ առանց պաշտոնական քարոզչության, առանց ուղիղ քաղաքական ուղերձների։
Ռադիոն առաջին քայլն էր, որովհետև ծանր հրետանին դեռ առջևում էր։ 1956 թվականին բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը՝ Լուի Արմսթրոնգը, ելույթ ունեցավ Աքրայում՝ այն ժամանակ դեռ բրիտանական գաղութ հանդիսացող Ոսկե Ափի մայրաքաղաքում, որը շուտով պետք է դառնար անկախ Գանա։ Նրա համերգին մասնակցում էր շուրջ 100 հազար մարդ։ Արմսթրոնգը ցնցված էր։ Նրա երաժշտությունը տեղացիներն ընդունել էին այնպիսի ոգևորությամբ, որն անգամ ինքը՝ երաժիշտը չէր ակնկալում։
Վաշինգտոնում այս ֆենոմենն անմիջապես նկատեցին։ Քաղաքական գործիչները վերջապես հասկացան, որ ջազը կարող է անել այն, ինչ չի կարող անել ոչ մի պաշտոնական հայտարարություն։ Երաժշտությունը կարող է ստեղծել զգացմունքների վրա հիմնված կապ, որը ժամանակի ընթացքում նաև գաղափարական տարրեր կփոխանցի։ Այսպես ծնվեց սառը պատերազմի մշակութային պայքարի ամենահետաքրքիր դրվագներից մեկը՝ «Ջազի դեսպաններ» ծրագիրը։ Ջազը՝ իր ազատության, իմպրովիզացիայի և բազմազանության գաղափարներով, դարձավ այդքան անհրաժեշտ նոր ու համամարդկային լեզուն։
Ծրագրի մեկնարկը համարվում է 1956 թվականին Դիզի Գիլեսփիի գլխավորությամբ առաջին մեծ շրջագայությունը։ Խմբի կազմում սևամորթ ու սպիտակամորթ երաժիշտներ կային ու սա ինքնին արդեն քաղաքական ուղերձ էր։ Գիլեսփին հայտարարում էր, որ շեփորն իր «զենքն» է, որով cold war-ը՝ սառը պատերազմը կարելի է դարձնել cool war։ Այս բառախաղը երկակի նշանակություն ուներ, որովհետև այդ շրջանում ջազում ևս cool ուղղությունն էր առաջացել։ Թուրքիայում, Իրանում, Սիրիայում, Պակիստանում և այլ երկրներում խմբի ելույթները իսկապես ավելի տպավորիչ ու ազդեցիկ էին, քան ցանկացած պաշտոնական ելույթ։ Ջազը կարողանում էր շրջանցել քաղաքական դիմադրությունը ու ստեղծում էր անմիջական, մարդկային կապ։
Այնուամենայնիվ, այս պատմությունը պետք չէ դիտարկել միայն որպես հաջողված մշակութային դիվանագիտության դրվագ։ Այն միաժամանակ բազմաթիվ հակասություններ ուներ։ Ջազը ծնվել էր աֆրոամերիկյան փորձառությունից, ստրկության և ճնշման պատմությունից, դրա ռիթմերը և բլյուզային հնչողությունը գալիս էին հարավային նահանգների դաշտային երգերից։ Եվ ահա՝ պետությունը հենց այդ երաժշտությունն էր օգտագործում, որպեսզի ցույց տար, թե Ամերիկան հաղթահարել է իր ռասայական խնդիրները։ Իրականում, ինչպես ցույց են տալիս պատմական փաստերը ու ինչպես արդեն նշեցինք, 1950-ականներին իրավիճակը հաճախ անգամ սրվում էր։ Այդ հակասությունը շատ լավ տեսնում ու գիտակցում էին նաև երաժիշտները։ Նրանք հասկանում էին, որ իրենցից ակնկալվում է ներկայացնել «ազատ Ամերիկան», բայց իրենք ապրում են այլ իրականության մեջ։
Այդուհանդերձ, ծրագիրը շարունակվեց և նույնիսկ ընդլայնվեց։ Բայց այս ամբողջ պատմությունն ավելի լայն համատեքստ ունի։ 1950-60-ականներին աշխարհը արագ փոխվում էր, գաղութային համակարգը փլուզվում էր, և նորանկախ պետությունները հայտնվում էին երկու գերտերությունների միջև մրցակցության կենտրոնում։ ՄԱԿ-ի անդամ երկրների թիվը կտրուկ աճում էր, և այդ նոր երկրները սկսում էին ազդել միջազգային հարաբերությունների վրա։ Այս պայմաններում Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր էր ընդլայնել իր ազդեցության լծակները՝ այդ թվում՝ մշակութային։ Ջազը դարձավ այդ ներկայության ամենաարդյունավետ ձևերից մեկը, որովհետև այն միաժամանակ և՛ ամերիկյան էր, և՛ գլոբալ, և՛ հասկանալի տարբեր մշակույթների մարդկանց համար։
1960-ականների սկզբին «ջազի դեսպանների» ծրագիրը մտավ նոր փուլ։ Այն ուղղակիորեն հասավ ամենաբարդ ուղղություններից մեկին՝ Խորհրդային Միությանը։ Մինչև այդ ջազը հիմնականում շրջանառվում էր «փակ» տարածքներում, ռադիո ալիքներով կամ Ասիայում ու Աֆրիկայում առանձին շրջագայություններով։ 1962 թվականին, Նիկիտա Խրուշչովի համաձայնությամբ, վերջապես կազմակերպեցին ԽՍՀՄ-ում ամերիկյան ջազի առաջին խոշոր շրջագայությունը՝ Բենի Գուդմենի գլխավորությամբ։
Այսպիսով երաժշտությունը կրկին երկխոսելու հնարավորություն տվեց։ Ի դեպ, արդկային անմիջականությամբ հայտնի Ջորջ Ավագյանը դարձավ այս ուղևորության առանցքային գործիչը՝ թե՛ կազմակերպչական, թե՛ միջմշակութային առումով։ Ավագյանը միակ մարդն էր խմբում, որ ծնվել էր Խորհրդային տարածքում, և իրեն թվում էր, թե սա կարող էր պատրվակ դառնալ իշխանությունների հնարավոր ճնշումների համար։ Հայրը դեռ ԱՄՆ-ից զգուշացրել էր՝ «շուրջբոլորդ նայիր, ուրիշների գործերի մեջ չխրվես»։
Արտիստների շրջագայությունը Մոսկվայում ու մի շարք այլ քաղաքներում այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ համերգներից հետո խորհրդային երաժիշտները ժամերով «բաց չէին թողնում» նրանց։ Քաղաքային ակումբներում գաղտնի jam session-ներ էին կազմակերպում, որտեղ խորհրդային և ամերիկյան երաժիշտները միասին նվագում էին ու զերծ էին պաշտոնական վերահսկողությունից։ Մի քանի տասնամյակ անց, 1990 թվականի գարնանը, Ավագյանին Խորհրդային Միությունից Ավագյանին կրկին «հիշում են»։ Այս անգամ՝ Միացյալ Նահանգներում գործող ԽՍՀՄ դիվանագիտական ներկայացուցչությունից։ Ջորջը լարված էր ու չէր հասկանում, թե ինքն ի՞նչ գործ ունի այդ միջոցառմանը։ Դահլիճում հավաքված էին ամերիկացի և խորհրդային լրագրողներ, նաև ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինը։ Վերջինս մոտենում է Ավագյանին, և հստակ, հանդիսավոր ձայնով հայտնում.
«ԽՍՀՄ կառավարությունը որոշել է ձեզ պարգևատրել իր բարձրագույն պարգևով՝ Լենինի շքանշանով՝ երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ձեր բացառիկ ներդրման համար»։
Այս պարգևը իսկապես աննախադեպ դարձավ։ Ջորջ Ավագյանն ԱՄՆ քաղաքացիներից միակն էր, որ Լենինի շքանշան էր ստացել։
Սառը պատերազմի ընթացքում և դրանից հետո ջազը շարունակեց մնալ մշակութային կապի արդյունավետ միջոց։ 1960-70-ականներին ամերիկացի երաժիշտները պարբերաբար այցելում էին ԽՍՀՄ, իսկ 1980-ականներին, երբ քաղաքական հարաբերությունները կրկին սրվեցին, մշակութային շփումները գրեթե միակ ակտիվ կապը դարձան։ Այդ տարիներին համերգները հաճախ կազմակերպվում էին ավելի փակ միջավայրերում՝ օրինակ դեսպանատներում կամ հարակից տարածքներում։ Մոսկվայում դա հայտնի Spaso House-ն էր, Լենինգրադում՝ ամերիկյան հյուպատոսության շենքը։ Այստեղ մթնոլորտը շատ ավելի ազատ էր՝ փոքր լսարան, անմիջական շփում, հաճախ նաև համատեղ jam session-ներ խորհրդային երաժիշտների հետ։
Այս հանդիպումները, որքան էլ սահմանափակ էին, կարողանում էին իրական կապեր ստեղծել։ Մարդիկ մասնակցելու համար հաճախ ռիսկի էին դիմում։ Պետք էր անձնագիր ցույց տալ, վերահսկողություն անցնել, և շատերի համար սա կարող էր աշխատանքի կամ կարիերայի մեջ խնդիրներ առաջացնել։ Բայց այնուամենայնիվ, նրանք գնում էին, որպեսզի տեսնեն իրենց կուռքերին և միանան այդ յուրօրինակ մշակութային երկխոսությանը։
«Ջազի դեսպաններ» ծրագիրը փափուկ ուժի կիրառման դասական օրինակ էր։ Մարդիկ կարող էին չհամաձայնել Միացյալ Նահանգների քաղաքականության հետ, բայց միևնույն ժամանակ պաշտել Լուի Արմսթրոնգին կամ լսել Ուիլիս Քոնովերի հաղորդումները։ Սա է փափուկ ուժի իրական մեխանիկան՝ դիրքորոշումը կտրուկ փոխելու փոխարեն շփման ու երկխոսելու, լսելու դուռ բացել։