Կարդալիքներ PAN-ից
Today

Առասպել դաձած ռանչոն, թափոնից ստեղծված արվեստն ու ամերիկահայ բոհեմականը. Ինչպես «Զորթյանի ռանչոն» արվեստի նմուշ դարձավ

Ժիրայր Զորթյանը ծնվել է 1911 թվականին Քյութահյայում։ Հայոց ցեղասպանությունից փրկվելը նրա կենսագրության ողբերգական, բայց հիմնարար ու որոշիչ դրվագներից մեկն էր։ Ինը տարեկանում նա ծնողների հետ հասավ Իտալիա՝ Պադուա, որտեղ սպասում էին Միացյալ Նահանգներ մեկնելու վիզային։ Այդ սպասումը, սակայն, դատարկ ժամանակով չէր լցված։ Հայրը Ժիրայրին տանում էր Եվրոպայի տարբեր քաղաքներ, միասին թանգարաններ էին այցելում, ծանոթանում կտավների, քանդակների, ճարտարապետության հետ։ Դե, իսկ նկարչական տաղանդը Ժիրայրի մոտ ի հայտ էր եկել շատ ավելի վաղ՝ դեռ երեք տարեկանից։

Տասնմեկ տարեկան էր, երբ ընտանիքը վերջապես հաստատվեց ԱՄՆ-ում՝ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում։ Այստեղ նա արդեն ամբողջությամբ ձուլվեց ամերիկյան միջավայրին, ադապտացվեց կրթական համակարգին և շուտով ընդունվեց Յեյլի համալսարան, որտեղ, իհարկե, արվեստ էր ուսումնասիրում։ Համալսարանում ստացած կրթությունը նրա առջև բացեց արվեստի լայն աշխարհի դռները, իսկ Վինչեսթեր կրթաթոշակը հնարավորություն տվեց մեկուկես տարի ուսանել Հռոմի Ամերիկյան ակադեմիայում՝ հենց տեղում ուսումնասիրելով Միքելանջելոյի, Դա Վինչիի և եվրոպական արվեստի մեծ վարպետների ժառանգությունը։

Բայց Զորթյանը երբեք չի ձգտել «արվեստի աշխարհի» ներսում ապրել։ Թեև  անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ամերիկայի տարբեր քաղաքներում, մասնակցել է խոշոր մշակութային միջոցառումների և ներկայացվել հեղինակավոր հարթակներում, նրա համար արվեստը երբեք չի սահմանափակվել ցուցասրահով կամ պատից կախված կտավով։ Արևմտյան ափ տեղափոխվելով՝ նա աստիճանաբար սկսեց ձևավորել իր երազանքների կյանքը, որն արդյունքում պիտի դառնար Զորթյանի ամենամեծ ստեղծագործությունը։

Զորթյանը Լոս Անջելես եկավ առաջին կնոջ՝ Բեթիի հետ։ Բայց այս ամուսնությունը երկար չտևեց։ Բաժանումից հետո Զորթյանին բաժին հասավ Սան Գաբրիել լեռների ստորոտում գտնվող, առաջին հայացքից աննկատ ու անշուք մի հողակտոր։ Ու ո՞վ գիտեր, որ հենց այստեղ պիտի ձևավորվեր այն միջավայրը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Զորթյանի ռանչո»։

Առաջին ամուսնությունից հետո Զորթյանը երեք երեխա ուներ։ Ըստ տարածված պատմության՝ հողակտորը վերցնելով նա դարձավ առաջին տղամարդը, որ ալիմենտ էր ստացել, բայց այդ փաստը, որքան էլ հետաքրքիր հնչի, նրա կենսագրության քիչ կարևոր դրվագներից է։ Սկզբնական փուլում ռանչոն պարզապես բնակության վայր էր, բայց աստիճանաբար վերածվեց ստեղծագործական հարթակի, արվեստանոցի ու ոգեշնչման միջավայրի։

Երկրորդ կնոջ՝ Դաբնիի հետ Զորթյանն ընտրեց «ինքնաբավ կյանքի» ուղին։ Նա այս ճանապարհով գնաց շատ ավելի վաղ, քան «կայուն զարգացում» կամ «ռադիկալ ինքնուրույնություն» հասկացությունները կմտնեին շրջանառության մեջ։ Ամուսիններն աճեցնում էին սեփական սնունդը, զբաղվում էին անասնապահությամբ, քնում էին բաց երկնքի տակ, ձիերով շրջում տարածքում և երեխաներին մեծացնում բնության մեջ։ Ընտանիքում մեծանում էր հինգ երեխա, և ռանչոն նրանց համար դարձել էր փորձելու, սխալվելու և սովորելու համար ազատ տարածք։

Նյութական աշխարհի նկատմամբ Զորթյանի վերաբերմունքը խիստ քննադատական էր։ Ամերիկյան սպառողական մշակույթը նրան խորապես անհանգստացնում էր, և այդ մտահոգությունն աստիճանաբար դարձավ նրա ստեղծագործական շարժիչ ուժը։ Ռանչոյի գրեթե յուրաքանչյուր հատված կառուցված էր դեն նետված նյութերից՝ բետոնե կտորներից, սյուներից, երկաթուղային կապերից, ժանգոտ մետաղից։ Այդ ամենը Զորթյանի ձեռքում կորցնում էր իր նախնական նշանակությունը և դառնում նոր միջավայրի մաս։

Պահպանողական իմաստով սա ճարտարապետություն չէր, բայց Զորթյանի համար դա խնդիր չէր։ Ռանչոն բնակելի էր, և սա նրա համար հիմնական չափանիշն էր։ Պատերը զարդարված էին կղմինդրով, խաղալիքներով, պատահական գտածոներով։ Մետաղյա մեծ քանդակները ամբողջացնում էին ռանչոյի ստեղծագործական շունչը։ Տարածքում ընդարձակ դաշտ կար, որը լցված էր ժանգոտ երկաթով և տարբեր իրերով, որոնք սպասում էին նոր գաղափարի ու նոր պատմության իրենց հերթին։

Թեև Զորթյանը մասնագիտությամբ նկարիչ և քանդակագործ էր, կարելի է վստահ պդնել, որ նրա համար ռանչոն իր ամենակարևոր ստեղծագործությունը դարձավ։ Նա առանձնապես հետաքրքրված չէր արվեստի շուկայով կամ կարիերայով։ Որպես հիմնական արտահայտման միջոց ընտրել էր բնական միջավայրը ու ոչ թե ցուցասրահը։ Ռանչոն այդպես էլ մնաց բաց, կենդանի տարածք՝ առանց վերջնական նախագծման։ Այն անընդհատ փոխվում էր ու ձևափոխվում։ Այստեղ արվեստը կյանքի շուրջ էր կառուցված ու չէր դիտարկվում որպես առանձին «օբյեկտ»։

Ժիրայր Զորթյանի ռանչոն ժամանակի ընթացքում նաև մարդկանց հավաքատեղի դարձավ։ Ռանչոն հատկապես հայտնի դարձավ իր ամենամյա «Պրիմավերա» կոչվող խնջույքներով, որոնք Զորթյանը կազմակերպում էր երկար տարիներ՝ մինչև կյանքի վերջը։

Այս խնջույքները հրավերով էին, բայց Լոս Անջելեսում կարծես բոլորը գիտեին դրանց մասին։ Գալիս էին արվեստագետներ, գիտնականներ, երաժիշտներ, բոհեմականներ, ինչպես նաև մարդիկ, որոնք արվեստի հետ մասնագիտական կապ չունեին։ Այստեղ կարելի էր հանդիպել ժամանակակից արվեստի ներկայացուցիչների, ջազ երաժիշտների, Փասադենայի բարձր խավի ներկայացուցիչների, երիտասարդ հիպիների և պարզապես հետաքրքրասեր մարդկանց, ովքեր ձգտում էին դուրս գալ քաղաքային առօրյայից։

Խնջույքները հստակ սցենար չունեին։ Կային խարույկներ, ինքնաբուխ ներկայացումներ ու բեմականացումներ, ազատ ու անկաշկանդ միջավայր։ Իրադարձությունների կենտրոնում միշտ Զորթյանն էր՝ կարճահասակ, մորուքով, հաճախ կարմիր «համազգեստով» կամ պարզապես սավանով, որը ավելի շատ հնագույն ծեսի առաջնորդի էր հիշեցնում։ Զորթյանը մարդկանց գրավելու հազվագյուտ կարողություն ուներ։ Հեշտ մարդ չէր, բայց մագնիսական ձգողականություն ուներ։

Զորթյանը հատուկ ուշադրություն էր դարձնում երեխաների ստեղծագործական ազատությանը։ Նա հավատում էր, որ մարդիկ իրենց ամենաազատ ու անկեղծ աշխատանքները ստեղծում են մանկության տարիներին, իսկ հետո ամբողջ կյանքում փորձում են վերադառնալ այդ հոգեվիճակին։ Այդ համոզմամբ մի քանի տարի ռանչոյում գործում էր երեխաների ամառային ճամբար։

Ռանչոյի շուրջ տարիներ շարունակ բազմաթիվ լեգենդներ էին պտտվում։ Ոմանք այն ընկալում էին որպես արվեստագետների կոմունա, մյուսները՝ որպես փակ համայնք կամ նույնիսկ կուլտ։ Բայց այս խոսակցությունները միայն ուժեղացնում էին ռանչոյի առասպելը։ Իրականում այն ավելի շատ գործնական և փորձարարական տարածք էր, որտեղ մարդիկ փորձում էին իրենց արվեստում ու կյանքում նոր երանգներ բացահայտել։

Զորթյանի մահից հետո՝ 2004 թվականին, ռանչոյի ստեղծագործական կյանքը չընդհատվեց։ Ընտանիքը շարունակեց պահպանել տարածքը ու այնտեղ ձևավորված ավանդույթները։ Բայց 2025 թվականի հունվարին Իթոնի հրդեհը լուրջ վնաս հասցրեց ռանչոյին՝ ոչնչացրեց տարածքի զգալի մասը, այնտեղ գտնվող բազմաթիվ աշխատանքներ։ Սա հերթական հիշեցումն ու հաստատումն էր այն փաստի, որ ռանչոն երբեք էլ սոսկ արվեստի գործերի ապաստարան չի եղել։ Այնտեղ ձևավորվել են արժեքներ, մտածողություն, ազատության ընկալումներ։


✍️ Նանե Մանուկյան / PAN