#մշակութաPAN
November 6

Սինատրայի «անձնագիր-մատանին», Ջեքսոնի ռեկորդակիր ալբոմն ու Գրեմմիների տարափը. Ինչպե՞ս Քուինսի Ջոնսը փոխեց փոփ երաժշտության ուղեգիծը

Երաժշտական մագնատի կարիերան մի ամբողջ կյանքի ու ժամանակաշրջանի տևողություն ունի։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում Քուինսի Ջոնսը հասցրեց սահմանել ռեկորդներ, փոխել ճակատագրել, հեղափոխել երաժշտական աշխարհն ու ոգեշնչել հարյուրավոր արտիստների և միլիոնավոր երկրպագուների։ Նա միախառնում էր ջազը, փոփ երաժշտությունը, արևմտյան հնչյունները, դասականի ավանդույթները, հետևաբար Ջոնսը մեկ ժանրի կամ ուղղության երաժիշտ ու պրոդյուսեր չէր։

Սա, թերևս, ամենադիպուկ կերպով արտահայտվում է 1989 թվականի նրա Back on the Block ալբոմում։ Այն ներառում է ջազային իմպրովիզացիա, ավանդական գործիքներ, ռեփ, և ավելին։ Ալբոմն արժանացել է յոթ Գրեմմի մրցանակի, այդ թվում՝ տարվա ալբոմ անվանակարգում։

Բայց ստացվել է այնպես, որ Քուինսի Ջոնսը շատերն առավել ծանոթ է ոչ թե սեփական ալբոմների, այլ աշխարհահռչակ այլ արտիստների ալբոմների միջոցով։ Ինչո՞ւ։ Որովհետև հենց Ջոնսի թեթև ձեռքով էին դրանք դառնում ռեկորդակիր ու մինչև օրս անգերազանցելի։

Ամեն դեպքում՝ ամեն բան սկսվել էր ջազից։ Ջոնսը ծնվել է Չիկագոյում՝ 1933 թվականին։ Մոտ 11 տարեկան էր, երբ բացահայտեց երաժշտության աշխարհն ու դրա անսահման հնարավորությունները։ Դպրոցում երգում էր երաժշտական խմբերում, շեփոր նվագում նվագախմբում։ 13 տարեկանում արդեն սկսեցին դրսևորվել նրա տպավորիչ երաժշտական ​​ունակությունները։ Այդ տարիքում արդեն Ջոնսը կոմպոզիցիաներ էր գրում այն խմբերի համար, որտեղ ելույթ էր ունենում։

Երբ Ջոնսը դեռահաս էր, նրա ընտանիքը Չիկագոյից տեղափոխվեց Սիեթլ։ Այս տարիներին Ջոնսի կյանքում երկու առանցքային մարդ կար, որոնք մեծ ներդրում ունեցան նրա՝ որպես մարդ ու երաժիշտ կայանալու գործում։ Մեկը ջազ շեփորահար Քլարկ Թերին էր, մյուսը՝ նրա ժամանակակից և ընկեր Ռեյ Չարլզը։

1940-ականների վերջերին Ջոնսն արդեն ամբողջությամբ երաժշտական աշխարհում էր։ Շեփոր էր նվագում, հանդես էր գալիս որպես կոմպոզիտոր և գործիքավորող։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է բազմաթիվ ջազային ձայնագրությունների վրա, որոնցից շատերն էլ ճանապարհ են հարթել նրա համար ու ամրագրել Ջոնսի անունը։

1960-ականներին Ջոնսը սկսեց անցում կատարել դեպի փոփ երաժշտություն: 1961 թվականին նա դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով զբաղեցրեց Mercury Records խոշոր լեյբլի փոխնախագահի պաշտոնը: Ջազային գործիքավորման մեջ նախորդ տասնամյակների փորձառության տարրերն ակնհայտ էին նրա նոր ստեղծագործություններում ևս: Ջոնսի պրոդյուսերական մոտեցումը թիրախային էր ու բովանդակային։

Հաջորդող տասնամյակները հագեցած էին ստացված գործակցություններով։ Ջոնսին մեծարում էին, արժանացնում բարձր գնահատանքի, նրա անունը կար հնարավոր բոլոր մրցանակաբաշխություններում՝ Գրեմմիից մինչև Օսկար։ Եվ գլխավորն այն էր, որ Ջոնսը երաժշտական արտադրության մեջ նորարար էր, լայն ըմբռնում ուներ երաժշտական բազմաթիվ ժանրերի նկատմամբ, կարողանում էր ճիշտ կիրառել ժամանակի տեխնոլոգիաներն ու նորամուծությունները։

1985 թվականին Ջոնսին խնդրեցին դառնալ We Are The World երգի պրոդյուսերը, որը գրվել էր Լայոնել Ռիչիի և Ջեքսոնի կողմից։  Եթե հիշում եք՝ այս երգի շնորհիվ միջոցներ էին հավաքվում Եթովպիայում սովի մատնվածների համար։ Սա դարձավ առանցքային կետ նրա կարիերայում, իսկ երգը մինչև օրս էլ խաղաղության և համերաշխության հիմն է համարվում։

Պրոդյուսերը բազմաթիվ տաղանդներ ուներ։ Այո՛, նա հիանալի պրոդյուսեր էր, բայցև ֆենոմենալ երաժիշտ, անսպասելիորեն լավ դիրիժոր, հրաշալի գործիքավորող, դե իսկ ֆիլմերի համար գրված նրա երաժշտությունն առանձին քննարկման թեմա է։ 2018 թվականին հարցազրույցներից մեկում Ջոնսին հարցրել են, թե ինչով է նա ամենից շատ հպարտանում իր երաժշտական ​​կարիերայում: Նրա պատասխանը չափազանց անկեղծ էր.

«Այն, ինչ զգում եմ, կարողանում եմ երաժշտություն դարձնել ու նոտայագրել։ Ոչ բոլորը սա կարող են անել։ Բացի այդ, ես կարողանում եմ այնպես անել, որ նվագախումբը նվագի այնպես, ինչպես երգիչը երգում է»։

Քուինսի Ջոնսն աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Ռեյ Չարլզի, Արետա Ֆրանկլինի և մեծ այլ արտիստների հետ, և ինչպես արդեն շեշտեցինք՝ 70-ամյա կարիերայի ընթացքում ստեղծագործել է երաժշտական բոլոր ժանրերում՝ ջազ, բլյուզ, սոուլ, ֆանկ, R&B, դիսկո, ռոք, ռեփ: Քուինսի Ջոնսը կարիերայի ընթացքում 28 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի՝ առաջադրվելով մոտ 80 անգամ, իսկ 1992 թվականին Գրեմմիի լեգենդի մրցանակ է ստացել։

Վերադառնալով Ջեքսոնի հետ գործակցությանը՝ պետք է ընդամենը մի քանի փաստ կողք կողքի դնել և պատկերը կամբողջանա։ Նա բոլոր ժամանակների ամենավաճառվող ալբոմի՝ Մայքլ Ջեքսոնի Thriller-ի (1982) պրոդյուսերն է: Թողարկել է նաև փոփ-աստղի մյուս երկու ամենահաջող ալբոմը (Off the Wall (1979), Bad (1987)):

Այս գործակցությունը Ջոնսին դարձրեց այդ ժամանակաշրջանի ամենահզոր երաժշտական դեմքերից մեկը։ Ջոնսի և Ջեքսոնի համատեղ աշխատանքը մեկը մյուսի հետևից միլիոնավոր օրինակներով վաճառվող ալբոմների էին վերածվում։ Ջեքսոնի մահից հետո Ջոնսն անկեղծացել էր՝

«Տաղանդ, շնորհք, պրոֆեսիոնալիզմ և նվիրվածություն. Նա ուներ այդ ամենը։ Նրա թողած ներդրումն ու ժառանգությունը հավերժ կմնան այս աշխարհում։ Ես կորցրել եմ իմ եղբորը, իմ հոգու մի մասը գնացել է նրա հետ»։

20-րդ դարի ամենաազդեցիկ երաժիշտներից ու պրոդյուսերներից մեկը համարվող Քուինսի Ջոնսն իսկապես մեծ տաղանդ ուներ ազդեցիկ և հաջողակ դարձնելու նաև բազմաթիվ տաղանդավոր մարդկանց։ Այս ցանկում Ֆրենկ Սինատրայի անունը ևս պետք է առանձնահատուկ նշել։

Քուինսի Ջոնսն առաջին անգամ Ֆրենկ Սինատրայի հետ աշխատել է 1958 թվականին, երբ արքայադուստր Գրեյսը բարեգործական համերգ էր կազմակերպել Մոնակոյում։ Այդ օրվանից մոտ վեց տարի անց Սինատրան դիմել է Ջոնսին իր երկրորդ ալբոմի՝ It Might as Well Be Swing (1964) պրոդյուսերությամբ զբաղվելու համար։ Այդպիսով սկսվեց երաժշտական այս տանդեմի երկարաժամկետ գործակցությունը։ Նրանց հարաբերությունները շատ արագ գործնականից վերածեցին ջերմ ընկերականի։

«Ֆրենկ Սինատրան ինձ տարավ բոլորովին նոր մոլորակ։ Ես աշխատել եմ նրա հետ մինչև նրա կյանքի ավարտը։ Նա ինձ թողել էր իր մատանին։ Ես երբեք չեմ հանում այն։ Հիմա, երբ գնում եմ Սիցիլիա, ինձ անձնագիր պետք չէ։ Ես պարզապես շարժում եմ իմ մատանին»։

Ահա այսպես՝ կյանքի բոլոր փուլերում Ջոնսը դարձավ շարժիչ ուժ ժամանակի արտիստների համար, մի մասին անձամբ ուղղորդեց, մյուսներին՝ ոգեշնչեց պարզապես իր գոյությամբ։ Ուրախալի է մի բան, Քուինսի Ջոնսին արժանիորեն գնահատեցին դեռ կյանքի օրոք, իսկ նրա թողած ժառանգության շնորհիվ վարպետը դեռ շատ երկար կապրի։


✍️ Նանե Մանուկյան / PAN