#մշակութաPAN
May 15

Չերչիլի սիգարը, Հեմինգուեյի սվիտերն ու մի զրույց՝ Այնշտայնի հետ. Դիմանկարների հայազգի վարպետը

20-րդ դարի ամենանշանավոր մարդկանց լուսանկարելու հնարավորություն են ունեցել փոքր թվով լուսանկարիչներ, եզակիներն են կարողացել մնալ պատմության մեջ, ու նրանցից միայն մեկին են անվանում դիմանկարային լուսանկարչության վարպետ։ Կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ոճն առանձնահատուկ, դրամատիկ և հզոր կերպով արտացոլում էր դարի քաղաքական և հոգևոր առաջնորդների, նկարիչների, գրողների ու դերասանների էությունը։

ԻՆՉՊԵ՞Ս ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ

1908 թվականին ծնված Յուսուֆ Քարշն այն ժամանակ դեռ Հովսեփ Քարշյան էր։ Նրա ընտանիքը Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում էր ապրում, հետևաբար Քարշը Ցեղասպանության ականատես է եղել դեռ փոքր հասակում։ Այս թեման ծանր էր լուսանկարչի համար, բայց երբեմն հիշում ու անդրադառնում էր անցած անմարդկային օրերին։

«Ես տեսա իմ հարազատների սպանությունը. քույրս սովամահ եղավ, երբ մեզ գյուղից գյուղ էին քշում»։

Նախ ընտանիքի փրկված անդամները փախնում են Հալեպ։ Հետո արդեն Քարշի ծնողները որդուն փրկելու և ապագայի որևէ հույս ունենալու նպատակով նրան ուղարկում են Կանադա՝ հորեղբոր մոտ։ Ու այս որոշումն իսկապես ճակատագրական էր։ Հորեղբայրը՝ Գևորգ Նաղաշը, ևս լուսանկարիչ էր։ Հենց նա էլ Յուսուֆ Քարշին նվիրել է իր առաջին լուսանկարչական խցիկը, սեր է արթնացրել լուսանկարչության հանդեպ և կիսվել է նրա հետ մասնագիտական ու անձնական իր փորձով։

Բայց Գևորգ Նաղաշը Քարշի համար մեկ այլ, չափազանց կարևոր բան էլ է արել։ Ծանոթացրել է այն մարդկանց հետ, որոնք հետագայում պիտի ձևավորեին Քարշ լուսանկարչին։ Այդ մարդկանց շարքում մի առանցքային անուն կա՝ Ջոն Գարո։ Նա ևս լուսանկարիչ էր, ևս հայ էր ու ևս Քարշի մեծ վարպետներից էր։ Ջոն Գարոյի մոտ վարպետության դասերը ձևավորել են Քարշի ձեռագիրն ու թրծել նրա հմտությունները։ Հենց նրա դասերից հետո էր, որ Քարշը Կանադայում բացեց սեփական լուսանկարչական ստուդիան։

ՄԵԾ ՀԱՄԲԱՎՆ ՈՒ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Ուինսթոն Չերչիլ, Էռնեստ Հեմինգուեյ, Ալբերտ Այնշտայն, Մայր Թերեզա, Ուոլթ Դիսնեյ, Օդրի Հեփբըրն, Մուհամմեդ Ալի, Ֆիդել Կաստրո և այս տպավորիչ շարքում մեկը մյուսից ավելի ազդեցիկ անունները դեռ երկար են շարունակվում։ Ու գուցե չհավատաք, բայց փաստորեն աշխարհում կար մեկ մարդ, որին այս բոլոր մարդիկ լսում էին ու կատարում նրա պահանջները։

Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ օրինակ Չերչիլը, Այնշտայնն ու Ֆիդել Կաստրոն զուսպ և հանդարտ կեցվածքով կատարում են Քարշի հրահանգները։ Բայց այո, այդպիսին են իրենց գործի վարպետները։ Անվերապահ վստահություն են ձեռք բերում և կարողանում են արդարացիորեն քաղել այդ վստահության քաղցր պտուղները։

Այս օրերին, երբ օրը հարյուր ինքնանկար կարող ենք անել, իսկ ընկերներին մի լավ խնդրելու դեպքում շաբաթը մեկ ֆոտոսեսիա կազմակերպել, դժվար է ընկալել, որ այդ ազդեցիկ մարդկանց մեծ մասին մենք ճանաչել ենք հենց Քարշի լուսանկարների շնորհիվ։ Լույսի ու խավարի համադրությունը, ընտրված դետալային մանրամասները, պահի, ժամանակի ու տրամադրության ճիշտ միաձուլումն ու այդ ամենը որսալը Քարշի սուպերունակություններից մի քանիսն էին միայն։

Ուինսթոն Չերչիլի դիմանկարի պատմությունը թերևս լավագույն կերպով ներկայացնում է թե՛ Քարշ անհատին, թե՛ Քարշ լուսանկարչին։ Նա իր գործի պրոֆեսիոնալն էր, ու իր համար գլխավորը ստացած արդյունքն էր։ Առանձնապես կապ չուներ՝ դիմացդ Մեծ Բրիտանիայի վարչապետն է, թե՞ հասարակ մի կանադացի։

1941 թվականին Չերչիլը ժամանել էր Օտտավա, նախատեսված էր ելույթ՝ հաայնքների պալատում։ Այդ ժամանակ, առանց նախապես պայմանավորվելու և համաձայնեցնելու, Կանադայի վարչապետ Մաքենզի Քինգը Չերչիլին առաջարկում է ֆոտոսեսիա կազմակերպել։ Հանկարծակի արված առաջարկը առաջին հայացքից Չերչիլին դուր չի գալիս, հետո որոշ է համաձայնել։

Չերչիլի կերպարը շատերի մոտ ասոցացվում է նրա սիգարով ու անգամ անսովոր կլիներ լուսանկարում քաղաքական գործչին առանց սիգար տեսնել։ Նա մի խիստ հայացք է նետում երիտասարդ լուսանկարչի կողմն ու սիգարը բերանում տեղավորվում լուսանկարի համար։

Առաջին կադրն արված է ու… անհաջող է։ Քարշը միանգամից զգում է, որ խնդիրը հենց սիգարի մեջ է ու Չերչիլին խնդրում է բերանից հանել սիգարը։ Քաղաքական գործիչն, իհարկե, չի համաձայնում, երևի մտքում նաև հարցնում է «ո՞վ է առյուծի կաթ կերած այս երիտասարդը»։

Ամեն դեպքում, Քարշի համար առավել կարևոր էր իր պատկերացրած կադրը ստանալը։ Դրա համար որոշում է իրավիճակը վերցնել իր ձեռքն ու պարզապես «խլել» սիգարը Չերչիլի բերանից։ Բայց «խլել» բառն այստեղ մի փոքր չափազանցված է, որովհետև մինչև վերցնելը Քարշը շատ քաղաքավարի կերպով հավելել էր՝ «Ես ներողություն եմ խնդրում»։

Չերչիլի բերանում այլևս չկար սիգար, բայց նրա դեմքին դաջված էին նախ անսպասելիության, հետո դժգոհության, իսկ վերջում արդեն «համակերպված» լինելու հայացքները։ Իսկ ավելի ուշ անգամ Չերչիլի համար էր հստակ, որ Քարշն իր մտքում տեսած կադրը ստանալու համար ոչինչ չի խնայի, ուր մնաց՝ անհանգստանա դիմացինին որևէ մասնագիտական «հրագանք» տալ։

«Դու գազազած առյուծին անգամ կարող ես հանդարտեցնել՝ լուսանկարելու համար»։

Հենց այս լուսանկարն էլ դարձավ Յուսուֆ Քարշի հաջողության բանալին և երիտասարդ լուսանկարչին միանգամից ճանաչելի ու ընկալելի դարձրեց դաշտում։ Նկարի շուրջ անգամ հոդվածներ էին գրվում, Քարշը Չերչիլի դիմանկարը 100 դոլարով վաճառել էր «Life» ամսագրին, ու թեև հետո զղջում էր այս որոշման համար, բայց իրականում լուսանկարի արժեքը գումարի մեջ չէր, այլ այն ազդեցության, որ այն թողեց լուսանկարիչ Քարշի կենսագրության մեջ։ Ի դեպ, հետագայում Չերչիլի այս նկարը վերածվել է հուշային դրոշմանիշի, վրան էլ նշված է՝ «Լուսանկարիչ՝ Յուսուֆ Քարշ»:

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Եվ ինչպե՞ս էր կարողանում Քարշը ստանալ լուսանկարներ, որոնք ժամանակ, թրենդներ, տարածություն կամ ազգություն չէին ճանաչում։ Արվեստն, առհասարակ, իր մեջ համամարդկային ընկալումներ ամփոփող երևույթ է, բայց այս դեպքում լուսանկարիչը գործ ուներ միանգամայն տարբեր կենսագրություն, առաքելություն, արժեքներ ու տաղանդներ ունեցող մարդկանց հետ։ Ինքը՝ Քարշը, կարծում էր, որ յուրաքանչյուր մարդ իր մեջ թաքնված շերտեր ունի և ինքը կարողանում է դրանք ապակոդավորել։

«Ամեն կնոջ և տղամարդու մեջ կա թաքնված գաղտնիք և որպես լուսանկարիչ, իմ խնդիրն է այդ գաղտնիքը վերհանելը։ Բացահայտումը_ եթե այն ընդհանրապես լինում է, գալիս է վարկյանի մի աննշան կետում\ անգիտակից ժեստի, աչքի կայծի միջոցով։ Այդ ակնթարթը դիմակազերծում է մարդուն։ Մենք բոլորս էլ կրում ենք դիմակներ, մեր ներքին ամենախորը շերտերն աշխարհից թաքցնելու համար»։

Կերպարի մոնումենտալ և համոզիչ պատկերումը եզակի կարողություն է, առհասարակ մարդկանց հետ աշխատելն ու դրանից արվեստ ստանալը չափազանց բարդ առաքելություն է։ Բայց Քարշի ստեղծագործական հմտություններն ու նախասիրությունները չէին սկսվում ու ավարտվում դիմանկարներով։

Նա նաև բնանկարի վարպետ էր, իսկ լուսանկարչության «արվեստոտ» կողմից զատ՝ նաև գովազդային պատվերներ էր ընդունում  արդյունաբերական և առևտրական մի շարք խոշոր կազմակերպությունների համար։

Սովորաբար նման ճանապարհ անցած մարդկանց կյանքը ֆիլմի սցենար կամ գրքի սյուժե է հիշեցնում։ Քարշը ինքն է գրել «իր կյանքի սյուժեն»՝ ինքնակենսագրական գրքերի, մտորումների և հիշողությունների տեսքով։ Բայց բառերից բացի Քարշին բնութագրում էին նաև իր արած լուսանկարները։ Հետևաբար, օրինակ «Ճակատագրի դեմքեր» դիմանկարների հավաքածուն պատմում է ոչ միայն լուսանկարների պատմությունը, այլև հենց նկարչի։

«Մեկ նկարը չի կարող հզոր ազդեցություն թողնել: Այն ավելի հզոր է, երբ հավաքական պատկերի մեջ է ներկայացված»։

1960 թվականին Կանադայի Ազգային պատկերասրահում տեղի է ունեցել լուսանկարչի առաջին անհատական ցուցահանդեսը։ Դրանից հետո Քարշն իր լուսանկարներից հարյուրը նվիրաբերեց պատկերասրահին։ Արդեն մոտ երեք տասնամյակ անց Կանադայի ազգային արխիվը սկսեց հավաքել Քարշի՝ 1937 թվականից արված լուսանկարները։

Քարշի լուսանկարները ներկայացվել են աշխարհի ամենահայտնի պատկերասրահներում և թանգարաններում, նա մշտապես հայտնվել է իր ժամանակի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում, դարձել է աշխարհի մասշտաբով ասելիք ունեցող արվեստագետ։ Բայց լուսանկարչի սիրտն ու միտքը միշտ հարազատության զգացում են գտել Օտտավայում։ Դա այն քաղաքն է, որտեղ «Օտտավայի Քարշը» միշտ վերադառնում էր։

Յուսուֆ Քարշի համար կյանքը պահի ու ակնթարթի մասին էր։ Նա վստահ էր, որ մարդու ամբողջ միտքն ու հոգին կարող են արտացոլվել մեկ հայացքում կամ մեկ շարժման մեջ։ Ու հենց այդ ակնթարթն էր, որ Քարշը փորձում էր ֆիքսել թե՛ լուսանկարչական ապարատի դիմաց, թե՛ կյանքում։


✍️ Նանե Մանուկյան / PAN