Աղմկոտ զավակ «Սուսերով պարը», Հեմինգուեյի խաչատրյանական հավաքածուն ու «Սպարտակի» ոգեշնչումը՝ Կոլիզեումի դիմաց. Աշխարհի լեզվով Հայաստանի մասին պատմող կոմպոզիտորը
Հայկական առաջին բալետի, առաջին սիմֆոնիայի, կոնցերտի, ֆիլմի երաժշտության հեղինակը համաշխարհային մասշտաբի կոմպոզիտոր էր։ Խաչատրյանական ձեռագիրը հարազատ էր հայերին ու միաժամանակ ընկալելի օտարներին։ Հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի անունը համաշխարհային դասական երաժշտության մեջ հատուկ տեղ ունի, ու սա արվեստի համամարդկային բնույթի հերթական հաստատումն է։
ՄԱՆԿՈՒՑ ՉԷՐ ՆՎԱԳՈՒՄ
Մեծն երաժիշտների ու կոմպոզիտորների մասին հաճախ լսում ենք, որ «նոտաները տառերից շուտ են սովորել» ու վեց տարեկանում, օրինակ, արդեն նվագում էին բարդագույն ստեղծագործություններ։ Արամ Խաչատրյանի մանկությունն այս դասական սցենարից բավականին շատ է շեղվել։
Կոմպոզիտորը Թիֆլիսում է ծնվել, ու թեև երաժշտությունը երաժշտությամբ լրջորեն սկսել է զբաղվել երբ արդեն 19 տարեկան էր, բայց երաժշտական մտածողությունը սկսել է ձևավորվել հենց մանուկ տարիքում, որովհետև «բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվեիր ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ»:
Թիֆլիսի մշակութային բազմազանությունն իր հերթին, բայց Արամ Խաչատրյանին մշտապես ոգեշնչել է հայկական ժողովրդական երաժշտությունը։ Ազգային տոներն ու բազմաթիվ ծեսերը մշտապես ուղեկցվել են ժողովրդական երաժշտությամբ։
«…Իմ մանկության երաժշտական տպավորություններն են. ժողովրդական երաժշտությունը, որը հնչում էր չորսբոլորս Թբիլիսիում, ժողովրդական երգերը, որոնք լսում էի ընտանեկան հանդեսների երեկոներին, ժողովրդական նվագարանները, որոնք տարբեր ժամանակ հնչում էին այս ու այնտեղ տարբեր առիթներով (թառ, քամանչա, դահիրա)…»
Երբ 1921 թվականին տեղափոխվեց Մոսկվա՝ Խաչատրյանը նախ համալսարանի կենսաբանական բաժինն ընդունվեց, բայց մեկ տարի անց հասկացավ՝ իր համար այլ բան է կանխորոշված։ Արդյունքում երաժշտական տարրական գիտելիքներով, բայց փայլուն ընդունակություններով ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի բաժինը։ Այս ընթացքում նաև դաշնամուրի մասնավոր դասերի էր գնում, իսկ հետո ուսումը շարունակեց նույն ուսումնարանի կոմպոզիցիայի դասարանում։
Այս տարիներին Խաչատրյանը պիտի զուգահեռաբար հոգար նաև նյութական կարիքներն ու դրա համար մի քանի տարբերակ էր գտել։ Մի շրջան բեռնակիր բանվոր էր, նաև ընդունվել էր մանկապարտեզ՝ որպես դաշնակահար։ Հետո արդեն Մոսկվայի Հայկական կուլտուրայի տանը կից թատերական արվեստանոց-ստուդիայի պատվերով սկսում է երաժշտություն գրել ներկայացումների համար։
1929 թվականին արդեն Արամ Խաչատրյանն ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին ու հենց այստեղից էլ սկսվեց ու զարգացավ Խաչատրյանի՝ որպես կոմպոզիտոր ճանապարհը։ Հայկական առաջին հնչյունային գեղարվեստական ֆիլմի՝ «Պեպո»-ի երաժշտությունը գրելու պատվերը Խաչատրյանը ստացել է հենց այս տարիներին։ Այս տարիներին Խաչատրյանը գրեց նաև իր դաշնամուրային կոնցերտը։ Իսկ կոմպոզիտորի դիպլոմային աշխատանքը դարձել է նրա առաջին սիմֆոնիան, որը, ի դեպ, հայկական ժողովրդական հնչյունների ու դասական էլեմենտների միավորման լավագույն օրինակներից է։
«Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ երաժշտական տարբեր լեզուների միջև... Հայ կոմպոզիտորիների հետ միասին մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսել մեր երաժշտությունը։ Իսկ երբ լսեն, կասեն. «Պատմե՛ք մեզ այս ժողովրդի մասին, ցույց տվեք այն երկիրը, որն այսպիսի արվեստ է ստեղծում»:
Խաչատրյանի երաժշտությունը ձեռագիր ուներ, ու թեև սա զարգացավ տարիների ընթացքում, բայց արդեն հստակ նկատելի էր հենց առաջին ստեղծագործություններից։ Տարբեր ժանրերում ստեղծագործելու Խաչատրյանի տաղանդը հատկապես ընդգծում էր նրա երաժշտական բազմակողմանի մտածողությունը։
ԵՎ ԼՍԵԼԻ ԴԱՐՁԱՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
1940-50-ականները կոմպոզիտորի ստեղծագործական ամենաբուռն շրջանն էին։ Նա ստեղծեց հայկական առաջին՝ «Երջանկություն» բալետը, ջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը, Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը։ Կոմպոզիտորը ստեղծագործում էր նաև Հայրենական մեծ պատերազմի շրջանում։ Նրա երկրորդ՝ «Զանգերով» սիմֆոնիայի պրեմիերան կայացավ 1943-ին։
Այս տարիներին Խաչատրյանը նաև մանկավարժական ակտիվ գործունեություն էր ծավալում։ Նրա ստեղծագործական դասարանն ավարտել են անվանի կոմպոզիտորներ՝ Ճապոնիայից մինչև Կուբա, Բուլղարիայից մինչև Ռումինիա ու, իհարկե, Հայաստան։
Արդեն 1940-ականների վերջին Արամ Խաչատրյանը «Սպարտակ» բալետի աշխատանքներով էր տարված։ Ու աշխատանքներ ասելով պետք չէ պատկերացնել միայն նոտաներ գրելը. Խաչատրյանն անգամ Իտալիա էր մեկնել՝ ուսումնասիրելու հին հռոմեական կառույցները, կտավներն ու ժառանգությունը։
20-րդ դարի ամենանշանավոր բալետներից մեկը՝ «Սպարտակը», թերևս լավագույն օրինակներից է, թե ինչպես կարելի է միաձուլել հինն ու նորը և ստանալ բոլոր ժամանակներում արդիական երաժշտություն։ Կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը վստահ էր, որ բանալին խաչատրյանական տաղանդի մեջ է՝
«Դրա արմատներն արվեստագետի տաղանդի, նրա ազգային հիմքի, նրա նորարարական ձգտման և դրա հետ մեկտեղ՝ դասական ավանդույթներին նրա հավատարմության երջանիկ զուգակցման մեջ են»։
Ի դեպ, միայն պատկերացնել կարելի է, թե որքան կարևոր էին այս խոսքերն Արամ Խաչատրյանի համար, որովհետև կոմպոզիտորը Շոստակովիչի արվեստի մեծ երկրպագու էր ու նրան գրած անձնական նամակներից մեկում ասում էր՝
«Թանկագին Միտյա,
Ես շնորհակալ եմ ճակատագրից այն բանի համար, որ ընկերացել եմ քեզ, և քո ժամանակակիցն եմ հանդիսանում։ Ես շնորհակալ եմ քեզանից այն բանի համար, որ դու քո արտակարգ ստեղծագործությամբ անհասանելի բարձրության հասցրիր խորհրդային երաժշտության մակարդակը։ Մենք բոլորս ձգտում ենք հասնել քեզ, չնայած դա անհնար է։ Դու մեր առաջնորդն ես, և ցանկանում ես, թե ոչ, դու մեզ տանում ես քո հետևից։ Քո պատմական առաքելությունը հսկայական է»:
Իսկ իրականում Արամ Խաչատրյանի անունը մշտապես նշվել է Դմիտրի Շոստակովիչի և Սերգեյ Պրոկոֆևի կողքին՝ որպես խորհրդային շրջանի երեք մեծագույն կոմպոզիտորներից մեկը:
Խաչատրյանական երաժշտության հարուստ գունապնակում ամենավառ ու գուցե անգամ ամենահայտնի երանգը «Սուսերով պարն» է՝ «Գայանե» բալետից։ Կոմպոզիտորը ևս սա հստակ գիտակցում էր անգամ այն ժամանակ։ Ու դեռ չգիտեր, թե տասնյակ տարիներ հետո համաշխարհային ինչ բեմերից, որ ֆիլմերից ու գովազդային արշավներից է հնչելու սուսերով պարը։
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ազնվությամբ, եթե իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի»:
Կարճ ժամանակ էր անհրաժեշտ, որ Խաչատրյանի տաղանդն անցներ սովետական սահմաններն ու երկաթե վարագույրը։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Խաչատրյանը հասցրեց լինել բազմաթիվ երկրներում, իսկ նրա ստեղծագործություններն առաջ անցան անգամ կոմպոզիտորից ու «ծնվելուց» անմիջապես հետո սեփական կյանքն էին ապրում։ Հենց այս ճամփորդությունների ընթացքում էլ կոմպոզիտորն այնպիսի հանդիպումներ է ունեցել, որոնք այսօր արդեն «պատմական» ենք անվանում։
ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Խաչատրյանի շրջագայությունները միշտ էլ ավելին էին, քան «երաժշտական երկխոսությունը»։ Ճամփորդությունների ընթացքում նա հանդիպման հրավերներ էր ստանում անգամ արքայական ընտանիքներից ու նախագահներից, գրողներից ու նկարիչներից։
Բայց այս շարքում ամենահաճախ հիշատակվող հանդիպումը Հռոմի Հովհաննես 23-րդ պապի հետ էր՝ 1963 թվականին։ Կոմպոզիտորին տպավորել էր Վատիկանի շքեղ շինությունը, բայց հատկապես տպավորված էր Հռոմի պապի խոսքերից։
«Վատիկանի շքեղ, վիթխարի շինությունը շլացնող էր, կարծես թանգարան լիներ. ամենուր իտալական վարպետների շքեղագույն քանդակներ ու կտավներ էին: Սրահ մտավ Պապը, մենք գնացինք նրան ընդառաջ: Իսկապես շատ ուրախ ու հուզված էի և ամենայն հետաքրքրությամբ լսում էի ժողովրդական և եկեղեցական երաժշտության վերաբերյալ նրա մտորումները: Հատկապես տպավորիչ էին իմ և հայ արվեստի մասին նրա խոսքերը. «Փոքրաքանակ հայ ազգը մարդկությանը պարգևել է բազում հանճարներ, Արամ Խաչատրյան կոմպոզիտորի երաժշտությունը հոգեհարազատ է բոլորին և համայն աշխարհի հարստությունն է»:
Ի դեպ, Խորհրդային Միությունն ու Վատիկանն այդ տարիներին դիվանագիտական հարաբերություններ չունեին, և Արամ Խաչատրյանը Խորհրդային Միության առաջին քաղաքացին էր, ում հետ Հռոմի պապը 30 րոպե տևողությամբ զրույց էր ունեցել։
Ի դեպ, այս շրջագայության ժամանակ Խաչատրյանը հանդիպել է նաև Իտալիայի նախագահի հետ ու առաջարկել, որ մշակութային կապերն ամրապնդելու նպատակով Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը հյուրընկալվի Մոսկվայում, իսկ Մոսկվայի Մեծ թատրոնը՝ Միլանում: Առաջարկն ընդունվել է, շրջագայություններն էլ՝ կայացել։
Մեկ այլ տպավորիչ հանդիպում էլ Արամ Խաչատրյանի և ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի հանդիպումն էր։ Կուբայական հեղափոխությունից հետո Խաչատրյանը խորհրդային պատվիրակության հետ մեկնել էր Հավանա, որտեղ ներկայացրեց իր երկրորդ սիմֆոնիան։ Համերգից հետո կոմպոզիտորի ստացած երկտողերից մեկում ասվում էր՝ «Դուք երկու հրաշք գործեցիք: Առաջինը ձեր սիմֆոնիան էր, երկրորդն այն, թե ինչ արեցիք նվագախմբի հետ»։ Տողերի հեղինակը Հեմիգուեյի կինն էր՝ Մերի Ուելշը, ու կա վարկած, որ հենց նա էլ կազմակերպել է երկու հանճարի հանդիպումը։
Այս հանդիպման ընթացքում Խաչատրյանին ուղեկցել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Կուզմիշևը, որն իր հուշերում պատմում է՝
«Խաչատրյանը շատ համեստ մարդ էր, և անկեղծ զարմանքով պարզեց, որ «Լա Վիխիայի» տանտերը պաշտում է իր երաժշտությունը»:
Պարզվում է՝ Հեմինգուեյը Խաչատրյանի ձայնագրությունների մի ամբողջ հավաքածու է ունեցել ու կոմպոզիտորը պարզապես չի կարողացել «ընդունել» այդ փաստը։ Նա անընդհատ հարցրել է՝ «Իսկ ինչո՞ւ են դրանք այստեղ»։
«Պետք էր ճանաչել Արամ Իլյիչի համարյա մանկական անկեղծությունը` հասկանալու համար, որ խոսքը մեծ արվեստագետի սեթևեթանքի մասին չէ, այլ միանգամայն բնական ռեակցիայի. «Ինչպե՞ս թե, Նոբելյան մրցանակակիր, համարյա երկնային արարած, իսկ ես նրա համար մաեստրո՞ եմ»:
Գուցե ինչ-որ տեղ նաև կարդացել եք Իսպանիայում Արամ Խաչատրյանի ու Սալվադոր Դալիի հանդիպման մասին։ Միանգամից նշենք, որ նման հանդիպում չի եղել, Խաչատրյանն անգամ չի այցելել Իսպանիա։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս հերքում է՝ երկու արվեստագետի հանդիպման մասին պատմությունն առասպել է։
Պատմական հանդիպումները քիչ չէին նաև հայրենիքում, բայց հատկապես տպավորիչ ե Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի հանդիպումներն ու երկկողմ խորը ակնածանքով հարաբերությունները։ Սարյանն ասում էր՝ Արամ Խաչատրյանը հայրենի երաժշտությունը հաղորդակից է դարձնում համաշխարհային ընթացքին՝
«Երբ արվեստագետը ուրիշի արվեստում տեսնում ու շոշափում է մոտ, ընդհանուր հատկանիշներ, տեսակետներ, մտերմություն է ձեռք բերում նրա հետ։ Ահա երկից երկ Խաչատրյանը հարազատ դարձավ ինձ։ Ինձ համար նրա արվեստի մեծագույն արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտման, հայրենի բնաշխարհի ու ժողովրդի խառնվածքի ներդաշնակումով վրձնած բնութագրի մեջ է»:
Երևանյան այցերի ժամանակ կոմպոզիտորը միշտ այցելում էր Սարյանին։ Այս մտերմության արդյունքում Սարյանի վրձնով ստեղծվել են նաև Խաչատրյանի երեք դիմանկարները։
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԱՎԱԿԸ
Արամ Խաչատրյանին երբեմն մեղադրում էին հայրենիքի հետ «բավարար» կապված չլինելու, ցեղասպանության զոհերի հիշատակին որևէ ստեղծագործություն չգրելու, որպես սովետական, ոչ թե հայ կոմպոզիտոր ներկայանալու համար։ Բայց ինչպես միշտ՝ այն, ինչ երևում է մակերեսում ու այն ինչի մասին ամենաշատն են խոսում՝ սովորաբար հենց միայն այդ նպատակն էլ ունի՝ շատ խոսել ու հնարավորինս շատ տարածվել։
Լոնդոնաբնակ մշակութային գործիչ 91-ամյա Ասատուր Գյուզելյանը Արամ Խաչատրյանի մտերիմներից էր ու կոմպոզիտորի 120-ամյակի առիթով իր տված բացառիկ հարցազրույցում պատմում է, թե ինչ նշանակություն ունեին հայն ու Հայաստանն Արամ Խաչատրյանի համար։
Խաչատրյանի հետ ծանոթացել են Լոնդոնում, որտեղ կոմպոզիտորը միջազգային լրագրողների համար ասուլիս էր տալիս։ Մինչև ասուլիսը սկսելը Խաչատրյանը մի քանի պայման է առաջ բերել։
«Առաջին` դուք անընդհատ ձեր թերթերում գրում եք «ռուս կոմպոզիտոր», ես ռուս չեմ, ես հայ եմ, բայց սխալ չհասկանաք, ես ռուս ժողովրդին շատ եմ սիրում, բայց հայրս և մայրս հայ են։ Կարող եք ասել՝ հայ կամ սովետական կոմպոզիտոր։ Երկրորդ` դուք մեր ժողովրդի մասին շատ բան չգիտեք, անպայման պետք է նշեք, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Երրորդ` առաջին քրիստոնեական տաճարն աշխարհում կառուցվել է Հայաստանում և կոչվում է Էջմիածին։ Եթե հարգեք իմ այս պայմանները, կարող եք իմ ասածները հեռարձակել հեռուստատեսությամբ և տպել թերթերում»:
Ասատուր Գյուզելյանը պատմում է, որ հաջորդ օրը բոլոր թերթերի առաջին էջերում գրված էր՝ «Արամ Խաչատրյանը հայտարարում է՝ նա ռուս չէ, նա հայ է»։
Ի դեպ, հայերենն ինքնուրույն սովորած Խաչատրյանն իր լոնդոնաբնակ ընկերոջը նամակներ էր ուղարկում հայերեն։ Իսկ նրանց հերթական զրույցներից մեկի ընթացքում էլ պատմել է, որ «Սուսերով պարը» ինքը չի գրել, այլ հայ ժողովուրդը։
Մի խումբ հայ կոմպոզիտորների հետ մեկնել են Հայաստանի գյուղեր՝ Կոմիտասի ավանդությամբ հայկական ժողովրդական երգեր հավաքելու։
«Ամառային մի երեկո մի գյուղ են հասել և հարսանիքի հանդիպել։ Հնչել է պարեղանակ ու երիտասարդները պարել են սրերով։ Սա մոտիվացրել է կոմպոզիտորին հետագայում Պերմում գրելու «Սուսերով պարը»։ Ասում էր` ուրեմն, այն ժողովուրդն է գրել, ես միայն նոտագրել եմ»:
Ինչ վերաբերում է Եղեռնին նվիրված ստեղծագործություն չունենալուն, Խաչատրյանը մի առիթով Ասատուր Գյուզելյանին ասել է, որ իր ամբողջ երաժշտությունը նվիրված է հայ ժողովրդին։
«Անպայման պետք է գրե՞լ, որ նվիրված է Եղեռնին։ Երբ տխուր բան եմ գրել, Դեր Զորի անապատով անցնող որբերին եմ պատկերացրել։ Իմ ամբողջ երաժշտությունը նվիրված է հայ ժողովրդի լավին և վատին»։
Արամ Խաչատրյանը գիտեր, որ երաժշտությունը մեծ կամք, համառություն, հաստատակամություն ու համբերություն է պահանջում։ Ու հենց ինքն էլ ասում էր՝ «երաժշտությունը զոհեր է պահանջում»։ Նաև գիտեր, որ իր արմատների մասին աշխարհին պիտի պատմի համամարդկային լեզվով։ Ու սա է փաստում մինչև օրս ու վստահաբար նաև հաջորդող դարերում նրա ստեղծագործությունների ստացած համաշխարհային արձագանքը։
2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» գրանցվեցին կառույցի «Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեեստրում: Եվ հստակ է՝ խաչատրյանական նոտաներն աշխարհի հիշողության մեջ դեռ երկար են մնալու։