Արյան չորս ժամ ու կատանաներ. Ինչպես «Սպանել Բիլին» վերջապես դարձավ այն ֆիլմը, որը միշտ պետք է լիներ
Քսաներկու տարվա սպասում։ Մեկ ռեժիսոր, մեկ դերասանուհի, մի վրեժ, ու մի լիամետրաժ ֆիլմ, որը Հարվի Վայնշթայնը կիսեց երկուսի։ Ինչ-որ շատ իրոնիկ ու միաժամանակ պոետիկ բան կա նրանում, որ անավարտ գործը ավարտին հասցնելու համար երկար տարիների կոմայից արթնացած կնոջ մասին ֆիլմն ինքը ավելի քան քսան տարի «կոմայում գտնվելուց» հետո վերջապես բացեց աչքերն ու ներկայացավ աշխարհին։
Փետրվարի 17-ին թվային պլատֆորմները ներկայացրին Քվենտին Տարանտինոյի չորրորդ ֆիլմը այնպիսին, ինչպիսին այն մտածել էր ռեժիսորը։ Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին էկրաններ բարձրացած «Սպանել Բիլին. Արյունոտ գործն ամբողջությամբ» (Kill Bill: The Whole Bloody Affair) ֆիլմը` 4 ժամ 15 րոպե տևողությամբ, ոչ թե պարզ վերաթողարկում է, այլ հարություն։ PAN-ը շուրջ 22 տարի սպասելուց հետո վերջապես նայել է ֆիլմը ու կիսվում է տպավորություններով։
Ի՞նչ է ընդհանրապես տեղի ունեցել
Հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում «Արյունոտ գործն ամբողջությամբ», պետք է վերադառնալ քսան քանի տարի առաջ` մոնտաժի սենյակ, որտեղ Տարանտինոն նայում էր նկարահանված նյութն ու գիտակցում, որ ստեղծել է անհնարին մի բան։ Ֆիլմ, որը չէր տեղավորվում ոչ մի դասակարգման մեջ. ոչ քունգ-ֆու կինո, ոչ սամուրայական էպոս, ոչ սպագետտի-վեսթերն, ոչ ֆեմինիստական մանիֆեստ, նաև` համ քունգ-ֆու կինո, համ սամուրայական էպոս, համ սպագետտի-վեսթերն, համ էլ ֆեմինիստական մանիֆեստ։ Այս ամենը` միաժամանակ։ Ու տևում էր այն ավելի քան չորս ժամ։
«Սպանել Բիլին» երկու մասի բաժանելու գաղափարը պրոդյուսեր Հարվի Վայնշթայնինն էր, ով հայտնի էր ֆիլմերի մոնտաժին միջամտելով, ինչի համար ոլորտում ստացել էր «Հարվի Մկրատ» մականունը։ Ֆիլմը երկու մասի բաժանելը Miramax-ին մեկի փոխարեն երկու անգամ վարձույթ դուրս գալու հնարավորություն էր տալիս, ինչպես նաև փրկում էր ստուդիային հերթական հեղինակային սկանդալից. դրանից մեկ տարի առաջ Վայնշթայնն արդեն հրապարակայնորեն կոնֆլիկտի մեջ էր մտել Մարտին Սկորսեզեի հետ` «Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York, 2002) ֆիլմի մոնտաժի շուրջ։
Տարանտինոն կանգնեց ընտրության առաջ. կամ թույլ տալ, որ Վայնշթայնն ինքնուրույն կտրատի ֆիլմը, կամ ինքն այն կտրի` գոնե պահպանելով երկու կեսերի ամբողջականությունը։ Նա ընտրեց երկրորդ տարբերակը։ Ահա ռեժիսորի խոսքերը 2014-ի Comic-Con-ից. «Ես գրեցի ու նկարեցի այն որպես մեկ ֆիլմ, ու ուրախ եմ, որ կարող եմ երկրպագուներին վերջապես հնարավորություն տալ տեսնել այն հենց այդպիսին»։
Դրան հասնելու ճանապարհը տևեց ևս ավելի քան տասը տարի։
Կաննի լեգենդը, կամ ինչպես այս ֆիլմը դարձավ առասպել
«Արյունոտ գործն ամբողջությամբ» առաջին անգամ ցուցադրվեց Կաննի կինոփառատոնին 2004-ի մայիսին` մրցույթից դուրս ծրագրում։ Հենց այստեղ էլ ծնվեց լեգենդը. ֆրանսերեն ենթագրերով չորսժամյա ֆիլմը նայել էր մի բուռ մարդ, ու այն արագ դարձավ ժամանակակից կինոյի պատմության մեջ ամենահայտնի «չթողարկված» ֆիլմերից մեկը։
Տարիներ շարունակ «Արյունոտ գործն ամբողջությամբ» իսկական կինոուրվական էր։ Այն հազվագյուտ գիշերային սեանսներով ցուցադրվում էր Լոս Անջելեսի New Beverly Cinema կինոթատրոնում, որը գնել էր Տարանտինոն։ Դահլիճները լեփ-լեցուն էին։ Մարդիկ ժամերով հերթ էին կանգնում։ Մամուլը հաղորդում էր ականատեսների տպավորությունները կրոնական ապրումի վկայությունների նման։ Սովորական հանդիսատեսը կարող էր միայն երազել դրա մասին։
Դեռ 2025-ի օգոստոսին Տարանտինոն ասում էր, որ հնարավոր է` ֆիլմը երբեք չթողարկվի ֆիզիկական կրիչներով։ Նրա ցանկությունն էր այն դարձնել բացառապես կինոէկրանային իրադարձություն։ Սակայն նույն տարվա դեկտեմբերին Lionsgate-ը «Արյունոտ գործն ամբողջությամբ» ցուցադրեց ավելի քան հազար կինոթատրոնում, այդ թվում` 35 մմ ու 70 մմ ֆորմատներով։ Իսկ արդեն 2026-ի հունվարին հայտարարվեց 4K UHD թողարկման մասին։
Առասպելը դարձավ իրականություն։
Ի՞նչ է սա բառացի
Առաջին հերթին պետք է իմանալ` սա պարզապես իրար միացված երկու ֆիլմ չի։ «Արյունոտ գործն ամբողջությամբ» Տարանտինոյի ի սկզբանե մտածած հեղինակային գաղափարն է, իրականացված ճիշտ այնպես, ինչպես նախատեսում էր ռեժիսորը. չորս ժամ տևողությամբ մեկ մոնոլիտ ֆիլմ։ Երկու մասերի միավորումից բացի, ֆիլմը ներառում է բռնության նախկինում չցուցադրված տեսարաններ, որոնք կտրվել էին հանուն վարկանիշի, ու հեռացնում է «հատորների» արանքում ավելացված կապող նյութի մի մասը, որն անհրաժեշտ էր բացառապես այն պատճառով, որ մեկ ֆիլմը բաժանվել էր երկու մասի։
Տեխնիկապես. առաջին հինգ գլուխների համար օգտագործվել է «Հատոր 1»-ի` ցենզուրայի չենթարկված ճապոնական տարբերակը։ Երրորդ գլխում Օ-Ռեն Իշիիի ծագման մասին պատմող անիմե-հատվածը համալրվել է յոթ ու կես րոպեանոց նոր տեսարաններով։
Կետ առ կետ վերլուծենք, թե ինչ է սա նշանակում գործնականում։
Տարբերություն №1. «Երկնագույն տերևների տունը» լրիվ գունավորված
Սա «Արյունոտ գործն ամբողջությամբ» նայելու գլխավոր պատճառն է։ «Երկնագույն տերևների տան» զանգվածային մարտի տեսարանը, որում Բրյուս Լիի դեղին կոմբինեզոնով Հարսնացուն ոչնչացնում է Խելահեղ 88-ի մարտիկներին, արդեն իր բնօրինակ տարբերակում կինոյի պատմության մեջ մենամարտի լավագույն տեսարաններից մեկն էր։ Սակայն «Հատոր 1»-ում որոշ պահից այն դառնում է սև ու սպիտակ։ Տարանտինոն ստիպված էր դիմել այս հնարքին, որպեսզի պահպաներ էքստեմալ բովանդակությունն ու միևնույն ժամանակ ստանար R, ոչ թե NC-17 ռեյթինգ։ MPAA-ի վարկանիշային հանձնաժողովն, ըստ երևույթին, արյան այդպիսի առատությանը դեմ չէր, քանի դեռ արյունը կարմիր չէր։
«Արյունոտ գործն ամբողջությամբ»-ում այս տեսարանը սկզբից մինչև վերջ ցուցադրվում է լրիվ գույնով։ Վերականգնված տարբերակը ոչ միայն վերադարձնում է գույնը, այլև ավելացնում բռնության մի քանի տեսարան` ավելացնելով Հարսնացուի ու Խելահեղ 88-ի ընդհարման դաժանությունը։ Յուեն Ու-Փինի փառահեղ խորեոգրաֆիան, որը սև ու սպիտակ տարբերակում ընկալվում էր որպես ոճավորում, լրիվ գունավորված ֆիլմում վերածվում էր լրիվ այլ բանի` կենդանի, շնչող, անմիջական։
Տարբերություն №2. Օ-Ռենի ծագումը. ֆիլմ` ֆիլմի ներսում
Ճապոնական Production I.G. ստուդիայի ստեղծած անիմե հատվածը, որը պատմում է Օ-Ռեն Իշիիի մանկության ու երիտասարդության մասին, բնօրինակում նույնպես ֆիլմի ամենահամարձակ որոշումներից մեկն էր։ «Արյունոտ գործն ամբողջությամբ»-ում այն դառնում է ամբողջական ֆիլմ` ֆիլմի ներսում։
Անիմացիոն սեգմենտը դարձել է այնքան երկար, որ երբեմն այն ընկալվում է որպես այլ ֆիլմի, ավելի ճիշտ` պրիքվելի կտոր, որը դրված է Հարսնացուի ճանապարհին։ Հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես է տասներեք տարեկան Օ-Ռենը վրեժ լուծում իր ծնողների մահվան մեջ մեղավոր ոչ թե մեկ, այլ երկու անձանցից. յակուձաների պարագլուխ Մացումոտոյից ու նրա լեյտենանտ Սիրունիկ Ռիքիից։
Այս տարբերակը կրկնապատկում է անիմացիոն հատվածի տևողությունը` հնարավորություն տալով տեսնել, թե ինչպես է Օ-Ռենը հետևում ու ոչնչացնում ծնողների մարդասպաններին. ընդ որում, Մացումոտոյի սպանությունը ներկայացված է ավելի մանրամասն ու դաժան ձևով։
Ոմանց համար այս տեսարանն իսկական հայտնություն է, որը Լյուսի Լյուի կերպարի պատմությանը հաղորդում է նախկինում պակասող ծանրություն։ Մյուսների համար դրվագը ակնհայտ շեղում է տեմպից ու խախտում ֆիլմի ընդհանուր ռիթմը։ Ճշմարտությունն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ տեղ մեջտեղում է. այս տեսարաններն օրիգինալում ստիպված կլինեին կտրել` հանուն արագության, ու Տարանտինոն իրավացի էր, երբ ֆիլմը երկու մասի բաժանելն անվանում էր դրանք պահպանելու միջոց։
Տարբերություն №3. Սոֆի Ֆատալի երկու ձեռքը
Սա այն պահերից մեկն է, երբ հասկանում ես. «Հատոր 1»-ն ու «Հատոր 2»-ն առանձին-առանձին նայելիս աչքն ընտելանում է որոշ պայմանականությունների։ Երբ Հարսնացուն Սոֆի Ֆատալին «բերում է» հիվանդանոցի կայանատեղի, նրա երկու ձեռքերն էլ բացակայում են։ Սակայն անհասկանալի է մնում, թե ինչ եղավ երկրորդ ձեռքի հետ։
«Արյունոտ գործն ամբողջությամբ»-ում վերականգնված է տեսարանը, որտեղ Հարսնացուն կտրում է Սոֆիի երկրորդ ձեռքը. արյան շիթը ցպնում է շատրվանի նման։ Սա վերջապես լուծում է հանելուկը, որը երկրպագուները տարիներ շարունակ փորձում էին բացատրել։ Մանրո՞ւք է։ Թերևս։ Սակայն հենց նման մանրուքներից է ձևավորվում «բավականին լավն է»-ի ու «այն է, ինչ պետք է»-ի տարբերությունը։
Տարբերություն №4. Գլխավոր քլիֆհանգերի բացակայությունն ու ինչու է դա ամեն ինչ փոխում
Ահա այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Եվ հենց այստեղ է «Արյունոտ գործն ամբողջությամբ» ոչ թե պարզապես տեսարաններ ավելացնում կամ հեռացնում, այլ արմատապես փոխում է ֆիլմի դիտման էմոցիոնալ ապրումը։
«Հատոր 1»-ի վերջում հանդիսատեսը լսում է Բիլի ձայնն, ով դիմում է անդամահատված Սոֆի Ֆատալին. «Նա գիտի՞, որ իր դուստրը ողջ է»։ Սա հզորագույն քլիֆհանգեր է, որը գլխիվայր շրջում է հանդիսատեսի տպավորությունները. Հարսնացուն անցել է ամբողջ իր արյունոտ ճանապարհը` համոզված լինելով, որ իր երեխան մահացել է, մինչդեռ երեխան ողջ է։
«Արյունոտ գործն ամբողջությամբ»-ում այդ արտահայտությունը չի հնչում։ Ճիշտ նույն պահին կա փոքր ընդմիջում, սակայն առանց քլիֆհանգերի։ Իսկ դա նշանակում է, որ հանդիսատեսը ճշմարտությունն իմանում է հենց այն պահին, երբ Հարսնացուն ինքն է իմանում. ցավի, արյան, կատանայի հարվածների երեք ու կես ժամ հետո։ Նա հասնում է Բիլի տան շեմին, իսկ այդտեղ նրա չորսամյա դուստրն է։
Ընդամենը մի արտահայտության այս տարբերությունը փոխում է ամեն ինչ. հանդիսատեսը ճամփորդում է Հարսնացուի հետ միասին, ոչ թե վերևից նայում նրան։ Չկա արտոնյալ գիտելիք։ Չկա հեգնական հեռավորություն։ Միայն ապրումը, նույնը` թե գլխավոր հերոսուհու, թե հանդիսատեսի համար։
Հենց դրա համար «Արյունոտ գործն ամբողջությամբ» դիտած շատ մարդիկ ասում են, որ ափսոսում են օրիգինալ երկու ֆիլմն ավելի շուտ նայելու համար։
Տարբերություն №5. Հատորների միջև կամրջի հեռացումը
«Արյունոտ գործն ամբողջությամբ» հեռացնում է «Հատոր 2»-ի ներածությունը` սև ու սպիտակ տեսարանը, որտեղ Հարսնացուն մեքենա վարելիս նայում է տեսախցիկի մեջ ու վերապատմում առաջին ֆիլմի դեպքերը` ավարտելով դրանք հետևյալ խոսքերով. «Եվ հիմա գնում եմ այնտեղ։ Ու երբ հասնեմ, կսպանեմ Բիլին»։ Բադի «Այս կինն արժանի է իր վրեժին, իսկ մենք` մահվան» խոսքերը նույնպես կտրված են եզրափակիչ մոնտաժից, սակայն առկա են Բիլի հետ իր զրույցում։
Տրամաբանությունն ակնհայտ է. երբ նայում ես մեկ միասնական ֆիլմ, կարիք չկա ինքդ քեզ հիշեցնելու, թե ինչ է տեղի ունեցել առաջին կեսում։ Այս դրվագները մատնում էին երկու հատորների միջև կարը, ու դրանց բացակայությունը ֆիլմը ամբողջական է դարձնում։
Ումա Տուրմանի փերֆորմանսը. Մեկ չկտրտված ադամանդ
Հավանաբար, «Արյունոտ գործն ամբողջությամբ»-ի օգտին խոսող ամենակարևոր փաստարկը ոչ բռնության տեսարաններն են, ոչ էլ վերականգնված գույնն ու անիմացիան: Դա հնարավորությունն է տեսնել Ումա
Տուրմանի հրաշալի դերասանական աշխատանքը որպես մի ամբողջություն:
«Արյունոտ գործն ամբողջությամբ»-ը թույլ է տալիս տեսնել Տուրմանի աշխատանքը որպես միասնական, անընդհատ կամարաձև ուղի՝ երկու մեկուսացված կեսերի փոխարեն: Քիչ դերասաններ կան, որ ստացել են այդքան առատաձեռն կտավ. երկխոսության երկար, անթերի կառուցված տեսարաններ, սառնասիրտ հաշվեհարդար թշնամիների հետ ու լացակումած զռռոցներ` նկարված այնպիսի հում անկեղծությամբ, որ անգամ ցավ են պատճառում։
Շատ քննադատներ մատնանշել են իրավիճակի իրոնիան. Վայնշթայնը իսկական վարպետ էր «Օսկար»-ի վրա ազդեցություն թողնելու հարցում, և այն բանից հետո, երբ նա ապահովեց Տարանտինոյի մրցանակը (լավագույն սցենար) ու Տուրմանի անվանակարգը «Քրեական ընթերցվածքի» (Pulp Fiction, 1994) համար, ակնհայտ էր, որ «Սպանել Բիլին» բոլոր հնարավորություններն ուներ Տուրմանին կնոջ լավագույն դերի համար «Օսկար» բերելու: Փոխարենը, դիլոգիան ոչ մի անվանակարգ չստացավ։
Այս ֆիլմն այսօր դիտելը՝ վերականգնված, միասնական, նշանակում է նայել տարիների, գիտելիքների ու ցավի միջով: 2018 թվականին Տուրմանը պատմել է, որ նկարահանումների ընթացքում Տարանտինոն նրան համոզել էր վտանգավոր հնարք կատարել ղեկին՝ չնայած իր առարկություններին: Մեքենան սահեց ու բախվեց ծառին: Վնասվածքներն ընդմիշտ մնացին նրա հետ։ Ու երբ ֆիլմի առաջին կադրերում Բիլի կադրից դուրս ձայնը հարցնում է ծեծված Հարսնացուին. «Ինձ սադիստ ես համարո՞ւմ», սա միայն պատմության ներսում հնչող հարց չի։
100% Rotten Tomatoes-ում, 95՝ Metacritic-ում ու «A+»՝ հանդիսատեսից
Քննադատները ոգևորությամբ ընդունեցին «Արյունոտ գործն ամբողջությամբ»։ Rotten Tomatoes-ում ֆիլմը հավաքեց դրական կարծիքների 100%, իսկ կայքի կոնսենսուսը հետևյալն է. «Միավորելով երկու հատորները մի պատմության մեջ, որը նույնքան ամբողջական է, որքան Հատորի Հանզոյի կատանայի հարվածը, այս արյունոտ վեպն ի վերջո իրացնում է Տարանտինոյի խելահեղ մտահղացման ողջ մեծությունը»: Metacritic-ում ֆիլմն ունի 95 միավոր 100-ից, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչմանը»: Հանդիսատեսը տվել է հազվագյուտ «A+» գնահատականը:
Ճիշտ է, կան նաև քննադատողներ։ Որոշ կինոքննադատներ՝ ոչ առանց հիմքի, մատնանշում են, որ փոփոխություններն ավելի քիչ են, քան դրանց շուրջ աղմուկը: Փաստացի, սա երկու ֆիլմ է՝ մեջտեղի ընդմիջումով ու վերականգնված նյութի մի քանի րոպեով: Նրանց համար, ովքեր սպասում էին մոնումենտալ հեղինակային վերամշակում, սա կարող է հիասթափություն դառնալ։
Սակայն հենց դրանում է պարադոքսը. «Արյունոտ գործն ամբողջությամբ» աշխատում է ոչ նոր նյութի քանակի հաշվին: Այն աշխատում է այն հերթականության հաշվին, որով ինֆորմացիան ու էմոցիաները հասնում են հանդիսատեսին: Հանիր Բիլի մեկ արտահայտություն դստեր մասին, ու պատմության ամբողջ էմոցիոնալ լանդշաֆտն անդառնալիորեն կփոխվի:
Ինչո՞ւ դիտել
Ինքնին կինոյի արժանի պատմություն է այն, որ 22 տարի անց որպես մեկ ամբողջություն էկրաններ է բարձրանում երկար տարիներ վրեժը փափագած կնոջ մասին պատմող ֆիլմը։ Պատմություն այն մասին, որ գեղարվեստական մտահղացումը փողից ուժեղ է, որ վրեժը պետք է մատուցել սառը ու որ որոշ բաներ պետք է դիտել հենց այնպիսին, ինչպիսին հեղինակի մտահղացումն է։
Կինոքննադատներից մեկը գրել է. «Չորս ժամ ես նայում էի երբևիցե նկարված մեծագույն ֆիլմը: Ես տեսել էի այն նախկինում, սակայն սա իսկական հայտնություն էր: Այս հսկայական էկրանը դարպաս է դեպի Նարնիա, դեպի Օզի երկիր: Երբ դուրս եկա պայծառ ցերեկային լույսի տակ, գիտեի. եթե երբևէ ցանկանամ վերադառնալ մեծագույն ֆիլմին, չի կարելի անել դա տանը»:
Գուցե հենց դրանում է «Արյունոտ գործն ամբողջությամբ»-ի գլխավոր ճշմարտությունը: Սա ոչ միայն ռեժիսորական տարբերակ է: Սա փաստարկ է, որ կինոն տանը դիտելու կոնտենտ չէ։ Կինոն ծես է։ Իրադարձություն: Չորս ժամ խավարի մեջ, քանի դեռ էկրանին դեղին կոմբինեզոնով կինն ավարտում է այն, ինչ պետք է ավարտեր քսան տարի առաջ:
Ու կատանան, վերջապես, հասցնում է իր հարվածը: