#մշակութաPAN
June 18

Կիբեռնետիկայի մուսան, գեղարվեստի ֆրոնտն ու վրձին՝ կատվի պոչից. Երվանդ Քոչարը՝ Փարիզից մինչև խորհրդային բանտեր

Եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի անունը հաճախ կապում են նրա ամենահնչեղ ու հայտնի աշխատանքների՝ Սասունցի Դավթի արձանի կամ էլ, օրինակ, «Պատերազմի արհավիրքը» կտավի հետ։ Բայց Քոչարի ֆենոմենալ տաղանդն անսահման էր՝ ճիշտ ինչպես նրա երևակայությունը։ Ի՞նչ ճանապարհ է անցել վարպետը՝ Թիֆլիսից` Փարիզ ու Երևան։

ԹԻՖԼԻՍՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Ստեղծագործական առաջին քայլերը Քոչարը Թիֆլիսում է արել ու հենց առաջին հնարավորության դեպքում զարմացրել ու հիացրել է իր տաղանդով։ Նրա գեղարվեստական ընդունակությունները նկատում են դեռ Ներսիսյան դպրոցի առաջին դասարանում։ Գեղանկարչության ուսուցիչը նկարիչ Հարություն Շամշինյանն էր։ Հենց նրա խորհրդով էլ Քոչարն ընդունվում է նկարչական դպրոց, որի տնօրենը ծաղրանկարիչ Օսկար Շմեռլինգն էր։

Այս շրջանում երիտասարդ արտիստը հիմնականում դիմանկարներ ու նատյուրմորտներ է անում։ Որոշակի մի շրջան տարվում է իմպրեսիոնիզմով ու ոգեշնչվում իր ուսուցիչ, գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանից։

Թիֆլիսում Երվանդ Քոչարը մնում է մինչև 1922 թվականը։ Սա այն շրջանն էր, երբ արտիստը ստեղծագործական ակտիվ որոնումների մեջ էր, իրեն փնտրում էր տարբեր ուղղություններում, հետաքրքրվում Վերածննդի դասական ավանդույթներով, անտիկ արվեստով ու անգամ կուբիզմով։

Այս շրջանից Քոչարն իր ստեղծագործական կյանք շատ բան տարավ, բայց գլխավորը՝ դասականն ու նորարարականը հաշտեցնելու, այդ միտումները ձուլելու վարպետի ձեռագիրն էր։

ՔՈՉԱՐՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՆ

1922 թվականին Երվանդ Քոչարը որոշում է անձամբ տեսնել ու «ծանոթանալ» Եվրոպայում ծնունդ առած արվեստի ուղղություններին ու միտումներին։ Հասնում է Վենետիկ և որոշ ժամանակով կացարան գտնում Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության հավանու ներքո։

Հենց Վենետիկում էլ սկսվում քանդակագործ Քոչարի ճանապարհը։ Մի քանի դիմաքանդակներ է անում, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի դիմաքանդակը։ Իսկ գլխավորն այն էր, որ Քոչարը քանդակագործության միջոցով կարողանում է մարդկային բնավորություն ու էմոցիա պատկերել։

Արդեն 1923-ին Երվանդ Քոչարը հաստատվում է Փարիզում, իսկ հաջորդող տարիները դառնում են նրա միջազգային ճանաչում ու հեղինակություն ձեռք բերելու լավագույն տարիները։ Քոչարի աշխատանքները ներկայացվում են միջազգային ցուցահանդեսներում, բացվում է արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսը, վարպետի մասին գրում են տեղի ամենահայտնի ամսագրերը, նրա մասին խոսում են արվեստագետներն ու արվեստասերները։

Բայց Քոչարի համար հատկապես նշանավոր իրադարձություն է դառնում նրա երկրորդ՝ «Տարածական նկարչություն» ցուցահանդեսը, որը կայացել է 1928 թվականի նոյեմբերին փարիզյան «Van Leer» պատկերասրահում։ Հաջորդող տարիները չեն զիջում իրենց հագեցվածությամբ։ Արտիստը ստեղծագործում է, արժանանում մեծ փառքի ու համբավի, գնահատվում արվեստասեր հանրության կողմից։

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Ուղիղ 14 տարի անց՝ 1936 թվականի գարնանը, Քոչարը վերադառնում է Թիֆլիս։ Իսկ արդեն աշնանը տեղափոխվում է Երևան։ Վրաստանի նկարիչների միության շարքերն անցնելու նրա դիմումը մերժվել էր, փոխարենը Քոչարը դառնում է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Մասնակցում է հանրապետական ու միութենական ցուցահանդեսների ու փորձում իր տեղը գտնել հայրենիքում։ Բայց արտաքին գործոններն իրավիճակը միայն ավելի էին բարդացնում։

1930-ականներից սկսած և հաջորդող առնվազն երկու տասնամյակներում ևս հայկական մամուլում կարելի էր հանդիպել վերնագրեր, որոնք հիմա առնվազն ապշեցնել կարող են, բայց ժամանակի ու ճնշումների թելադրանք էին։ «Տրոցկիստ-նացիոնալիստական որջերը Հայաստանում», «Հակահեղափոխական տեռորիստների գործունեությունը Խորհրդային Հայաստանում» և այլ նմանատիպ վերնագրերի թիրախում հատկապես ու մասնավորապես մտավորականներն էին, որոնց բնորոշում էին որպես «ժողովրդի թշնամիներ»։

Երվանդ Քոչարի անունն այս շարքերում շատ չուշացավ։ Եվրոպայում ճամփորդած ու ստեղծագործած արվեստագետը «Խորհրդային Հայաստան» թերթում իրեն վարկաբեկող հոդվածի «արժանացավ»։ 1937 թվականի հոկտեմբերին Ս․Հար կեղծանունով հոդվածագրի «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին» վերնագրով հոդվածում Քոչարին մեղադրեցին հակահեղափոխական քարոզչություն և գործունեություն ծավալելու մեջ։

«Այսօր մեր նկարիչների, քանդակագործների գործերում չենք տեսնում մեծ Ստալինի օբրազը, խորհրդային ժողովրդի ուրախ և երջանիկ կյանքը։ Այդ նեխած մթնոլորտում բացահայտ կերպով կերպարվեստագետի անվան տակ թաքնված իրենց հակախորհրդային քայքայիչ աշխատանքն են տարել մի շարք սրիկաներ, որոնք դեռ այսօր էլ ազատ շրջում են։ …Ժողովրդի մերկացված թշնամիներ՝ Դ․ Շահվերդյանի և ճարտարապետ Մ․ Մազմանյանի օժանդակությամբ 1936 թվականին Փարիզից Երևան է գալիս այսպես կոչված քանդակագործ Երվանդ Քոչարը։ Երևան գալու հենց առաջին իսկ օրից այդ խարդախն սկսում է իր պրովոկացիոն աշխատանքը։ …Այդ սրիկան այս ու այն կողմը մի քանի անգամ լկտի հակահեղափոխական, ըստ էության ֆաշիզմը գովերգող հայտարարություններ է արել։»։
«Խորհրդային Հայաստան» թերթ, «Դուրս շպրտել ժողովրդի թշնամիներին կերպարվեստի ֆրոնտից» հոդված, 1937 թ.

Այս ընթացքում Երվանդ Քոչարը ռեկորդային կարճ ժամկետում՝ 18 օրում ստեղծում է  «Սասունցի Դավթի» գիպսե արձանը։ Արձանը տեղադրվում է կայանամերձ հրապարակում՝  «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի հազարամյակի տոնակատարության շրջանակում։ Բայց կարճ ժամանակ անց արձանը ամբողջությամբ ոչնչացվում է՝ ամենաանմիտ պատճառաբանությամբ։

1941 թվականի հունիսին Քոչարին ձերբակալում են ու մեղադրում հակահեղափոխական քարոզչության և հակահեղափոխական  գործունեության մեջ։ Դատավճռի հրապարակումից հետո Սասունցի Դավթի արձանը ոչնչացնում են՝ պնդելով, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի բարեկամ Թուրքիա...»։

Բանտում վարպետն անցկացնում է 2 տարի և 2 ամիս։ Բայց ազատասեր արվեստագետի համար խցում 2 ժամ անցկացնելն էլ հավասար էր ամենադաժան տանջանքներին։ Հատկապես, երբ ստեղծագործելու հնարավորություն էլ չկար։ Բայց Քոչարն ասում էր՝

«Առանց անկումի ապրել՝ կնշանակի գնալ թույլ դիմադրության գծով»։

Այսպիսով, անգամ բանտում Քոչարը լուծումներ է փնտրում։ Բանտային պայմաններում Քոչարը նկարում է երիտասարդ Մովսես Մովսիսյանի դիմանկարը։ Մովսիսյանին ձերբակալել էին դաշնակցական լինելու մեղադրանքով։

Եվ այսպես՝ ինչպե՞ս իրականություն դարձավ այս նկարի ստեղծումը, եթե բանտում գրելն անգամ արգելված էր։ Նախ այրում են բանտարկյալներից մեկի ռետինե կրկնակոշիկը, խառնում շաքարաջրի հետ ու ստանում ներկանյութ։ Հետո՝ մեկ այլ բանտարկյալի համար հասցեագրված ծանրոցում հայտնաբերում են սպիտակ սատինե թաշկինակ, որը թրջում, ձգում ու ամրացնում են պատին՝ որպես կտավ։ Մնում էր լուծել վրձնի հարցը։ Այս հարցում էլ «օգնում է» բակում հայտնված կատուն։ Կատվի պոչից պոկված մազերով բանտարկյալները վրձինն են պատրաստում։

Բանտից դուրս գալուց հետո էլ ամեն բան հարթ չէր, բայց Քոչարը շարունակում էր ստեղծագործել՝ առանց արտաքին կաղապարների առաջ խոնարհվելու։ Բայց արդարացի կլինի նշել, որ արվեստագետները գոնե փոքր ինչ «շունչ քաշելու» հնարավորություն ունեցան 1953 թվականին՝ Ստալինի մահից հետո։

Արդեն 1957 թվականին որոշում կայացվեց վերականգնել «Սասունցի Դավթի» արձանը։ Քոչարը երկրորդ անգամ վերցրեց այս պատասխանատվությունն իր ուսերին ու արդեն 1959 թվականին արձանը ներկայացրին հանրությանը։ Գրիգոր Հասրաթյանն իր հուշերում ասում է՝

«Անպատմելի է, թե ինչ տեղի ունեցավ. մարդիկ անվերջ ու անդադար գրկախառնվում էին Քոչարի հետ, համբուրում ձեռքերն ու ճակատը, ծնկի գալիս»։

Հերոսական ու հաղթական Սասունցի Դավիթն ու նրա սուրը հայերի համար իսկապես խորհրդանշական իմաստ և ուղերձ ունեին։ Քոչարի համար ևս այս արձանը ասելիք փոխանցելու յուրօրինակ միջոց էր։ Փոքր պատվանդանն օրինակ, Քոչարը ներկայացնում էր որպես բռնագաղթված հայրենիքի խորհրդանիշ։

«Ես կարող էի վիթխարի ժայռաբեկորներ բերել ու պատվանդան դարձնել մեր Դավթի համար՝ քարաշատ Հայաստանում քար չէր պակասի… Բայց հրեղեն ձիու ոտքերը պատվանդանից դուրս են մնացել… Ես ցանկանում եմ ասել, որ փոքր է Հայաստանը, եւ մեր ժողովրդի մի կարեւոր հատված դրսում է»։

Հայրենիքի, ազատության և անկոտրում ոգու մասին վեհ գաղափարներն արտացոլված են նաև Վարդան Մամիկոնյանի արձանում։

«Իմ Վարդանը ձիու վրա նստած, թուրը բարձրացրած, արշավում է, բայց չի պաշտպանվում։ Նրան պետք չէ վահան»։

Բայց Երվանդ Քոչարի արվեստը չէր սկսվում ու ավարտվում միայն հայրենիքի մասին տարածական պատումներով։ Նրա «Մելամաղձություն» արձանն օրինակ, մինչև օրս էլ համարվում է աշխարհում ամենատպավորիչ ու յուրօրինակ արձաններից մեկը։

Դե իսկ «Կիբեռնետիկայի մուսան» դարձել է Մերգելյան ինստիտուտի այցեքարտը։ Երբ ինստիտուտը քանդակագործին պատվիրեց  կիբեռնետիկային վերաբերող արձան քանդակել, Քոչարից բացի ոչ ոք չէր պատկերացնում, որ արդյունքում քանդակը կպատկերեր կիսապառկած ու կարծես մեդիտացիայի մեջ հայտնված մուսային, որը տեղ-տեղ պատված է շղարշով, իսկ տեղ-տեղ մարմնի միջից դուրս են գալիս մեխանիզմների բեկորները, լարերն ու զսպանակները։

Երվանդ Քոչարի 125-ամյակը լավ առիթ էր` վերհիշելու վարպետի կենսագրության ընդամենը մի քանի դրվագ։ Սա, վստահաբար, նաև լավ առիթ է` այցելելու Երևանի ամենայուրօրինակ թանգարաններից մեկը՝ Երվանդ Քոչարի թանգարան, որտեղ ժամանակի ու տարածության մեջ հստակ ընդգծված է վարպետի՝ ժամանակ ու տարածություն չճանաչող երևակայությունն ու տաղանդը։


✍️ Նանե Մանուկյան / PAN