Կարդալիքներ PAN-ից
Today

«Արվեստով միեղեն». Մելինե և Երվանդ Քոչարների կիսատ մնացած երկխոսությունը՝ մեկ հարկի տակ

Մեր քաղաքում արվեստասեր հանրությունը պարբերաբար հնարավորություն է ունենում ժամանակավոր ցուցադրությունների միջոցով առավել հագեցած, գունեղ ու տպավորիչ մշակութային առօրյա ունենալ։ #ՄշակութաPAN֊ն էլ որոշել է այսուհետև առավել հաճախ անդրադառնալ մշակութային այդ իրադարձություններին ու ներկայացնել հայ արվեստագետների, համադրողների, թանգարանների ու պատկերասրահների մեծածավալ աշխատանքի տարբեր դրվագներ։ Հենց այս ամենի հիմքում կանգնած մարդկանց հետ զրույցների միջոցով էլ կբացահայտենք մեր քաղաքի տարբեր, երբեմն թաքնված անկյուններում պահվող իրական արժեքները։

Գևորգ Գրիգորյանի՝ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը վստահաբար կարելի է դասել քաղաքի ամենատպավորիչ՝ արվեստով շնչող ու մշտապես ներկայանալու նոր հարթություններ փնտրող թանգարանների շարքին։ Արվեստանոց-թանգարանը քաղաքի կենտրոնում է ու ոտքով հասանելի կենտրոնում մեզ ու ձեզ հայտնի ցանկացած կետից՝ Կասկադից մինչև Հանրապետության Հրապարակ, Երիտասարդականից մինչև Մաշտոցի պողոտա, Օպերայից մինչև Սարյան։ Մի քանի րոպե՝ ու Ջոտտոյի կտավները ձեզ կտեղափոխեն տարածական այլ հարթություն։ Բայց արվեստանոց-թանգարանում սրանով չեն սահմանափակվում։ Երկրորդ հարկը որոշել են նվիրել այլ արվեստագետների ևս հանրահռչակելու առաքելությանը ու ժամանակավոր ցուցադրությունների միջոցով քայլ առ քայլ մոտենում են այդ առաքելությանը։

Ցուցահանդեսի համադրողներն են արվեստաբան, Ջոտտոյի արվեստանոց-թանգարանի ղեկավար Արփինե Սարիբեկյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի ղեկավար, արվեստաբան Հայկուհի Սահակյանը։ Այս ցուցադրության մասին նրանց հետ բացառիկ զրույց ենք ունեցել, որպեսզի բացահայտենք ցուցահանդեսի մանրամասներն ու նաև այն բարդ շերտերը, որոնց միջով անցնում է Երվանդ և Մելինե Քոչարների պատմությունը՝ սեր, արվեստ, Փարիզ, բաժանում, հիշողություն ու սպասում։

Նախ փաստենք, որ այս ցուցադրությունն ավելի մեծ մի նախագծի մաս է կազմում։ Այդ նախագծի շրջանակում Ջոտտոյի թանգարան-արվեստանոցում ներկայացնում են հայ արվեստի պատմության մեջ հայտնի և լայն հանրությանը քիչ ծանոթ արվեստագետ զույգերի՝ բացահայտելով նրանց ստեղծագործական և համատեղ ուղին։ Նախագիծը, համադրողների ձևակերպմամբ, նպատակ ունի նոր դիտանկյունից ներկայացնել ստեղծագործող անհատին՝ ուսումնասիրելով, թե ինչպես են երկու արվեստագետներ արարում կողք կողքի, փոխադարձաբար ազդում միմյանց աշխարհայացքի, գեղարվեստական մտածողության և գեղագիտական սկզբունքների ձևավորման վրա։ Նախագիծը փորձում է ուսումնասիրել համատեղ ստեղծագործական միջավայրի դերը արվեստագետի անհատական ձևավորման և արվեստի զարգացման ընթացքի մեջ։

Այս նախագծի առաջին ցուցահանդեսը նվիրված էր գրող, հասարակական գործիչ Զապել Եսայանին և նկարիչ Տիգրան Եսայանին և անդրադառնում էր նրանց ստեղծագործական և գաղափարական փոխառնչություններին։ Իսկ արդեն այժմ ցուցադրվող ցուցահանդեսը բացվել է 2025-ի նոյեմբերին ու նվիրվել Երվանդ և Մելինե Քոչարներին։ Ընտրությունը պատահական չէր։ Քոչարի անունը վաղուց դուրս է եկել մասնագիտական շրջանակներից և դարձել է հայկական մշակույթի ամենաճանաչելի մեծություններից մեկը։ Մելինե Քոչարի անունը, հակառակը, շատերի համար մինչև օրս էլ գրեթե անծանոթ է։ Բայց այս արվեստագետները անձնական ու ստեղծագործական բազմաթիվ կապերով են կապված։

Երվանդ և Մելինե Քոչարների ուղիները խաչվում են Փարիզում։ Այդ ժամանակ Քոչարն արդեն ճանաչված և կայացած արվեստագետ էր, իսկ Մելինե Օհանյանը՝ ստեղծագործական որոնումների մեջ գտնվող երիտասարդ նկարչուհի։ Համադրողների խոսքով՝ Մելինեի վրա Քոչարի արվեստը մեծ ազդեցություն է թողել՝ մղելով գեղարվեստական նոր ու համարձակ որոնումների։ Բայց սա սոսկ մեծ արվեստագետի կողքին կանգնած երիտասարդ կնոջ պատմություն չէ։ Ցուցահանդեսը հենց այդ կարծրացած պատկերացումն է փորձում փոխել։ Մելինեի նուրբ, քնարական, երբեմն նաիվ արվեստը ձևավորվում է Քոչարի համարձակ փորձարարությունների կողքին, բայց չի սահմանափակվում դրանցով։ Նրա ստեղծագործությունը ունի սեփական լեզուն ու սեփական հուզական տարածությունը։

Տասնամյակներ շարունակ Մելինեի արվեստը դիտարկվում է սոսկ միայն որպես ամուսնու կենսագրության հավելում։ Նրա գործերը երկար ժամանակ մասնագիտական շրջանառությունից դուրս են մնացել, նրա անունը հազվադեպ է հանդիպում արվեստաբանական գրականության մեջ, իսկ ստեղծագործությունների մեծ մասը հանրությանը հայտնի չէ։ Այս ցուցահանդեսը այդ բացը լրացնելու առաջին քայլերից է։ Մելինեին պետք է ճանաչել որպես ինքնուրույն արվեստագետի ու այս ցուցադրությունը ձեզ կտա այդ բացառիկ հնարավորությունը։ Ինչպես նշում են համադրողները՝ այս ցուցահանդեսը նաև հնարավորություն և առիթ է արվեստաբանների համար ուսումնասիրելու Մելինեի արվեստը։

Մելինե Քոչարը Երվանդ Քոչարի երկրորդ կինն էր։ 1936 թվականին, երբ Քոչարը վերադարձավ Հայաստան, նրանք քաղաքական իրավիճակի բերումով հարկադրաբար բաժանվեցին։ Ստալինյան բռնաճնշումները, երկաթե վարագույրը, մարդկանց ու աշխարհների միջև ստեղծված անհաղթահարելի հեռավորությունները փոխեցին նրանց պլաններն ու ճակատագիրը։

«Մելինեի և Քոչարի սիրո պատմությունը բացահայտում է նաև մի ամբողջ պատմական ժամանակաշրջան՝ ստալինյան բռնաճնշումներ, երկաթե վարագույր և դրանց հետևանքները արվեստի պատմության ու անհատի ճակատագրի վրա»։

Մելինեն ամբողջ կյանքում ուղիներ էր փնտրում Քոչարին Փարիզ վերադարձնելու համար։ Նա այնտեղ ցուցահանդեսներ էր կազմակերպում, ստորագրահավաքներ նախաձեռնում, փորձում պահել և ավելի ու ավելի ճանաչելի դարձնել Քոչարի անունը։ Բայց ճակատագիրը այլ ընթացք էր ընտրել նրանց համար. Մելինեն շարունակում էր ապրել և ստեղծագործել Փարիզում, Քոչարը՝ Խորհրդային Հայաստանում։ Արփինե Սարիբեկյանն այդ շրջանն այսպես է բնութագրում.

«Անկախ իրենց  կամքից կյանքի նոր փուլ է սկսվում երկու արվեստագետ անհատների և երկու  սիրող մարդկանց համար. այն  պայքարի, կորուստների և միաժամանակ ստեղծագործելու անհաղթ ուժի վկայություն է: Արվեստը որպես ապրեցնելու և գոյատևելու  միջոց ընտրելով՝ զույգը շարունակում է ստեղծագործել՝ միաժամանակ ուղիներ փնտրելով վերամիավորման համար»։

Այս բաժանումից հետո նրանց կապը, որքան էլ ֆիզիկապես խզված, շարունակում է գոյություն ունենալ արվեստի և իրենց հուշերի միջոցով։ Մելինեն Փարիզում շարունակում է ստեղծագործել, միաժամանակ փորձում է պահպանել Քոչարի ժառանգությունը։ Քոչարը Հայաստանում շարունակում է իր ստեղծագործական ճանապարհը՝ արդեն այլ քաղաքական և մշակութային միջավայրում։ Ցուցահանդեսը նրանց կրկին միավորում է մեկ հարկի տակ՝ պատմական և արվեստաբանական ամբողջական պատկերը վերականգնելու համար։

Անշուշտ, Երվանդ և Մելինե Քոչարների պատմությունը հեշտությամբ կարող էր ներկայացվել որպես դրամատիկ սիրո պատմություն, որտեղ հիմքում հարկադրված բաժանումն է, կարոտը, անհնար վերադարձն ու սպասումը։ Բայց համադրողները գիտակցաբար խուսափել են այդ ճանապարհից։

«Ցուցահանդեսը  «դրամատիկ» սիրո պատմության մասին չէ․ այն առաջին հերթին նպատակ ունի ներկայացնելու Մելինեին որպես ինքնուրույն արվեստագետ և ընդգծելու նրա ահռելի ջանքերը՝ Երվանդ Քոչարին Փարիզում մոռացության չմատնելու գործում։ Այդ ջանքերի կարևոր արդյունքներից էր 1966 թվականին նրա կազմակերպած «Քոչարը և տարածական գեղանկարչությունը»  ցուցահանդեսը, որի շրջանակում, արվեստաբան և արվեստի քննադատ Վալդեմար Ժորժի նախաբանով, լույս է տեսել նաև կատալոգը։ Ցուցահանդեսը միաժամանակ ներկայացնում է Քոչարի և Մելինեի կյանքն ու արվեստը ստալինյան բռնաճնշումների համատեքստում՝ առաջ քաշելով հարցեր, որոնց պատասխանները  ժամանակի և բարքերի բերումով մինչև օրս մնում են անպատասխան:»

Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են Մելինե Քոչարի աշխատանքները, արխիվային նյութեր, ինչպես նաև Երվանդ Քոչարի փարիզյան շրջանի ստեղծագործություններից։ Նյութերը հավաքվել են թե՛ մասնավոր հավաքածուներից, թե՛ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից։ Համադրողները նշում են, որ ցուցահանդեսը նոր լույսի ներքո է ներկայացնում Երվանդ Քոչարի ստեղծագործության փարիզյան շրջանը՝ այն շաղկապելով նկարչուհի կնոջ՝ Մելինեի հետ համատեղ անցած ստեղծագործական ճանապարհի հետ։ Ի դեպ, ցուցահանդեսի հայեցակարգի առանցքում Երվանդ Քոչարի՝ 1930 թվականին ստեղծած «Մելինեի դիմանկարն» է, որը ցուցադրության համար սիրով տրամադրել է Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը՝ իր անձնական հավաքածուից։

Վերադառնանք 20-րդ դարասկզբի Փարիզ, որը համաշխարհային արվեստի կենտրոնն էր, որտեղ կողք կողքի ստեղծագործում էին նշանավոր արվեստագետներ, որտեղ արվեստը լի էր նորարարություններով, որոնումներով, մրցակցությամբ և համարձակ փորձերով։ Նախ՝ ինչո՞ւ էր կարևոր Քոչարի փարիզյան շրջանը.

«Քոչարը հայտնվեց համաշխարհային արվեստի կենտրոնում, երբ արվեստն ուղղակի լի էր բազմաթիվ նորարարություններով, կողք կողքի ստեղծագործում են նշանավոր արվեստագետներ, եւ Քոչարը կարողացավ իր տեղն ապահովել այդ շատ կարևոր եւ բարդ միջավայրում՝ դարասկզբի Փարիզում։»

Դե, իսկ Մելինեի համար այդ միջավայրը խիստ հարազատ էր։ Ժամանակակիցների վկայությամբ՝ Մելինեն ուսանել է ֆրանսիացի հայտնի արվեստագետ Ֆերնան Լեժեի արվեստանոցում։ Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տրամադրած արխիվային նյութերից մեկը՝ Լեժեի աշակերտների ցուցահանդեսի հրավիրատոմսը, որտեղ հիշատակվում էր նաև Մելինե Քոչարի անունը, փաստացի հաստատում է այս տեղեկությունը։

Մելինեի և Երվանդ Քոչարի պատմությանն անդրադարձ կա նաև Վիգեն Իսահակյանի «Փարիզ, Քոչար, անցած օրեր» գրքում։ Մեկ այլ կարևոր արխիվային բացահայտում կապված է ֆրանսահայ գրող, լրագրող, պատմաբան Սեդա Մավյանի հետ, որը Մելինե Քոչարի ստեղծագործությունների հարուստ հավաքածու ունի։ Ֆրանսիական արխիվներում նա հայտնաբերել է Քոչարի և Մելինեի՝ 1930 թվականին կնքված ամուսնության վկայականը։ Այդ փաստաթղթում որպես վկա նշված է Ավետիք Իսահակյանի կինը՝ Սոֆյա Իսահակյանը.

«Այսպիսի արխիվային բացահայտումները ոչ միայն արժեքավոր արխիվային նյութ են, այլև հնարավորություն են վերակազմավորելու արվեստագետների կյանքի ու ստեղծագործության մինչև այժմ անհայտ կամ քիչ ուսումնասիրված դրվագները»։

Արդեն նշեցինք, որ Մելինե Քոչարի արվեստը հաճախ բնորոշվում է որպես նուրբ, քնարական, երբեմն նաև նաիվ։ Բայց այստեղ «նաիվությունը» տեխնիկական պարզություն չէ, այն գիտակցված գեղագիտական ընտրություն է՝ ուղղված անմիջականության, հուզական մաքրության և ներքին աշխարհի անկեղծ արտահայտմանը։ Նրա գործերում ձևերի պարզեցումը, գունային հանդարտ լուծումները, մանկական թվացող պատկերային լեզուն իրականության ուղիղ վերարտադրմանը չեն ծառայում։ Դրանք ավելի շատ փոխանցում են հիշողություն, կարոտ, ներքին ապրումներ, այնպիսի զգացումներ, որոնք երբեմն ավելի ազնիվ են հնչում հենց պարզության միջոցով։ Մելինեի արվեստի առնչությունը նեո-պրիմիտիվիզմին ևս երկշերտ է.

«Այդ առնչությունը պայմանավորված է թե՛ ժամանակաշրջանի եվրոպական գեղարվեստական միտումներով, թե՛ արվեստագետի անձնական հոգեբանական ու կենսափորձային շերտերով։ Նա յուրովի միավորում է պրիմիտիվիստական պարզությունը և  անձնական, երբեմն նույնիսկ ինքնակենսագրական  շերտերը՝ պարզությունը վերածելով  արտահայտչական ուժի»։

Մելինեի ստեղծագործություններում առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ունի թռչնի կերպարը։ Այն հաճախ ընկալվում է որպես սպասման, հեռավորության և անհնար վերամիավորման խորհրդանիշ։ Հայկուհի Սահակյանի բնորոշմամբ.

«Թռչունները նրա կտավներում կարծես կապող օղակ լինեն անցյալի ու ներկայի, հիշողության ու իրականության միջև»։

Տպավորություն է, որ Մելինեն իր ստեղծագործությամբ և գործունեությամբ փորձում էր հաղթահարել ու շեղքել այն պատը, երկաթյա այն վարագույրը, որը հարկադրաբար բաժանել էր իրեն ու Քոչարին։ Բայց, եթե ամեն դեպքում մի պահ մոռանանք նրա անձնական ցավի մասին ու Մելինեին ընկալենք որպես սփյուռքում ապրող և ստեղծագործող հայ կին արվեստագետ, ապա վստահաբար նոր շերտեր կբացահայտենք նրա արվեստում։

Մելինեի ողբերգական վախճանից հետո նրա աշխատանքները խնամքով պահել է մայրը։ Վերջինիս մահից հետո դրանք հայտնվել են մասնավոր հավաքածուներում։ Մելինե Քոչարի աշխատանքների երկու մեծ աճուրդ է եղել Փարիզում՝ 1975 և 1983 թվականներին։ Այսօր նրա գործերը մեծապես պահպանվում են մասնավոր հավաքածուներում։ Միաժամանակ, Հայաստանի թանգարաններում Մելինե Քոչարի ստեղծագործություններից պահպանվում են ընդամենը երկուսը, որոնք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այդ աշխատանքները 1964 թվականին արվեստագետն անձամբ է նվիրաբերել թանգարանին՝ ԱՕԿՍ-ի միջոցով։

Ամփոփելով՝ մնում է միայն ասել, որ ժամանակավոր այս ցուցադրությունը դիտելու համար քիչ ժամանակ է մնացել։ Այնպես որ՝ առաջիկա օրերին ինքներդ ձեզ նվեր արեք ու մշակութային ժամանցն անցկացրեք այս ցուցադրությունը վայելելով։ Բացահայտեք Մելինե Քոչար անհատին ու արվեստագետին։ Ու այս առիթով նաև խորհեք, թե որքան հաճախ են արվեստի պատմության մեջ կանայք մնացել մեծ անունների ստվերում, որքան հաճախ է նրանց ստեղծագործությունը պահպանվել մասնավոր հավաքածուներում, ընտանեկան հիշողություններում, արխիվային թղթերում։ Նաև վստահ եղեք, եթե կարծում եք, որ Երվանդ Քոչարին ու նրա ստեղծագործությանը շատ լավ ծանոթ եք, ապա այս ցուցադրությունը նրան ևս նոր դիտանկյունից բացահայտելու հնարավորություն կտա։ Քոչարին լավ ճանաչել նշանակում է հասկանալ նաև այն միջավայրերը, հարաբերությունները և պատմական հանգամանքները, որոնցում ձևավորվել է նրա արվեստը։ Ու վերջապես՝ սա բացառիկ հնարավորություն է պատմության ու հանգամանքների բերումով բաժանված զույգին տեսնելու կողք կողքի՝ արվեստով միեղեն։


✍️ Նանե Մանուկյան / PAN