Կարդալիքներ PAN-ից
October 13

Լճեր ու գետեր. 10 քունգֆու ֆիլմ, որոնք պարտադիր է նայել

Երբ կինեմատոգրաֆը հասավ Չինաստան, Շանհայում նկարահանված առաջին ֆիլմերի շարքում մարտարվեստային ժանրի ֆիլմերն էին: Դրանք այնքան պոպուլյար էին, որ 1928-1932թթ. ընկած ժամանակահատվածում նկարահանվել է թվով մոտ 240 ֆիլմ, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին մարտարվեստների ու դրանք շրջապատող ֆոլկլորի և դիցաբանության հետ։

240 ֆիլմից և ոչ մեկը չի պահպանվել։ Մենք դրանց մասին գիտենք առանձին կադրերի, պաստառների ու պատմական այլ փաստաթղթերի շնորհիվ։ Պատճառը գրաքննությունն էր։ Նորաստեղծ Գոմինդանյան ազգայնական կառավարությունը պայքար էր մղում «սնահավատության» ու հին չինական մշակույթի դեմ` փորձելով Չինաստանի ապագա զարգացումը տանել արևմտյան ուղիով։ Իսկ ֆանտաստիկ էլեմենտներ պարունակող մարտարվեստային ֆիլմերը այդ ամենի հակառակն էին. այսպես, գրաքննադատները բողոքում էին, որ 1928-ին էկրաններ բարձրացած «Նեչժայի ծնունդը» (哪吒出世) սև ու սպիտակ համր ֆիլմի ընթացքում հանդիսատեսը, էկրանին տեսնելով պապենական առասպելների` նոր կյանք ստացած հերոսներին, կինոդահլիճում  հոտավետ փայտիկներ էին վառում ու կինոթատրոն այցելում որպես տաճար։

Այն ինչ պահպանվեց Գոմինդանյան կառավարության օրոք, ոչնչացվեց Գոմինդանին հաղթած ու Թայվան վտարած կոմունիստական կուսակցության կողմից` մշակութային հեղափոխության տարիներին։

Բարեբախտաբար Հոնկոնգը այդ ժամանակ Բրիտանական տիրապետության տակ էր, ու Շանհայի կինոինդուստրիան նոր կյանք ստացավ հենց այնտեղ։ Դա է պատճառը, որ մեր երիտասարդության տարիների բոլոր քունգֆու ֆիլմերը հոնկոնգյան արտադրության էին։ Հետագայում սահմանափակումները ավելի փափուկ դարձան նաև բուն Չինաստանում, ու այսօր ֆանտաստիկ տարրերով մարտարվեստային ֆիլմերը չինական կինոէքսպորտի հիմնական մասերից մեկն են։

PAN-ը պատմում է 10 քունգֆու ֆիլմի մասին, որոնք պարտադիր են ժանր մուտք գործելու համար։ Դրանք թե առավել հայտնի ու տարածված ֆիլմեր են, թե ավելի նիշային ու հայտնի միայն ժանրի գիտակներին։ Նաև համառոտ կանդրադառնանք, թե ինչու է յուրաքանչյուր առանձին ֆիլմ պարտադիր ժանրի ճանաչման համար։ Ցուցակից մտադրված դուրս ենք թողել արևմտյան ոճի ֆիլմերը՝ Ժան Քլոդ Վան Դամին, Չաք Նորիսին ու այլոց. նրանց մասին կպատմենք մյուս անգամ։ Ցուցակին նաև պետք չի վերաբերվել որպես լավագույն ֆիլմերի թոփի. սա ավելի շուտ ներածական քրեստոմատիկ նյութ է ու ներառում է ֆիլմեր՝ ժանրին առավելագույն հնարավոր անկյուններից ծանոթանալու համար։

10. «Զայրույթի բռունցքը» (Fist of Fury, 1972)

Ռոբերտ Քլոուսի «Վիշապի մուտքը» (Enter the Dragon, 1973) Արևմուտքում ունեցավ պայթած ռումբի էֆեկտ, ու մեյնսթրիմային դարձրեց մարտարվեստային ֆիլմերը արևմտյան կինոմատոգրաֆի համար։ Բայց մինչև «Վիշապի մուտքը» Բրյուս Լին ու ռեժիսոր Լո Վեյը նկարել էին շատ ավելի արևելյան «Զայրույթի բռունցքը»՝ ֆիլմ չինացի մարտիկի մասին, ով Չինաստանի ճապոնական օկուպացիայի ժամանակ բախվում է ռասիզմի, սեգրեգացիայի ու ստորացման հետ։

«Զայրույթի բռունցքը» նաև ֆատալիստական ֆիլմ է այն մասին, որ որքան էլ ազնիվ լինի գերակայող հրեշավոր համակարգի դեմ կռիվ տալը, հաղթելն անհնար է, քանի որ հրեշը չափից մեծ է։ Բրյուս Լիի ֆիլմը այսօր կարող է թվալ փոքր ինչ հնացած, նաիվ ու տեղ-տեղ չհղկված, սակայն մենք մեզ չէինք ների, եթե ցուցակը Բրյուս Լիով չսկսեինք։

Ավելի ուշ նկարվել է ֆիլմի ռեմեյքը` Ջեթ Լիի մասնակցությամբ։ Գորդոն Չանի «Առասպելի բռունցքը» (Fist of Legend, 1994) ունի ավելի լավատեսական ավարտ, սակայն նույնքան լավն է, որքան սկզբնաղբյուրը՝ շատ ավելի բարդ ու ժամանակակից մարտական խորեոգրաֆիայով։

9. «Շաոլինի նոր առասպելը» (The New Legend of Shaolin, 1994)

Ջեթ Լիի մասնակցությամբ հրաշալի ֆիլմեր կան։ Դրանց բոլորի ֆոնին առանձնանում է Վոն Չինի «Շաոլինի նոր առասպելը». սա, առանց չափազանցության, Ջեթ Լիի վաղ չինական շրջանի լավագույն ֆիլմն է։

«Շաոլինի նոր առասպելը» ճապոնական «Միայնակ գայլն ու իր քոթոթը. Վրեժի թուրը» (Lone Wolf and Cub: Sword of Vengeance, 1972) ֆիլմի (Արևմուտքում ավելի հայտնի որպես «Սյոգունի մարդասպանը») ադապտացիա-ռեմեյք է` չինական պատմաֆոլկլորիկ կոնտեքստում (նույնի գիտաֆանտաստիկ տարբերակը վերջերս թնդացող «Մանդալորեցին» (The Mandalorian) սերիալն էր)։ «Շաոլինի նոր առասպելը» կարողանում է համատեղել լուրջ հերոսական սյուժեն, խելացնոր խորեոգրաֆիան, սքանչելի երաժշտությունն ու պաթոսը ծայրահեղ ծիծաղելի կոմեդիկ դրվագների հետ։

Ինչպես հաճախ էր պատահում Արևմուտքում ցուցադրված հին չինական ֆիլմերի հետ, որոնց երաժշտության իրավունքները դիստրիբյուտորը չուներ, արևմտյան սաունդթրեքը անհամեմատ ավելի վատն է (նույն խնդիրն ունեն Ջեքի Չանի մի քանի ֆիլմ)։ Հետևաբար, պետք է նայել հենց չինական տարբերակը։

8. «Խորտկանոց անիվների վրա» (Wheels on Meals, 1984)

Ջեքի Չանի գրեթե ցանկացած ֆիլմ կարող էր լինել այս ցուցակում։ Սակայն որոշեցինք ներառել երիտասարդ տարիքում խորեոգրաֆիայով մեզ ամենացնցած ֆիլմը։ Սամո Հունի «Խորտկանոց անիվների վրա» ֆիլմում Չանի հակառակորդ զուգընկերն է քիքբոքսինգի աշխարհի բազմակի չեմպիոն Բենի Ուրքիդեսը (վեց տիտղոս` հինգ տարբեր քաշային կարգում)։ Այն, ինչ նրանք անում են էկրանին, անկրկնելի է ու «ուղեղը պատերով տվող»։

Պարտադիր նայելու ֆիլմերի թվին կարելի է ավելացնել «Աստծո ասպազենք» (Armour of God) դիլոգիան, որը բեմադրել է հենց Ջեքի Չանը (նայեք միայն չինական ռելիզները. երկու ֆիլմն էլ ունեն նույն երաժշտական խնդիրները, որոնց մասին արդեն գրել ենք), Լյու Չյալյանի «Հարբած վարպետը 2» (Drunken Master II, 1994) ֆիլմն ու, վերջապես, Սթենլի Թոնգի «Հաշվեհարդար Բրոնքսում» (Rumble in the Bronx, 1995) կտավը, որը պատկերավոր ընդհանրացնում է Ջեքի Չանի ավելի ուշ՝ արդեն արևմուտքում աստղ դառնալու ժամանակաշրջանը։

7. «Շա Պո Լան» (SPL: Sha Po Lang, 2005)

Ոչ բոլոր քունգֆու ֆիլմերն են հումորով կամ ընդհանրապես թեթև նայվող։ Հանդիպում են բավականին ծանր, մռայլ, դեպրեսիվ կտավներ։ «Շա Պո Լանը» հենց այդպիսին է՝ ծանր քրեական դրամա արարքների, դրանց հետևանքների ու ամենազոր ճակատագրի մասին՝ լի խելագար մարտական դրվագներով Դոնի Յենի, Սամո Հունի ու նրանց չզիջող այլոց կատարմամբ։ Հատկապես փառահեղ են դանակամարտերի դրվագները։

6. «Խիզախը» (Fearless, 2006)

Նյութի սկզբում գրել ենք Գոմինդանյան ռեֆորմների մասին։ Դրանք վերաբերվում էին նաև մարտարվեստներին՝ լայնածավալ փորձ էր արվում չինական մարտարվեստները «ազատել» հարստագույն մշակութային շերտերից ու վերածել դրանք արևմտյան բռնցքամարտի տեղական տարբերակի։

Ռեֆորմների ժամանակաշրջանի ամենաականավոր վարպետներից էր Հուո Յուանձզյան, «Ցզին-Ու» աթլետիկ ասոցիացիայի հիմնադիրը, որի նպատակը հենց այդպիսի մաքսիմալ աշխարհիկ ու սպորտային մարտարվեստներ դասավանդելն էր։

Հուոն կյանքի օրոք դեմ էր մարտարվեստների շուրջ պտտվող առասպելներին ու հեքիաթներին, սակայն մահվանից հետո ինքը դարձավ այդպիսի մի առասպել։ Նրա մասին պատմող բազմաթիվ ֆիլմեր կան։ Ջեթ Լիի մասնակցությամբ «Խիզախը» դրանցից լավագույնն է։

5. «Իպ Ման» (Ip Man, 2008)

Ռեժիսոր Ուիլսոն Իպի «Իպ Մանը» ևս մեկ գեղարվեստականացված կենսագրական ֆիլմ է։ Այն նոր շունչ հաղորդեց քունգֆու կինեմատոգրաֆին՝ հիմքում ունենալով Բրյուս Լիի վինչունի ուսուցիչ Իպ Մանի վաղ տարիները։

Խելացնոր խորեոգրաֆիա, Դոնի Յենի խարիզման, արտակարգ սյուժե չինական կինեմատոգրաֆում սովորական դարձած ճապոնական օկուպացիայի մասին։ Ֆիլմը նաև մտորում է, թե ինչպես պետք է իրեն պահի ուժով օժտված մարդը պայմաններում, որոնցում ոչ մի ուժ բավարար չի։ Սա որոշակիորեն հատվում է «Զայրույթի բռունցքի» քննարկած խնդիրների հետ։

Իպ Մանի մասին կինոշարքի հետագա ֆիլմերը գնալով թուլանում են թե սյուժեով, թե խորեոգրաֆիայով. երկրորդը լավն է, երրորդը` միջակ, չորրորդը կրկին երկրորդի չափ լավը։ Սակայն առաջին ֆիլմին ոչ մեկն այդպես էլ չի հասնում։

4. «Հերոս» (Hero, 2002)

Ուսյան արկածային ժանր է, որը քունգֆուն պատկերում է մաքսիմալ երևակայական, ֆանտաստիկ էլեմենտներով լի, որտեղ ֆիզիկայի օրենքները ավելի շատ թեթև ենթադրություն են, այլ ոչ թե կարծր օրենքներ։ Չժան Իմոույի «Հերոսը» ժանրի միանշանակ գլուխգործոցներից է, որը պատմում է Ցզին Կեի կողմից (ով ֆիլմում այդպես էլ մնում է անանուն) Ցին Շիհուան կայսեր նկատմամբ մահափորձի հայտնի պատմական դրվագի մասին (ավելի ռեալիստիկ նույն պատմությունը կարելի է տեսնել Չեն Կայգեի «Կայսրն ու մարդասպանը» (The Emperor and the Assassin, 1998) ֆիլմում)։

Վիզուալ առումով շլացուցիչ այս ֆիլմը այնուամենայնիվ շատ պահանջկոտ է հանդիսատեսի նկատմամբ` թաքցնելով իր իմաստները ու խուսափելով միանշանակ ինտերպրետացիայից, ու թողելով միայն մեկ հարց. իսկ ո՞վ էր ֆիլմի անվանման մեջ հիշատակված հերոսը:

Չժան Իմոույի «Թռչող դաշույնների տունը» (House of Flying Daggers, 2004) ու «Ոսկյա ծաղկի անեծքը» (Curse of the Golden Flower, 2006) նույնպես հրաշալի են, սակայն զիջում են «Հերոսին»։

3. «Գաղտագողի վագր, թաքնված վիշապ» (Crouching Tiger, Hidden Dragon, 2000)

Ռեժիսոր Էնգ Լիի «Գաղտագողի վագր, թաքնված վիշապ» կինոկտավը վարպետի ձոնն է ժանրին (ու համանուն ուսյա վիպակի էկրանավորումն է)։ Այն նույնպես լի է ֆանտաստիկ էլեմենտներով, ձգողականության ուժը անտեսող վարպետներով ու բծախնդիր, բարդ պար հիշացնող խորեոգրաֆիայով։

Սա նաև ծայրահեղ խորը մտորում է թաքնվածի, ներքինի, գաղտնի ուժի, գեղեցկության ու երևակայության մասին։ Եթե ուսյա ժանրը իր հետևում կանգնած դարավոր ահռելի մշակութային շերտերով հնարավոր լիներ վերածել երազի, այն այս ֆիլմի տեսքը կստանար։ Գրեթե իդեալական ֆիլմ, առանց վերապահումների։

2. «Ուսյա» (Wu Xia, 2011)

Ի՞նչ կլինի, եթե համատեղեն խելահեղ մարտական տեսարաններով քունգֆու ֆիլմը ու դետեկտիվային նուարը։ Տեսնել կարելի է Պիտեր Չանի «Ուսյա» (արևմտյան ռելիզում` Dragon) ֆիլմում։

Խաղաղ մոռացված գյուղ են գալիս ավազակներ ու սկսում դաժանորեն ծեծել գյուղացիներից մեկին։ Ու երկուսն էլ պատահաբար մահանում են՝ քաշքշուկի ընթացքում մեկի սիրտը չի դիմանում, մյուսն էլ ուղեղի կաթված է ստանում։ Մահերը հետաքննելու համար գյուղ է այցելում տեսուչ մեծ քաղաքից։

Դաժան, անկոմպրոմիս ու գեղեցիկ ֆիլմ՝ մութ անցյալի ու այդ անցյալից փախչելու ու թաքնվելու անհնարին լինելու մասին։

1. «Շեղբը» (The Blade, 1995)

Եթե հարցնեք, ո՞ր քունգֆու ֆիլմն է ավելի լավը, քան «Հերոսն» ու «Գաղտագողի վագր, թաքնված վիշապը», ապա պատասխանը, միանշանակ, Ցույ Հարքի «Շեղբն» է։

Հարքն այս ֆիլմում դեկոնստրուկցիայի է ենթարկում ողջ մարտարվեստային ժանրը՝ նորարարական, քաոտիկ, կեղտոտ մոտեցում ցուցաբերելով կռվի տեսարաններին, տեսախցիկի աշխատանքին, խորեոգրաֆիային՝ միաժամանակ անբիծ հետևելով ուսյա ժանրի կանոններին ու արդյունքում ստանալով գեղեցկագույն ֆիլմ։

«Շեղբը» ոչ միայն ամենաթերագնահատված քունգֆու ֆիլմն է, այն ամենաթերագնահատված ֆիլմերից է ընդհանրապես։ Այդուհանդերձ, սա մեր ցուցակի, թերևս, ամենահանճարեղ կինոկտավն է։


🎬 Լևոն Մկրտչյանը՝ PAN-ի համար