#cinéPAN
September 9

Խելառ հույնի սյուռեալիստական երազները. Ճամփորդություն Յորգոս Լանտիմոսի տիեզերքում  

Կան ստեղծագործողներ, ում գիտակցության կառուցած աշխարհներն ու պատմությունները այնքան տարօրինակ ու ոչ ստանդարտ են, որ անփորձ մարդուն կարող են անգամ վանել։ Մենք սովորել ենք, որ մեզ շրջափատող աշխարհը մեծամասամբ ռացիոնալ է ու կանխատեսելի, ու ակնհայտ իռացիոնալիզմը կոնֆլիկտի մեջ է մտնում մեր հոգեկերտվածքի հետ։ Հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսը թքած ունի ամեն սովորականի վրա ու ստեղծում է աշխարհներ, որոնցում անսովորն ու տարօրինակը կենտրոնական են` կոտրելով հանդիսատեսի կարծրատիպերը։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


PAN-ը հրավիրում է ուղևորության Լանտիմոսի զարմանալի աշխարհում։

Լանտիմոսի առաջին կինոփորձը տեղի է ունեցել 2001թ-ին, երբ նա ռեժիսոր Լակիս Լազոպուլոսի հետ միասին նկարեց «Իմ լավագույն ընկերը» (Ο καλύτερός μου φίλος) կատակերգությունը։ Սակայն իր յուրահատուկ ռեժիսորական ձեռագիրը Լանտիմոսը կարողացավ ցույց տալ միայն չորս տարի անց` միանձնյա զբաղեցնելով «Կինետա» (Κινέτα, 2005) էքսպերիմենտալ հոգեբանական դրամայի ռեժիսորական աթոռը։ Սյուժեն ինքնին շատ տարօրինակ է. հանգստյան սեզոնների միջև Կինետա ծովային հանգստավայրում երեք միմյանց լրիվ անծանոթ մարդիկ` ոստիկան, էքսցենտրիկ լուսանկարիչ ու հյուրանոցի աղախին, միավորվում են սպանություններ վերարտադրելու համար։ Տարօրինակ եռյակը դա անում է մանրակրկիտ, սկուրպուլյոզ կերպով, գրեթե ծիսական մոտեցմամբ, այնքան, որ իրենց սեփական կյանքի սահմանները սկսում են աստիճանաբար անհետանալ։

Յորգոս Լանտիմոսը

Այն ժամանակ կինոքննադատները դեռ պատրաստ չէին հանճարեղ ու մի փոքր խելագար հույնի մոտեցմանը։ Ձեռքի տեսախցիկի ակտիվ օգտագործումը, երկխոսությունների բացակայությունը այնքան էլ հարմարավետ միջոցներ չեն կինոդիտման համար։ Բայց Լանտիմոսը այն ռեժիսորը չի, ով մտածելու է կինոդիտողի կոմֆորտի մասին։ Ֆիլմը արժանացավ հիմնականում բացասական կարծիքների։

Կադր «Կինետա» ֆիլմից

Այդուհանդերձ, արդեն «Կինետայում» զգացվում է հանդիսատեսին սադրելու Լանտիմոսի վարպետությունը, ինչպես նաև նշմարվում են թեմաներ, որոնք հետագայում առանցքային կլինեն ռեժիսորի մյուս գործերի համար։ Ֆիլմում օգտագործված վիզուալ ու բեմադրական գաղափարները նույնպես ավելի լիարժեք կկիրառվեն Լանտիմոսի ավելի ուշ կտավներում` զարգացնելով ավելի սահուն, ավելի կառավարելի կինոարտադրության իր կարողությունները։

Կադր «Ժանիք» ֆիլմից

Սկսնակ ռեժիսորի համար իսկական տրիումֆ դարձավ իր հաջորդ ռեժիսորական նախագիծը։ Այստեղ Լանտիմոսը ձևավորեց պատմություն պատմելու իր ունիկալ ոճը, որը ֆիլմից ֆիլմ վերածվելու է ֆիրմային ձեռագրի. կառուցել իրական աշխարհի ալտերնատիվ, խեղաթյուրված տարբերակը` օգտագործելով այն սեփական գաղափարների մասին խոսելու համար։ Դա ավելին է, քան ուղղակի հակաուտոպիա, որովհետև ռեժիսորը միտումնավոր ներխուժում է աբսուրդի ու խելահեղության դաշտը։ 2009թ-ին էկրաններ բարձրացած «Ժանիքը» (Κυνόδοντας) Լանտիմոսին մատուցեց որպես խիստ տաղանդավոր, հեռանկարային ու հասուն, և, ամենակարևորը, ունիկալ ստեղծագործողի։

«Ժանիքի» բրիտանական թրեյլերը

Քաղաքի արվարձաններում, բարձր պարիսպի հետևում թաքնված առանձնատանն ապրում է տարեց զույգ իր երեք զավակների հետ։ Արդեն հասուն զավակները երբեք չեն եղել պարսպի հակառակ կողմում, քանի որ ծնողները միտումնավոր կտրել են նրանց արտաքին աշխարհից։ Նրանք մեծացել են` ոչ մի կողմնակի ազդեցության չենթարկվելով։ Ծնողները փոքրուց ներշնչել են իրենց զավակներին, որ երկնքում թռչող ինքնաթիռները խաղալիք ինքնաթիռներ են, ու որ կատուները աշխարհի ամենասարսափելի ու արնախում արարածներն են։

Կադր «Ժանիք» ֆիլմից

«Ժանիքը» ծայրահեղ չար ֆիլմ է, որի պատման ալեգորիկ հատվածը աշխատում է միանգամից մի քանի մասշտաբներով։ Առաջինը` տոտալ ինֆորմացիոն բլոկադայի պայմաններում ապրող հասարակությունն է, որը ստանում է միայն այն տեղեկատվությունը, որը ուզում է պետությունը և այն տեսքով, որով այն հաստատված է։ Անիրականանալի իղձերն ու խոստումները (պարիսպից այն կողմ կարող ես գնալ միայն այն ժամանակ, երբ ժանիքդ ընկնի) հասարակություն-պետություն հարաբերություններում, հասկացությունների խեղաթյուրումը (ֆիլմում տարբեր բառերի իմաստը երեխաներին փոխանցվում է կեղծված. օրինակ, զոմբին դեղին գույնի փոքրիկ ծաղիկ է, իսկ ծովը` կաշվե բազմոց և այլն) կառուցում են հեշտ կառավարելի հանրույթ-խմոր առանց անհարթությունների, ոսկորների ու ժանիքների։

«Ժանիքը» նաև ֆաշիզմի արտապատկերում է

Երկրորդ շերտը շատ ավելի լոկալ է։  Լանտիմոսի ֆիլմն անողոք ու ծայրահեղ կոշտ իր գնահատականներում, պատմում է ծնողական գերխնամքի վտանգավոր կողմերի մասին` դիմելով ռեժիսորի սիրելի հնարքին. խեղաթյուրված իրականության ու խեղված ընկալումների միջոցով ծայրահեղության հասցնելով իրավիճակն ու այդ եռացող, շիկացած մաքսիմալիստական ապուրից քաշելով ամենահամեղ ու տպավորիչ, ամենայուղալի մասերը։ «Ժանիքից» անհնար է կտրվել, իր դեմոնիկ, դժոխային չարությունն ու սև հումորը, իր դաժանությունն ու անթաքույց շիտակությունը գերում են ու բաց չեն թողնում մինչև վերջին վայրկյանը։ Իզուր չէ, որ դեբյուտը արժանացավ Կաննի կինոփառատոնի երկրորդ կարևոր մրցանակին ու նոմինացիայի Օսկարում` ճանապարհ բացելով ռեժիսորի համար դեպի մեծ կինո։

Կադր «Ալպեր» ֆիլմից

Հաջորդը` 2011-ին էկրաններ բարձրացած «Ալպեր» (Άλπεις) պրովոկացիոն ու բարդ կինոկտավը ցուցադրվեց Վենետիկի կինոփառատոնին` մրցանակի արժանանալով սցենարի համար։ «Ալպերը» գաղտնի կազմակերպություն է, որի անդամները որոշակի վճարի դիմաց պատրաստ են զբաղեցնել մահացած անձի տեղը իր ընտանիքում` հնարավորություն տալով հարազատներին ավելի հեշտությամբ տանել կորստյան ցավը։

«Ալպերի» թրեյլերը

Լանտիմոսը նկարել է սարսափելի ֆիլմ։ Ընդ որում, սարսափելի ոչ վատ լինելու իմաստով, ոչ, սա հիասքանչ կինո է։ «Ալպերը» սարսափելի է էկրանին կատարվողի իմաստով, էմոցիոնալ այն ծանրության իմաստով, որը հույնը դնելու է կինոդիտողի ուսերին, սարսափելի կորուստն առանց որևիցե բան թաքցնելու ի ցույց դնելու իմաստով, սարսափելի մարդկային տառապանքը առօրէական հանդարտությամբ պատկերելու իմաստով, այն իմաստով, որ մարդուն կորցնելուց հետո նրան փոխարինել փորձողներն էլ ավելի են ընդգծում այդ կորուստը։ Իհարկե, սա «Ժանիքի» նման զարհուրելի, ծայրահեղ ֆարսի հասցված պատում չէ, բայց Լանտիմոսը լավ գիտի, ինչպես ստեղծել իրավիճակներ, որոնցից դուրս գալը կինոդիտողը փնտրի խեղդվողի նման։

Կադր «Լոբստերը» ֆիլմից

Լանտիմոսի տարօրինակ աշխարհները հոլիվուդյան միջավայր թափանցեցին անսպասելի ու կտրուկ։ Եթե նախկինում ռեժիսորի ֆիլմերի ու իր ստեղծագործական գործունեության մասին հայտնի էր միայն հատուկենտ գնահատողների շրջանում, ապա Լանտիմոսի աղմկոտ մուտքը ոչ ոքի անտարբեր չթողեց։ Հունաստանում դառնալով հունական կինոյի այսպես կոչված տարօրինակ ալիքի հիմնադիրը` Լանտիմոսը շատ արագ այդ կինոուղղությունը տեղափոխեց միջազգային ասպարեզ։ «Լոբստերը» (The Lobster, 2015) արդեն տրամադրության տակ ունի հոլիվուդյան ու եվրոպական առաջնակարգ դերասաններ, բայց Լանտիմոսը չի մոռանում նաև իր հունական դերասանական խմբի մասին։

«Լոբստերի» թրեյլերը

Այս ֆիլմում Լանտիմոսը աբսուրդի աստիճան աբսոլյուտի է հասցնում «Բա ինչո՞ւ չես ամուսնանում» խրատական հարց-նկատողությունը` հասցնելով այն գլոբալ հասարակական մակարդակի։ Ֆիլմի աշխարհում միայնակ լինելը գրեթե հանցագործություն է, իսկ նրանց, ովքեր այդպես էլ չեն գտնում իրենց երկրորդ կեսին, որոշ ժամանակ անց վերածում են որևիցե կենդանու` ամբաստանյալի ընտրությամբ։ Գլխավոր հերոսն էլ ընտրում է վերածվել լոբստերի` չգիտակցելով, որ անգամ մարդկային մարմնում ինքն արդեն իսկ այդ անտարբեր ու սառը արարածն է։

Փորձելով բացատրել «Լոբստերը»

Սա ծայրահեղ չար, կարելի է ասել` չարաճճի ծաղր է բոլոր այն հասարակական ու սոցիալական կանոնների, որոնք թվում են մեզ սովորական ու նորմալ. ժողովրդագրական իրավիճակով պայմանավորված` ծնելիության խթանման պետական քաղաքականության, միայնակ մարդկանց նկատմամբ հասարակական վերաբերմունքի և այլն։ Լանտիմոսի ստեղծած սյուռեալիստական աշխարհը աբսուրդի գրեթե սայրին է, իրականության խեղաթյուրումը` վերջնական, բայց այդ ամենի հետ մեկտեղ ռեժիսորին հաջողվում է համոզել մեզ, որ նորմալը հենց դա է` ուղեղի քիմիայի մակարդակով փոխելով իրականության` հանդիսատեսի ընկալումը։ «Լոբստերը» բոլորովին Լանտիմոսի լավագույն ֆիլմերից չի, բայց սա ծայրահեղ ազդեցիկ, կատարյալ ռեժիսուրայով ու Լանտիմոսի սիրելի դերասանական մաներայով խաղացված կտավ է` հունական տարօրինակ ալիքի լավագույն ներկայացուցիչներից մեկը համաշխարհային կինոյում։

Կադր «Սուրբ եղնիկի սպանությունը» ֆիլմից

Խելահեղությունը, ավելի լոկալ մակարդակով, առկա էր նաև ռեժիսորի հաջորդ ֆիլմում։ «Սուրբ եղնիկի սպանությունը» (The Killing of a Sacred Deer, 2017) գրեթե աստվածաշնչյան առակ է հատուցման մասին` աբսուրդի ավելի փոքր դոզաներով, սակայն միստիկ մտածելակերպը նյութականացրած ու շոշափելի աշխարհի մաս դարձրած։ A24 ստուդիայի հետ համագործակցության շնորհիվ Լանտիմոսը նկարեց` այս պահին իր լավագույն ֆիլմը։ Ֆիլմում ոչ միայն առաջնակարգ հոլիվուդյան աստղեր են գլխավոր դերերում, այլև ավելի բարձր բյուջեի շնորհիվ` շատ ավելի էֆեկտիվ օպերատորական աշխատանք, որը ոչ պակաս գործող անձ է, քան դերասանները։ Տեսախցիկը անընդհատ խեղում է հեռանկարն ու պլանները` կինոդիտողի մոտ առաջացնելով ծայրահեղ կլաուստրոֆոբիկ զգացումներ։

«Սուրբ եղնիկի սպանության» թրեյլերը

Բուն ֆիլմը Լանտիմոսի հունական տարօրինակ ալիքի շարունակությունն է, չնայած այստեղ դերասանների օտարացած խաղն այնքան էլ ակնհայտ չէ։ Հարրի Կոեգանը, հանճարեղ դերասան, խլում է բոլոր կադրերը հոլիվուդյան տիտաններից, իսկ մյուս երկու երեխաների հիանալի խաղի ֆոնին խամրում է մեծահասակ հսկաների դերասանական տաղանդը։

Կադր «Սուրբ եղնիկի սպանությունը» ֆիլմից

Իռացիոնալիզմն ու աբսուրդը կառուցում են, կրկին անգամ, Լանտիմոսի գլխավոր խաղաքարտի` խեղված աշխարհի ու խեղված մարդկային հարաբերությունների նարրատիվը։ Ու եթե ռեժիսորի մյուս ֆիլմերում պատկերվածի անսովորությունը ուղղակի դիսկոմֆորտ է առաջացնում, այս դեպքում դիսկոմֆորտը շատ ավելի նկատելի է, զգացվում է մարմնական զգացումների մակարդակով. երեխաները վճարում են ծնողների սխալների համար, երեխաներն այն մատաղացուն են, որոնք անհրաժեշտ են ծնողական իռացիոնալ տիրանիան հաստատելու համար (բարև, «Ժանիք»)։ Այստեղ Լանտիմոսը ծաղրում է բոլորի համար սովորական աստվածաշնչյան մոտիվները` ցույց տալով, թե մարդկային տեսանկյունից որքան զարհուրելի են դրանք։

«Ֆավորիտուհու» թրեյլերը

Լանտիմոսը Լանտիմոս չէր լինի, եթե գոնե մեկ անգամ իրական կյանքում չփորձեր նույնքան տարօրինակ լինել, ինչ ֆիլմերում։ Ու եթե ռեժիսորից սպասում ես աբսուրդի հերթական չափաբաժինը, պատրաստ եղիր, որ նա անելու է ճիշտ հակառակը։ «Ֆավորիտուհին» (The Favourite, 2018) ամենաոչլանտիմոսյան ֆիլմն է ռեժիսորի կինոդարանում. այստեղ չկան այն տարօրինակ, իռացիոնալ, սյուռեալիստական իրավիճակները` մոգական ռեալիզմի սահմանին, որ առկա են Լանտիմոսի մյուս ֆիլմերում։

Կադր «Ֆավորիտուհին» ֆիլմից

Սա պատմական դրամա է Անգլիայի Աննա Ստյուարտ թագուհու ու իր երկու ֆավորիտուհիների հարաբերությունների մասին` Ֆրանսիայի հետ պատերազմի կոնտեքստում ու կոնկրետ երկու ուժեղ կանանց կատաղի մրցակցության նկարագրություն։ Լանտիմոսը գլխավոր պարտիաների համար ընտրել է ժամանակակից լավագույն դերասանուհիներից երեքին` Օլիվիա Քոլմանին, Էմմա Սթոունին ու Ռեյչել Վեյսին, ու երեքն էլ աննկարագրելի են իրենց վստահված դերերում։ Սա խիստ վարպետորեն նկարված կտավ է` բարձրակարգ ու բարձրաճաշակ, սակայն, առանց ֆիրմային ձեռագրի։

Կադր «Խեղճուկրակներ» ֆիլմից

Կարծես հասկանալով, որ երկրպագուները շփոթված են, ռեժիսորը իր հաջորդ ֆիլմում բազմապատկեց խելահեղությունը։ Այս անգամ ընտրվեց սթիմփանկային սեթինգ, լրիվ խելագար սյուժե ու սև կատակերգության էլեմենտներ` հասունացման ու ազատության ձգտման մասին ամենատպավորիչ պատմություններից մեկը պատմելու համար։ «Խեղճուկրակների» (Poor Things, 2023) սյուժետային մուտքն ինքնին կարող է շփոթեցնել անգամ շատ կոփված երևակայություն ունեցող մարդկանց։ Կարծես ուղիղ Մերի Շելլիի ստեղծագործությունից դուրս եկած խելագար, բայց հանճարեղ գիտնականը ինքնասպանություն գործած հղի երիտասարդ կնոջ գլխում է տեղադրում դեռ չծնված երեխայի ուղեղը` կենդանացնելով նրան։ Ինտիմության մակարդակը մայր-զավակ հարաբերություններում հատում է բոլոր հնարավոր սահմանները։

«Խեղճուկրակների» թրեյլերը

Թերևս արժի կրկնել. Լանտիմոսի բոլոր ֆիլմերը հանճարեղ են, որովհետև Լանտիմոսը հանճար է։ Բայց այս անգամ տաղանդավոր հույնը գերազանցեց ինքն իրեն։ Ինչպես ամեն անգամ, Լանտիմոսը կառուցում է աբսուրդի եզրին ապրող աշխարհ` իր տարօրինակ կանոններով, ու միս և արյուն տալիս այդ աշխարհին այնքան համոզիչ, որ դիտման ընթացքում անգամ կասկած չի առաջանում դրա իրական լինելու հետ կապված։

Կադր «Խեղճուկրակներ» ֆիլմից

Ու այդ աշխարհում, այդ աշխարհի կանոններով ծավալվող պատմությունը` բարդ փիլիսոփայական առակ ազատության, մարդու հիմնարար իրավունքների, մանկության ու մեծահասակ կյանքի միջև ֆունդամենտալ տարբերությունների մասին, իր անմիջականությամբ ծանր մուրճի նման հարվածում է հանդիսատեսի գլխին, պարզ ճշմարտությունները, որոնք շատ մարդկանց համար անընդունելի են, ներկայացնում ավերիչ ուղղամտությամբ։ Էմմա Սթոունը` ժամանակակից լավագույն դերասանուհիներից մեկը, խաղում է, հավանաբար, իր կարիերայի գլխավոր դերը, այնքան բարդ ու ռիսկային, որ ոչ ամեն դերասանուհի նույնիսկ սցենարից այն կողմ խիզախություն կունենար մոտենալ նման ծանր քաշային դերի։

Կադր «Բարության տեսակներ» ֆիլմից

Էմմա Սթոունը շատ արագ վերածվեց ռեժիսորի սիրելի դերասանի։ Հաջորդ էքսպերիմենտալ գործը` «Բարության տեսակները» (Kinds of Kindness) էկրաններ բարձրացավ այս տարի։ Ու կրկին` տիպիկ Լանտիմոս. կինեմատոգրաֆիկ անթոլոգիա` բաղկացած երեք պատմություններից։ Բոլոր երեքում` նույն դերասանական կազմը` Էմմա Սթոուն, Ուիլեմ Դեֆո, Ջեսի Փլեմոնս, Մարգարեթ Քուոլի։ Տպավորություն էր, որ Լանտիմոսը ինչ-որ ձևով այցելել է ալտերնատիվ տիեզերքներ, որտեղ նշված դերասանների դեմքով մարդիկ միմյանց ճանաչում են, այդ տիեզերքներից ընտրել է առավել հետաքրքիրները (պատմության առումով) ու վերադարձել Երկիր` դրանց մասին պատմելու համար։

«Բարության տեսակների» անոնսը Կաննի կինոփառատոնի համար

«Բարության տեսակները» այրիչ սրամտությամբ ցինիկ ու սառնասիրտ երգիծանք է։ Ինչպես կինոքննադատներն են նշում, սա Լանտիմոսի ամենամիզանտրոպիկ կինոտեսքն է։ Ու անթոլոգիայի գլխավոր զարդը աննկարագրելի Ջեսի Փլեմոնսն է, ով, հավանաբար, խաղում է այստեղ իր լավագույն երկու-երեք դերերը։

Խելահեղ հույնը չի էլ մտածում կանգ առնել։ Այնպես որ, մի բան հաստատ է. անկախ նրանից, ինչպես եք վերաբերվում Լանտիմոսի կինոյին, վստահ կարող եք լինել, որ նա անպայման շփոթեցնելու ու զարմացնելու է։


🎬 Արման Գասպարյան / PAN