Թղթե անձրևը, բեռնատարով զբոսանքն ու երեկոյի թագուհին. Ու հնչեց զանգը վերջին՝ աշխարհի տարբեր երկրներում
Ու հնչեց վերջին անգամ, վերջի՜ն…
Ուսումնական տարին ավարտվեց ու Հայաստանի դպրոցներում նորից հնչում է վերջին զանգը։ Ծաղիկներ, հուզված հայացքներ, գրկախառնություններ, ոչ այնքան ստացված հումոր ու, իհարկե, ինչ-որ պահի անպայման հնչող Թաթայի «Վերջին զանգը»։ Սրան կհաջորդի ավարտական երեկույթը, երբ աղջիկները գուցե առաջին անգամ բարձրակրունկ կհագնեն ու կշպարվեն, իսկ տղաները կնստեն մեքենայի ղեկին։ Այս վերջինի մասով խիստ վերապահումներ կան ու, ինչպես ամեն տարի, բոլորը՝ ոստիկանությունից մինչև ուսուցիչներ, ծնողներին հորդորում են տղաներին մեքենա չտալ։ Մենք էլ ենք միանում հորդորներին։
Մի խոսքով՝ ամեն ինչ՝ կարծես ավանդույթ դարձած հերթականությամբ ու քայլերով։ Բայց տարբեր երկրներում այդ ավանդույթները տարբեր բնորոշում ունեն։ Հայաստանում ընտրել ենք վերջին զանգի «դասական» տարբերակը, բայց կան շատ ավելի հետաքրքիր լուծումներ, որոնց առաջարկում ենք ծանոթանալ ստորև։
Եթե կա տարածաշրջան, որտեղ դպրոցին հրաժեշտ տալը պարզապես արարողություն չէ ու մի ամբողջ համապետական իրադարձություն է, ապա դա միանշանակ Սկանդինավիան է։ Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում շրջանավարտները ասես պայմանավորվել են, որ դպրոցից «հանգիստ դուրս գալ» չի կարելի։
Դանիայում վերջին դպրոցական օրվան պատրաստվում են նախապես։ Շրջանավարտներն ընտրում են կառնավալային հագուստներ, իսկ քաղաքներում նրանց պատվին գունավոր, մարդաշատ շքերթներ են կազմակերպում։ Ամենահետաքրքիր ավանդույթներից մեկը բաց բեռնատարներով քաղաքով պտտվելն է։ Շրջանավարտները հավաքվում են մեծ, բաց բեռնատարների թափքում ու աղմուկ-աղաղակով շրջում են փողոցներով։ Նաև մեկը մյուսի տուն է այցելում, որպեսզի ծնողները նույնպես մասնակից դառնան տոնին։
Շվեդիայում և Նորվեգիայում ևս վերջին դպրոցական օրը առանց հատուկ ընտրված հագուստի ու փողոցային տոնի չի անցնում։ Սկանդինավյան շրջանավարտների ամենահայտնի խորհրդանիշներից մեկը ֆուրաժկա գլխարկն է։ Վերջին դպրոցական օրը նրանք կրում են ավանդական գլխարկներ, որոնց ներսի հատվածում դասընկերներն ու ուսուցիչները հուզիչ գրառումներ են թողնում։
Շվեդիայում աղջիկները հաճախ տոնին ներկայանում են սպիտակ զգեստներով, տղաները՝ մուգ կոստյումներով։ Սպիտակ ֆուրաժկան էլ դառնում է գլխավոր ատրիբուտը։ Արարողության ավարտին այդ գլխարկները նետում են վերև, իսկ հետո նստում զարդարված կաբրիոլետներ, բեռնատարներ կամ նույնիսկ տրակտորներ և բարձր երաժշտությամբ ու երգելով շրջում քաղաքում։
Նորվեգիայում ավարտական տոնը կարող է ձգվել մինչև երկու շաբաթ։ Շրջանավարտները հագնում են վառ՝ կապույտ ու կարմիր գույների հագուստ, շրջում քաղաքում, երգում, պարում ու նշում կյանքի նոր փուլը։ Ֆիններն էլ բեռնատարներով պտտվում են քաղաքում, տարատեսակ կարգախոսներ վանկարկում ու կոնֆետներ շաղ տալիս։ Փոքրիկներն էլ, իհարկե, մեծ հաճույքով հավաքում են փողոցում հայտնված քաղցրավենիքները։
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ПОКИНУЛ ЧАТ
Համաձայն ենք, որ գերմանացիներին միանգամից կարգապահության հետ կապելը կարծրատիպային մոտեցում է։ Ու սա են ապացուցում նաև գերմանացի շրջանավարտների նախասիրությունները։ Այստեղ ավարտական տրամադրությունը սկսվում է դեռևս ավարտական քննություններից առաջ։
Գերմանական դպրոցներում շրջանավարտները կազմակերպում են այսպես կոչված «անհնազանդության օրեր»։ Դասի են գնում զվարճալի ու տարօրինակ հագուստներով, անհնազանդության տարբեր ակցիաներ են կազմակերպում դպրոցում, կատակներ են անում ուսուցիչների հետ։ Մի խոսքով՝ ինչպես կարգն է հրաժեշտ են տալիս մանկությանը։
Գերմանիայում շրջանավարտների շրջանում մեկ այլ ավանդույթ էլ կա՝ նրանք դպրոցում իրենցից որևէ հիշատակ են թողնում։ Շատ հաճախ ծաղիկներ կամ ծառեր են տնկում դպրոցի այգում։ Դպրոցում սովորող նոր սերունդները գուցե նույնիսկ չիմանան, թե ով է այն տնկել, բայց եթե ամեն ինչ լավ լինի, տարիներ հետո էլ այդ ծառը կշարունակի աճել։
Քննություններից հետո ավարտական հանդիսությունների պաշտոնական ու տոնական հատվածն է։ Հանդիսավոր երեկույթին ծնողները, ընկերներն ու հարազատները գալիս են մասնակցելու կարևոր երեկոյին և նշելու շրջանավարտների ձեռքբերումները։ Գերմանական ավարտական երեկույթը սովորաբար շատ տպավորիչ է։ Աղջիկները էլեգանտ երեկոյան զգեստներով են, տղաները՝ ֆրակերով ու թիթեռնիկ-փողկապներով։ Նախապես բեմադրված պարերին էլ ուղեկցում է կենդանի նվագախմբի երաժշտությունը։
ԱՄՆ-ում ավարտական երեկոյի մասին շատերս գիտենք, որովհետև հոլիվուդյան ֆիլմերը տարիներ շարունակ մեզ սովորեցրել են, որ prom-ը ուղղակի հերթական դպրոցական միջոցառումը չէ։ Կարելի է անգամ պնդել, որ այն առանձին ժանր է դարձել՝ իր կանոններով, դրամատիկ շրջադարձերով, սիրային գծերով, գեղեցիկ հագուստներով և, իհարկե, երեկոյի թագավորի ու թագուհու ընտրությամբ։
Ամերիկյան դպրոցներում ավարտական միջոցառումը ուսումնական տարվա ամենասպասված իրադարձություններից է։ Շրջանավարտները դրան պատրաստվում են երկար ու մանրակրկիտ։ Ընտրում են հագուստը, մտածում՝ ում հետ գնալ, ինչ կերպարով ներկայանալ, ինչպես լուսանկարվել, ի վերջո՝ ինչպես երեկոն հիշարժան դարձնել։ Ավանդույթի համաձայն՝ երիտասարդներն իրենց զուգընկերուհիներին փոքրիկ ծաղկեփունջ հիշեցնող թևնոց են նվիրում, որը պետք է համապատասխան լինի զգեստի գույնին։
ԱՄՆ-ում կա նաև մեկ այլ հետաքրքիր ավանդույթ՝ ավարտական ալբոմը, որը կազմում են ամսագրի ձևաչափով։ Յուրաքանչյուր շրջանավարտի առանձին նյութ է նվիրված՝ լուսանկարներով, կարճ կենսագրությամբ ու դպրոցական կյանքի զվարճալի ու հիշարժան դեպքերով։ Որոշ դեպքերում ալբոմը կարող է «սիրային քարտեզի» վերածվել, որտեղ նշված է, թե ով ում հետ էր հանդիպում դպրոցում։ Կարճ ասած՝ իրական կյանքում ևս շրջանավարտները ամերիկյան rom-com-երի դասական սցենարով են շարժվում։
Լեհաստանում ավարտական երեկույթը հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Այն անցկացնում են գլխավոր ավարտական քննությունից ուղիղ 100 օր առաջ ու անվանում են Studniówka։ Գաղափարի հիմքում շատ պարզ ու տրամաբանական, եթե կուզեք՝ պրագմատիկ հաշվարկ է՝ մնացել է 100 օր, հետևաբար պետք է հասցնել և՛ տոնել, և՛ հետո լրջորեն պատրաստվել քննություններին։
Studniówka-ն լեհ դպրոցականների համար շատ կարևոր իրադարձություն է։ Այն անցկացնում են շքեղ սրահներում, տղաները հագնում են կոստյում, աղջիկները՝ էլեգանտ զգեստներ։ Աղջիկների հագուստի կարևոր դետալ է նաև ավանդական կարմիրր ժապավենը։ Երեկոն սկսվում է պոլոնեզով՝ հանդիսավոր լեհական պար-երթով։ Դպրոցի տնօրենը գլխավորում է պարը ու քայլում շրջանավարտներից մեկի հետ։
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՂՄԿՈՏ ԵՐԵԿՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ
Բազմաթիվ երկրներում դպրոցին հրաժեշտը վերածվում է աղմկոտ երեկույթի, բայց Ճապոնիայում պատկերը շատ ավելի զուսպ է։ Ծագող արևի երկրում ավարտական միջոցառման ընթացքում պահպանում են ավանդական ու համեստ ձևաչափը։ Դպրոցը ավարտելիս ոչ ոք չի փորձում երեկոյի թագուհին դառնալ, բեռնատարներով ևս չեն շրջում քաղաքում։ Սահմանափակվում են դպրոցի դահլիճում անցկացվող հանդիսավոր արարողությամբ։
Շրջանավարտները ավարտական հանդիսությանը հաճախ ներկայանում են իրենց սովորական դպրոցական համազգեստով։ Պաշտոնական մասի ընթացքում տնօրենը ելույթ է ունենում, շրջանավարտներին հանձնում են դիպլոմները, իսկ հետո նրանք կարող են փոքր խմբերով գնալ սրճարան կամ էլ վերադառնալ տուն և ընտանիքի հետ նշել ավարտը՝ օրինակ թեյի շուրջ։
Որոշ աղբյուրներում նշվում է, որ երկրի առավել պահպանողական ու ավանդապաշտ հատվածներում աղջիկները երբեմն ազգային կիմոնո են կրում, տղաները՝ կոստյում։ Արարողությանը հաջորդում է ավանդական քայլերթը՝ ժողովրդական պարերով ու երգերով։ Բայց ընդհանուր տրամադրությունը նույնն է՝ զուսպ, առանց ավելորդ ճոխության։
Բայց դեռահասության տարիքում առանց ռոմանտիկայի հնարավոր չէ։ Սիրային մի գեղեցիկ ավանդույթի համաձայն դպրոցական սիրահարները իրար սիրո խոստում են տալիս, երբ տղան իր վերնահագուստի վերևի կոճակը նվիրում է աղջկան։ Կոճակը հենց սրտի մոտ է գտնվում ու խորհրդանշում է կապվածությունը և հավերաժական սիրո խոստումը։
Չինաստանում դպրոցին հրաժեշտի ամենահայտնի ավանդույթներից մեկը միանգամից կտպավորի ու հարազատ կթվա բոլոր նրանց, ովքեր երբևէ երկար ու ծանր քննաշրջան են ունեցել։ Քննություններից հետո չինացի աշակերտները բառացիորեն «հաշիվ են մաքրում» այն ամենի հետ, ինչը երկար ժամանակ իրենց հանգիստ չի տվել։ Նրանք պատռում են տետրերը, կոնսպեկտները և այդ ամբողջ թղթային զանգվածը նետում են պատուհաններից դուրս։
Արդյունքում փողոցներում կարող ես հայտնվել թղթե անձրևի տակ։ Ազատությունը լավ բան է, բայց աղբը մնում է աղբ։ Չինացի շրջանավարտները մի լավ լիցքաթափվելուց հետո պարտադիր հավաքում ու մաքրում են «անձրևի» հետքերը։
Եվ, անշուշտ, պաշտոնական հատվածից ևս այստեղ չեն խուսափում։ Դպրոցներում անցկացվում են հանդիսավոր արարողություններ, որոնց ընթացքում աշակերտները դիպլոմներ և մեդալներ են ստանում՝ ուսման կամ սպորտային ձեռքբերումների համար։ Որոշ դպրոցներ կազմակերպում են համերգներ և ցուցահանդեսներ, որպեսզի աշակերտները կարողանան ներկայացնել իրենց տաղանդներն ու կարողությունները։
ՈՉ ԹԵ «Ո՞ՒՄ ՀԵՏ», ԱՅԼ «ԻՆՉՈ՞Վ»
Ավստրալիայում դպրոցական ավարտական միջոցառումը սովորաբար նոյեմբեր ամսին է տեղի է ունենում։ Գլխավոր ավանդույթներից մեկն էլ ոչ պարերի հետ կապ ունի, ոչ հագուստի, ոչ քննությունների։ Պատասխանն իրականում շատ անսպասելի է՝ այս ավանդույթի գլխավոր ատրիբուտը տրանսպորտն է։ Ավստրալիացի շրջանավարտները փորձում են իրենց ավարտական տոնին հասնել հնարավորինս անսովոր փոխադրամիջոցով։
Ընտրության հնարավորությունը լայն է՝ կառք, ռետրո մեքենա, տրակտոր, հրշեջ մեքենա, մոտոցիկլ կամ նույնիսկ նավակ։ Որքան անսովոր է շրջանավարտի ընտրած տրանսպորտային միջոցը, այնքան մեծ է շանսը, որ հենց նա է դառնալու երեկոյի աստղը։ Մի խոսքով՝ ով ավելի ստեղծարար է, նա էլ ավելի հիշվող ու տպավորիչ կլինի։ Միացյալ Նահանգներում ավարտական երեկույթի գլխավոր հարցերից մեկն է՝ «ո՞ւմ հետ ես գնում», Ավստրալիայում նույն լրջությամբ կարելի է հարցնել՝ «ինչո՞վ ես գնում»։ Եվ եթե պատասխանը «հրշեջ մեքենայով» է, ուրեմն երեկոն արդեն ստացված է։
Թղթե անձրևը, բեռնատարով զբոսանքն ու նավակով ժամանումն, իհարկե, տպավորիչ են։ Հայաստանում էլ որոշ շրջանավարտներ դեռևս փորձում են տպավորել լավ մեքենայով կամ փայլուն զգեստով։ Սիրելի՜ շրջանավարտներ, այս կյանքը ոչ թե ձևի, այլ բովանդակության մասին է, այնպես որ վայելեք ձեր վաստակած գեղեցիկ օրը ու գնացեք նոր գիտելիքի, նոր հնարավորությունների ու նոր զգացողությունների հետևից։ Ձեր ճանապարհը կերտելու եք հենց դուք ու լավ նորությունն այն է, որ սա միայն սկիզբն է։