Կարդալիքներ PAN-ից
Today

Ար-դեկոյի դիվան, ջազի դարաշրջանի խորհրդանիշը. Տամարա դե Լեմպիցկա՝ 20-րդ դարի self-made woman-ի հոմանիշը

20-րդ դարում, երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած տասնամյակներում, երբ Եվրոպայի մեծ մայրաքաղաքներում միաժամանակ թե՛ պայթյունավտանգ ազատություն էր ու թե՛ ներքին լարվածություն ու անհանգստություն, ծնվում էին արվեստագետներ, որոնք հետո պիտի մի ամբողջ դարաշրջան բնութագրեին։ Տամարա դե Լեմպիցկան վստահաբար այդ արվեստագետների շարքին է պատկանում, որովհետև նրա անունը հետագայում պիտի ասոցացվեր մի ամբողջ դարաշրջանի էսթետիկայի հետ։ Նրա կյանքն անգամ ստեղծագործություն էր, ամեն օրը՝ մի նոր կտավ, որտեղ ինքն էր որոշում, թե ինչ գույներով ու ինչ վրձնահարվածներով է ամրագրելու իր գոյությունը։

Նրա կյանքի պատմությունն այնքան ընդգրկուն է, որ հանգիստ կարող էր հոլիվուդյան ֆիլմ դառնալ, զգացմունքներն այնքան բազմաշերտ են, որ վեպի սյուժե կարող էին դառնալ, իսկ դեպքերն ու դեմքերն այնքան անկանխատեսելի, որ գերազանցում էին անգամ նրա խիստ անկանխատեսելի բնավորությանն ու որոշումներին։ Անգամ ընկերներն էին ասում, որ «Տամարայի մասին ճշմարտությունը միշտ պետք է կիսով չափ կասկածանքով ընդունել, որովհետև նա մշտապես սիրել է նոր երանգներ հաղորդել իր կյանքի պատմությանը», ասել է թե՝ հորինել կամ փոփոխել անգամ սեփական կենսագրությունը։

Տամարան ծնվել էր Վարշավայում՝ ապահովված ընտանիքում, բայց այսքանով լավ լուրերն ավարտվում էին։ Ընտանիքը կարճ ժամանակ անց փլուզվում է, երեխաները մնում են մոր հետ՝ միայնակ։ Տամարայի մանկության մեծ մասն անցել է Մոսկվայում, հետո տեղափոխվել է Պետերբուրգ, որտեղ քաղաքի շքեղությունը մշտապես խիստ հակասության մեջ էր սոցիալական անհավասարության հետ։ Դեռահաս Տամարայի սրտում այդ շրջանում մեծանում էր իր առաջին երազանքը՝ ապրել մի կյանք, որտեղ գեղեցկությունը ոչ թե հեռու թվացող ու անհասանելի մի երևույթ կլինի, այլ իր կյանքի բնական մասը, իր իսկ ձեռքով ստեղծվածը։

Ութ տարեկանում նրան ստիպեցին ժամերով նստել մի նկարչի առջև, որն իբր պետք է աղջկա դիմանկարը ստեղծեր։ Արդյունքից այնքան էր հիասթափվել, որ տեղում որոշում է, որ ինքն այդ գործը շատ ավելի լավ կարող էր անել։ Այս խոստումը կարճ ժամանակում դառնում է ինքնավստահ որոշում, որն առաջնորդեց Տամարային ամբողջ կյանքում։

1914-ին Տամարան հանդիպում է Ֆադեյ Լեմպիցկուն՝ երիտասարդ, գեղեցկադեմ, բարեկիրթ մի իրավաբանի։ Այդ շրջանի Պետերբուրգը ճոխ պարահանդեսների, երաժշտական երեկոների, բալետի, նրբագեղ հագուստների մասին էր։ Եվ այդ միջավայրում ծանոթությունն այնպիսի արագությամբ վերածվեց սիրո, որ երկու տարի անց նրանք արդեն պատրաստվում էին հարսանիքի։ 1916 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիա Կրիստինա Լեմպիցկայան։ Ու երբ թվում էր, որ ամեն բան իր հունով է ընթանում, զուգահեռաբար ուժեղանում էր հեղափոխական ալիքը։ 1919 թվականին ամուսնուն ձերբակալում են ու Տամարան սկսում է բազմաթիվ դռներ թակել և ի վերջո հասնում է ցանկալի արդյունքին։ Չեկայի ձերբակալությունից հետո դստեր և ամուսնու հետ նա հեղափոխական Պետրոգրադից արտագաղթում է Ֆրանսիա։

Փարիզում նրանք ոչինչ չունեին՝ ոչ տուն, ոչ աշխատանք, ոչ անգամ տանիք գլխի վերևում։ Ամուսինը չէր ուզում «ոչ պատվաբեր» աշխատանքներով զբաղվել, իսկ Տամարան արդեն մայր էր ու բարդ էր այդ փուլում համատեղել մայրությունն ու աշխատանքը։

Մի օր Տամարայի քույրը առաջին հայացքից ակնհայտ մի փաստ է արձանագրում ու այդ կետում էլ սկսվում է փոփոխությունների շղթան.

«Դու միշտ էլ գեղեցիկ ես նկարել… ինչո՞ւ չփորձել»։

Եվ ահա՝ Տամարան փորձում է։ Սա ոչ հոբբի էր, ոչ էլ «ժամանակ սպանելու» միջոց։ Բառացիորեն փրկության վերջին ու միակ ճանապարհն էր։ Այսպիսով նա հայտնվում է Académie de la Grande Chaumière-ում, որտեղ հանդիպում է իր կյանքի ամենամեծ ուսուցիչներից մեկին՝ Անդրե Լոտին։ Լոտը նրան ծանոթացնում է կուբիստական մտածողության հետ՝ բայց ոչ թե կոշտ, այլ «փափուկ», ավելի զգայական, ավելի կանացի։ Սա հետագայում դառնում է Լեմպիցկայի արվեստի հիմնական շեշտադրումը։ Այս ճանապարհը բարդ էր, մեծ ջանք ու կամքի ուժ էր պահանջում, բայց Տամարան կարողանում է հաղթահարել փորձությունը։

Արդյունքում որոշ ժամանակ անց նրա աշխատանքներն արդեն ցուցադրվում էին հայտնի պատկերասրահներում։ Նրան սկսում էին նկատել կոլեկցիոներները, արվեստագետները, մշակութային ամենատարբեր շրջանակներ։ Նրա մոտեցումը, մաքուր և սառը գույների համադրությունը, հստակությունը միանգամից գրավում էին մարդկանց ուշադրությունը։ Նա խաղում էր լույսի ու ստվերի հետ և մարմնավորում այդ ժամանակների համար կնոջ մի նոր կերպար՝ ուժեղ, ցանկալի, անկախ։

Նրա կտավներում կանանց մարմինները ճկուն են, փայլուն, գեղեցիկ, կարծես քանդակագործի արհեստանոցում պատրաստված լինեն։ Բայց սա ոչ միայն մարմնական երևույթ էր արտացոլում, այլև խորհրդանշական՝ ուժի, ազատության, վեհ կեցվածքի շեշտադրումներով։ Ոմանք նրան մեղադրում էին չափազանց «կանոնակարգված» նրբագեղություն ցուցադրելու մեջ, մյուսները նրա արվեստում լիակատար ազատություն էին տեսնում։ Անվիճելի էր միայն այն, որ Տամարայի ձեռագիրը որևէ մեկի հետ խառնել հնարավոր չէր։

1930-ականներին նա իր փառքի գագաթնակետին էր։ Հենց այդ տարիներին ստեղծվեց նրա ամենատպավորիչ կտավներից մեկը՝ «Ինքնադիմանկար կանաչ Բուգատիում»։ Սա Ար-դեկո ուղղության ամենահայտնի գործերից է, որն իր հերթին կարծես հայտարարեր, որ կինն ազատ է, ուժեղ ու ինքնուրույն։ Մեքենան իրականում Բուգատի չէր, գույնն էլ կանաչ չէր։ Տամարան իր դեղին Ռենոյի ղեկին էր նստած։ Բայց դա ի՞նչ նշանակություն ունի, երբ կարևորը կնոջ հայացքն ու ինքնավստահ կեցվածքն էին։

Լեմպիցկայի առաջին ամուսնությունն ի վերջո ավարտվեց։ Ամուսինը չէր կարողանում ընդունել Տամարայի նոր կյանքը, նրա արվեստի շուրջ ստեղծված աղմուկը, սիրավեպերը, «խառը» շրջապատը։ Մի քանի տարի անց՝ 1933-ին, նա հանդիպեց հունգարացի գործարար, արվեստի կոլեկցիոներ Ռաուլ Կուֆներին։ Նրանք այնքան տարբեր էին, որ թվում էր, թե որևէ միության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Բայց Կուֆներն անսահման սիրում էր նրան ու ընդունեց Տամարային ամբողջությամբ՝ խենթ բնավորությամբ, պահանջկոտությամբ, արվեստի հանդեպ մոլուցքով և կյանքի հանդեպ անսահման ախորժակով։

Նրանք ամուսնացան պայմաններով, որոնք Տամարան ներկայացրեց հստակ ու առանց ամաչելու. Արվեստն անքննելի կարևորություն ուներ իր կյանքում, հետևաբար իր ստուդիան ու ստեղծագործական կյանքն անձեռնմխելի պիտի մնային, ամուսինը պետք է հարգեր իր ազատությունն ու ընտրությունը։

Այսպիսով հասնում ենք 1930-ականների վերջ, որտեղ ոչ մի լավ լուր չկա։  Պատերազմի հոտ էր գալիս, լարվածությունը դրդում էր չափազանց զգոն ու ուշադիր լինել։ Կիսով չափ հրեա Տամարան հասկանում էր, որ պետք է արագ արձագանքել տեղի ունեցող փոփոխություններին։ Այսպիսով ընտանիքը վաճառում է ամեն բան ու փախնում Ամերիկա։

Ամերիկայում Տամարան կրկին «զրոյից» է սկսում, բայց արդեն հայտնի անունով։ Ապրում էր Բևեռլի Հիլզում, շատ արագ ինտեգրվում է հոլիվուդյան երեկույթների և բարձրաշխարհիկ շրջանակների մեջ։ Նրան անվանում էին «վրձնով բարոնուհի»։ Նա նկարում էր դերասանների, մոդելների, բիզնեսմենների։ Տպավորություն էր, որ նոր աշխարհն իրեն ընդունում էր նույն ոգևորությամբ, ինչ Փարիզը՝ տարիներ առաջ։

Բայց Միացյալ Նահանգներում արվեստն այլ ուղղությամբ էր շարժվում։ Նոր սերնդի պատկերացումներում Տամարայի արվեստը շատ ավելի քիչ տեղ էր զբաղեցնում, քան տարիներ առաջ։ Նա փորձում էր նոր մոտեցումներ, նոր տեխնիկաներ, բայց «այլ» մարդ դառնալ չէր կարող։

Ու սկսվեց Տամարայի կյանքի համեմատաբար սև շրջանը։ Նրա անունն ու փայլը աստիճանաբար խամրում էին ու այս շրջանում մահանում է նրա սիրելի ամուսինը։ Կորուստը Տամարային տապալում է։ Ստիպված է լինում տեղափոխվել դստեր տուն, որի հետ հարաբերությունները չափազանց բարդ էին՝ հին տրավմաներով ու ցավերով, չասված խոսքերով, չլուծված խնդիրներով։

Որպես նկարիչ Լեմպիցկայի համար մեծ ցավ էր ոչ թե ճանաչման ու փառքի «կորուստը», այլ այն աշխարհի անհետացումը, որտեղ ինքն իրեն ամբողջական էր զգում։ Բայց, երբ թվում էր, որ սա վերջն է, ամեն բան սկսվեց նորից։ 1960-ականների վերջում աշխարհը սկսեց «խմբագրել» սեփական ճաշակը։ Ար-դեկոն կրկին վերադարձավ։ «Մեծն Գեթսբի»-ի մեծ հաղթարշավը նոր շունչ տվեց դեկոյական էսթետիկային։ Իսկ 1973-ին Փարիզի Galerie du Luxembourg-ի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը Տամարային վերադարձեց արվեստի մեծ աշխարհ։

Արվեստասերները կրկին «գտան» նրան։ Նոր սերունդը սկսեց ուսումնասիրել, գնահատել, համեմատել։ Նրա կտավները թանկարժեք հավաքածուների մաս դարձան։ Մադոննան իր տեսահոլովակներում օգտագործում էր նրա ստեղծագործությունները, նորաձևության մեծ տները ոգեշնչվում էին նրա ստեղծած կերպարներով։ Լեմպիցկան կրկին արդիական էր, կրկին պահանջված։ Ու սա կարծես արժանի մայրամուտն էր նրա կարիերայի։

Խենթ կյանքի ռիթմով ապրած Տամարան տարիներ անց տեղափոխվում է Մեքսիկա, որտեղ կար արև, խաղաղություն, լեռներ ու պարզ երջանկություն։ Այնտեղ, աղմկոտ քաղաքներից ու արվեստի շուկայի քաոսից հեռու, նա ապրում է իր վերջին տարիները։

Հետաքրքիր է, որ Տամարա դե Լեմպիցկային հաճախ հիշում են ոչ թե որպես նկարիչ կամ այլ արվեստագետ, այլ կանացի ուժի, ազատության, անկախ մտքի ու գեղեցկության խորհրդանիշ։ Նա իր ժամանակների self-made woman-ն էր, որ հոսանքին հակառակ գնալու կամք ու խիզախություն ուներ, չէր վախենում սխալվել, միլիոնատեր դարձավ հենց իր կյանքի օրոք ու երբեք չերկմտեց։


✍️ Նանե Մանուկյան / PAN