#մշակութաPAN
October 16

Չերչիլի պատվին անունը, «Հիսուսից հանրահայտ Բիթլզն» ու Փոլի հետ ճակատագրական հանդիպումը. Վերհիշելով մեծ երազողի՝ Ջոն Լենոնի ճանապարհը  

Ամբողջ աշխարհը հավերժ կհիշի նրան որպես երիտասարդ, ըմբոստ, երազկոտ, և հավերժ սիրահարված Յոկո Օնոյին։ Հոկտեմբերի 9-ին երաժշտական աշխարհը նշում էր հանճարեղ բիթլ Ջոն Լենոնի ծննդյան օրը։

Լենոնը ընդամենը քառասուն տարեկան էր, երբ Մանհեթենում գտնվող իր տան մոտ սպանվեց նախկին երկրպագուի ձեռքով։ Իրեն դատավոր պատկերացնող Մարք Չեփմենը հինգ անգամ կրակեց Լենոնի ուղղությամբ, կես ժամ անց մեծ երաժիշտն ու երազողը մահացավ հիվանդանոցում։

Սովորական չափանիշներով Լենոնը շատ կարճ կյանք ապրեց, բայց այդ կյանքն այնքան հագեցած էր, որ շատերին անգամ մեկ դարը չէր բավականացնի ապրել այն։ Տպավորություն է, որ քսաներորդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկը միանգամից մի քանի կյանք ապրեց, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում էր նախորդից, իսկ «նոր» Ջոնն ամեն անգամ փոխարինում էր «հին» Ջոնին։ Այդ «Լենոններից» մեկը, օրինակ, ամեն կերպ փորձում էր ազատվել իր երկրորդ անունից՝ Ուինսթոնից։ Այսկերպ էին նրան անվանել ծնողները՝ Ուինսթոն Չերչիլի պատվին։

Լենոնը սովորական, աշխատավոր, բրիտանացի ընտանիքի տղա էր՝ Լիվերպուլից։ Բայց դեռ փոքր տարիքից տարբերվում էր իր ոճով և ճաշակի նուրբ զգացումով։ Ժիլետ, փողկապ, փարթամ մազեր, խնամված սանրվածք, էլեգանտ ու կոկիկ հագուկապ. Այսօր գուցե տաօրինակ կլիներ տեսնել աղքատ ընտանիքի տղային՝ այդքան էլեգանտ հագուկապով, բայց հետպատերազմյան Բրիտանիայում սա գրեթե սովորական բան էր։ Աշխատավորների զավակները փորձում էին ընդօրինակել դարասկզբի արիստոկրատներին։

Տնտեսական ճգնաժամի պայմաններում միջին խավի տղամարդիկ, որոնց համար ի սկզբանե նախատեսված էր այս հագուստը, պատրաստ չէին մեծ գումարներ վճարել դրա համար, հետևաբար դերձակները ստիպված էին էժան գնով վաճառել երկար բաճկոնները, մետաքսե վերնաշապիկներն ու փողկապները։ Սա, իհարկե, աշխատավոր թաղամասերի երիտասարդ տղաների ուրախությունն էր։

Եթե ​​նայեք Լենոնի 1950-ականների լուսանկարներին, ապա կտեսնեք խոհուն ու զգուշավոր հայացքով մի երիտասարդի, որ կրում է կա՛մ բաճկոն, կա՛մ լայն ուսերով վերարկու՝ 1940-ականների նորաձևությանը համապատասխան, կամ էլ հասարակ վանդակավոր վերնաշապիկ, ճիշտ այնպես, ինչպես հագնում էր Էլվիս Փրեսլին՝ Լենոնի երիտասարդության կուռքերից մեկը։ Դեռ այն ժամանակ հստակ էր՝ այս տղան սիրում է երաժշտությունը ու նաև սիրում է իր գլխին փորձանքներ բերել։ Վերջին հարցազրույցներից մեկում Ջոն Լենոնն ասում էր.

«Իմ մեջ ապրող մի «ես» կար, որ երբեմն ցանկանում էր ընդունվել հասարակության կողմից, ոչ թե դառնալ խելագար երաժիշտ ու բանաստեղծ։ Չստացվեց, որովհետև ես չգիտեմ, թե ինչպես ձևացնել։ Ինչպե՞ս ձևացնել, որ ուրիշ մարդ եմ։ Ես դեռ շատ վաղուց այն մարդն էի, որի մասին բոլոր տղաների ծնողներն ասում էին՝ «հեռու մնա նրանից»։ Մեծերը բնազդաբար զգում էին, որ փորձանք եմ փնտրում»։

Բայց այնպես չէ, որ խմբի ձևավորման հենց սկզբից բիթլները կոստյումներով ռոմանտիկ երիտասարդներ էին, ինչպես նրանց այսօր հիշում է ամբողջ աշխարհը։ Փոխարենը բեմում հայտնվում էին ապստամբ-երաժիշտներ, ծխախոտը բերանում, կաշվե բաճկոններով, ջինսերով ու երկարաճիտ կոշիկներով։ 1960-ականների սկզբի լուսանկարներում բենդի տղաները կարծես մարտաֆիլմերի գլխավոր հերոսներ լինեին։ Երբեմն անգամ բեմի վրա էին ձևացնում, թե կռվում են։

Այս ամենին վերջ դրեց խմբի առաջին և ամենահայտնի պրոդյուսեր Բրայան Էփսթեյնը։ Հենց նա է The Beatles-ին «հագցրել» դասական տաբատ, կոստյում և փողկապ։ Բեմում ծխելն այլևս արգելված էր, իսկ երաժիշտները ամեն ելույթից հետո պետք է խոնարհվեին։ Մեր օրերում սա կանվանեին «ռեբրենդինգ», որովհետև հանրության առաջ հայտնվեց բոլորովին այլ The Beatles։ Ու թեև Լենոնը սկզբում դիմադրում էր այս փոփոխություններին, բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ «լավ տղաների» կերպարը նրանց օգնում է զգալիորեն ավելի շատ վաստակել և ելույթ ունենալ ավելի բարձր դասի վայրերում։

1963 թվականից սկսած Բրիտանիան, իսկ ամերիկյան հեռուստատեսությամբ խմբի առաջին ելույթից հետո նաև ամբողջ աշխարհը գրավեց «բիթլամանիան»: Լիվերպուլի տղաների ձայնասկավառակները վաճառվեցին միլիոնավոր օրինակներով, իսկ համերգների ժամանակ սիրահարված ու հիացած երկրպագուներն այնքան բարձր էին բղավում, որ երաժշտությունն անգամ չէր լսվում։

Այս շրջանում Ջոն Լենոնը զարգացնում էր նաև որպես անհատ իր ոճը։ Իսկ այդ ոճի անբաժան մաս դարձավ հայտնի կլորավուն անկոցը։ Առաջին անգամ Լենոնը նմանատիպ ակնոց կրեց ֆիլմում մի դերակատարման ժամանակ, իսկ հետո այդ ակնոցը դարձավ նրա այցեքարտն ու Լենոնի ոճի ամենաճանաչելի դետալը։

Այսօր տարբեր բրենդներ անգամ Լենոնի ակնոցին նվիրված հատուկ շարքեր ունեն, իսկ մարդիկ խանութներում փնտրում են հայտնի անվանումով «Lennon Sunglasses»։ Ավելի ուշ երաժիշտը խոստովանել էր, որ ինքը դեռ երիտասարդ տարիներին տեսողության հետ կապված խնդիր ուներ, բայց հաճախ ամաչում էր ակնոց կրել, հատկապես՝ բեմի վրա։ Իսկ հայտնի ակնոցի հետ «ծանոթանալուց» հետո, ակնհայտորեն, Ջոն Լենոնը ամբողջացրեց իր կերպարը։

1960-ականների վերջերին Լենոնի համար սկսվեց «հերթական նոր կյանքը»։ Գունավոր ոսպնյակներով ակնոցները կարծես թույլ էին տալիս նրան բոլորովին այլ կերպ նայել աշխարհին և այն ամենին, ինչ կատարվում էր իր շուրջ։ 1968 թվականին նա ամուսնացավ ճապոնացի ավանգարդ նկարիչ Յոկո Օնոյի հետ։ The Beatles-ի երկրպագուները մինչ օրս համարում են, որ հենց Յոկո Օնոյի պատճառով խումբը դադարեցրեց համատեղ ելույթները, բայց առավել լայն հանրությունը Յոկո Օնոյին գիտի որպես Ջոն Լենոնի մեծագույն սեր, որի շնորհիվ երաժիշտ Լենոնից բացի մարդիկ ծանոթացան նաև հասարակական ակտիվիստ Լենոնին։

Եթե ​​1950-ականներին և 1960-ականներին Լենոնը պաշտում էր սև գույնը և հստակ ուրվագիծ ունեցող իրերը, ապա 1970-ականներին մոտ նրա զգեստապահարանում հայտնվեցին գունագեղ վերնաշապիկներ և վերարկուներ, լայն մորթյա բաճկոններ, լայնեզր գլխարկներ, սպիտակ կոստյումներ ու վերնաշապիկներ: Իհարկե, այս կերպարանափոխությունը չէր լինի առանց Յոկո Օնոյի։ Հաճախ զույգն ընտրում էր իրար փոխլրացնող հանդերձանք, օրինակ՝ ամբողջությամբ սպիտակ հագուստ։ Կարճ ասած, եթե գեղարվեստորեն ձևակերպենք, ապա Յոկո Օնոն այն կինն էր, որ ստիպեց Լենոնին սևից անցնել սպիտակի։

Յոթանասունականների սկզբին Լենոնը The Beatles-ի ու սիրելի կնոջ միջև «պայքարում» վերջնականապես ընտրեց Յոկո Օնոյին, իսկ Մեծ Բրիտանիան «փոխարինեց» Միացյալ Նահանգներով: 1970 թվականին խումբը պաշտոնապես բաժանվեց, իսկ մեկ տարի անց Ջոնը Յոկոյի հետ մեկնեց Նյու Յորք։

Մի փոքր ուսումնասիրելու դեպքում հստակ երևում է, որ կյանքի տարբեր փուլերում Լենոնի ոճն ու հագուկապը ուղիղ կերպով արտացոլում էին այդ փուլում իր կյանքում ու աշխարհում կատարվող փոփոխությունները։ ԱՄՆ-ում Լենոնի ոճը վերջնականապես կորցրեց ժամանակին պարտադրված «անգլիականության» մնացորդները: Նա սկսեց կրել ջինսե վերնաշապիկներ, լոզունգներով շապիկներ, կովբոյական կոշիկներ։

Համառ «հակակապիտալիստ» Լենոնը չէր սիրում թանկ իրեր և այդպես էլ չդարձավ բրենդային ապրանքանիշերի երկրպագու՝ նույնիսկ Մանհեթենում ապրելու ընթացքում: Ընկերները հիշում են, որ իր «նոր» հայրենիքում Լենոնի սիրելի հագուստի խանութը 57-րդ փողոցում գտնվող էժան նկուղն էր, որտեղ վաճառվում էին «տարօրինակ» աքսեսուարներ ու հագուստ՝ «ոչ բոլորի համար»։ Ջոնը սիրում էր ինկոգնիտո գնալ այնտեղ և քարտի փոխարեն վճարում էր կանխիկով՝ անանուն մնալու համար:

Նրա վերջին գնումը մորթե օձիքով սև կաշվե վերարկու էր՝ ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ սիրում էր իր երիտասարդության տարիներին։ Հենց այս վերարկուն էր Լենոնի հագին, երբ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին տարօրինակ մի երիտասարդ մոտեցավ նրան ու ինքնագիր խնդրեց։ Հենց այդ պահին էլ ավարտվեց Լենոնի կյանքի պատմությունը։

Նա գնդակահարվել է իր երկրպագու Մարկ Դևիդ Չեպմենի կողմից։ Երբ ոստիկանները ժամանում են՝ Չեպմենին գտնում էր 72-րդ փողոցի մայթեզրին, որտեղ երիտասարդը նստել ու ընթերցում էր Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գիրքը։

Ահա այսպես ավարտվեց Լենոնի՝ միանգամայն տարբեր կյանքերի համախումբը։ Մահացավ ջինսե տաբատով ապստամբ երաժիշտը, կոստյումով ռոմանտիկը, սպիտակ հագուստով ակտիվիստը, երաժշտասերների կուռքն ու Օնոյի սիրելին։

Նա այլևս երբեք չվերադարձավ հայրենիք, երբեք հետ չկանգնեց իր արժեքներից ու պատկերացումներից, իր հայացքների և հակապատերազմական ակտիվության համար հայտնվեց ամերիկյան ազգային անվտանգության ծառայությունների ուշադրության կենտրոնում: Այս հարցում նրա հայացքներն, իհարկե, ամփոփված են բոլոր ժամանակների «ամենախաղաղասեր» երգի՝ Imagine-ի տողերում։ Առանց պատերազմի ու կրոնի ուտոպիստական երջանիկ աշխարհի մասին Լենոնի երազանքը այսօր առավել քան երբևէ հեռու է թվում և շարունակում է մնալ անուղղելի երազողների պաշտոնական օրհներգը։