«Մոնա Լիզայի» հակառակ կողմում գլուխգործոց է, բայց Լուվրում բոլորը մեկ ուղղությամբ են նայում
Լուվրի ամենամարդաշատ սրահներից մեկում մարդիկ կտավը դիտելու համար հերթ են կանգնոմ։ Ու բոլորը նույն ուղղությամբ են նայում։ Հեռախոսները ձեռքին, մեկը մյուսին հերթ չտալով մի քանի վայրկյանում փորձում են լուսանկարել ապակու հետևում գտնվող դիմանկարը ու որոշ դեպքերում գուցե մոռանում են հեռախոսի էկրանից զատ նաև սեփական աչքերով ուսումնասիրել կտավը։ Բայց նրանց էլ չի կարելի մեղադրել, որովհետև երբ կադրը ֆիքսվում է, արվեստասերը պիտի մի կողմ քաշվի ու տեղը զիջի հաջորդին։ Ու այսպես՝ նույն գործողությունը կրկնվում է նորից ու նորից։ Շատերը նույնիսկ չեն հասցնում ծանոթանալ կտավի դետալներին՝ պարզապես փաստում են, որ եղել են այստեղ։ Դե, որովհետև, խոսքը աշխարհի ամենահայտնի ու տպավորիչ կտավներից մեկի մասին է։
Բայց հենց այդ նույն սրահում, նույն մարդկանց մեջքի հետևում, բառացիորեն մի քանի քայլ հեռավորության վրա կախված է կտավ, որը ֆիզիկապես հնարավոր չէ չնկատել, և որը, այնուամենայնիվ, գրեթե միշտ աննկատ է մնում։ Այն մի ամբողջ պատ է զբաղեցնում, հագեցած է գույնով, շարժումով, դեմքերով ու մանրամասներով։ Վերածննդի ամենահավակնոտ ստեղծագործություններից մեկն է՝ մոտ 70 քառակուսի մետր տարածքով։ Եվ, այնուամենայնիվ, շատերը երբեք չեն տեսնում այն, որովհետև պարզապես չեն շրջվում։
Խոսքը Լուվրի ամենամեծ կտավի՝ Վերածննդի իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի «Կանայի հարսանիքը» կտավի մասին է։ Իսկ այն դիմանկարը, որը գերում է բոլորին և որի ուղղությամբ մարդիկ սովորաբար հերթ են կանգնած՝ կերպարվեստի գլուխգործոցներից մեկն է, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որը տեսնելու համար տարեկան միլիոնավոր մարդիկ են այցելում թանգարան՝ «Մոնա Լիզան»։ Այս կտավները նույն սրահում են գտնվում՝ դեմ դիմաց, բայց տպավորություն է, որ տարբեր իրականություններում են։
1563 թվականին Պաոլո Վերոնեզեի ստեղծած «Կանայի հարսանիքը» սկզբում նախատեսված էր Վենետիկի բենեդիկտյան Սան Ջորջիո Մաջորե վանքի սեղանատան համար։ Այն պատկերում է Ավետարանի հայտնի դրվագը՝ Քրիստոսի առաջին հրաշքը, երբ ջուրը վերածվում է գինու։ Բայց կտավը լոկ կրոնական սյուժե չի պատկերում։ Վերոնեզեն այստեղ մեկ դրվագի փոխարեն մի ամբողջ պատմություն ու աշխարհ է ստեղծել։
Տեսարանն ավելի շատ հիշեցնում է վենետիկյան պալատ՝ ճարտարապետական վեհությամբ, բացվող պատշգամբներով, հարուստ գույներով ու դետալներով։ Սեղանը երկար է, ասես վերջ չունենա, հյուրերը ևս բազմաթիվ են։ Բայց նրանք ավելի շատ նման են Վերածննդի արիստոկրատիայի ներկայացուցիչների, քան աստվածաշնչյան կերպարների։ Մետաքս, արծաթյա սպասք, ծառաներ, երաժիշտներ, կենդանիներ, օտարական դեմքեր՝ ամեն ինչ ասես խոսում է շքեղության, հանդիսավորության, թատերականության մասին։
Նկարում պատկերված է մոտ 130 մարդ։ Նրանց թվում կան երևակայական կերպարներ, բայց նաև իրական պատմական դեմքեր՝ Կառլոս V-ը, Ֆրանցիսկոս I-ը, նույնիսկ Սուլեյման Փառահեղը։ Երաժիշտների խմբում Վերոնեզեն ներառել է ժամանակի խոշոր նկարիչներին՝ Տիցիանին, Տինտորետտոին, Բասանոյին և ինքն իրեն՝ սպիտակ հագուստով։
Այս կտավը մեկ պատմության մասին չէ։ Մեծամասշտաբ պատկերը բազմաթիվ պատմությունների խաչմերուկ է։ Մարդիկ խոսում են, սպասարկում, նվագում կամ վիճում են։ Դիտողի աչքը չի կանգնում մեկ կետի վրա, այն շարժվում է, թափառում, փորձում է իմաստ գտնել այս գերհագեցած տեսարանում։ Նման մեծակտավ աշխատանքն ուսումնասիրելը ժամանակ, համբերություն և ուշադրություն է պահանջում, իսկ դա այն է, ինչը հաճախ չի համապատասխանում ժամանակակից ռիթմին։ Հատկապես, երբ խոսքն այդքան մարդաշատ սրահի մասին է։
Վերածննդի կրոնական կտավներում Քրիստոսը սովորաբար ճիշտ կենտրոնում է՝ հստակորեն առանձնացված լուսավորությամբ, ժեստով կամ կոմպոզիցիայի միջոցով։ Վերոնեզեի դեպքում ևս Քրիստոսը սեղանի կենտրոնում է, բայց ընդգծված լուսավորություն, դրամատիկ ժեստ կամ կոմպոզիցիա չկա, որը այս կամ այն կերպ դիտողին «կպարտադրեր» կենտրոնանալ նրա վրա։ Սա, արվեստաբանների դիտարկմամբ, փոխում է ամբողջ ընկալումը։ Հրաշքը՝ ջուրը գինու վերածելը, գրեթե երկրորդական է դառնում։ Փոխարենն առաջնային է դառնում միջավայրը՝ մարդկանց հավաքը, սոցիալական հարաբերությունները, տոնակատարության մշակույթը։ Սրբազան իրողությունը կարծես ներծծված է առօրյայի մեջ և չի առանձնանում դրանից։ Այլ կերպ ասած՝ դիտողին ոչ ոք չի «ասում», թե ուր նայել։ Նա ինքն է որոշում։
Սրահի մյուս կողմում Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» գործում է լրիվ այլ սկզբունքով։ Այն փոքր է, ինտիմ, հստակ դետալներով ու կտավի մեջ ընկղմվելու անեզր խորությամբ։ Լուվրի ամենամեծ կտավի դիմաց «ընդամենը» մեկ հայացք ու մեկ ժպիտ է, որը վաղուց արդեն խորհրդանիշ է։ Մեր օրերում «Մոնա Լիզան» համարվում է աշխարհի ամենահայտնի կտավը, բայց միշտ չէ, որ այդպես է եղել։ Դարեր շարունակ այն գնահատվում էր, բայց նման անմրցելի դիրքերում չէր։ Կտավի համաշխարհային ճանաչումը հատկապես աճեց XX դարում՝ կրկնօրինակումների, մեդիայի և հատկապես 1911 թվականի գողության արդյունքում, որը կտավը վերածեց մշակութային սենսացիայի։ Այս պայմաններում «Կանայի հարսանիքը» անհավասար դիրքում է հայտնվում։
Վերադառնալով Վերոնեզեի կտավին։ «Կանայի հարսանիքը» երկու դար շարունակ կախված էր իր սկզբնական վայրում՝ վանքի սեղանատանը։ Բայց XVIII դարի վերջում, երբ Ֆրանսիան գրավեց Վենետիկը, քաղաքը ստիպված էր ոչ միայն մեծ գումար վճարել, այլև արվեստի գործեր հանձնռլ։ Ֆրանսիական հանձնաժողովը, որը ղեկավարում էր նկարիչ Ժան-Սիմոն Բերթելեմը, անձամբ ընտրեց տեղափոխվող աշխատանքները, և այդ ընտրության մեջ էր նաև Վերոնեզեի գլուխգործոցը։ Կտավի տեղափոխումը շուրջ մեկ տարի տևեց։ Այդ ընթացքում այն երկար ժամանակ նավերի խցերում անցկացրեց, որտեղ առնետներն անգամ վնասեցին կտավը։ Վերականգնման աշխատանքները շարունակվեցին տարիներով, և միայն XIX դարի սկզբին այն կրկին ներկայացվեց հանրությանը։
Վիեննայի վեհաժողովից հետո Իտալիան պահանջեց վերադարձնել աշխատանքը, բայց փոխզիջման արդյունքում Ֆրանսիան պահեց այն ու փոխարենը այլ կտավներ տրամադրեց։ Այդպես «Կանայի հարսանիքը» մնաց Լուվրի թանգարանում։ Հետագայում այն մի քանի տարհանվեց, օրինակ՝ ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում, ինչպես նաև երկու համաշխարհային պատերազմների ընթացքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն տեղափոխվել էր Մոնտոբան և վերադարձվել Լուվր 1942 թվականին։
Այս երկար ու ձիգ ճանապարհից հետո կտավն ի վերջո տեղադրվեց այն սրահում, որտեղ գտնվում է նաև «Մոնա Լիզան»։ Եվ հենց այդ դիրքն էլ դարձավ կտավի գլխավոր «մարտահրավերը»։ Այն կախված է աշխարհի ամենահայտնի կտավի ճիշտ դիմացը, ինչի պատճառով էլ այցելուները հաճախ մեջքով են կանգնում կտավին։
Այս սրահում տեղի ունեցողը միայն արվեստի մասին չէ։ Այն ավելի լայն երևույթի արտահայտություն է։ Մարդիկ մոտենում են «Մոնա Լիզային», լուսանկարում են այն և գնում։ Փորձառությունը կարճ է, գրեթե մեխանիկական։ Մասնակցության ու «ներկա լինելու» զգացումը բավարարում է մարդկանց։ Վերոնեզեի կտավն այլ վերաբերմունք է պահանջում և իր գույներն ու դետալները դանդաղորեն բացում է նրանց համար, ովքեր պատրաստ են կանգնել ու խորապես ուսումնասիրել կտավը։
Ու այս համեմատությունն ինչ-որ առումով գեղարվեստական փոխաբերություն ունի իր մեջ։ Սրահում, որտեղ բոլորը նույն ուղղությամբ են նայում, շրջվելն ու հոսանքին հակառակ գնալը նշանակում է հրաժարվել նախապես ուրիշների կանխորոշած ուղուց ու ժամանակ հատկացնել մի բանի, որը արժանի է ուշադրության, բայց ջանք չի գործադրում դրան արժանանալու համար։ «Կանայի հարսանիքը» տեսնելու համար Լուվրում լրացուցիչ ջանք պետք չէ գործադրել։ Հերթեր չկան, պետք է միայն շրջվել։