Կարդալիքներ PAN-ից
Yesterday

Երբ մեկ օրը վերածվում է մի ամբողջ կյանքի. ժամանակային հանգույցների մասին յոթ լավագույն ֆիլմն ու սերիալը

Ժամանակային հանգույցը զարմանալի դրամատուրգիական լուծում է։ Մի կողմից այն ծայրահեղ պարզ է. կերպարը նորից ու նորից ապրում է միևնույն օրը։ Մյուս կողմից` խիստ ճկուն. հանգույցը կարող է լինել կատակերգություն, հորրոր, փիլիսոփայական առակ, հասունացման մասին երգիծանք, կամ տանջալից վարժանք բնավորության ու ներքին ամրության համար։ Ու ամենակարևորը, հանդիսատեսը գաղտնի հաճույք է ստանում` հետևելով, ինչպես է հերոսն իր փոխարեն գործում հարյուրավոր սխալներ։

PAN-ը պատմում է խցանված ժամանակի մասին յոթ տպավորիչ ֆիլմի ու սերիալի մասին, որոնք տարբեր կերպ են օգտագործում այս հնարքը։

1. «Արջամկան օրը» (Groundhog Day, 1993)

Ռեժիսոր Հարոլդ Ռամիսի ֆիլմը ամբողջ ժանրի ֆունդամենտն է։ Դրանից առաջ  կրկնվող օրերի մասին ֆիլմեր էկրաններին հայտնվում էին, բայց հենց Ռամիսի ֆիլմը գաղափարը վերածեց լիարժեք նարատիվային գործիքի։ Գլխավոր հերոսը` օդերևութաբան Ֆիլ Քոնորսը (Բիլլ Մյուրեյ) փակված է մնում Փանքսաթոնի (Punxsutawney) փոքրիկ քաղաքում, որտեղ անվերջ կրկնվում է միևնույն օրը։ Սակայն որքան խորն է նա թաղվում ժամանակային հանգույցում, այնքան պարզ է դառնում, որ ֆիլմը բնավորության մասին է։ Կրկնությունները ծառայում են որպես հայելի. ոչ թե ժամանակի, այլ բարոյական զարգացման կամ դեգրադացման համար։ Թերությունների շտկման մասին դասական սյուժեն այստեղ ձևակերպված է այնպիսի ճշգրտությամբ, որ վերածվել է կանոնի։

Ընդ որում, «Արջամկան օրը» ահավոր ծիծաղելի ֆիլմ է։ Հումորը կառուցվում է ոչ միայն կրկնությունների, այլև Մյուրեյի հերոսի ռեակցիայի վրա. նրա ապատիան, սարկազմն ու իրավիճակի հետ աստիճանաբար հաշտվելը դառնում են դրամատիկ հետագիծ, որը կարելի է դետալ առ դետալ ուսումնասիրել սցենարային վարպետության դասերին։ Տարիների ընթացքում ֆիլմը վերածվել է մշակութային կոդի. «արջամկան օր» հասկացությունը ամրապնդվել է լեզվում ու այլևս բացատրության կարիք չունի։ Սակայն պատմության գլխավոր գաղտնիքը ոչ թե ժամանակային փուլերն են, այլ այն, որ ֆիլմն առաջարկում է շատ մարդկային պատասխան. անձնական աճը ոչ թե ոգեշնչման բռնկում է, այլ սեփական կյանքի բազմակի ու քրտնաջան վերաշարադրում։

2. «Սկզբնական կոդ» (Source Code, 2011)

Այս խելացի գիտաֆանտաստիկ ֆիլմը ժամանակային հանգույցն օգտագործում է որպես հետաքննության գործիք ու անում է դա ինժեներական ճշգրտությամբ։ Զինծառայող Քոլթեր Սթիվենսը (Ջեյք Գիլենհոլ) նորից ու նորից վերապրում է գնացքի աղետալի պայթյունին նախորդող ութ րոպեները` փորձելով պարզել ահաբեկչի անձը։ Փուլայնությունն այստեղ ոչ թե այլաբանական է, այլ տեխնոլոգիական` վառ ու կոշտ։ Յուրաքանչյուր կրկնություն իր հետ բերում է նոր ինֆորմացիա, կարծես հերոսը խաղում է իդեալական բալանսավորված դետեկտիվային խաղ, որի յուրաքանչյուր փուլ լեվելն անցնելու նոր փորձ է։ Ընդ որում, ֆիլմը չի ընկնում մեխանիստիկ պատման մեջ, այլ պահպանում է էմոցիոնալ միջուկը` հետաքննությունը վերածելով հիշողության ու իրականության մասին զրույցի։

Ֆիլմի երկրորդ շերտը էթիկական է։ «Սկզբնական կոդը» զգուշորեն բարձրացնում է հարցեր գիտակցության սահմանների, անձի իրավունքների ու բարդ տեխնոլոգիաները կառավարող մարդկանց պատասխանատվության մասին։ Հերոսն աստիճանաբար հասկանում է, որ ինքն անձամբ մեծ գիտափորձի մաս է, ու գնացքի ուղևորներին օգնելու նրա ցանկությունը վերածվում է ազատության անձնական ակտի։ Ռեժիսոր Դանքան Ջոնսը գիտաֆանտաստիկ կոնցեպտը տեղադրում է էմոցիոնալ սյուժեի սահմաններում` հանդիսատեսին տերմիններով չծանրաբեռնելով։ Արդյունքում ստացվում է հազվագյուտ հիբրիդ. լարված թրիլլեր, որը չի զոհաբերում ոչ դինամիկան, ոչ էլ իմաստը։

3. «Ապագայի սահմանը» (Edge of Tomorrow, 2014)

Դագ Լայմանի ֆիլմում ժամանակային հանգույցը վերածվում է «դժոխք» լեվելի մարտական պատրաստության։ Թոմ Քրուզի մարմնավորած Բիլլ Քեյջը բոլորովին էլ հերոս չի, այլ վախկոտ «փիարշիկ», ով պատահաբար հայտնվում է այլմոլորակայինների դեմ կատաղի մսաղաց-պատերազմի առաջնագծում։ Նա զոհվում է գրեթե միանգամից, սակայն նրա մահը գործարկում է անվերջ փուլերը. Քեյջը յուրահատուկ tutorial-ում է, որում մեռնում ես ու կրկին փորձում` ինչպես From Software-ի խաղերում։ Ֆիլմը բացառիկ բալանս է պահպանում հնարամիտ ու կոշտ էքշնի, իրոնիայի, կերպարի զարգացման ու խաղային ստրուկտուրայի համադրման մեջ, որում յուրաքանչյուր կրկնություն նշանակում է հմտությունների կատարելագործում մինչև հաջորդ պարտություն։

Ֆիլմի հաջողության գաղտնիքը գլխավոր հերոսների փոխազդեցության մեջ է։ Էմիլի Բլանթը լեգենդար մարտիկ Ռիտա Վերդասկիի դերում իսկական տարերային ուժ է, ուսուցիչ, հսկիչ ու վերջին ուղենիշը աշխարհում, որտեղ ժամանակն այլևս գծային չէ։ Նրանց փոխազդեցությունը կառուցվում է «ասիմետրիկ գիտելիքի» վրա. Էմիլին ամեն անգամ տեսնում է նորեկի, Բիլլը` մարտական ընկերոջ, ում հետ նա արդեն ապրել է տասնյակ կյանքեր։ Դա առաջացնում է հազվագյուտ էմոցիոնալ էֆեկտ ու շեշտում ժամանակի տարօրինակ բնույթը, որում հարաբերությունները կարող են աճել միայն մի ուղղությամբ։ «Ապագայի սահմանը» մնում է հանգույցների մասին ամենաէներգետիկ ու մտածված ֆիլմերից մեկը, լավ օրինակ, թե ինչպես կարող է բլոկբաստերը լինել խելացի` առանց տաղտկալիության։

4. «Եռանկյունի» (Triangle, 2009)

Այս ֆիլմը հանգույցն օգտագործում է ոչ թե որպես արկած, այլ որպես հոգեբանական ծուղակ։ Քրիստոֆեր Սմիթի ֆիլմի սյուժեն սկսվում է որպես սովորական միստիկ թրիլլեր. մի խումբ մարդիկ հայտնվել են լքված նավում։ Սակայն աստիճանաբար «Եռանկյունին» վերածվում է կրկնվող իրադարձությունների մղձավանջային պարույրի, որտեղ գլխավոր հերոսուհին բախվում է ոչ թե ուղղակի կրկնության, այլ իրականության անդադար աճող ֆրագմենտավորման հետ։ Սա այն ֆիլմերից է, որտեղ կրկնությունը ոչ թե ինքդ քեզ փոխելու հնարավորություն է, այլ պատիժ, փակ համակարգ, որում ցանկացած ընտրություն միայն բերում է քեզ սկզբնակետին։

Իր ամբողջ մռայլությամբ հանդերձ, «Եռանկյունին» մնում է ինտելեկտուալ գլուխկոտրուկ։ Այն ամեն ինչ ուղիղ չի բացատրում, սակայն թողնում է բավարար հուշումներ, որպեսզի ուշադիր հանդիսատեսը կարողանա ձևավորել իրադարձությունների սեփական տարբերակը։ Հանգույցը այստեղ արտացոլում է տրավման, մեղքի զգացումն ու անուղղելին ուղղելու ձգտումը։ Ու չնայած «Եռանկյունին» հազվադեպ է հայտնվում ժամանակային հանգույցների մասին ֆիլմերի ցուցակում, հենց այն է լիարժեք ցույց տալիս, թե որքան վախենալու կարող է լինել այս կոնցեպտը, եթե այն կատակերգության ժանրից տեղափոխեն էքզիստենցիալ թրիլլերի ժանր։

5. «Մատրյոշկա» (Russian Doll, 2019– 2022)

Էմի Փոլերի ու հրաշալի Նատաշա Լիոնի «Մատրյոշկա» սերիալն այլ կողմից է մոտենում ժամանակային հանգույցին` ֆանտաստիկան վերածելով հոգեթերապևտիկ գործիքի։ Գլխավոր հերոսուհին` Նադյան (Լիոն) իր ծննդյան օրը նորից ու նորից մահանում է, ու յուրաքանչյուր փուլ ստիպում է նրան իր վրայից դեն նետել պաշտպանության, սովորությունների ու ինքնախաբեության հերթական շերտը։ Սերիալը կարողանում է միաժամանակ լինել սև կատակերգություն ու տրավմայի լուրջ ուսումնասիրություն` չընկնելով ոչ բարոյական պաթոսի, ոչ էլ ավելորդ տրագիզմի ծանծաղուտը։ Նյու Յորքյան քաոսը, Լիոնի չոր հումորն ու ջերմամիջուկային խարիզման լրացուցիչ ջերմություն են հաղորդում այս պատմությանը։

Երկրորդ սեզոնում սերիալն ընդլայնում է մասշտաբները` ավելացնելով նոր ժամանակային ստրուկտուրաներ, սակայն պահպանում է առանցքային գաղափարը. հանգույցը դա այն տեղն է, որտեղ մարդը կարող է քանդել ու կրկին հավաքել ինքն իրեն։ Այստեղ չկան չարագործներ, այլմոլորակայիններ ու գիտական լաբորատորիաներ, միայն հերոսուհին, ժամանակն ու քաղաքը, որն ապրում է սեփական կյանքով` անկախ Նադյայի մահերի քանակից։ Այս թեմայով բոլոր ֆիլմերի թվում «Մատրյոշկան» ամենամարդկային հայացքն է ուղղում փուլայնությանը։ Ֆանտաստիկան այստեղ միջոց է խոսելու այն մասին, ինչպես ենք մենք հաղթահարում անցյալի ցավերը։

6. «Փալմ Սփրինգս» (Palm Springs, 2020)

«Փալմ Սփրինգսը» վերցնում է «Արջամկան օրվա» դասական բանաձևը ու դարձնում այն ժամանակակից, թեթև ու զարմանալի ազնիվ։ Էնդի Սեմբերգի հերոսը արդեն այնքան երկար ժամանակ է մնացել անվերջ հարսանեկան օրվա մեջ, որ հասցրել է անցնել հաշտվելու ու ընդունելու բոլոր փուլերը` պանիկայից մինչև լիարժեք դզեն։ Ֆիլմը բացատրությունների վրա ժամանակ չի ծախսում ու հանդիսատեսին միանգամից ցույց է տալիս հասունացած ու արդեն բավականին հին հանգույցը, որտեղ կրկնությունը ոչ թե իրադարձություն է, այլ կյանքի ոճ։ Հանգույցում երկրորդ կերպարի հայտնվելը ֆիլմը վերածում է մտերմության, պատասխանատվության ու անմահության մասին մտորումների` եզրակացնելով, որ անմահությունն իրականում այնքան էլ զվարճալի չի, եթե դու իսկապես միայնակ ես։

Ֆիլմի գլխավոր ուժը նրա իրոնիայի մեջ է։ «Փալմ Սփրինգսը» հեշտությամբ քննարկում է էմոցիոնալ ստագնացիայի թեմաները` խուսափելով իրականության նկատմամբ վախից, չվերածվելով դասախոսության։ Կատակերգությունն այստեղ աշխատում է ոչ թե որպես թաքստոց բարդ թեմաների մասին խոսելու համար, այլ որպես իմաստի մի մաս. ծիծաղն այս դեպքում անվերջ օրը վերապրելու միջոց է, հատկապես երբ այդ օրը վերաբերում է օտար մարդու հարսանիքի։ Սա այն ֆիլմերից է, որոնք միաժամանակ զվարճացնում են ու հարվածում թիրախին, որովհետև խոսում են թեմաների մասին, որոնք մոտ են բոլորին. հոգնածության, միայնության ու նաև այն մասին, որ անգամ հավերժական կյանքը կարող է տառապանք լինել, եթե ոչինչ չփոխես։

7. «Մահդ շնորհավոր» (Happy Death Day, 2017)

Քրիստոֆեր Լոնդոնի ֆիլմը անամոթության աստիճան չարաճճի ժանրային հիբրիդ է։ Սլեշերը, կատակերգությունն ու ժամանակային հանգույցն այստեղ խառնվել եւ վերածվել են իդեալական կոկտեյլի։ Գլխավոր հերոսուհին` Թրիշը (Ջեսիկա Ռոթ) ուսանողուհի է, ում սպանում է սերիական մարդասպանն ու... Թրիշն արթնանում է նույն այդ օրը։ Ֆիլմը հմտորեն օգտագործում է հանգույցի ստրուկտուրան` ցույց տալու համար, ինչպես է հերոսուհին անցնում ինքնասիրահարված, բոլորից ու ամեն ինչից հոգնած աղջկանից մինչև աշխարհին սեփական հորիզոնից ավելի լայն նայող մարդ ընկած երկար ու բարդ ճանապարհը։ Ու այո, անում է դա անդադար մեռնելու միջոցով, ինչը միայն հնչում է մռայլ, որովհետև մատուցված է այնպիսի թեթևությամբ, որ ավելի շատ աշխատում է որպես սև կատակերգություն, քան հորրոր։

Ֆիլմի ամենաուժեղ կողմն իր տոնայնությունն է։ Այն չի վախենում մահվան մասին կատակելուց, քոլեջային շտամպերից ու սեփական սյուժետային հնարքներից` դրա հետ մեկտեղ խնամքով կառուցելով էմոցիոնալ արկան։ Յուրաքանչյուր կրկնություն դառնում է մինի հնարավորություն, իսկ սպանություններն աստիճանաբար վերածվում են ստրուկտուրային էլեմենտների։ «Մահդ շնորհավորը» հրաշալի օրինակ է, թե ինչպես կարող է հանգույցը վերակենդանացնել իրեն վաղուց սպառած ժանրը. սլեշերը, որում մահը ոչ թե ավարտ է, այլ սկիզբ, անսպասելիորեն ավելի լավ է աշխատում, քան բազմաթիվ լուրջ թրիլլերներ։


🎬 Արման Գասպարյան / PAN