Մի լեգենդ Կաչաղակաբերդից ու մի քանի հուշարձան՝ Արցախում. Կորսված մշակութային ժառանգությունը
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններից հետո 100,000-ից ավելի հայ բռնի տեղահանվեց։
Ադրբեջանի հարվածները, որքան էլ հակառակը պնդեն, ուղղված էին նաև քաղաքացիական բնակչությանը, զոհերի ու վիրավորների թվում էլ երեխաներ կային։
9-ամսյա շրջափակումից հետո Արցախի հայերի վրա ռումբեր գցած Բաքվից հնչող «վերաինտեգրվելու» կոչ-առաջարկների ֆոնին արցախցիների սարսափելի պատմություններն են՝ ռազմական գործողությունների, խաղաղ բնակչության վրա կրակելու, Բերձորում ապօրինի տեղադրված անցակետից մարդկանց առևանգելու ու ահաբեկելու, ծաղրելու, հոգեբանական ճնշման ենթարկելու մասին։
Հիմա Արցախում, տարբեր հաշվարկներով, մի քանի տասնյակից մինչև 100 մարդ կա, Կարմիր Խաչից են շրջում Ստեփանակերտի փողոցներում ու բարձրախոսներով հայտարարում այն, ինչ ոչ մի հայ չէր ուզի լսել։ Արցախի ՄԻՊ-ն ասում է՝ մնացել են հիմնականում միայնակ ծերերը կամ հաշմանդամություն ունեցողները, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որոշ մարդիկ ու ևս մի քանիսը՝ իրենց սեփական կամքով։
Դատարկված, հայաթափված Արցախում հայերից շատ է հայկական ժառանգությունը՝ եկեղեցիներ, ամրոցներ, վանքեր, թանգարաններ, որոնք ոչ մի բեռնատարի մեջ չէին տեղավորվի և որտեղից մի մասունք բերելն անգամ կյանքի ու մահվան հարց կարող էր լինել ցանկացած արցախցու համար։ Չնայած, օրինակ, խաչքարից մի կտոր բերող եղավ։
Կասկած չկա՝ Ադրբեջանը «վերաինտեգրելու» է նաև հայկական ժառանգությունը՝ իր իմացած հին ձևերով՝ «աղվանական է» գոչելով։ PAN-ն այսօր Արցախի մշակութային ժառանգության մասին է պատմում, ոչ բոլորի, իհարկե՝ դժվար է մի հողի մասին ամեն ինչ մի հոդվածում տեղավորել։ Փորձել ենք հավաքել Արցախի մշակութային ժառանգության մասին պատմությունները՝ ցանցային աղբյուրներից ու Արցախում ապրածների հուշերից։
«ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ԵՎ ՄԵՆԱԿ ՄՆԱՑԱԾ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ
Ստեփանակերտի մուտքի մոտ ու մայրաքաղաք մտնողին առաջինը բարևող Դեդո-Բաբոն Արցախի ամենաճանաչելի, բայցև ամենաերիտասարդ հուշարձաններից է։ Կարմիր տուֆից սարքված տատն ու պապն այս բլրի վրա են կանգնեցվել 1967-ին ու խորհրդանշում են արցախյան հողում հայ ժողովրդի արմատները՝ խորը, ամուր, հաստատուն։
Առանց պատվանդանի ու մայր հողից ծնվածի պես նույն այդ հողին կպած այս արձանի շուրջ այժմ ադրբեջացի ոստիկաններն են պտտվում, «հսկում»։ Ումի՞ց՝ չգիտենք։
Իսկ Դեդո-Բաբոյի կողքով բռնի տեղահանվողներն իրենց հետ պատմություն են բերում կամ իրենց հետևից պատմություն թողնում․ մեկը՝ զոհված ամուսնու մեդալները հայրենի հողում թաղելով, մյուսը՝ Ճարտար գյուղի բարձունքից վերջին հրաժեշտով, Ճարտարում մնալ, ապրելու չիրականացված ցանկությամբ։
ԱՄՐՈՑՆԵՐ ՈՒ ԲԵՐԴԵՐ
Մենակ մնացած այս բարձունքներում ոչ միայն անձնական պատմություններ են թաղվում, այլև հայոց պատմությունն է մնում։
Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Ջրաբերդի ամրոցը, օրինակ, որի կառուցման հստակ թվականը, համենայն դեպս համացանցային տարբեր աղբյուրներում, չի նշվում, այս ցանկի հայտնի ու կարևոր անդամներից է։ Ջրաբերդ ամրոցի հիմնադրման մասին որևէ տեղեկություն չի հասել, դրա մասին հիշատակության հանդիպում ենք Մովսես Կաղանկատվացի (10-րդ դար) պատմիչի «Աղուանից աշխարհի պատմութիւն» աշխատության մեջ:
Ջրաբերդի միջնադարյան նկարագիրը, սակայն, Րաֆֆու «Խամսայի մելիքություններ» ստեղծագործությունից ունենք․
«Ջրաբերդի մելիքի ամրոցը գտնվում էր Թարթառ գետի ափի մոտ, Երիցմանկանց վանքի հանդեպ։ Այդ բերդի անունով ամբողջ գավառը կոչվում է Ջրաբերդ, որովհետև բերդը կանգնած է համարյա թե ջրի մեջ, մի ահագին սեպաձև ժայռի գագաթի վրա, որի ստորոտը քերելով, անցնում են կատաղի Թարթառը և Թըրղին»,- գրում է Րաֆֆին։
Դժվար չէ կռահել, որ Ջրաբերդ անունն էլ գետերի կողքին լինելու համար է տրվել ամրոցին։ Բայց Ջրաբերդը հայտնի է նաև Չարաբերդ կամ Ջերմուկ անուններով:
Ջրաբերդը բնորոշվում է որպես պաշտպանական հզոր կառույց ու հիշատակվում՝ այն փոքր արահետներով կապված է եղել մի շարք այլ հոգևոր կենտրոնների (Դադիվանք, Գանձասար) և 30-ից ավելի գյուղական համայնքի հետ:
Ջրաբերդից երևում է Արցախի մեկ այլ եկեղեցի՝ Երից Մանկանցը։
Արցախի բերդեր-ամրոցների այս ցանկում անհնար է անտարբեր անցնել Կաչաղակաբերդի կողքով․ գեղեցիկ նկարագրություններն այս դեպքի համար չեն։
Ամբողջովին կանաչի մեջ ու բարձունքում գտնվող Կաչաղակաբերդը նախկինում նաև հայտնի արշավական ուղղություն էր: Չնայած բերդից քիչ բան է պահպանվել, այն շարունակում է մնալ ազդեցիկ ու շքեղ՝ նաև վայրի, իր շուրջ պտտվող լեգենդների պատճառով։
Բերդի դժվարամատչելիությունն անգամ անզեն աչքով է նկատելի, լեգենդները հենց սրա շուրջ են։ Օրինակ՝ այս մեկը։
Չնվաճվող Կաչաղակաբերդի հետևից եկած մի զավթիչ, երբ համոզվում է, որ գրավելն այն անհնար է, ինքնապաշտպանվելու համար բերդ բարձրացած ժողովրդին հասնելը՝ նույնպես, որոշում է մնալ ներքևում ու սպասել՝ պաշարվածներն ինքնակամ կամ սովից հանձնվեն։ Բայց այդպես չի լինում, նա համարյա նահանջի հրաման է տալիս, բայց մի արտառոց բան մոտը կասկած է հարուցում․ կաչաղակների առատությունը։ Նվաճողը մի երկու զինվոր է ուղարկում՝ ստուգելու՝ ինչ է կատարվում բերդում։ Իսկ բերդում պաշարվածների դիակներն էին՝ սովամահ եղած, ու դրանց վրա հավաքված կաչաղակները։ Սա Կաչաղակաբերդի գրավումն էր։
ԱՄԱՐԱՍԸ․ ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑՆ ՈՒ ՄԻ ՎԵՐ ՀԱՌՆՈՂ ԼԵԳԵՆԴԱՐ ՎԱՆՔ
2020-ից հետո խորհրդանիշական այս համալիր հայ ուխտավորները գնում էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, մեծ խմբերով և աղոթելու վրա դրված սահմանափակ ժամանակով, ու այս պատմության կողքը չմնալու վախով։
Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարասկզբին։ 5-րդ դարասկզբին հայ գրերը ստեղծած Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։ Ամարասի վանքն Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ է՝ Խազաս ու Լուսավորիչ սարերի գոգին։ Այն Մեծ Հայքի Արցախ նահանգի մեջ է եղել։
Ամարասի վանքն այս երկրամասի խոշոր կրոնական կենտրոնն ու եպիսկոպոսանիստն է եղել։
Ամարասի այս եկեղեցու շուրջ եղած պատմություններից մեկն էլ կապվում է Սբ Գրիգորիսի անվան հետ։ Ամարասի վանքում է մինչ այսօր գտնվում սրբի գերեզմանը:
821-1300-ականներին արաբներն ու մոնղոլներն անցան այստեղով ու ոչնչացրին վանքի մի մասը, պարիսպներն ու եկեղեցին՝ ամբողջությամբ։ Սրանից հետո, ասում են՝ վանքը կորցրել է իր հիմնական գործառույթն ու դարձել ամրոց, հետո էլ՝ ռուս-պարսկական մաքսատուն։
Միայն 1848-ին վանքը վերադարձվել է Հայ առաքելական եկեղեցուն, իսկ Շուշիի հայերի օգնությամբ նույն վայրում նոր սրբատեղի կառուցվել։
1991-ի պատերազմում Ամարասի վանքը դարձյալ ավերվել է․ վանդալներն ադրբեջանցիներն էին՝ քանդել էին նաև Սրբ Գրիգորիսի գերեզմանը։ Առաջին արցախյան պատերազմում հաղթանակից հետո Ամարասը վերականգնվել է՝ դառնալով Արցախի զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Ամարասը տեսածի վերջին հիշողությունն այսօր իր հետ Հայաստան է բերել եկեղեցու պահակը․ սահմանապահ վանքում ամիսներով մենակ մնացած պահակը, սակայն, չի հասցրել ոչ մի մասունք դուրս բերել։
Բայց ամեն կործանարար հարվածից հետո վեր խոյացող Ամարասի պատմությունը նաև լեգենդ է դարձել։ Այն պատմում է, թե մոնղոլ-թաթարների առաջնորդ Լենկ Թեմուրն Արցախ ու Ամարաս հասնելիս հրահանգում է հիմնահատակ ավերել վանքը։ Նրա հրամանով զինվորները կենդանի շղթա են կազմում և Ամարասի քարերը լցնում Արաքս գետը, բայց գիշերն արդեն հրեշտակների երկնային զորքը վերականգնում է վանքը։ Կատաղած բռնակալը նորից է հրամայում քանդել այն, բայց գիշերով այն կրկին վերականգնվում է։ Այսպես մի քանի անգամ, ու Լենկ Թեմուրը ստիպված է լինում թողնել հրաշագործ սրբավայրն ու հեռանալ Ամարասից։
ՍՈՒՐԲ ՂԱԶԱՆՉԵՑՈՑԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ» ՈՒՂԻՂ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ, ԵՎ ԿԱՆԱՉ ԺԱՄԻ ԱՐԴԵՆ ՄԱՔՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԵՐԸ
Դժվար է ասել, թե կոնկրետ որ տարածքը, քաղաքը կամ գյուղն է Արցախի հոգևոր-մշակութային կենտրոնը, երբ աչքի առաջ այս վիճակագրությունն է՝ Արցախում ամեն 17 կմ քառակուսու վրա մի եկեղեցի կա, բայցև դժվար է չհամաձայնել, որ մշակութային կենտրոնների շարքում 2020-ին ընկած Շուշին, անշուշտ, գլխավորներից էր։
44-օրյայից հետո Շուշիի գորգերի թանգարանի հարստությունը Հայաստան բերելու ու այստեղ մի մշտական տեղ չգտնելու մասին PAN-ը պատմել է դեռ երկու տարի առաջ։
Շուշիի Սբ Ղազանչեցոցը 2020-ի պատերազմից հետո այսօր արդեն դժվար տեղը բերեք․ օրեր առաջ AFP-ում էին կադրեր հրապարակվել։ Ադրբեջանի իշխանությունները միջազգային լրատվամիջոցների համար մեդիա-տուր էին կազմակերպել դեպի Արցախի դատարկված մայրաքաղաք, լրագրողները ֆիքսել էին նաև Ղազանչեցոցը։
Պատերազմի ժամանակ հարվածի տակ հայտնված եկեղեցին չորս կողմից շինարարության մեջ է․ սա ադրբեջանցիները «նախաձեռնել» էին պատերազմից հետո։
Տեղական սրբատաշ կրաքարից Շուշիում կառուցվել է 5 եկեղեցի, որոնցից պահպանվել և մեր օրերն է հասել երկուսը՝ Սբ Հովհաննես Մկրտիչը («Կանաչ ժամ») և Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին: Վերջինը վերադարձ էր գմբեթավոր եկեղեցիների տեսակին, որն առավել տարածված էր հատկապես 9-14-րդ դարերում: Սբ Ամենափրկչի շինարարն Ավետիս Յարամիշյանցն է, ով իր աշխատանքն ավարտել է 1886 թ. ապրիլին, իսկ ճարտարապետը՝ Սիմեոն Տեր-Հակոբյանցը:
Շուշիի մյուս ամենահայտնի եկեղեցին՝ Կանաչ Վանքը, դեռ 2022-ին պարզվեց, որ մեզ հայտնի տեսքով էլ չկա։ Այս մասին հայտարարել էր Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը: Կանաչ ժամի վերափոխման մասին փաստեր ստուգող լրագրողներն ավելի վաղ պատմել էին։
Հուշարձագիտական աղբյուրներում գրվում է. «Կանաչ ժամը (Կանաչ, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթները կանաչ էին ներկված) կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն: Գեղեցիկ և լավ պահպանված եկեղեցին՝ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի շնորհիվ, տեսանելի է քաղաքի բոլոր հատվածներից, այն կառուցվել է քաղաքի հյուսիսիային հատվածում»:
Սրբավայր ճարտարապետական նորարարություն է համարվում․ եկեղեցին ունի արևելք-արևմուտք առանցքով խաչաձև հատակագիծ, արևելյան ճակատն էլ կցված է մատուռի արևմտյան կողմին: Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն՝ «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:
Այս ցանկում արժե հիշել ու հիշեցնել Դադիվանքը․ այն 2020-ից հետո ռուս խաղաղապահների հսկողության ներքո էր, ու մինչև 2021-ն ուխտավորները դեռ կարող էին այցելել վանական համալիր։ Դրանից հետո, սակայն, հայերի մուտքը համալիրի տարածք արգելվեց, վանականները շարունակեցին իրենց պաշարված ծառայությունը՝ առանց մինիմալ պայմանների, երբեմն կիսասոված, երբեմն առանց ջրի, շուրջը՝ հայրենակիցների այրած տներով։
«Շատ ավելի ճնշող էր հոգեբանական իրավիճակը․ երբ դուրս ես գալիս, շուրջդ այրված տներ են, և գիտակցում ես, որ ընդամենն օրեր առաջ հայ ընտանիքներ էին ապրում այդտեղ։ Իսկ այն տներում, որոնք չէին այրել, թշնամին է ապրում, և ամեն տեղ ադրբեջանական դրոշներ են։ Բարդ էր նաև գիտակցել, որ քեզ ոչ թե պաշտպանում են քո երկրի զինված ուժերը, այլ՝ օտար։ Ամենաբարդը հոգեբանական վիճակն էր, նույնիսկ երբեմն չէինք ուզում դուրս գալ, որ դա չտեսնեինք»,- պատմում էր Դադիվանքում հոգևոր ծառայություն իրականացնող սարկավագներից մեկը։
Հիմա պարբերաբար հնչում են Դադիվանքից հայ հոգևորականների հեռանալու պահանջներ՝ Ադրբեջանից, իհարկե։ Վանական համալիրի 4 եկեղեցին ու 7 մատուռն առանց ուխատվորի թողնելու այս փորձերից առաջ, մի ծավալուն անդրադարձ, ամեն դեպքում մնացել է՝ հայկական եկեղեցում կնքված ռուս խաղաղապահի, ադրբեջանցիների ճնշումների տակ ուխտի եկող հայերի ու հոգևոր ծառայությունը հերթափոխով իրականացնողների մասին։
Հետո Գանձասարը կարող ենք հիշել. Արցախի կորսված մշակութային ժառանգության ցանկում մնացին նաև Շուշիի բերդը, Մոխրաթաղի ամրոցը, Տիգրանակերտի ամրոցը, Մայրաբերդը, Հաթերքը, մյուս կոթողներն ու ամենը, ինչ Արցախինն էր, և միայն Արցախինը։
Հավանաբար, հիշողությունը հենց նրանով է հիշողություն, որ այն քեզնից ոչ ոք խլել չի կարող, համենայն դեպս, մինչև այն պահը, երբ, օրինակ, գլխիդ մի ծանր բանով չեն խփել։ Այդ դեպքում իրոք հիշողություն կորցնելու վտանգ կա, բայց կա նաև բութ ցավից սթափվելու տարբերակը։ Մենք դեռ չգիտենք՝ ինչ կլինի մեր հիշողության հետ։