Շտապօգնության մեքենան, Մոնա Լիզայի փախուստն ու գյուղերում պահվող կտավները. Ինչպես Լուվրը «փրկվեց» նացիստներից
1939 թվականի օգոստոսի 25-ին Լուվրի դռների վրա մի ցուցանակ հայտնվեց՝ «Փակ է։ Վերանորոգման աշխատանքներ»։ Փարիզի բնակչությունը հանգիստ ընդունեց այս լուրը։ Չէին էլ կարող ենթադրել, որ աշխարհի ամենահայտնի թանգարանի դռների հետևում ծավալվում էր արվեստի գործերի տարհանման ամենամեծ օպերացիաներից մեկը։
Երեք օր՝ ընդամենը երեք օր ունեին թանգարանի աշխատակիցները, որպեսզի փրկեին հազարավոր արվեստի գործեր, որոնք պատերազմը սպառնում էր խլել կամ ոչնչացնել։ Այս օպերացիայի հետևում կանգնած էր մի մարդ՝ Ժակ Ժոժարը։ Շատերն իրավացիորեն պնդում են, որ նրա անունն արվեստի պատմության մեջ պետք է ոսկե տառերով գրվի։ Ժոժարը կանխատեսեց ու կանխարգելեց աղետը։
Ժակ Ժոժարը, Ֆրանսիայի ազգային թանգարանների տնօրենը, համեստ, բայց սուր մտքով օժտված մարդ էր։ Խորապես գիտակցում էր Ֆրանսիայի մշակութային ժառանգության նկատմամբ իր պատասխանատվությունը։ Եվ, որ նույնքան կարևոր է, նա փորձառու մասնագետ էր։
1938 թվականին, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, հենց Ժոժարն էր ղեկավարել Պրադո թանգարանի հավաքածուի տարհանումը։ Ընդամենը մեկ տարի անց այս փորձը նրա համար որոշիչ դարձավ։ Եվրոպայի երկնքում խտանում էին պատերազմի ամպերը։
Երբ 1939 թվականի սեպտեմբերին Գերմանիան ներխուժեց Լեհաստան, Ժոժարը հասկացավ՝ ժամանակն իր դեմ է աշխատում ու պետք է շտապել։ Նա արդեն ամիսներ շարունակ գաղտնի պլանավորում էր անհնարինը՝ տարհանել աշխարհի ամենահարուստ արվեստի հավաքածուներից մեկը։
Օգոստոսի 25-ին, վաղ առավոտյան Լուվրից դուրս եկավ մեքենաների անվերջանալի թվացող մի շարան։ 203 մեքենա՝ բեռնված 1862 փայտյա արկղով։ Դրանց մեջ էին աշխարհի ամենաթանկ արվեստի նմուշները՝ Մոնա Լիզան, Նիկե Սամոթրակյան քանդակը, Միլոսյան Վեներան և հազարավոր այլ գլուխգործոցներ։
Յուրաքանչյուր արկղ ուներ իր նշանը. Դեղին նշան՝ արժեքավոր գործերի համար, կանաչ՝ կարևոր ստեղծագործությունների համար և կարմիր՝ համաշխարհային նշանակություն ունեցող արվեստի նմուշների համար։ Մոնա Լիզան նշված էր երեք կարմիր նշանով։
Բայց ամենահետաքրքիրը՝ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը տեղափոխվում էր ոչ թե զրահապատ մեքենայով, այլ շտապօգնության ավտոմեքենայով։ Ժոժարը հասկանում էր, որ պատերազմի ժամանակ շտապօգնության մեքենան զրահապատ մեքենայից էլ ավելի ապահով էր։
Բայց ամեն բան չէ, որ հարթ էր ընթանում։ Ոչ բոլոր գործերը կարելի էր հեշտությամբ տեղափոխել մեքենայով։ Թեոդոր Ժերիկոյի «Մեդուզա լաստը» այնքան մեծ էր, որ չէր տեղավորվում անգամ բեռնատարում։ Արդյունքում որոշում են այն պարզապես ծածկել վերմակով։ Ասում են, որ երբ բեռնատարն ի վերջո հասնում է Վերսալ, որտեղից էլ պիտի ուղևորվեր Շամբոր, կտավը դիպչում է էլեկտրական լարին և առաջացնում կարճ միացում, ինչի պատճառով որոշ ժամանակով անջատվում է ամբողջ քաղաքի էլեկտրականությունը։
Այդ միջադեպից հետո երթուղիներն ավելի մանրակրկիտ են պլանավորվում, որպեսզի խուսափեն նմանատիպ խնդիրներից։ Անհրաժեշտության դեպքում էլ կտավներին «ուղեկցող» աշխատակիցները ձողերով բարձրացնում էին էլեկտրական և հեռախոսային լարերը։
Վերջին արվեստի գործը, որը տարհանեցին Լուվրից, Նիկե Սամոթրակյան քանդակն էր։ Այն տեղափոխվեց 1939 թվականի սեպտեմբերի 3-ին՝ հենց այն օրը, երբ Գերմանիային տրված Ֆրանսիայի վերջնագիրը սպառվեց։
Այսպիսով, արվեստի գործերը տեղափոխվեցին Ֆրանսիայի տարբեր անկյուններ՝ Շամբորի դղյակ, Վալանսեի դղյակ և բազմաթիվ այլ գաղտնի վայրեր։ Ընտրվել էին հեռավոր, գյուղական վայրեր՝ հեռու գործարաններից և ռազմական օբյեկտներից։ Այս վայրերում ռմբակոծությունները գրեթե անհնար էին։
Պատերազմի ընթացքում գործերը գաղտնի տեղափոխվում էին դղյակից դղյակ, որպեսզի նացիստների հարձակման հավանականությունը զրոյին մոտ լիներ։ «Մոնա Լիզա»-ի գտնվելու վայրն օրինակ փոխվել է վեց անգամ՝ Շամբորից մինչև տարբեր դղյակներ և վանքեր, իսկ պատերազմի վերջում հայտնվել է Մոնտոբանի Էնգրի թանգարանում։
Լուվրի աշխատակիցներն այդ ամբողջ ընթացքում ուղեկցում էին արվեստի գործերին և հետևում էին անհրաժեշտ պայմանների պահպանմանը։ Ջերմաստիճանը, լույսը և նույնիսկ խոնավությունը պետք է համապատասխանեին հատուկ նորմերին։ Կտավների պահպանման համար Ժոժարն անձամբ հիդրոմետրիկ սարքեր և տաքացուցիչներ էր ուղարկում պահպանման վայրեր։
1940 թվականի օգոստոսի 16-ին Փարիզ ժամանում գրաֆ Ֆրանց ֆոն Վոլֆ-Մետտերնիխը՝ Kunstschutz սկզբունքի շրջանակներում Ֆրանսիայի արվեստի հավաքածուների պահպանության պատասխանատուն։ Բայց Լուվրը գրեթե դատարկ էր։
Հետաքրքիր է, որ գրաֆը, որը նացիստական կուսակցության անդամ չէր, ոչ միայն չփորձեց գտնել թաքցրած գործերը, այլև օգնեց Ժոժարին պահպանել դրանք։ Շատ գերմանացի արիստոկրատներ հրաժարվում էին աջակցել Հիտլերի ռեժիմին և չէին մտնում կուսակցություն։ Սա էր նաև պատճառը, որ Մետտերնիխը բառացիորեն թեթևացած շունչ քաշեց, երբ տեսավ, որ Լուվրը գործնականում դատարկ է։
Բայց Ժոժարի համար վտանգի աղբյուրը միայն գերմանացիները չէին։ Ներքին թշնամին հաճախ ավելի վտանգավոր է լինում։ Ֆրանսիացի ազնվականության մի մասը հակված էր այն գաղափարին, որ թանգարանի նմուշները կարելի էր կիսել գերմանացի օկուպանտների հետ և ստանալ նրանց աջակցությունը։ Բայց Ժոժարն անդրդվելի մնաց։ Գրաֆ Ֆրանց ֆոն Վոլֆ-Մետտերնիխի հետ միասին նրանք շարունակում էին արվեստի գործերը պաշտպանել նացիստներից։ Իսկ պատերազմի ավարտից հետո Ժոժարը խնդրում է Շառլ դը Գոլին, որպեսզի Մետտերնիխին ներկայացնի Պատվո լեգեոնի շքանշանին։
Անշուշտ, Ժոժարը միայնակ չէր իր այս ջանքերում։ Նա սերտորեն համագործակցում էր ֆրանսիական Դիմադրության հետ, որը հետախուզական տեղեկություններ էր տրամադրում գերմանացիների շարժի մասին և օգնում էր ապահովել թանգարանի աշխատակիցների միջև կապը։ Դիմադրության մարտիկները բազմաթիվ դրվագներում խափանել են նացիստների՝ արվեստի գործերը հետապնդելու ջանքերը։
1944 թվականին պատերազմի ընթացքը շրջվեց։ Դաշնակիցներն ազատագրեցին Փարիզը օգոստոսին, և Ժոժարը, որը համագործակցել էր ֆրանսիական Դիմադրության շարժման հետ, հերոսի կոչում ստացավ։ Գերմանական օկուպացիան ավարտված էր և Ժոժարն անմիջապես ձեռնամուխ եղավ համակարգել արվեստի գործերի վերադարձը Լուվր։
Թաքնված նմուշները մեկ առ մեկ վերադարձան Փարիզ։ Ամենահաղթական վերադարձը կազմակերպվեց Մոնա Լիզայի համար։ Կտավը, որը պատերազմի ընթացքում խնամքով պահվել էր տարբեր վայրերում, վերադարձվեց խիստ անվտանգության պայմաններում։ Այն ուղղաթիռով բերեցին անմիջապես թանգարան։ Սրան հետևեցին այլ գլուխգործոցներ ևս, և 1945 թվականին Լուվրը կրկին ամբողջական էր, բացառիկ հավաքածուն տեղում էր։
Ժակ Ժոժարի քաջության ու հնարամտության շնորհիվ Լուվրի բացառիկ արվեստի գործերը վերապրեցին երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այդ տարիներին Ժոժարը լուռ էր գործում, նրա մշակած փրկության ծրագրերը լայնորեն ճանաչված չէին մարդկանց շրջանակում, բայց պատերազմի ավարտից հետո նրա ներդրումն ի վերջո գնահատվեց, Ֆրանսիային մատուցած ծառայությունների համար Ժոժարը պարգևատրվեց Պատվո լեգեոնի շքանշանով։
Լուվրի հավաքածուն փրկելուց բացի, Ժոժարի ջանքերը պատերազմների ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության նախադեպ ստեղծեցին։ Նրա մանրակրկիտ պլանավորումը և արվեստի գործերի պահպանմանը նվիրված անդրդվելի հանձնառությունը շարունակում են ոգեշնչել թանգարանային մասնագետներին, արվեստաբաններին ու պատմաբաններին նաև այսօր։