Կարդալիքներ PAN-ից
Today

Արվեստի պատմության «ամենագեղեցիկ» սկանդալը. Ինչու Փարիզը չընդունեց Տիկին Իքսի դիմանկարը

19-րդ դարի վերջի Փարիզը, իր ամբողջ շքեղությամբ ու խստապահանջ բարքերով, գնահատում էր գեղեցկությունը, բայց միշտ չէ, որ պատրաստ էր ընդունել այն, հատկապես, երբ այդ գեղեցկությունը դուրս էր գալիս ընդունված ու խիստ գծված սահմաններից։ Այդ հակասության ամենավառ օրինակներից մեկը դարձավ Ջոն Սինգեր Սարջենթի ստեղծած «Տիկին Իքսի դիմանկարը»։ Ժամանակին այս կտավը համարվեց սկանդալային, անպարկեշտ ու ամոթալի։ Կարելի է ասել, որ այն գրեթե կործանարար եղավ թե՛ բնորդուհու, թե՛ նկարչի համար։

Այսօր, երբ ուսումնասիրում ենք դիմանկարը, խիստ դժվար է հասկանալ, թե հատկապես ինչն էր այդքան վրդովեցրել հասարակությանը։ Կտավում պատկերված է սև, խորը բացվածքով զգեստով մի գեղեցկադեմ կին՝ գունատ, գրեթե ճենապակյա մաշկով, խիստ պրոֆիլով ու սառն, ինքնամփոփ հայացքով։ Նրա մարմինը թեքված է դեպի առաջ, իսկ գլուխը շրջված է կողք՝ կարծես դիտողին դիտավորյալ անտեսելով։ Մի ձեռքով նա բռնել է հովհարը, մյուսը հենված է սեղանին։ Կոմպոզիցիան պարզ է, բայց այդ մի տեսակ լարվածություն է պարունակում՝ միաժամանակ զսպված և սադրիչ լարվածություն։

Այս առաջին հայացքից հանգիստ ու հավասարակշռված տեսքը խաբուսիկ է։ Նկարի պատմությունը շատ ավելի գունեղ, շատ ավելի բազմաշերտ ու անհավանական է։ Բնորդուհին՝ Վիրջինի Ամելի Ավենյո Գաութրեուն ծնվել էր Նոր Օռլեանում, բայց փոքր տարիքից Փարիզում էր ապրում։ Նա ամուսնացել էր հարուստ բանկիրի հետ և արագ դարձել էր բարձրաշխարհիկ հասարակության ամենաքննարկվող կանանցից մեկը։ Նրա արտաքինը գրավիչ էր ու հիշվող՝ ընդգծված քթով, խիտ մազերով, անթերի մաշկով։ Նա սիրում էր աչքի ընկնել, հաճախ էր հայտնվում հասարակական միջոցառումներին ու հաճախ՝ առանց ամուսնու։ Այս ամենը մշտապես խոսակցությունների առիթ էր տալիս։

Սարջենթը, որ արդեն այդ տարիներին խոստումնալից նկարիչ էր համարվում, հատուկ է ընտրել բնորդուհուն։ Այս դիմանկարը նկարչի անձնական նախաձեռնությունն էր։ Նա համոզված էր, որ Գաութրեուի կերպարը կդառնա իր կարիերայի մեծագույն հաջողությունը։ Այս կտավի միջոցով նա ուզում էր գերազանցել ինքն իրեն և ստեղծել իսկական սենսացիա։ Ու գիտակցաբար էր ընտրել Փարիզի ամենաքննարկվող կնոջը։

Բայց այդ հաջողության ճանապարհը հեշտ չէր։ Բնորդուհին դժվարությամբ էր համաձայնել, հաճախ ձանձրանում էր ստեղծագործական ընթացքից, չէր կարողանում երկար ժամանակ անշարժ նստել, զբաղված էր իր սոցիալական կյանքով, ընտանիքով, հյուրերով։ Սարջենթը նույնիսկ բողոքում էր ընկերներին՝ նրան անվանելով «աննկարագրելի գեղեցիկ, բայց անհույս ծույլ»։

Գաութրեուն պարզապես գեղեցիկ կին չէր։ Նա իր արտաքինն օգտագործում էր որպես սոցիալական գործիք։ Կային նույնիսկ ձևակերպումներ, որոնք նրան նկարագրում էին որպես «արհեստավարժ գեղեցկություն» ունեցող կին, այսինքն մեկը, ով գիտակցաբար կառուցում է իր կերպարը և օգտագործում այն հասարակության մեջ իր դիրքը ամրապնդելու համար։ Նրա արտաքինի շուրջ ստեղծված «բրենդը» այնքան ուժեղ էր, որ շատ նկարիչներ էին ցանկանում նկարել գեղեցկուհում։ Նույնիսկ նշվում է, որ որոշ արվեստագետներ գրեթե «հետապնդում էին» նրան։

Հետևաբար բնորդուհու համաձայնությունը ստանալուց հետո Սարջենթը զգուշորեն էր մոտենում նրա քմահաճույքներին։ Նկարիչը ամիսներ շարունակ աշխատեց ու բազմաթիվ նախնական էսքիզներ ստեղծեց։ Փորձում էր գտնել ճիշտ դիրքը, ճիշտ լույսը, ճիշտ հավասարակշռությունը։ Արդյունքում ընտրեց այնպիսի կոմպոզիցիա, որը միաժամանակ ընդգծում էր կնոջ մարմնի կառուցվածքը և նրա սառը բնույթը։ Գաութրեուն ներկայացված է որպես ինքնամփոփ մի կին, որն անտարբեր է դիտողի նկատմամբ, չի փորձում դուր գալ կամ հաճոյանալ։ Այդ ինքնաբավությունը հետագայում դարձավ նկարի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը։

Եվ հենց այդ նույն ինքնաբավությունն ու արտաքին տեսքի որոշ դետալներ սկանդալի պատճառ դարձան։ Երբ 1884 թվականին կտավը ներկայացվեց Փարիզյան սալոնում «Տիկին Մ-ի դիմանկար» անվամբ, հասարակությունը բառացիորեն պայթեց։ Թեև նկարչի նպատակը մոդելի ինքնությունը թաքցնելն էր, բոլորը հեշտությամբ ճանաչեցին նրան։ Եվ սկսվեց քննադատությունների հուժկու ալիք։

Առաջին հայացքից ամենաշատ քննարկված դետալը զգեստի ուսագոտին էր, որը սկզբնական տարբերակում թեթևակի սահել էր ուսից։ Այդ փոքրիկ շարժումը ընկալվեց որպես սադրիչ ժեստ։ Սակայն իրականում վրդովմունքի պատճառը միայն դա չէր։ Գաութրեուի գունատ մաշկը, խիստ պրոֆիլը, անտարբեր ու նույնիսկ հպարտ կեցվածքը միասին հասարակության աչքերում ոչ թե նրբագեղ էին դիտվում, այլ գռեհիկ ու անհամեստ։ Նրան մեղադրում էին արհեստական գեղեցկության, վատ ճաշակի և նույնիսկ բարոյական «անկման» մեջ։

Քննադատները խիստ էին։ Ոմանք նկարը անվանում էին տարվա ամենավատ ու վիրավորական դիմանկար, մյուսները ծաղրում էին այն, ստեղծվում էին կարիկատուրաներ, մամուլը մանրամասն գրում էր մոդելի կյանքի մասին՝ որտեղ է գնում, ինչ է հագնում, ինչ է անում։ Կտավը բառացիորեն բամբասանքների աղբյուր ու թեմա էր դարձել։ Վիրավորում էին թե՛ բնորդուհուն, թե՛ նկարչին։ Մասնագիտական կամ գեղագիտական կարծիքն այստեղ արդեն երկրորդական էր, հնչում էին անձնական վիրավորանքներ։

Սկանդալը ծանր հարված էր թե՛ Գաութրեուի, թե՛ Սարջենթի համար։ Բնորդուհու մայրն անգամ պահանջել էր նկարչից հանել կտավը ցուցահանդեսից, այլապես իր դուստրը «կկործանվի այդ խայտառակությունից»։ Գաութրեուն ինքն էլ խորապես վիրավորվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ հասարակական կյանքից։ Նույնիսկ ասում են, որ նա այնքան էր ամաչում իր կերպարից, որ տանից հեռացրել էր բոլոր հայելիները։

Բարդ է պատկերացնել, թե ինչ հոգեբանորեն որքան ծանր էր կնոջ վիճակը, հատկապես, եթե հաշվի առնենք, թե որքան էր նա կարևորում իր սոցիալական դիրքը։ Արդյունքում ստացվեց այնպես, որ մի անմեղ դիմանկարի պատճառով կնոջ կյանքը տակնուվրա եղավ, նրան «հեռացրին» էլիտայից, անհետացավ առհասարակ սոցիալական կյանքից ու պարփակվեց իր մեջ։

Կտավի հեղինակի՝ Սարջենթի վիճակն էլ հեշտ չէր։ Նրա պատվերները կտրուկ նվազեցին, բարձրաշխարհիկ հաճախորդները սկսեցին խուսափել նրանից՝ վախենում էին, որ նկարիչը կարող է իրենց ևս «չափազանց արտասովոր» ձևով ներկայացնել։ Նկարիչը ստիպված եղավ հեռանալ Փարիզից և տեղափոխվել Լոնդոն։ Այնտեղ կործանման եզրին հասած ստեղծագործական կարիերան ստիպված էր սկսել զրոյից։ Երկար ժամանակ էր պետք, որպեսզի նկարիչը վերականգներ իր հեղինակությունը։

Սարջենթը, թեև հետագայում դարձավ բարձր հասարակության ամենապահանջված դիմանկարիչներից մեկը, սկզբում ինքն այդ աշխարհի լիարժեք մասը չէր։ Նա ծնվել էր Իտալիայում՝ բժշկի ընտանիքում, և իր մանկությունն անց էր կացրել Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ մշտապես մի տեսակ «կողքից» դիտելով բարձր խավի կյանքը։ Նրա մայրը փորձում էր ինտեգրվել այդ շրջանակներին, բայց այդպես էլ օտար էր մնում։ Այս պրիզման է, որ բացատրում է, թե ինչու էր Սարջենթը միաժամանակ ձգտում այդ աշխարհին, բայց նաև կարողանում այն դիտարկել որոշակի հեռավորությունից։

Վերադառնալով սկանդալային կտավին. Սկանդալից հետո հեղինակը որոշակի փոփոխություններ արեց կտավի վրա, օրինակ՝ ուսագոտին նկարեց այնպես, որ այն ամուր մնա ուսին։ Բացի այդ, փոխեց անվանումը ու այն ավելի խորհրդավոր դարձրեց՝ «Տիկին Իքս»։ Այս կերպ փորձում էր նվազեցնել աղմուկը, բայց արդեն ուշ էր։ Հետագայում նկարը երկար ժամանակ մնաց ստվերում, իսկ Սարջենթը խուսափում էր այն ցուցադրել։

Տարիներ անց, սակայն, վերաբերմունքը փոխվեց։ Նույն այդ կտավը, որը ժամանակին համարվում էր անընդունելի, սկսեց ընկալվել որպես դասական գեղեցկության և նրբագեղության օրինակ։ Սարջենթը ինքը հետագայում այն համարում էր իր լավագույն աշխատանքներից մեկը և 1916 թվականին վաճառեց այն Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։

Հետաքրքիր է, որ ժամանակի ընթացքում հենց այն տարրերը, որոնք քննադատվել էին, դարձան նկարի ամենատպավորիչ էլեմենտները։ Գաութրեուի ինքնաբավությունը, նրա սառը հայացքը, կերպարի անկախությունը՝ այս ամենը կարելի է դիտարկել որպես կանացի ինքնության արտահայտություն։ Գաութրեուն կին է, որը չի սահմանափակվում ամուսնությամբ, չի փորձում համապատասխանել սպասումներին, չի «հաճոյանում» դիտողին։ Սա հակասում էր կնոջը պատկերելու այն ժամանակվա կանոններին

Անշուշտ, այս պատմությունը լավ հիշեցում է, թե որքան հարաբերական են գեղեցկության ու բարոյականության չափանիշները։ 1884-ին սկանդալային ու ամոթալի համարվող պատկերն այսօր էլեգանտությունն է մարմնավորում։ «Տիկին Իքսի դիմանկարը» ժամանակի հայելին էր ու ցույց տվեց, թե ինչպես է հասարակությունը արձագանքում այն ամենին, ինչը չի տեղավորվում իր սահմաններում ու ճշմարտության և գեղեցիկի մասին պատկերացումներում։


✍️ Նանե Մանուկյան / PAN