Միներվա Մակգոնագալի ֆենոմենը, ռեկորդային մրցանակներն ու կարծրատիպերի դեմ պայքարը. Ի՞նչ ժառանգություն թողեց Մեգի Սմիթը
Լայն լսարանի հիշողության մեջ նա կմնա որպես խստապահանջ և արդար պրոֆեսոր Միներվա Մակգոնագալ, բայց Մեգի Սմիթի թողած ժառանգությունը շատ ավելի ընդգրկուն է, և թույլ է տալիս առանց որևէ կասկածի նրա անվան կողքին դնել լեգենդար բառը։
Մեգի Սմիթը դեռ մանկուց գիտեր, որ իր առաքելությունը բեմն է։ Նրա հաջողությանը չհավատացողների թիվն ավելի շատ էր, քան հավատացողներինը։ Անգամ Սմիթի տատիկը վստահ էր, որ թոռնուհին որևէ հաջողություն չի գրանցելու։ Ավելին, տատիկը Մեգի Սմիթին չէր համարում «բավարար» գեղեցիկ և կարծում էր, որ «այդ դեմքով դերասան դառնալ չի կարելի»։
Տասնամյակներ անց «այդ դեմքը» դարձավ Մեծ Բրիտանիայի դերասանական ասպարեսզի գլխավոր դեմքերից մեկը։ Բայց նախ վերադառնանք վաղ անցյալ։ Մեգին՝ չնայած տատիկի և մյուսների թերահավատությանը, ընդունվեց Օքսֆորդի դրամատիկական դպրոց: Մեկ տարի անց նրա բեմական դեբյուտն էր՝ ոչ ավել, որ պակաս՝ շեքսպիրյան կատակերգությունում։
Հենց սկզբից պարզ էր՝ Մեգի Սմիթն առանձնանում էր իր յուրահատուկ մոտեցմամբ, կերպարն ընկալելու և ներկայացնելու վարպետությամբ, այն ամբողջապես ըմբռնելու և մանրամասնորեն կերտելու հմտությամբ։ Եվ որ ամենակարևորն է՝ Սմիթը լայն դիապազոնով դերասանուհի էր, որին կարելի էր վստահել իրարից բացարձակ տարբեր հոգեկերտվածքով դերեր։ Սկզբում ակնհայտ էր մի բան՝ բեմում կանգնած է տաղանդավոր և մեծ ապագայով դերասանուհի։ Տասնամյակներ անց հստակ էր՝ խոսքը բրիտանական և համաշխարհային կինոյի ու թատրոնի պատմության մեջ անջնջելի հետք թողած արտիստի մասին է։
Սմիթի կարիերան տևել է մոտ յոթ տասնամյակ։ Թատերական կարիերան սկսվել է 1950-ականների կեսերին՝ Ուեսթ Էնդի բեմերում։ Թեև որպես թատրոնի դերասանուհի Սմիթն այնքան հայտնի չէ, որքան մեծ էկրանին իր մարմնավորած կերպարներով, ամեն դեպքում՝ նրա թողած թատերական ժառանգությունն առանձին անդրադարձի է արժանի։
Լոնդոնյան բեմը Սմիթի համար երկրորդ տուն էր դարձել։ Այդ բեմում կատարած աշխատանքի համար որպես լավագույն դերասանուհի 5 անգամ արժանացել է Evening Standard թատերական մրցանակի։
Մրցանակներից խոսեցինք, հետևաբար թույլ տվեք մի փոքր առաջ անցնել ու թվարկել Մեգի Սմիթի բազմաթիվ մրցանակներից գլխավորները։ Թատրոնում և կինոյում Մեգի Սմիթի կարիերան նրան բերել է մի շարք մրցանակներ՝ երկու Օսկար, երեք Ոսկե Գլոբուս, չորս Էմմի, հինգ BAFTA, հինգ Դերասանների գիլդիայի մրցանակ և մեկ Թոնի մրցանակ:
Բրիտանական մշակույթում իր ավանդի և մեծ ներդրման համար 1990-ին Էլիզաբեթ II թագուհին նրան Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել, իսկ 2014-ին՝ ավանդի համար թագուհուց ստացել է Պատվո ասպետների շքանշան։
Հիմա առավել մանրամասն։ Առաջին անգամ Սմիթը BAFTA-ի առաջադրվեց «Գնալու տեղ չկա» (1958) քրեական ֆիլմի համար։ Որպես լավագույն դերասանուհի Սմիթը BAFTA մրցանակի է արժանացել «Մասնավոր գործառույթ» (1984) և «Ջուդիթ Հերնի միայնակ կիրքը» (1988) ֆիլմերի համար, որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ «Թեյ Մուսոլինիի հետ» (1999) ֆիլմի համար։
Կինոաշխարհի գլխավոր մրցանակը՝ Օսկարը ևս Սմիթի ձեռքբերումների շարքում է։ Երկու անգամ Օսկար է ստացել՝ որպես լավագույն դերասանուհի «Օրիորդ Ջին Բրոդիի այգաբացը» ֆիլմում (1969) և որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի California Suite ֆիլմում (1978)։
Դերասանուհու այլ հայտնի ֆիլմերից են «Մահը Նեղոսի վրա» (1978), «Տիտանների մարտը» (1981), «Չարիքն արևի տակ» (1982), «Կապիտան Կրյուկը» (1991), «Գործի՛ր, քո՛ւյր» (1992) և այլ ֆիլմեր։
Պատկերացրեք, որ «Հարրի Փոթեր» ֆիլմաշարում դերասանուհին հայտնվել է արդեն իսկ այս բոլոր մրցանակները վաստակած ու մեծ ստեղծագործական ճանապարհ անցած։ Անգամ այդ փուլում՝ առանց «Հարրի Փոթերի», Սմիթը համարվում էր լեգենդար դերասանուհի, իսկ նրա ավանդը կինոաշխարհում և թատերարվեստում արդեն իսկ գնահատելի էր։ Բայց ստացվեց այնպես, որ մարդիկ նրա դերասանական տաղանդը հատկապես գնահատեցին որպես պրոֆեսոր Միներվա ՄակԳոնագալ։
Սակայն պարզվեց, որ անգամ «Հարրի Փոթերում» գրանցած հաջողությունն ու մեծ փառքը ճանապարհի ավարտը չէին։ 2010-2015 թվականներին դերասանուհին իր ներկայությամբ պատվեց «Դաունթաուն Էբբի»-ն և հանդես եկավ լեդի Վիոլետ Քրոուլիի դերում։ Այս դերի համար նա ստացել է 3 Էմմի, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ և Ոսկե գլոբուս։
«Ինձ նման կանայք բաժանվում են վիշապների և հիմարների։ Դու պետք է ստիպես, որ մարդիկ քեզ որպես վիշապ ընկալեն»:
Հենց այդպիսին էր Սմիթը մարդկանց աչքերում՝ անվախ վիշապ՝ ներքին արժանապատվությամբ, լուրջ, ինքնահեգնանքով, իրեն հատուկ հմայիչ կեցվածքով, կենսուրախ, բայց զուսպ։ Այս համատեքստում «վիշապ» ձևակերպումը հենց այս կերպ պետք է ընկալվի։
Բայց, անկախ ամեն ինչից՝ Սմիթը ոչ միայն տաղանդավոր դերասանուհի էր, այլև մեծ սրտով և ուրիշի ցավը նկատող ու կիսող մարդ։ Սա տեսել ու գնահատել են նրա գործընկերները, երկրպագուներն ու անծանոթները, հետևաբար դերասանուհու հիշատակին հարկ է ընդգծել ոչ միայն նրա կերպարների բազմազանությունը, այլև անձամբ Մեգի Սմիթի կերպարը։
Դերասանուհին միշտ աչալուրջ էր նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք ունեին, և ձգտում էր մեծահոգաբար և լուռ տրամադրել այդ օգնությունը: Այս խոսքերի լավ օրինակ է 2011 թվականին 4,6 միլիոն դոլար նվիրաբերությունը՝ Նոր Զելանդիայի երկրաշարժից վնասված թատրոններից մեկը վերականգնելու համար։ Բարեգործական աճուրդներում Սմիթի անունը մշտապես առաջին տողերում էր՝ սկսած կենդանիների պաշտպանությունից մինչև բնական աղետներ, համավարակի հետևանքներ և ավելին։
Բայց այնպես չէր, որ ինք՝ Սմիթը, որևէ օգնության կարիք չուներ։ Անշուշտ, որևէ մեկից օգնություն հայցելու կամ ակնկալելու մտադրություն չուներ, ճակատագրի մարտահրավերների դեմ միայնակ էր պայքարում, իսկ դժվարություններն ու դժբախտությունները չէր դարձնում իրեն բնորոշող երևույթներ։ Դեռ 1988 թվականին դերասանուհու մոտ աուտոիմուն հիվանդություն էր ախտորոշվել, ինչի հետևանքով Սմիթը անցել է ճառագայթային թերապիա և վիրահատվել։
2007 թվականին էլ Սմիթի մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշեցին։ Այդ շրջանում դերասանուհին նկարահանվում էր «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի հերթական մասերից մեկում։ Չնայած ինտենսիվ բուժմանը, որը մեծ ազդեցություն էր թողնում նրա ֆիզիկական վիճակի վրա, Սմիթը հաստատակամորեն շարունակում էր նաև ինտենսիվ նկարահանման գործընթացը՝ առանց ընդմիջման կամ էլ նկարահանման հրապարակում հատուկ պայմանների:
Այսօր դերասանուհու երկրպագուները հարգանքի տուրք են մատուցում նրան՝ վերհիշելով Մեգի Սմիթի լավագույն կերպարները, վերանայելով նրա մասնակցությամբ ֆիլմերը և կրկին ընդգծելով՝ համաշխարհային թատրոնի և կինոյի աստղի մասին պատմելու է նրա թողած ժառանգությունը։