#մշակութաPAN
May 22

Կանաչ խնձոր, սպիտակ սավաններ ու անձրևող տղամարդիկ. Ռենե Մագրիտը՝ ամենուր իմաստ փնտրող ապստամբ նկարիչը

Մոգական ռեալիզմի վարպետը մերժել էր բոհեմական կյանքը, լեզու չէր գտնում իր ժամանակակիցների հետ, տասը կողպեքի տակ փակել էր իր անձնական շփումներն ու առաջին հայացքից ամենասովորական կյանքով ապրող մարդ էր։ Հաճախ չէր ճամփորդում, իր անձի հետ կապված արտասովոր պատմություններ էլ առանձնապես չկային, բայց Ռենե Մագրիտն իրեն շրջապատող աշխարհն ու դրանում տեղ գտած ամենահասարակ երևույթներն ընկալում էր ամբողջովին այլ դիտանկյունից։

Ի՞նչ է պատմում մարդու մասին կանաչ խնձորը, իսկ սև գլխա՞րկը։ Գուցե աղավնիները, հայլիները կամ էլ ուշադրություն չգրավող ամպերը մեզ ինչ-որ բան պատմեն։ Բելգիացի Ռենե Մագրիտի կտավների արտասովոր կոմպոզիցիան, անսպասելի համադրություններն ու խորհրդավոր լուծումները դիտողի համար բավականին բարդ առաջադրանք են ստեղծում։

Նրա արվեստը հասկանալու և մեկնաբանելու համար մարդիկ բազմաթիվ տարբերակներ են փնտրում՝ փիլիսոփայական մտորումներից հասնելով մինչև Մագրիտի մանկություն։ Բոլոր դեպքերում՝ նրա ստեղծագործությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում և դիտողին հնարավորություն են տալիս փնտրել սեփական մեկնաբանությունները։

Ռենե Մագրիտը ողջ կյանքում նոնկոնֆորմիստ էր ու նրան անգամ «ապստամբ» նկարիչ էին անվանում: Նա չէր կարող և չէր էլ ուզում տեղավորվել նույնիսկ այն սյուռեալիստական ​​հասարակության մեջ, որին պատկանում էր: Անգամ իր վաղ շրջանի ստեղծագործություններում նա արդեն իսկ ձգտում էր դիմակայել «ողջախոհությանը» և փնտրել իր սեփական ճանապարհն արվեստում։

«Որքան հեռու էին ընդունված ընկալումներից իմ ստեղծած կտավները, այնքան ավելի մեծ ազատության զգացում ու հաճույք էի ստանում»:

Մագրիտի կտավներն ինտելեկտուալ լարվածություն են պահանջում։ Նրա գործերը նախատեսված չեն պարապ մտորումների կամ տեսողական հաճույքի համար։ Դրանք առեղծվածներ են, որոնք բացահայտման կարիք ունեն:

Մագրիտի կտավներին մշտապես փորձել են վերագրել իր կյանքից ինչ-որ դրվագներ կամ էլ մանկական տրավմաներ։ Դրանցից ամենահայտնին՝ մոր հետ կապված պատմությունն է։ Նկարչի մայրը ինքնասպան է եղել՝ խեղդվելով Սամբրե գետում։ Որոնողական աշխատանքները շաբաթներ են տևել։ Ըստ վարկածներից մեկի, երբ կնոջ դիակը հանել են գետից, Ռենեն տեսել է նրա անշնչացած մարմինը, որը սպիտակ սավանով էր ծածկված։

Հոգեվերլուծության սիրահարների համար այս պատմությունն այն էր, ինչ պետք էր։ Ռենե Մագրիտի կտավներում հաճախ հանդիպող անդեմ մարդկանց, ինչպես նաև սավանով ծածկված դեմքերը շատ հաճախ կապում էին հենց այս իրադարձությունների հետ, ասում, թե սա ցավը արվեստի միջոցով հաղթահարելու փորձ է։

Բայց Մագրիտը երբեք էլ այս պատմությանն այնքան խորությամբ չի անդրադարձել, որքան մարդիկ ակնկալում էին։ Անգամ վարկած կա, որ նա առհասարակ չի էլ տեսել մոր դին։ Փոխարենը, նկարիչը պատմում էր, որ իր մանկության տարիներին շատ այլ հետաքրքիր դեպքեր են գրանցվել, որոնք ձևավորել են իր մտածողությունն ու վառել հետաքրքրասիրությունը։

Առհասարակ, Մագրիտը տանել չէր կարողանում հոգեվերլուծությունները։ Ու նաև սա էր պատճառը, որ չէր կարողանում լեզու գտնել սյուռեալիստների հետ։ Նա բացահայտ կերպով ծաղրում էր արվեստի գործերը հոգեվերլուծությամբ բացահայտողներին։ Պնդում էր, որ իր ստեղծագործությունների էությունը ոչ այնքան հոգեբանական է, որքան փիլիսոփայական-պոետիկ, երբեմն հիմնված տրամաբանության պարադոքսների վրա։

Սովորաբար սյուռեալիստներն առօրեական իրեր նկարելը ձանձրալի զբաղմունք էին համարում։ Փոխարենը նրանք ձուլում, տրոհում կամ ինչ-որ կերպ տարրալուծում էին այդ իրերը։ Մագրիտի գլխավոր առանձնահատկությունը հենց դա է։ Նա իրերը ներկայացնում էր ճիշտ այնպես, ինչպես դրանք կան իրականում, իսկ կտավին առեղծվածային տարրեր էին հաղորդում այդ առարկաների անսպասելի համադրությունները։

Ռենե Մագրիտը կարծես նկարիչ-աճպարար լիներ ու իր կտավներում էլ օգտագործում էր աճպարարական հնարքների համար օգտագործվող մի ամբողջ «փաթեթ»՝ աղավնիներ, օղակներ, գլխարկ, հայելիներ և շատ աքվելին։

Այլ կերպ ասած, նա նկարում էր սովորական առարկաներ, որոնք, ի տարբերություն այլ սյուռեալիստների, գրեթե երբեք չեն կորցնում իրենց «առարկայականությունը»։ Իսկ կտավների անսովոր ենթատեքստերը ծանոթ գաղափարներին նոր իմաստներ են հաղորդում։ Հենց սա էլ կոչվում էր «մոգական ռեալիզմ»։

Մագրիտին շատ էր հետաքրքրում ընդհանրապես «թաքնվածի» գաղափարը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, իր հետևում միշտ մեկ այլ բան է թաքցնում, և մենք միշտ ուզում ենք տեսնել այն, ինչ թաքնված է տեսանելիի հետևում: Այն, ինչ տեսանելին թույլ չի տալիս տեսնել՝ միշտ ավելի հետաքրքիր է»։

1927 թվականից Մագրիտը սկսեց ուսումնասիրել մետամորֆոզները, իր կտավներում նաև ներկայացրեց պատկերի ու բառի փոխհարաբերությունները։ Ի վերջո, Մագրիտը, որպես սյուռեալիստ, կարծում էր, որ նկարն ամբողջական չի լինի առանց համապատասխան վերնագրի։ Նա երկար  փնտրում էր այդ անունները։

«Մենք պետք է փորձենք խուսափել վերնագրերից ու անուններից, որոնք հեշտությամբ ենթակա են հիմար մեկնաբանությունների»։

Խոսենք ավելի հստակ օրինակներով։ Նկարչի մոր ինքնասպանությանն և սավանների հետ կապված պատմությանն ամենամեծ անդրադարձը եղել է «Սիրահարները I» և «Սիրահարները II» կտավներում։ Սրանցից առավել հայտնին երկրորդ կտավն է, որտեղ նկարում պատկերված զույգը համբուրվում է, իսկ նրանց դեմքն ամբողջովին փակված է սպիտակ քողով։

Մանկության հետ կապված այդ ողբերգական դրվագի և այս կտավի միջև կապը նկարիչը հերքել է, բայց նրա ոչ այնքան սիրելի հոգեվերլուծաբան֊արվեստաբանները երբեմն շարունակում են պնդել, որ ենթագիտակցաբար այս երկու պատմություններն իրար հետ կապ ունեն։

Կա նաև վարկած, որ Մագրիտը, ինչպես այդ շրջանի շատ սյուռեալիստներ, ոգեշնչված էր Ֆանտոմասի խորհրդավոր կերպարով, որն ավելի ուշ հայտնվեց ֆրանսիացի ռեժիսոր Լուի Ֆյոյադի ֆիլմերում։ Ֆանտոմասի ինքնությունը երբեք չի բացահայտվում։ Նա միշտ հայտնվում էր դեմքը սպիտակ կտորով քողարկած։ Առհասարակ, Մագրիտն ընդունել է, որ ինքը շատ հաճախ է ոգեշնչվում ֆիլմերից և մեծ ներշնչանք է ստանում հատկապես խորհրդավոր կերպարներից։

Մագրիտի ամենահայտնի կտավներից է «Մարդու զավակը»։ Այս կտավը բազմաթիվ փոխակերպումների ենթարկվելով հայտնվել է ֆիլմերում, գովազդներում, տեսահոլովակներում, բազմաթիվ անգամներ կրկնօրինակվել է։

Այս կտավը ինչ-որ չափով նաև ինքնանկար է։ Հետևում երևում է ծովն ու ամպամած երկինքը։ Վերարկուով և գլխարկով տղամարդու դեմքը գրեթե ամբողջությամբ փակված է կանաչ խնձորով։ Արվեստաբանների վերլուծությամբ «Աստծո որդի» ասելով նկարիչը նկատի ունի Ադամի որդուն, իսկ կտավում պատկերված խնձորն էլ խորհրդանշում է այն բոլոր գայթակղությունները, որոնք շարունակում են գերել մարդուն նույնիսկ մեր օրերում։

Անդեմ մարդը հաճախ է դարձել Մագրիտի կտավների գլխավոր հերոսը։ Միջին վիճակագրական, ոչնչով չառանձնացող եվրոպացի տղամարդը երբեմն ամբողջ կերպարանքով է հայտնվում կտավներում, երբեմն կարելի է տեսնել միայն նրա գլխարկը, կամ էլ ծխամորճը։ Երբեմն էլ անդեմ մարդու դեմքը ծածկված է անսպասելի առարկաներով՝ խնձոր, աղավնի, ծխամորճ։ Հաճախ այս կերպարը դիտողին միջքով է կանգնած։ Այս տղամարդկանցից յուրաքանչյուրը ինչ-որ առումով հենց նկարչի դիմանկարն է, որովհետև առաջին հայացքից հենց ինքն էլ «ոչնչով չառանձնացող, սովորական» եվրոպացի տղամարդ էր։

Այս առումով նկարչի կարևորագույն գործերից է նաև «Գոլկոնդան»։ Նկարվում պատկերված են անձրևող տղամարդիկ, որոնք բոլորն էլ գրեթե միանման են. Սև վերարկու, սև կոշտ գլխարկներ։ Տպավորություն է, որ նրանք կա՛մ թափվում են երկնքից, կա՛մ էլ հելիումով լի փուչիկների նման վեր են բարձրանում։

Գոլկոնդան Հնդկաստանի Տելիգանա նահանգի ավերված մայրաքաղաքն է։ Այն 14-րդ դարի կեսերից մինչև 17-րդ դարի վերջերը հայտնի էր որպես ադամանդի արդյունաբերության կարևորագույն կենտրոն։ Օքսֆորդի անգլերեն բառարանում «գոլկոնդա» բառը հարստության հանքավայր բացատրությունն ունի։ Կտավում անհատի ու ամբոխի պայքարն է ու նրանց միջև սահմանագիծը։

Դե իսկ Մագրիտի ամենահայտնի շարքի ամենահայտնի կտավը «Պատկերների դավաճանություն» կտավն է, որտեղ պատկերված է ծխամորճ, իսկ ներքևում ձեռագիր գրված է՝ «սա ծխամորճ չէ»։ Եվ նա ամենևին էլ չի սխալվում։ Իրականում դա ոչ թե ծխամորճ է, այլ դրա պատկերը։ Իրականության նույնիսկ ամենաճշգրիտ վերարտադրությունն իրականությունը չէ։

Մագրիտն անհամադրելի համադրությունների վարպետ էր, որն իր կտավներում առատորեն կիրառում էր թաքնված խորհրդանիշեր։ Հետագայում դրանք դարձան նրա խորհրդանիշն ու մինչև օրս էլ ասոցացվում են հենց Մագրիտի անվան հետ։


✍️ Նանե Մանուկյան / PAN