Հայրասպանությո՞ւն, թե` դժբախտ պատահար. Աշխարհը քննարկում է Mango բրենդի հիմնադրի կասկածելի մահը
2024-ի դեկտեմբերի 14-ը Mango-ի հիմնադրի՝ Իսակ Անդիկի համար պետք է սովորական հանգստյան օր լիներ՝ լեռներ, մաքուր օդ, ընտանիքի հետ ժամանց։ Օրն այդպես էլ սկսվել էր՝ խաղաղ ու հանգիստ, բայց ավարտվեց ամենադաժան վերջաբանով՝ 150 մետր խորությամբ անդունդում։ Mango-ն համաշխարհային կայսրության վերածած Իսակ Անդիկի անունը հաջորդ օրը հայտնվեց բոլոր լրատվականների գլխավոր էջերում։
ՆԱԽ՝ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
Սկզբում ամեն ինչ շատ պարզ էր թվում. 71-ամյա միլիարդատերը, ով սիրում էր լեռնային զբոսանքներ ու հաճախ հենց բնության գրկում էր հանգստանում, դժբախտ պատահարի զոհ էր դարձել, սայթաքել ու ընկել անունդը։ Բռնության հետքեր չկային, կասկածելի հանգամանքներ՝ ևս։ Տեղում աշխատող փրկարարներն ու բժիշկներն արձանագրեցին, որ կատարվածը դժբախտ պատահար էր։ Ցավալի, բայց «սովորական» պատահար, առանց դավադրությունների։ Միակ մարդը, ով ուղեկցում էր Անդիկին այդ օրը, նրա 44-ամյա որդին էր՝ Ջոնաթանը։
Տեղի ունեցածից ժամեր անց Mango-ի կայքում հայտնվեց ընկերության ղեկավար Տոնի Ռուիսի պաշտոնական հայտարարությունը․
«Խորը վշտով տեղեկացնում ենք մեր հիմնադրի՝ Իսակ Անդիկի անսպասելի մահվան մասին, որը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով։ Այս ծանր պահին մենք կիսում ենք ընտանիքի ցավը՝ ինչպես մեր սեփականը»։
Մեծ աղմուկ չբարձրացավ։ Անշուշտ, բոլորն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ու վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար Անդիկին, բայց այդքանով ամեն բան սահմանափակվեց։ Գործընկերները շարունակեցին կայսրության ներսում լուռ աշխատանքը, ընտանիքը սգաց՝ առանց ավելորդ հանրայնացման, իսպանական մեդիան էլ բավականին զուսպ ու հարգալից գտնվեց։ Մահը ներկայացվեց որպես ողբերգական պատահար՝ առանց սենսացիոն ենթատեքստի։
Ի՞ՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՀԵՏՈ
Անդիկի մահից մեկ տարի չանցած՝ 2025-ի հոկտեմբերին, Կատալոնիայի դատական մարմիններն անսպասելիորեն վերաբացեցին գործը։ Սա մեծ անակնկալ էր թե’ հանրության, թե’ մեդիայի համար։ Պարզվեց, որ ոստիկաններին դեռ վաղուց էին անհանգստացնում որոշ մանրամասներ։
Նախ՝ այն հատվածը, որտեղ Անդիկը ենթադրաբար սայթաքել էր, այնքան էլ վտանգավոր չէր։ Դա զբոսաշրջային, հարթ արահետ էր՝ առանց որևէ նախազգուշացնող նշանի։ Բացի այդ՝ ոչ ոք, բացի որդուց, ոչինչ չէր տեսել, ոչինչ չէր լսել։
Կասկածելի էին նաև ցուցմունքները։ Ջոնաթանն առաջին հարցաքննության ժամանակ պատմել էր, թե ձայներ է լսել, բայց ոչինչ չի տեսել, որովհետև ավելի առաջ էր քայլում։ Ասել էր՝ փորձել է օգնության հասնել, բայց չի կարողացել՝ ճանապարհն անհարթ էր։ Բայց ինչ-որ բան այս պատմության մեջ չէր «կպնում» իրար։ Անգամ փորձառու քննիչները պնդում էին, թե՝
«Չափազանց շատ պատահականություններ կան այս պատահարի շուրջ»։
Այդպիսով՝ քննիչները որոշեցին վերադառնալ Մոնտսերատի լեռները, անցնել նույն ճանապարհով, որտեղ քայլել էին հայրը և որդին։ Արդյունքում ասացին, որ այն հատվածում, որտեղ Անդիկն ընկել էր, նույնիսկ անփորձ զբոսաշրջիկը դժվար թե սայթաքեր։ Իսկ Անդիկը, որ երկար տարիների փորձ ունեցող արշավորդ էր՝ առավել ևս։
Սա այն կետն էր, երբ հետաքննությունը փոխեց ուղղությունը։ Ոստիկանները սկսեցին դիտարկել սպանության վարկածը։ Եվ նրանց միակ կասկածյալը սպանվածի որդին՝ Ջոնաթան Անդիկն էր։
ՀԱՅՐԸ, ՈՐԴԻՆ ԵՎ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԵՎՐՈՆԵՐԸ
Իսակ Անդիկի մահը չէր կարող չհարուցել հարցեր նաև ֆինանսական աշխարհում։ Forbes-ը նրան անվանել էր Կատալոնիայի ամենահարուստ մարդը՝ մոտ 4 միլիարդ դոլար կարողությամբ։ Նրա հիմնած բրենդը՝ Mango-ն, 1984-ին բացված փոքրիկ խանութից դարձել էր ավելի քան 2700 խանութ ունեցող համաշխարհային ցանց։
Բայց վերջին տարիներին Իսակի ու որդու հարաբերությունները լարված էին։ 2014-ին նա Ջոնաթանին նշանակել էր ընկերության գլխավոր տնօրեն, սակայն երկու տարի անց պաշտոնանկ արել։ Այս պաշտոնը ստանձնել էր Տոնի Ռուիսը՝ ֆինանսական տնօրենը։
2024-ի դեկտեմբերին, մահվանից օրեր առաջ, Իսակ Անդիկը ելույթ էր ունեցել Mango-ի աշխատակիցների առջև։ Տարվա ամփոփիչ երեկույթի ընթացքում նա շնորհակալություն էր հայտնել բոլորին, բացի որդուց։ Ջոնաթանի անունն անգամ չէր հնչել։ Ասում են՝ այդ երեկո Ջոնաթանը լուռ դուրս էր եկել դահլիճից։
Բայց լարվածությունը չէր սահմանափակվում բիզնեսով։ Ընտանիքի ներսում կուտակվել էին նաև անձնական խնդիրներ։ Երեք ամիս առաջ՝ մինչև լեռնային չարաբաստիկ ճամփորդությունը, Իսակը պահանջել էր, որ իր փաստաբանը որդու ունեցվածքը պաշտպանող ամուսնության պայմանագիր պատրաստի, եթե Ջոնաթանը որոշի ամուսնանալ իր ընտրյալի՝ Պաուլա Նատայի հետ։ Այս որոշումը զայրացրել էր Ջոնաթանին։
Եվ այստեղ ի հայտ է գալիս այս պատմության երրորդ կարևոր կերպարը՝ Էստեֆանիա Կնուտը։ Վերջին տարիներին նա Իսակ Անդիկի սիրելին էր։ Կինն իսպանական մամուլին պատմել է, որ հայր և որդի հաճախ էին վիճում, իսկ վերջին օրերին լարվածությունը գագաթնակետին էր հասել։
«Իսակը հիանալի մարդ էր, բայց երբ խոսքը գնում էր բիզնեսի ու ժառանգության մասին, նա սառնասիրտ էր և հաշվարկող»։
Ի դեպ, առաջինը հենց նրան էր Ջոնաթանը զանգահարել, ու հետո միայն շտապօգնությանը։
ԳՈՐԾԸ ՆՈՐ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՆՈՒՄ
Այսպիսով՝ դեպքից տասն ամիս անց ոստիկանները վերջապես փոխեցին գործի կարգավիճակը։ Ջոնաթան Անդիկն այլևս ոչ թե վկա էր, այլ՝ սպանության գործով կասկածյալ։ Ոստիկաններն առգրավել են Ջոնաթանի բջջայինը, GPS-ի միջոցով վերականգնել հոր և որդու անցած ճանապարհը, ստուգել բոլոր զրույցները, անգամ՝ այդ օրվա եղանակային պայմանները, որպեսզի հերքեն կամ հաստատեն վարկածները։
Այս ամենի ֆոնին ուղղակի ապացույցներ չկան։ Ոչ տեսանյութ, ոչ վկա, ոչ հստակ որևէ հակասություն չի կարողանում ապացուցել Ջոնաթանի մեղքը։ Ջոնաթանի ցուցմունքներում որոշ անճշտություններ կան, բայց դրանցից ոչ մեկը հստակ չի մատնանշում սպանությունը։
Անշուշտ, այս ընթացքում Իսպանիայում շոկային իրավիճակ է, բոլորը քննարկում են «որդին սպանել է հորը» վարկածը, իսկ մեդիան մեծ արագությամբ ու մասշտաբներով տարածում և դիտարկում է «Mango-ի հիմնադրի մահը՝ սպանությո՞ւն» վարկածը։ Դե, իսկ ընտանիքը փորձում է պահպանել արժանապատվությունը և սառնասրտությունը։
Ջոնաթանի քույրերը՝ Ջուդիթն ու Սառան, հայտարարել են, որ չեն հավատում եղբոր մեղավորությանը։ Նրանք նույնիսկ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով «թույլ չտալ, որ անձնական ցավը վերածվի մեդիա-շոուի»։
Բայց նույնիսկ նրանց հավատն ու աջակցությունը չկարողացան փոխել հանրային դժգոհությունը և ազդել կասկածների վրա։
Ո՞ՒՄ ԿՄՆԱՆ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ
Այստեղ պատմությունը ստանում է իր հերթական՝ ֆինանսական շերտը։ Իսակ Անդիկը, ինչպես հայտնի է, իր կարողությունը հավասարապես թողել էր երեք երեխաներին։ Բայց նրա մահից հետո ներքին կարգով ինչ-որ փոփոխություններ են արվել։
Ջոնաթանը, Ջուդիթը և Սառան հիմնել են երեք նոր ընկերություններ՝ Black Indigo AR Corporation, Kiwi AR Corporation և Pitaya AR Holdings։ Դրանք գրանցվել են հենց այն նույն հասցեում, որտեղ 1984-ին բացվել էր առաջին Mango խանութը։
Ի դեպ, Իսակի մահից հետո նրա կողակիցը՝ Էստեֆանիա Կնուտը, հայտարարեց, որ իրեն թողնված ժառանգության բաժինը «անարդարացիորեն փոքր է»։ Նա պահանջեց ավելի քան 70 միլիոն եվրո, պնդելով, որ իրենց հարաբերությունները հավասարազոր էին ամուսնության։ Այս վեճը լրացուցիչ ստվեր գցեց արդեն իսկ մութ պատմության վրա։ Մինչ իրավաբանները լեռներում փորձում էին գտնել մահվան հանգամանքները բացահայտող պատասխաններ, ընտանիքի անդամները հարցերը լուծում էին քաղաքում՝ հաշվապահների ու փաստաբանների օգնությամբ։
ՍՏԱՄԲՈՒԼԻՑ ԵԿԱԾ ՊԱՏԱՆԻՆ
Մահվան ու ժառանգության այս մութ հարցերը մի պահ մի կողմ թողնելով, հիշենք, թե ով էր Իսակ Անդիկը և ուր հասավ իր աշխատասիրության ու ջանքերի շնորհիվ։ Նա ծնվել էր 1953-ին Ստամբուլում՝ հրեական ընտանիքում։ Ավելի խաղաղ ու ապահովված կյանքի փնտրտուքով ընտանիքը որոշում է արտագաղթել Եվրոպա, 1969-ին՝ տեղափոխվում Իսպանիա՝ Բարսելոնա։
16-ամյա Իսակը շատ արագ հասկանում է, որ եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է կարողանաս վաճառել։ Առաջին բիզնեսը շատ փոքրիկ էր։ Եղբոր հետ կոշիկներ էին պատրաստում, սեփական ձեռքերով էլ կարում էին պիտակները՝ Isak Jeans։
Տարբեր փորձություններից, մեծ ու փոքր հաջողություններից հետո Իսակը ստեղծեց Mangօ-ն։ 90-ականներին Mango-ն արագ աճեց։ 1992-ին այն արդեն դուրս էր եկել Իսպանիայից՝ առաջին խանութները Պորտուգալիայում էին, հետո՝ Սինգապուրում, Թայվանում։ Անդիկը շատ արագ հասկացել էր, որ նորաձևությունը ոչ միայն հագուստ է, այլև մշակույթ։
Նա չէր վախենում նորարարություններից։ 2000-ին Mango-ն սկսեց առցանց վաճառք։ Սա այն ժամանակ էր, երբ մյուս բրենդերը դեռ «փորձնական կայքեր» էին ստեղծում։ Իսկ 2007-ին Անդիկը բացեց հազարերորդ խանութը։ Նրա փիլիսոփայությունը պարզ էր․
«Մենք չպետք է վաճառենք միայն հագուստ, մենք պետք է վաճառենք ինքնավստահություն»։
2010-ին Իսակ Անդիկն արդեն համարվում էր Իսպանիայի երկրորդ ամենահարուստ մարդը։ Նրա կարողությունը հասնում էր 4,5 միլիարդ դոլարի։
Այս հստակ, բիզնես մտածողությամբ, առանց լուրջ ինտրիգների ճանապարհը, ցավոք, ավարտվեց հնարավոր ամենամեծ ու պայթյունավտանգ վարկածով։ Իսպանիայիում այսօր բոլորը քննարկում են մի հարց՝ ի վերջո, Անդիկն ընկե՞լ է, թե՞ նրան հրել է որդին։ Այս պատմությանը զուգահեռ՝ նույն իրականության մեջ Mango-ի ղեկավարությունը փորձում է պահել բրենդի կայունությունը։ Իսկ հետաքննությունը նյարդերի դաժան պայքար է խոստանում։