Հոգեառները՝ էկրանին. 10 ֆիլմ, որոնցում չարիքը նայում է ուղիղ աչքերիդ մեջ
Սերիական մարդասպանի կերպարը կինոյում միաժամանակ վախեցնում է ու գրավում։ Նա ուղղակի օրինախախտ չի, նա ոչնչացնում է կարգուկանոնի, բարոյականության ու մարդկայնության մասին մեր բոլոր պատկերացնումները։ Որոշ ռեժիսորներ այս կերպարը վերածում են խորհրդանիշի, մյուսները` հասարակության հայելու, իսկ երրորդները` արյունոտ ձեռնոցներով փիլիսոփայի։
PAN-ը պատմում է 10 ֆիլմի մասին, որոնցից յուրաքանչյուրը ոչ թե զուտ պատմում է մոլագար մարդասպանի մասին, այլ հանդիսատեսին ստիպում է հայտնվել տեսնելու, հասկանալու ու ապրումակցելու տհաճ, տագնապալի, երբեմն` անտանելի վիճակում։ Ու հարցը արյունը չի, այլ այն, որ այդ ֆիլմերից հետո հանդիսատեսը, որպես կանոն, էլ նախկինը չի լինում։
1. «Գառնուկների լռությունը» (The Silence of the Lambs, 1991, ԱՄՆ), ռեժիսոր` Ջոնաթան Դեմմի
Երբ սերիական սպանության սարսափը համադրվում է մարդկային հոգու գրեթե մետաֆիզիկական ուսումնասիրության հետ, ծնվում են իսկական գլուխգործոցներ։ «Գառնուկների լռությունը» ֆիլմի առանցքում մոլագար մարդասպանի որսն է, որը վերածվում է ցավալիորեն ինտիմ ինտելեկտուալ դուելի ՀԴԲ նորեկ գործակալ Քլարիս Սթարլինգի (Ջոդի Ֆոսթեր) ու ապակյա վանդակի մեջ գտնվող, հանճարեղ բժիշկ ու մարդակեր Հանիբալ Լեկտերի (Էնթոնի Հոփքինս) միջև։ Դեմմին կառուցում է կամերային, թատերական տարածություն, որում դեմքերը վերածվում են ներքին աշխարհի քարտեզի, իսկ յուրաքանչյուր բառ` իշխանության պոտենցիալ գործիքի։ Հոփքինսը մարմնավորում է բացարձակ չարիքն այնպիսի նրբությամբ, որ իր Լեկտերը ոչ միայն վախեցնում է, նա ձգում է, հիպնոսացնում, վարակում իր այլասերված տրամաբանությամբ։
Սակայն ամենակարևորն այն է, որ ֆիլմը չի իջնում պարզունակ էքսպլուատացիայի մակարդակի. այն սարսափեցնում է ոչ թե դաժան տեսարաններով, այլ լռությամբ, շքեղ երկխոսություններով, մթնոլորտով, անդադար հոգեբանական ճնշման զգացումով։ Սա հազվագյուտ դեպք է, երբ թրիլլերը վերածվում է սոցիալական հայտարարության տղամարդկանց աշխարհում կանանց դերի ու դիպլոմավոր հրեշների աշխարհում լսված լինելու ցանկության մասին։ «Գառնուկների լռությունը» միաժամանակ և հորրոր է, և փիլիսոփայական առակ, հազվագյուտ «ժանրային» կտավ, որն արժանացել է հինգ «Օսկար» մրցանակի ու բոլորը` գլխավոր անվանակարգերում։
2. «Զոդիակ» (Zodiac, 2007, ԱՄՆ), ռեժիսոր Դեյվիդ Ֆինչեր
«Զոդիակը» սովորական թրիլլեր չի։ Այն տասնամյակներ տևած ցավագարություն ու կախվածություն է։ Ֆինչերը ֆիլմը վերածում է ոչ թե հանցագործության, այլ մարդկային գիտակցության էության հետաքննության։ Գիտակցության, որը փորձում է կարգուկանոն գտնել քաոտիկ աշխարհում։ Զոդիակ կեղծանունով մոլագար մարդասպանը, միգուցե, մոտակայքում է, կամ վաղուց արդեն մահացել է, սակայն ֆիլմի հերոսների` լրագրողի, ոստիկանի, ծաղրանկարիչի համար նա արդեն վերածվել է կպչուն մտքի, որը բաց չի թողնում։ Ֆիլմի ռիթմը անշտապ է, դրվագները, թվում է, գրեթե պատահական են, սակայն հենց դրանում է թաքնված «Զոդիակի» մոգությունը. դու չես հետևում հետաքննությանը, դու դրանում ներքաշված ես, առանց դուրս գալու հնարավորության։
Ֆիլմի առանձնահատուկ ուժը նրա մթնոլորտն է. 70-ականների թանձր ծխապատ օդը, անալոգային աշխարհի խիտ տեքստուրաները. դարաշրջան առանց ինտերնետի, մինչև ԴՆԹ-անալիզները։ Այս դանդաղկոտության մեջ թաքնված է անկասելի սարսափ։ Ռոբերտ Դաունի կրտսերը, Ջեյք Ջիլենհոլը, Մարկ Ռուֆալոն ստեղծում են հոգնած, կոտրված կերպարների գունապնակ, որոնցից յուրաքանչյուրը ինքն իրեն կորցնելու է անորսալի մարդասպանի որոնումներում։ «Զոդիակը» կինո է ժամանակի մասին, որը կլանվում է կախվածության սև խոռոչում, երբ իմացությունը ու իմանալու ծարավը վերածվում են անեծքի։
3. «Ես տեսել եմ սատանային» (I Saw the Devil, 2010, Հարավային Կորեա), ռեժիսոր Կիմ Ջի Ուն
«Ես տեսել եմ սատանային» ֆիլմում արյունը հոսում է ոչ միայն մարմիններից, այլև հոգիներից։ Այն սկսվում է որպես վրեժի մասին թրիլլեր ու ավարտվում մարդկայինի քայքայման մասին փիլիսոփայական մեդիտացիայի տեսքով։ Գլխավոր հերոսը (Լի Բյոնխոն) հատուկ գործակալ է, ում հարսնացուն դարձել է սերիական մարդասպանի (Չխվե Մին Սիկ) զոհը։ Գլխավոր հերոսը գրեթե միանգամից հայտնաբերում է հրեշին, բայց չի սպանում, այլ մեթոդիկ կերպով տանջանքների ենթարկելով բաց է թողնում, ապա կրկին որսում է ու տանջում` իր վրեժը դարձնելով երկարատև խաղի, որում զոհի ու դահիճի դերերն անընդհատ փոխվում են։ Այս ֆիլմում չարիքը վերածվում է վիրուսի. նա, ով ուզում էր պատժել հրեշին, ինքն է վերածվում հրեշի։
Հիանալի օպերատորական աշխատանք, ռեալիստիկ արյունալի տեսարաններ, երկխոսությունների մինիմալիզմ. ամեն ինչ այստեղ ծառայում է գրեթե անտիկ ողբերգության կառուցմանը։ Կորեական կինոն հայտնի է իր էմոցիոնալ անկեղծությանբ, ու այս ֆիլմում այն հասցված է աբսոլյուտի։ Բռնության դրվագներն առաջացնում են ոչ թե շոկ, այլ թախիծ, զզվանք ու խորը բարոյական հյուծվածություն։ Սա ոչ թե զվարճանք է, այլ իսկական փորձություն։ «Ես տեսել եմ սատանային» հազվագյուտ ֆիլմ է, որում ժանրային ձևը ծառայում է բարձրագույն բարոյական նպատակի. ցույց տալ, որ վրեժը քեզ երբեք ամբողջական չի դարձնում։
4. «Յոթ» (Se7en, 1995, ԱՄՆ), ռեժիսոր Դեյվիդ Ֆինչեր
Եթե «Զոդիակում» Ֆինչերը ուսումնասիրում էր քաոսը, ապա «Յոթում» նա պրեպարացիայի է ենթարկում կարգուկանոնը. սոսկալի, արհեստական կարգուկանոն` հաստատված մոլագար մարդասպանի կողմից։ Այստեղ յուրաքանչյուր սպանություն փերֆորմանս է, այլաբանություն, արյունալի ուղերձ մարդկությանը։ Սակայն Ջոն Դոույի (Կեվին Սփեյսի) իրական թիրախը զոհերը չեն։ Իր իրական թիրախը հանդիսատեսն է։ «Յոթը» լարվածության մեջ է պահում` չդիմելով կլիշեների, ուղիղ ցույց չտալով ոչ մի սպանություն։ Սա ֆիլմ-թակարդ է, որը հանդիսատեսին խաբում է ոստիկանական նուարային պրոցեդուրալի կառուցվածքով` վերջում քացու տակ գցելու համար։
Մորգան Ֆրիմանն ու Բրեդ Փիթը կառուցում են իմաստուն պեսիմիստի ու միամիտ մաքսիմալիստի դուետ. սա արքետիպիկ ոստիկանական զույգ է, որը թույլ է տալիս բացել ոչ միայն ֆիլմի սյուժեն, այլև փիլիսոփայությունը մեղքի էության, օրենքի անկարողության, խելացի ու հաշվենկատ չարիքի մասին։ Ֆիլմի ֆինալը ոչ թե սովորական սյուժետային թվիստ է, այլ հայտնության պահ, որն անհնար է մոռանալ։
5. «Հիշողություններ սպանության մասին» (Memories of Murder, 2003, Հարավային Կորեա), ռեժիսոր Պոնգ Ջուն Հո
«Հիշողություններ սպանության մասին» հիանալի թրիլլերում սերիական սպանությունների հետաքննությունը առիթ է համակարգի դեգրադացման, բնազդների ու ինտուիցիայի սխալականության ու մարդկային համոզվածության փխրունության մասին մտորելու համար։ Սյուժեն հիմնված է 1980-ականների վերջի իրական հանցագործությունների` Հարավային Կորեայում առաջին գրանցված սերիական սպանությունների հետաքննության վրա։ Սակայն Պոնգ Ջուն Հոն հետաքննության այդ երկարատև քրոնիկոնը չի վերածում էժանագին թրիլլերի։ Նրան հետաքրքրում է ոչ այնքան մարդասպանը, որքան հետաքննիչները. մեկը` գյուղական ոստիկան (Սոն Կան Հո), ով հավատում է, որ մարդասպանին կարելի է բացահայտել առաջին իսկ հայացքից, մյուսը` քաղաքային դետեկտիվ (Պակ Հե Իլ), ով իրեղեն ապացույցների ու տրամաբանության կողմնակից է։ Ընթացքում երկուսն էլ կորցնելու են հողի վրա իրենց ամուր պահող հիմքերը` վերածվելով համընդհանուր պարանոյայի հայելային արտացոլումների։
Ֆինալը` առանց կատարսիսի, առանց հանցագործին գտնելու, միայն անվերջ, խուլ թախիծ։ Տեսախցիկը կանգ է առնում ոստիկանի դեմքի վրա, ով ուղիղ նայում է կինոդիտողին, կարծես, հարցնելով. «Իսկ միգուցե դա դո՞ւ ես»։ Հենց այս հայացքում ֆիլմի գլխավոր սարսափն է. ոչ թե սպանությունները, այլ այն, որ կարգուկանոնն անկարող է, համակարգը կոռումպացված է, իսկ ճշմարտությունը կարող է թաղված լինել արխիվներում։ Պոնգ Ջուն Հոն նկարել է ոչ թե զուտ ֆիլմ մոլագար մարդասպանի մասին, այլ ժանրային փաթեթավորման է ենթարկել կորեական ազգային տրավման։ Այս ֆիլմը մնում է ներսում, ինչպես չսպիացող վերք։
6. «Հենրի. Սերիական մարդասպանի դիմանկարը» (Henry: Portrait of a Serial Killer, 1986, ԱՄՆ), ռեժիսոր Ջոն Մաքնոթոն
Ի տարբերություն սերիական մարդասպանների մասին շատ ֆիլմերի, «Հենրին» չի առաջարկում ոչ եզրակացություն, ոչ կատարսիս, ոչ էլ սովորական իմաստով սյուժետային լարվածություն։ Սա սառը, անթափանց սարսափի օրագիր է։ Հենրին ոչ խարիզմատիկ է, ոչ խելացի, տարված չի փիլիսոփայությամբ կամ մանկական տրավմաներով. նա ուղղակի սպանում է։ Մաքնոթոնը միտումնավոր զրկում է հանդիսատեսին իր սովորական ուղենիշներից. չկա ոչ մոտիվ, ոչ վառ ոճավորում, ոչ դինամիկա։ Ամեն ինչ նկարված է ժլատորեն, գրեթե վավերագրական, կեղտոտ ինտերիերներով ու վատ լուսավորությամբ։ Ու հենց դրա շնորհիվ է այս ֆիլմն անտանելիորեն ճշմարտացի։
«Հենրին» թրիլլեր չի, այն հակաժանրային է։ Սպանությունները զուրկ են պաթոսից կամ նշանակալիությունից։ Դրանք առօրյայի մաս են, ինչպես նախաճաշը կամ աշխատանքի գնալու ճանապարհը։ Հենրին աղքատ, մահացող, մարգինալացված, նորմալությունից կտրված Ամերիկայի ուրվականն է։ Ֆիլմը դրվագներով չի վախեցնում, այն թունավորում է ներսից, թողնելով տպավորություն, որ չարիքը ոչ թե գրանդիոզ է, այլ ձանձրալի։ Այն քայլում է փողոցներով, ժպտում է, վերանորոգում ավտոմեքենան։ Ու ոչնչով չի տարբերվում ցանկացած այլ հարևանից։
7. «Մ» (M, 1931, Գերմանիա), ռեժիսոր Ֆրից Լանգ
«Մ»-ը ամբողջ ժանրի նախահայրն է, ֆիլմ, որում սերիական մարդասպանն առաջին անգամ դարձել է գեղարվեստական անալիզի օբյեկտ, ոչ թե պատկերված է զուտ որպես հրեշ։ Լանգը 1931թ-ին ստեղծեց ապագա հոգեբանական թրիլլերների գրեթե ամբողջական պրոտոտիպը. մոլագարություն, հետապնդում, պարանոյա, հանցագործի կերպարի ամբիվալենտություն։ Պիտեր Լորեի մարմնավորած Հանս Բեկերտը ուղղակի երեխաների մարդասպան չի, այլ մարդ, ում տանջում են ներքին դևերը։ Ֆինալում նրա մենախոսությունը կինոյի պատմության մեջ ամենաուժեղ դրվագներից է. մարդու բողոք, ով գիտի, որ ինքը հրեշ է, բայց չի կարողանում կանգ առնել։
Առավել հետաքրքրություն է առաջացնում այն, թե ինչպես է հասարակությունը պատասխանում սպառնալիքին։ Քաղաքը վերածվում է տոտալ հսկողության տարածքի, մաֆիան սկսում է իր հետաքննությունը, գողերն ու մարդասպանները արդարություն են պահանջում. Լանգը ցույց է տալիս, թե ինչպես է վախը ջնջում օրինականության ու հանցավորության սահմանները։ Գերմանական էքսպրեսիոնիզմը այստեղ հասնում է հոգեբանական խորության. ստվերներ, դատարկ փողոցներ, սուլոցներ` ամեն ինչ վերածվում է տագնապի լեզվի։ Ֆիլմը նկարվել է դարաշրջանների հատման կետում` Վեյմարյան Հանրապետությունը մահամերձ էր, իսկ առջևում նացիզմն էր, ու այս պատմական հեռանկարը ֆիլմը դարձնում է ոչ միայն ժանրային առաջամարտիկ, այլև քաղաքական մարգարեություն։
8. «Հետապնդողը» (The Chaser, 2008, Հարավային Կորեա), ռեժիսոր Նա Խոն Չժին
«Հետապնդողը» ֆիլմ է, որից սպասում ես կատարսիս, սակայն ստանում ես հարված կրծքիդ։ Այն կառուցված է զարմանալի պարադոքսի վրա. մենք գիտենք, ով է մարդասպանը, գիտենք, որտեղ է նա, սակայն, միևնույն է, նրան անկարող են կանգնեցնել։ Որովհետև համակարգը չի աշխատում։ Որովհետև ոչ ոք չի լսում։ Որովհետև բյուրոկրատիան առողջ բանականությունից ուժեղ է։ Կավատի վերածված նախկին ոստիկանը որոնում է անհետացած աղջկան ու հայտնաբերում է մոլագար մարդասպանի, ով հանգիստ ապրում է սովորական տանը։ Սակայն հենց այդ պահից սկսվում է ոչ թե հատուցումն, այլ հուսահատությունը։
Ռեժիսորը ֆիլմը կառուցում է որպես հակադետեկտիվ։ Չկա հերոսություն, չկան երջանիկ պատահականություններ։ Կա միայն հոգնած, կեղտոտ աշխարհը, որում անգամ բարի նպատակները տանում են ծուղակ։ Այստեղ հանցագործը կիսաստված չի, ինչպես Լեկտերը կամ Դոուն, այլ ճղճիմ, թույլ մի ոչնչություն։ Այդուհանդերձ, նա շրջապատող մարդկանցից ուժեղ է, որովհետև նրանք դանդաղկոտ են, վախեցած ու նորածին կատվի չափ կույր։ Ֆինալը թեթևության զգացում չի առաջացնում, այլ միայն շեշտում է հաղթանակի ու պարտության միջև սահմանի բարակությունը։
9. «Քաղաքացի Իքս» (Citizen X, 1995, ԱՄՆ/Հունգարիա), ռեժիսոր Քրիս Ջերոլմո
«Քաղաքացի Իքսը» սերիական մարդասպանների մասին ամենաանկատ, բայց առավել ազնիվ ֆիլմերից մեկն է։ Հիմնված Անդրեյ Չիկատիլոյի գործի վրա` այն ցույց է տալիս ոչ այնքան մարդասպանին, որքան խորհրդային բրյուրոկրատիայի դեմ պայքարը։ Քննիչ Բուրյակովը, ով փորձում է գտնել մարդասպանին մի համակարգում, որտեղ «ԽՍՀՄ-ում սերիական մարդասպաններ չեն լինում», բախվում է ոչ թե հրեշի, այլ գաղափարախոսության հետ, որի համար խնդրի խոստովանությունը խնդրից էլ վատ է։ Այս ֆիլմն այն մասին է, թե ինչպես են իմացությունն ու բարոյական պարտքը վերածվում դիմադրության ակտերի։
Ֆիլմը խուսափում է սենսացիոնությունից։ Սպանությունները պատկերված են ժլատորեն, գրեթե դիմազուրկ։ Գլխավորը քննիչի ներքուստ այրվելն է, նրա հուսահատ պայքարը համակարգի դեմ, որտեղ անգամ բարձրաստիճան գեներալները (հիանալի Դոնալդ Սազերլենդը) ստիպված են գործել զգուշորեն։ Ֆիլմի առանցքում ոչ թե արյունն է, այլ թարախը, որ պատել է ռեժիմը, որը նախընտրում է լռել, քանի դեռ երեխաներ են սպանվում։ Իր զսպվածությամբ «Քաղաքացի Իքսը» ավելի վախենալու է, քան շատ հորրորներ։
10. «Տունը, որ կառուցել է Ջեքը» (The House That Jack Built, 2018, Դանիա/Ֆրանսիա), ռեժիսոր` Լարս ֆոն Թրիեր
Հանճարեղ դանիացին կրկին բաժանեց հանդիսատեսին. որոշները «Տունը, որ կառուցել է Ջեքը» համարեցին ինքնասիրահարված, սադիստական արտհաուս, մյուսներն այստեղ տեսան աստված խաղացող մարդու փիլիսոփայական խոստովանանք։ Ջեքը (Մեթ Դիլլոն) մոլագար մարդասպան է ու ստեղծագործող, ում համար մարդասպանությունը ստեղծագործական ակտ է։ Նա կառուցում է ոչ թե տուն, այլ մարդկային մարմիններից բաղկացած կոնցեպտուալ տաճար։ Ռեժիսորը ոչ միայն ձայնի իրավունք է տալիս Ջեքին, այլև տրամադրում է նրան Դանթեի իմաստնությունը` ֆիլմը վերածելով ուղևորության դժոխքի շրջաններով։ Ֆիլմը ստեղծված չի մարդասպանին «մերկացնելու» համար, այստեղ մարդասպանը մերկացնելու է ռեժիսորի հոգին։
Ֆիլմն ազնվորեն վանում է սպանության ու կտտանքների դրվագներով ու փիլիսոփայական ռեֆլեքսիայով։ Սակայն վանումը այստեղ ռեժիսորի մարտավարության մի մասն է։ Ֆոն Թրիերն առաջարկում է հանդիսատեսին ոչ միայն նայել, այլև զգալ սեփական մեղավորությունը։ Մենք ծիծաղում ենք, երբ Ջեքը մտորում է սիմետրիայի մասին, սարսափում ենք, երբ սպանում է միայնակ մորն ու նրա երեխաներին (ճիշտ կլինի ասել` որսում է), սակայն շարունակում ենք նայել։ Մենք հանցակիցներ ենք։ «Տունը, որ կառուցել է Ջեքը» ոչ այնքան ֆիլմ է մոլագար մարդասպանի, որքան ցավով սնուցվող արվեստի մասին։ Հնարավոր է, ամենաազնիվ ֆիլմն այն մասին, որքան կործանարար ու վտանգավոր կարող է լինել սիրուց զուրկ հանճարեղությունը։