37-ամյա կինը 1 տարի ձևացել է 12-ամյա երեխա, նրան որդեգրել են. Բրազիլական սերիալ՝ հնդկականի մոտիվներով
Բրազիլական սերիալի մոտիվներով քաղաքական ու հասարակական անցուդարձից կտրվելու լավ թեմա ենք բերել, բայց բրազիլական սցենարից հրաժարվել, ցավոք, չկարողացանք։ Բրազիլիայում 37-ամյա կինը մեկ տարի ապրել է որդեգրող ընտանիքում՝ ձևանալով 12 տարեկան երեխա։ Առաջարկում ենք 1-2 րոպե մարսել այս միտքը, որովհետև ամենևին էլ կատակ չենք անում, ու հետո շարունակել։
Շարունակեցինք։ Բրազիլիայում ձերբակալել են 37-ամյա տեղացի մի կնոջ, որն ավելի քան մեկ տարի երեխա էր ձևացել ու ապրել որդեգրող ընտանիքում։ Այս ֆանտաստիկ, գրեթե հոլիվուդյան թրիլլեր հիշեցնող պատմության մասին գրում են տեղական ու միջազգային լրատվամիջոցները։ Ամանդա Մարիա Սոուզա Օլիվեյրան 14 ամիս հաջողությամբ մտել էր դերի մեջ ու ներկայանում էր որպես Գաբրիելա (կամ Գաբրիելե) անունով 12-ամյա աղջնակ։
Ամեն ինչ սկսվեց, երբ Օլիվեյրան հայտնվեց եկեղեցում և հոգևորականին պատմեց սրտաճմլիկ մի պատմություն, թե իբր փախել է Պարա նահանգից՝ դաժան ծնողների ձեռքից։ Կրոնական համայնքը, բնականաբար, շատ հուզվեց այս պատմությունից, նրան գումար ու կացարան տվեց, իսկ ավելի ուշ այս «խեղճ ու կրակ» խաբեբային իր հարկի տակ ընդունեց Ժոինվիլ քաղաքից մի ամուսնական զույգ։ Որդեգրող ծնողներն այնքան միամիտ ու բարի գտնվեցին, որ հոգում էին նրա դեղամիջոցների ծախսերը, ապահովում կենսական բոլոր անհրաժեշտ պայմաններով և նույնիսկ ճոխ խնջույք էին կազմակերպել Օլիվեյրայի «ծննդյան օրվա» կապակցությամբ։
Սեփական լեգենդը ջրի երես չհանելու համար Ամանդա Օլիվեյրան դիմում էր դերասանական իսկական հնարքների։ Օրինակ՝ ներկայանում էր որպես հոգեկան խնդիրներ ունեցող երեխա, մանկական շիշ ու ծծակ էր օգտագործում։ Իսկ երբ քնելու ժամանակն էր գալիս, այս 37-ամյա «փոքրիկը» երեխաներին հատուկ անմեղ սովորությամբ խորթ ծնողներից միշտ պահանջում էր իր սիրելի տաք վերմակը։ Նա բարակ ձայնով էր խոսում, բեմականացնում էր խուճապի նոպաներ և սիմուլյացնում էր աուտիզմ։
Ավելին՝ պատմությունն ավելի ազդեցիկ դարձնելու համար նա իր մարմնի մեջ ասեղներ էր մտցնում ու պնդում, թե աղանդավորների ծիսակարգերի զոհ է դարձել։ Իսկ իր բացահայտ հասուն արտաքինը կինը բացատրում էր հորմոնալ թերապիայի հետևանքներով, որն իրեն իբր նշանակել էին մանկության տարիներին։ Սիրառատ ընտանիքը նույնիսկ վճարում էր գիրության ու դիաբետի դեմ նրա թանկարժեք դեղերի համար։ Օլիվեյրան նաև համոզել էր որդեգրող ծնողներին իրեն դպրոց չուղարկել, որպեսզի հարազատ հայրը հանկարծ չգտնի իրեն։
Զույգն արդեն լրջորեն պլանավորում էր պաշտոնապես որդեգրել Օլիվեյրային։ Սակայն ամբողջ ճշմարտությունը ջրի երես դուրս եկավ, երբ հարազատներից մեկը, որն ակնհայտորեն ավելի սթափ էր դատում ու կասկածամիտ էր, որոշեց համացանցում նմանատիպ դեպքեր փնտրել ու դիմեց ոստիկանություն։ Արդյունքում կնոջը ձերբակալեցին հունիսի 2-ին, և նա միանգամից խոստովանեց իր արարքը։
Կարելի է միայն պատկերացնել, թե որքան են զարմացել այս միամիտ մարդիկ, որոնք պարզապես ուզում էին բարի գործ անել և կյանքի ու սեփական ծնողների դաժան վերաբերմունքին արժանացած աղջնակին երկրորդ հնարավորություն տալ։ Բայց սթափ բարեկամուհին և ոստիկանությունն ընդհատեցին բարեգործական այս շքերթը։
Ոստիկանները ձերբակալեցին «աղջնակին» ու հայտարարեցին, որ նա իրականում 37 տարեկան է կին է։ Այժմ նրան մեղադրում են խարդախության, փաստաթղթեր կեղծելու և անձնական տվյալների գողության մեջ։ Կինը գտնվում է Ժոինվիլի կանանց բանտում, նշանակվել է նաև դատահոգեբուժական փորձաքննություն։
Քննության տվյալներով՝ այս կինն իսկական «ռեկորդակիր» է և նախկինում նմանատիպ հնարքներ (ընդհանուր առմամբ մոտ 7 անգամ) արել է Բրազիլիայի տարբեր նահանգներում՝ Սան Պաուլուում, Ռիո դե Ժանեյրոյում, Մինաս Ժերայսում, Ռիու Գրանդի դու Սուլում և Գոյասում։
Ամեն անգամ նա նոր պատմություններ էր հորինում՝ մեկ աղանդավորների զոհ էր ձևանում, մեկ պատմում, որ ծնողները ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ։ Որպեսզի կասկածներ չառաջանային, նա իր մարմնի մեջ 200 մետաղական ասեղ էր խրել, որոնք էլ հայտնաբերվել էին բժշկական հետազոտության ընթացքում։ Նրան նախկինում էլ էին ձերբակալել, բայց խաբեբա կնոջը միշտ հաջողվում էր ջրից չոր դուրս գալ ու անցնել իր հին «արհեստին»։
Աշխարհում սա միակ «թատերականացված» խարդախությունը չէ։ Ոստիկաններն ամբողջ աշխարհում նմանատիպ այլ դեպքերի էլ են ականատես եղել։ Այնպես որ, բրազիլացի Ամանդան իր դերասանական տաղանդով միակը չէ, բայց հաստատ ամենափորձառուներից է, ում հաջողվել է 14 ամիս շարունակ խաբել մի ամբողջ ընտանիքի։
Ի դեպ, թեման այնքան «արդիական» է, որ վերջին տարիներին միանգամից մի քանի ֆիլմի ու մինի սերիալի սյուժեի է վերածվել։ 2009 թվականի «Որբը» թրիլլերում հերոսները որդեգրում են 9-ամյա մի աղջկա, որն իրականում 33-ամյա կին է, ով հազվագյուտ հորմոնալ հիվանդության պատճառով երեխայի տեսք ունի և շրջում է տարբեր որդեգրող ընտանիքներով։
Աղջիկը շատ լավ դաստիարակություն ունի, նկարում է, դաշնամուր է նվագում։ Բայց որոշ ժամանակ անց նրա անվան շուրջ սկսում են տարօրինակ դեպքեր տեղի ունենալ։ Ու ահա պարզվում է, որ Էսթերն ամենևին էլ իննամյա աղջիկ չէ, այլ 33-ամյա կին։ Ամեն անգամ նոր ընտանիք տեղափոխվելով՝ նա փորձում է գայթակղել ընտանիքի հորը, և եթե դա չի հաջողվում, սպանում է բոլորին։ Այս թեմատիկայով մեկ այլ էկրանավորում էլ Good American Family մինի սերիալն է։ Այն արդեն պատմությունը ներկայացնում է երկու հակադիր տեսանկյուններից։ Սփոյլ չենք անի, որովհետև այսքանից հետո գուցե թեման հետաքրքրի ու որոշեք նայել այն։
Անշուշտ, եթե կատակը մի կողմ թողնենք, ապա այս պատմությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե որքան հեշտ կարող են որոշ մարդիկ օգտվել ուրիշների վստահությունից, շահարկել խղճահարությունն ու օգնության պատրաստակամությունը։ Ու սա այն դեպքերից է, երբ սարսափ ժանրի սյուժեն առանց որևէ չափազանցության ոգեշնչված է իրական կյանքից։