Կարդալիքներ PAN-ից
Today

Մերիլին Մոնրո - 100. Ինչպես շիկահեր գեղեցկուհին սեքսուալ հեղափոխություն արեց կինոյում ու հաղթեց Հոլիվուդին

20-րդ դարի ամենաազդեցիկ, ճանաչված, տպավորիչ ու իսկապես iconic կանանցից մեկի՝ Մերիլին Մոնրոյի ծննդյան 100-ամյակն է։ Ինչպե՞ս ստացվեց, որ այս կինոաստղը հեղափոխեց էկրանային սեքսուալության պատկերացումները և էրոտիզմը ննջասենյակներից դուրս բերեց կյանք ու կինո։ Եվ ինչո՞ւ նրան կարող ենք համարել իր ժամանակաշրջանի կանանց ազատագրման ու ֆեմինիզմի խորհրդանիշը։

Նորմա Ջինի՝ ապագա Մերիլին Մոնրոյի առաջին պրոֆեսիոնալ լուսանկարը շքեղ ամսագրերի հետ որևէ կապ չուներ։ Այն արվել էր ռազմական գործարանում։ 1944 թվականի վերջն էր, 18-ամյա աղջիկն աշխատում էր Կալիֆոռնիայի Radioplane ձեռնարկությունում։ Այս աշխատանքը (և սեփական եկամուտ ունենալու հնարավորությունը) Նորման, ինչպես և հազարավոր այլ կանայք, ստացել էր միայն պատերազմի շնորհիվ։ Տղամարդկանց մեծ մասին գործարաններից ուղարկել էին ռազմաճակատ։ Նրա ամուսինը՝ Ջեյմս Դոգերտին, նույնպես ծառայում էր առևտրային նավատորմում։

Մի օր գործարան է գալիս լուսանկարիչ Դևիդ Քոնովերը, որին ԱՄՆ բանակի օդային ուժերի Առաջին կինեմատոգրաֆիական միությունն ուղարկել էր ռազմական գործարանների կին բանվորների՝ պրոպագանդիստական լուսանկերներ անելու համար։ Հաստոցի մոտ կանգնած Նորմային նա պատահականության սկզբունքով չէր գտել։ Գործարանի ղեկավարությունն էր ընտրել երիտասարդ բանվորուհուն՝ համարելով, որ նա գեղեցիկ կնայվի կադրում։ Քոնովերը պարզապես հիացած էր իր մոդելով։ Նախ նա գործարանում լուսանկարների մի ամբողջ շարք արեց (այդ թվում՝ թանկարժեք գունավոր Kodachrome ժապավենով), իսկ արդեն մի քանի ամիս անց արձակուրդ վերցրեց ու երիտասարդ աղջկան տարավ ամբողջ Կալիֆոռնիայով ֆոտոտուրի։

Խաղաղ օվկիանոսում ծառայող ամուսնուն սա դուր չէր եկել։ Երիտասարդ կինը շաբաթներով անապատում կորել է ինչ-որ շարքայինի մեքենայով։ Ու պատճառը լուսանկարվե՞լն է։ Նորման նամակներով փորձում էր խաղալ ամուսնու հայրենասիրական նուրբ լարերի հետ՝ պնդելով, որ այդ լուսանկարները պետք են զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար։ Իրականում լուսանկարիչը հույս ուներ կադրերը վաճառել ամսագրերին, իսկ մոդելի համար սա առաջին պորտֆոլիոն էր ու առաջին երկչոտ քայլը դեպի այն աշխարհ, որն այլևս երբեք բաց չէր թողնելու նրան։ Այդ ժամանակ Նորմայի և Ջեյմսի ամուսնությանը մնացել էր մեկ տարուց էլ քիչ կյանք։ 1945-ի ամռանը Նորման իր առաջին պայմանագիրը ստորագրեց մոդելային գործակալության հետ։ Ու հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ ներկեց մազերը ու դարձավ շիկահեր։

Պատերազմի ավարտին ամսագրերի արտադրությունը վերածվել էր հսկայական ինդուստրիայի։ Դրա համար պետք է «շնորհակալ լինել» առաջին հերթին ամերիկյան կառավարությանը, որը պատերազմական տարիներին ռազմաճակատ էր ուղարկում աղջիկների պատկերներով օրացույցներ, ամսագրեր ու բացիկներ, որոնք պետք է բարձրացնեին զինվորների տրամադրությունն ու հիշեցնեին, թե հանուն ինչի են նրանք կռվում։ Գեղեցկուհիների նկարները փակցնում էին զորանոցների պատերին, մեքենաների ու տանկերի խցիկներում, կործանիչների վրա։

Երբ պատերազմն ավարտվեց, անգամ ամենախիստ բարոյախոսները չէին կարող կանգնեցնել այս թափ առած շարժումը։ Հասարակությունը սովորեց այդ լուսանկարներին ու մոռացավ նախապատերազմյան կեղծ բարեպաշտությունը։ Ամենատարբեր ընկերություններ մասսայականորեն բացահայտեցին մարքեթինգային պարզ ճշմարտությունը՝ «սեքսը վաճառում է»։ Տարբեր հագուստներով ու կեցվածքներով աղջիկները գովազդում էին ամեն ինչ՝ լուցկու տուփից մինչև խաղաթղթեր։

Չնայած մոդելների աշխատանքը վատ էր վարձատրվում, ոլորտը ծաղկում էր։ Բացի այդ, գործարաններում պատերազմի ժամանակ բացված աշխատատեղերում կանայք այլևս պետք չէին, որովհետև գործատուները տեղ էին ազատում ռազմաճակատից վերադարձած տղամարդկանց համար։ ԱՄՆ-ում հերթական սոցիալ֊մշակութային բեկումն էր հասունանում, և հենց այդ ընթացքում Նորմա Ջինը մուտք գործեց շոու-բիզնես։

Մոդելային աշխատանքի ընդամենը մեկ տարվա ընթացքում Նորման այդ ամենի ոչ պաշտոնական թագուհին էր դարձել։ Բայց այդ աշխատանքը հյուծող էր և չէր կարող ապահովել նրա ֆինանսական անկախությունը։ Այդ ընթացքում Հոլիվուդն իր հերթական արմատական փոխակերպման փուլում էր։ Հետպատերազմյան ամերիկյան կինոն բախվել էր անսպասելի մրցակցի՝ հեռուստատեսության հետ։ Հանդիսատեսի համար պայքարում կինոարտադրողները դիմեցին նույն այն չգրված օրենքին, որի մասին քիչ առաջ էինք խոսում։ Հոլիվուդը, ինչպես 1920-ականներին, նորից գործի դրեց սեքս-խորհրդանիշների ծանր հրետանին։ Կադրում ճակատագրական կանայք էին կամ էլ շիկահեր սեքս սիմվոլներ։

Իհարկե, Fox ստուդիայի նոր ֆիլմի պաստառին հայտնվելու համար միայն մազերը բացացնելը բավարար չէր, և Նորմա Ջինը դա զգաց սեփական մաշկի վրա։ Մոնրոն մինչև 1940-ականների վերջը ամեն կերպ փորձում էր գրավել կինոաշխարհը, բայց անօգուտ, որովհետև սովորաբար բավարարվում էր էպիզոդիկ դերերով ու մի քանի նախադասությունից կազմված երկխոսություններով։ Դեպի կինո նրա կարիերայի ուղին ամենևին էլ «ուղիղ դեպի վեր» չէր սլանում, ինչ-որ պահի ֆինանսական խնդիրները լուծելու համար ստիպված էր էլի ու էլի հայտնվել օրացույցերի շապիկին։ Այդ նախագծերի համար Նորման օգտագործում էր Մոնա Մոնրո կեղծանունը, իսկ կինոյում նա թաքնվում էր մեկ այլ անվան տակ՝ Մերիլին։

Հաջողությունը նորելուկ դերասանուհուն ժպտաց միայն նոր տասնամյակի սկզբին. 1950 թվականին էկրան բարձրացավ «Ասֆալտային ջունգլիներ» ֆիլմը, որտեղ ունեցած երկու կարճ տեսարանների շնորհիվ Մոնրոյին վերջապես նկատեցին։ Սրան հաջորդեց ևս մեկ փոքրիկ, բայց հաջողված դեր Բրոդվեյի կուլիսների մասին պատմող «Ամեն ինչ Եվայի մասին» դրամայում։ Ֆիլմը «Օսկարի» հաղթարշավ գրանցեց, այդ ժամանակի համար ռեկորդային 14 անվանակարգում էր առաջադրվել և հաղթել դրանցից վեցում, ներառյալ «Լավագույն ֆիլմ» անվանակարգը։ Կարելի է պնդել, որ ֆիլմի հաջողության այս ալիքից ու փառքից բաժին հասավ նաև 24-ամյա դերասանուհուն, թեև նրա անունը տիտրերում վերջիններից էր։

Բայց այս նույն ֆիլմը նաև ինչ֊որ առումով թակարդ դարձավ։ Մոնրոյին բաժին հասավ կատակերգական մի կերպար, որից նա երկար ժամանակ չէր կարողանում ազատվել ո՛չ կինոյում, ո՛չ էլ իրական կյանքում։ Այդ կերպարը ձգտում էր փառքի, խելքով չէր փայլում և սիրում էր խմել։ Հենց այս ամպուլայով, որին, ի դեպ, խառնված էր նաև մանկական անմեղությունը, Մոնրոն հասավ իր առաջին մասսայական հաջողությանը՝ «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում։ Կինոնկարը, որտեղ Մերիլինի հերոսուհին հանճարեղ կերպով նկարագրում է կապիտալիստական իրականության մեջ ամուսնության ընկալումը, ամրագրեց դերասանուհու «հաջողակ աստղի» կարգավիճակն ու այն էկրանային կերպարը, որը փոփ-մշակույթը մեջբերում է մինչև օրս։

Եվ այսպես՝ մեկը մյուսի հետևից էկրան բարձրացան այսօր արդեն լեգենդար դարձած կինոնկարներ, որտեղ Մոնրոն փայլում էր իր հմայքով ու տաղանդով։ Բայց 1950-ականների կեսերին հոլիվուդյան ստուդիաների պայմանագրերը մեղմ ասած գոհացնող չէին։ Տպավորություն էր, որ դերասանների հետ վարվում են ինչպես կորպորատիվ գույքի հետ։ Պայմանագրերը կնքվում էին երկար՝ օրինակ 7 տարի ժամկետով, ընդ որում՝ այն չեղարկելու կամ միակողմանի երկարաձգելու իրավունք ունեին միայն ստուդիաները։ Պարտադրված դերից հրաժարվելը լուրջ խնդիրներ կարող էր առաջացնել՝ ընդհուպ մինչև սնանկացում։ Կինոարտադրության ստեղծման առաջին իսկ օրերից դերասանուհիները պայքարում էին անարդար վարձատրության դեմ։ Գործը երբեմն հասնում էր մինչև դատարան ու նման մի դատական գործի արդյունքում էլ դերասանուհիները հասան նրան, որ ստուդիաներին արգելվեց միակողմանիորեն երկարաձգել պայմանագրերը։

Հետևելով իր նախորդների օրինակին՝ Մերիլին Մոնրոն իսկական «սրբազան պատերազմ» հայտարարեց ստուդիային։ 1953 թվականի դեկտեմբերին նա հրաժարվեց նկարահանվել «Աղջիկը վարդագույն գուլպաներով» մյուզիքլում, որովհետև առաջարկված դերն անբովանդակ էր համարում։ Անշուշտ, Fox ստուդիան սա հեշտ մարսել չէր կարող։ Մոնրոյի դեմ արշավ սկսվեց մամուլում։ Ստուդիան տեղի ունեցածը ներկայացնում էր որպես մեծամիտ ու գոռոզ աստղի քմահաճույք ու հույս ուներ, որ նա կարճ ժամանակ անց պարտքերի մեջ կորած հետ կվազի իրենց մոտ։

Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Մերիլինը ևս PR արշավների նրբություններին տիրապետում էր ու սեփական խաղը սկսեց։ Հետո էլ դիմեց է՜լ ավելի արմատական քայլի՝ Հոլիվուդից գնաց Նյու Յորք, ուժեղ փաստաբան գտավ, իսկ ամիսներ անց մամուլի ասուլիս հրավիրեց ու հայտարարեց իր սեփական պրոդյուսերական ընկերության՝ Marilyn Monroe Productions-ի բացման մասին։

«Ես հոգնել եմ նույնատիպ սեքսուալ դերերից։ Ես ուզում եմ զբաղվել ավելի հետաքրքիր բաներով։ Գիտեք, մարդիկ նաև խորություն ունեն»։

Պրոդյուսերները որոշեցին, որ անփոխարինելի մարդիկ չկան ու անցան նոր Մոնրո ստեղծելու գործին։ Բայց հանրությունը ցանկանում էր տեսնել Մերիլինին և ոչ թե նրան փոխարինողներին։ Սա ակնհայտ էր հատկապես դրամարկղային հասույթներից։ Մոնրոյի մասնակցությամբ ֆիլմերն անհամեմատ ավելի շատ եկամուտ էին բերում ու այս փաստի դեմ ստուդիայի ղեկավարությունը ոչինչ չէր կարող անել։ Ի վերջո, 1955-ի վերջին Fox-ն աննախադեպ զիջումների գնաց ու Մոնրոյի հետ նոր պայմանագիր կնքեց։ Այն աստղի օգտին էր վերաբաշխում ֆիլմերից ստացված եկամուտները, ինչպես նաև դերասանուհուն իրավունք էր տալիս աշխատել այլ կինոընկերությունների հետ և վետո դնել ստուդիայի որոշումների վրա։

Մերիլինը ստացավ երկար սպասված ստեղծագործական ազատությունը։ Նա վերջապես կարող էր ինքնուրույն որոշել, թե որ ֆիլմում նկարահանվել։ Այս հաղթանակի առաջին արդյունքը եղավ «Ավտոբուսի կանգառ» հոգեբանական դրաման, որը ցնցեց քննադատներին, որոնք վերջապես Մոնրոյի մեջ իսկական դերասանուհու տեսան։ Դե, իսկ «Արքայազնն ու պարուհին» ֆիլմը թողարկվեց հենց իր՝ Մոնրոյի պրոդյուսերական ընկերության կողմից։

Համակարգի դեմ Մերիլինի աղմկոտ ըմբոստությունն ինչ-որ իմաստով հիմք դրեց ժամանակակից հոլիվուդյան ինդուստրիային։ Նրա սենսացիոն օրինակի շնորհիվ դերասանները սկսեցին մասսայականորեն անցնել ազատ աշխատանքային գրաֆիկի, սեփական գործակալների վարձել և ստուդիաներից դուրս ռեժիսորների ու սցենարիստների հետ համագործակցել։ Մոնրոն, դժբախտաբար, դա չտեսավ։ 36-ամյա դերասանուհուն գտան մահացած 1962 թվականի օգոստոսին։ Մահվան պատճառը դեղաչափի չարաշահման հետևանքով սուր թունավորումն էր։ Վկայությունների համաձայն՝ դերասանուհին սկսել էր հանգստացնող միջոցները չարաշահել դեռ Նյու Յորքում ապրելու տարիներին։ Այդ ժամանակ ստուդիայի դեմ լարված պայքարին գումարվել էին նաև անձնական խնդիրները։

Հետպատերազմական տարիները ԱՄՆ-ում ֆեմինիզմի խորը ճգնաժամի ժամանակաշրջան էին։ Դարաշրջանի հերոսները նախևառաջ պատերազմից վերադարձած վետերաններն էին, իսկ կանանց մեծ մասի համար նախատեսված էր «օջախի աղջկա» ու տան սպասավորի դերը։ Ի դեպ, հետագայում տարբեր տվյալներով պարզ դարձավ, որ հենց այդ ժամանակ կանանց շրջանում դեպրեսիան ու տագնապը մասսայական բնույթ ունեին։ Երկակի ստանդարտների ու չգնահատված լինելու այս ծանր շրջանից անմասն չէր նաև շոու բիզնեսը։ Ու միայն իսկապես ըմբոստ, համակարգին դեմ գնացող ու պայքարող տեսակը կարող էր որևէ բան փոխել այդ քաոսի մեջ։ Մերիլին Մոնրոն առաջիններից մեկն էր, որ նախ կոտրեց նախապատերազմական Ամերիկայի կեղծ բարեպաշտության ու 1960-ականների սեքսուալ ազատության միջև եղած պատնեշը, իսկ հետո պայքարեց իր ու իր նման կանանց իրավունքների համար։ Մոնրոն ստիպեց, որ իր արտաքինով հիանալուց զատ իրեն նաև լսեն, հաշվի նստեն ու հարգեն։


✍️ Նանե Մանուկյան / PAN