Տագնապած սերունդը, դատարանի շոկային որոշումն ու Meta-ի միլիոնները. Սոցցանցերը կախվածություն են առաջացնում, ճիշտ ինչպես ծխախոտը
Ամերիկյան դատարանում միայն KGM սկզբնատառերով հայտնի երիտասարդ մի աղջիկ պատմել է իր մանկության մասին։ Ու, ցավոք, այս պատմությունը բակում ընկերների հետ խաղերի կամ էլ տանը տիկնիկներին հարդարելու մասին չէ։ Երիտասարդ աղջիկը պատմել է, թե ինչպես է 6 տարեկանում սկսել օգտվել YouTube-ից, 9 տարեկանում՝ Instagram-ից, ու թե ինչպես են արդեն 10 տարեկանում նրա կյանքում հայտնվել դեպրեսիայի, ինքնավնասման դրվագները և իրական շփումների գրեթե ամբողջական կորուստը։ Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերն ամբողջությամբ կլանել են իրեն, փոխել սեփական արտաքինի, հարաբերությունների և աշխարհի մասին իր ընկալումները։ Եվ ահա՝ դատարանը պատմական որոշում է կայացրել. Meta-ն և Google-ը մեղավոր են ճանաչվել, դրանց ստեղծած սոցցանցերը նախագծված են այնպես, որ կախվածություն են առաջացնում, ճիշտ ինչպես ծխախոտը։
ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Այս պատմությունը հազարավոր հայտերից միայն մեկն է, հետևաբար այն ոչ թե բացառություն էր, այլ հստակ օրինաչափության հերթական դրվագ։ Բայց օրինաչափությունից դուրս ու իսկապես շրջադարձային էր դատարանի որոշումը։ Meta-ն և Google-ը մեղավոր ճանաչվեցին, թեև միլիոնավոր դոլարներ էին ծախսել այս հարցը «փակելու» համար։ Այսպիսով՝ սոցցանցերը նախագծված են այնպես, որ կախվածություն են առաջացնում։ Ի՞նչ է սա նշանակում։
Փաստարկը շատ պարզ է, բայց նաև ծանրակշիռ ու բազմաթիվ օրինակներով հաստատված։ Այս դեպքում խնդիրը մարդկանց տեղադրած կոնկրետ բովանդակությունը չէ, այլ այն մեխանիզմները, որոնց միջոցով այդ բովանդակությունը մատուցվում է։ Անվերջ սքրոլը, վիդեոների ավտոմատ գործարկումը, ալգորիթմային առաջարկները՝ այս ամենը նախագծված է մեկ նպատակով՝ որքան հնարավոր է երկար պահել օգտատիրոջ ուշադրությունը։
Եվ ահա՝ առաջին անգամ տեխնոլոգիական հսկաները փաստացի համեմատվեցին ծխախոտ արտադրող ընկերությունների հետ։ Նման համեմատությունը տարիներ շարունակ հնչում էր գիտական և հանրային դիսկուրսում, բայց հիմա այն ստացավ նաև իրավական ուժ։ KGM-ի գործով դատարանը 6 միլիոն դոլարի փոխհատուցում նշանակեց, որի մեծ մասը պետք է վճարի Meta-ն, մնացածը՝ Google-ը։ Բայց այս որոշման իրական ազդեցությունը գումարի մեջ չէր, այլ նախադեպի։ Միայն Կալիֆոռնիայում արդեն հազարավոր նմանատիպ հայցեր կան։ Դիմել են անհատները, դպրոցները, համայնքները։ Այս նախադեպը դատական մեկ գործից շատ արագ վերաճում է ամբողջական ու հուժկու ալիքի։
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԱՂՈՒՑ ԷՐ ԳՈՒԺՈՒՄ, ԲԱՅՑ ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ
Եթե դատարանը հիմա է արձանագրում խնդիրը, գիտնականները դրա մասին վաղուց էին խոսում։ Այդ ձայներից թերևս ամենահնչեղը սոցիալական հոգեբան, «Տագնապած սերունդը» գրքի հեղինակ Ջոնաթան Հայթն է։ Նրա պնդումը կտրուկ է ու հստակ՝ «անհատի սոցիալական կյանքում ամբողջությամբ ինտեգրված սոցիալական ցանցերը կարող են ավելի ուժեղ կախվածություն առաջացնել, քան թմրանյութերը»։
Հայթը նշում է, որ սկզբում սոցցանցերի նպատակը մարդկանց միմյանց հետ կապելն ու այդ կապերն ամրապնդելն էր։ Բայց մոտավորապես 2009 թվականից հետո խաղի կանոնները փոխվեցին։ Հարթակները սկսեցին կենտրոնանալ ոչ թե կապի, այլ ներգրավվածության վրա։ Այդ ժամանակ հայտնվեցին լայքերը, ռեպոստները, սելֆիի մշակույթը։ Եվ այդ պահից սկսած՝ բովանդակությունը դարձավ մրցակցային, համեմատվող, մի խոսքով՝ լայքերի ու մեկնաբանությունների մրցավազք։
Արդյունքում՝ գեղեցկությունը, հմտությունները, տաղանդը կամ դրա բացակայությունը, անգամ դաժանությունը սկսեցին «գնահատական ստանալ» ծանոթներից ու հատկապես անծանոթներից։ Իսկ այս համակարգը, ինչպես նշում է Հայթը, գրեթե բոլոր զարգացած երկրներում հանգեցրեց անհանգստության և դեպրեսիայի աճի։ Ամենախոցելի խումբը երեխաներն ու դեռահասներն էին։
Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ են հենց երեխաներն առավել խոցելի։ Մասնագետների ձևակերպմամբ նրանք ձևավորման փուլում են, ինքնագնահատականը կարող է խիստ տատանվել անգամ ամենափոքր արտաքին ազդեցությունից, սոցիալական հմտությունները դեռևս զարգանում են, իսկ ուղեղը հատկապես զգայուն է պարգևատրման մեխանիզմների նկատմամբ։ Դե, իսկ սոցիալական ցանցերը, իրենց հերթին, աշխատում են հենց այդ մեխանիզմների վրա։ Սոցիալական ցանցերը այլևս պարզապես գործիք չեն։ Դրանք միջավայր են, որը ձևավորում է վարք, մտածողություն, ինքնընկալում։
Դատարանում ներկայացված փաստաթղթերը ցույց են տվել, որ տեխնոլոգիական ընկերությունները լավ գիտեին այս մասին։ Ներքին հետազոտությունները, որոնք հրապարակման ենթակա չէին, հաստատում էին, որ երիտասարդ օգտատերերը հատկապես զգայուն են սոցիալական պարգևների նկատմամբ և չունեն ինքնակարգավորման բավարար կարողություն։ Բայց այս ինֆորմացիան այդպես էլ չի վերածվել համակարգային սահմանափակումների։ Ավելին՝ մրցակցությունը հարթակներին ստիպում է հակառակ ուղղությամբ գնալ։ Ինչպես նշում է Հայթը, ոչ մի ընկերություն չի ցանկանում կորցնել իր ամենաթանկ լսարանը՝ դեռահասներին։
Հետաքրքիր է նաև պաշտպանական կողմի դիրքորոշումը դատարանում։ Meta-ն և Google-ը պնդում էին, որ «սոցիալական ցանցերի կախվածություն» հասկացությունը հստակ բժշկական սահմանում չունի, հետևաբար՝ դժվար է ապացուցել դրա գոյությունը և ազդեցությունը։ Նրանք նաև նշում էին, որ օգտատերերի խնդիրները կարող են պայմանավորված լինել այլ գործոններով՝ ընտանիք, միջավայր և այլն։ Սա կարևոր հակափաստարկ է, որը շարունակում է գիտական դեբատների կենտրոնում մնալ։ Որոշ հետազոտողներ նույնպես պնդում են, որ կապը կարող է ոչ թե պատճառահետևանքային լինել, այլ սոսկ համընկնող։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր արդեն ունեն խնդիրներ, ավելի շատ են օգտագործում սոցիալական ցանցերը։
Բայց այստեղ ավելի լայն հարց է առաջանում։ Եթե անգամ սոցիալական ցանցերը միակ ու գլխավոր պատճառը չեն, արդյո՞ք դրանք չեն սաստկացնում արդեն գոյություն ունեցող խնդիրները։ Հայթը և բազմաթիվ այլ հետազոտողներ համոզված են, որ սաստկացնում են։ Այս պնդումները նրանք հիմնավորում են բազմաթիվ հետազոտություններով, որոնք ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում անցկացրած յուրաքանչյուր լրացուցիչ ժամը բարձրացնում է դեպրեսիայի ռիսկը։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԸ
Այս ամենի մեջ կա ևս մեկ կարևոր շերտ՝ երեխաների անվտանգությունը։ Մեկ այլ դատական գործով ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում Meta-ն պարտավորվել է վճարել 375 միլիոն դոլար՝ օգտատերերին մոլորեցնելու և երեխաների անվտանգության հարցում ձախողումների համար։ Դատախազությունը պնդում էր, որ հարթակները իրականում հեշտացրել են հանցագործների՝ անչափահասներին «հասնելու» ձգտումը, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է իրական բռնության։ Այստեղ ևս կրկնվում է նույն մոտիվը՝ համակարգերը կառուցված են այնպես, որ պահեն օգտատիրոջ ուշադրությունը՝ անկախ ռիսկերից։ Եվ հենց այդ պատճառով երեխաները դառնում են ամենախոցելի թիրախը։
Եթե փորձենք այս ամբողջ պատմությունը դիտարկել ավելի լայն շրջանակում, ապա պարզ կդառնա, որ խոսքը միայն սոցիալական ցանցերի կամ նույնիսկ տեխնոլոգիաների մասին չէ։ Խոսքը մանկության արմատական վերափոխման մասին է՝ այնպիսի փոփոխության, որը տեղի է ունեցել այնքան արագ, որ հասարակությունը դեռ չի հասցրել գիտակցել դրա խորությունը։ Ջոնաթան Հայթը հենց այս երևույթն է նկարագրում իր գրքում՝ պնդելով, որ վերջին տասնամյակում երեխաների կյանքը ոչ թե պարզապես փոխվել է, այլ արմատապես վերափոխվել է։
Նրա դիտարկմամբ՝ մոտավորապես 2010 թվականից սկսած դեռահասների հոգեկան առողջության ցուցանիշները կտրուկ վատացել են։ Սա չի արտահայտվում միայն սուբյեկտիվ զգացողություններով։ Խոսքը նաև շատ կոնկրետ, չափելի ցուցանիշների մասին է՝ օրինակ՝ հիվանդանոցների ընդունարաններում ինքնավնասման դեպքերի աճի, դեպրեսիայի և տագնապի ցուցանիշների աճի և այլն։ Հայթն այս փոփոխության հիմնական պատճառներից մեկը տեսնում է սմարթֆոնների և սոցիալական ցանցերի համատարած տարածման մեջ։ Բայց խնդիրը միայն թվային միջավայրի մեջ չէ, այլև այն մշակույթի, որը ձևավորվել է դրա շուրջ։ Երեխաները այլևս չեն մեծանում այն նույն միջավայրում, որտեղ մեծացել են նրանց նախորդող սերունդները։ Եթե նախկինում մանկությունը մեծ մասամբ անցնում էր ֆիզիկական աշխարհում՝ բակում խաղալով, ինքնուրույն իրավիճակներ լուծելով, փոքր կոնֆլիկտներ հաղթահարելով, ապա այսօր այն ավելի ու ավելի շատ է տեղափոխվում թվային միջավայր։
Այս փոփոխությունը երկկողմանի է։ Մի կողմից՝ իրական աշխարհում երեխաները դարձել են ավելի պաշտպանված, ծնողներն էլ՝ գերհոգատար։ Ծնողները ավելի քիչ են թույլ տալիս երեխաներին ազատ խաղալ, ինքնուրույն տեղաշարժվել, ռիսկի դիմել, անգամ երբ օբյեկտիվորեն աշխարհը ավելի անվտանգ է, քան նախկինում։ Մյուս կողմից՝ թվային աշխարհում երեխաները մնացել են գրեթե առանց պաշտպանական մեխանիզմների։ Այնտեղ նրանք բախվում են ինֆորմացիայի անվերջանալի ու չֆիլտրված հոսքի, ալգորիթմների, սոցիալական գնահատման մեխանիզմների, հաճախ՝ նաև վտանգավոր բովանդակության հետ։ Հայթի խոսքով մենք գերհոգատար ենք իրական կյանքում, զրկում ենք երեխաներին ազատ խաղից ու ռիսկի դիմելու հնարավորությունից, բայց բոլորովին անպաշտպան ենք թողնում օնլայն տիրույթում։
Սրա հետևանքով երեխաները չեն կարողանում ձեռք բերել այն հմտությունները, որոնք ձևավորվում էին ազատ խաղի միջոցով՝ համագործակցություն, կոնֆլիկտների լուծում, վախերի հաղթահարում, ինքնուրույնություն։ Փոխարենը նրանք հայտնվել են մի միջավայրում, որտեղ իրենց արժեքը չափվում է լայքերով, դիտումներով և անծանոթ մարդկանց գնահատականներով։
ԻՆՉՊԵՍ ՓՈԽԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Խնդիրը վաղուց արդեն միայն ընտանիքի ներսում չէ։ Այն արդեն դարձել է հանրային, ինչո՞ւ ոչ՝ քաղաքական հարց։ Հայթի գիրքը, օրինակ, ազդեցություն է ունեցել ոչ միայն ընթերցողների, այլ նաև քաղաքական գործիչների վրա։ Ավստրալիայում արդեն ընդունվել է որոշում՝ ըստ որի սահմանափակելու են սոցիալական ցանցերի օգտագործումը մինչև 16 տարեկանը։ Այլ երկրներում ևս քննարկվում են նմանատիպ օրենսդրական նախաձեռնություններ։ Թեման դուրս է եկել անհատական ընտրության կամ նախասիրությունների դաշտից և հասարակական պատասխանատվության հարց է դարձել։
Հայթի առաջարկած լուծումները, որքան էլ պարզ հնչեն, իրականում բարդ են կիրառման տեսանկյունից։ Նա առաջարկում է մի քանի հիմնական սկզբունքներ՝ հետաձգել սմարթֆոնների օգտագործումը մինչև 14 տարեկանը, սոցիալական ցանցերի մուտքը՝ մինչև 16, ստեղծել հեռախոսազերծ դպրոցներ և խթանել երեխաների ազատ խաղը։ Բայց նույնիսկ ինքը խոստովանում է, որ այս սկզբունքները հեշտ չի լինի կյանքի կոչել, հատկապես այն ընտանիքներում, որտեղ երեխաներն արդեն խորապես ներգրավված են թվային միջավայրում։
Սա նաև սոցիալական խնդիր է։ Երբ համատարած կերպով բոլորն են օգտագործում այս հարթակները, մեկ ընտանիքի սահմանափակումները կարող են երեխային դուրս թողնել սոցիալական միջավայրից։ Այդ պատճառով Հայթը խոսում է ոչ թե անհատական, այլ հավաքական փոփոխության մասին։ Երբ նորմերը փոխվում են ամբողջ դասարանի, դպրոցի, համայնքի, հասարակության մակարդակով, դրանք կիրառելի են դառնում։
Այս թեմայի շուրջ բոլոր քննարկումներում մի հստակ դիտարկում կա՝ ժամանակը սահմանափակ է։ Եթե համապատասխան քայլեր չարվեն, իրավիճակը կարող է ավելի խորանալ, հատկապես հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների՝ օրինակ՝ արհեստական բանականության ազդեցությունը։ Ու այս ճանապարհին պետք է հստակ հասկանալ, որ սոցցանցերն ու տեխնոհսկաները սոսկ չեզոք հարթակներ չեն, դրանք ակտիվ դերակատարներ են՝ իրենց բիզնես շահերով, հստակ նպատակներով, ազդեցությամբ ու մրցակցային ավյունով։ Ցավոք, մենք ապրում ենք մի ժամանակում, երբ տեխնոլոգիաները ոչ միայն արտացոլում են մեր վարքը, այլև ակտիվորեն ձևավորում են այն։
Այս թեմայի մասին կարելի է ու պետք է հաճախ խոսել։ Խոստանում ենք ապագայում առավել մանրամասն և այլ շերտերով ևս անդրադառնալ թեմային, հատկապես, որ Ջոնաթան Հայթի «Տագնապած սերունդը» շուտով լույս է տեսնելու նաև հայերեն։