Կարդալիքներ PAN-ից
May 6

Վան Գոգի գույները, Տիկին Իքսի դիմանկարն ու Ջեյն Գրեյի մահապատիժը՝ Met Gala-ի կարմիր գորգին. Ինչպիսի՞ն էին կտավից դուրս եկած կերպարները՝ Մադոննայից մինչև Ջեններ քույրեր

«Կյանքը նմանակում է արվեստին». Այս արտահայտությունը հաստատ լսել եք այս կամ այն մշակութային երկխոսության շրջանակում։ Met Gala 2026-ի շրջանակում այս ձևակերպումը կարծես երեկոյի տրամաբանության ու թեմատիկայի հիմքում էր։ Այս տարվա թեման՝ «Հագուստի արվեստը», և «Նորաձևությունը արվեստ է» dress code-ը, Met Gala-ի կարմիր գորգը վերածեցին պատկերասրահի կամ էլ թանգարանի։ Նպատակն էլ գուցե այն էր, որ հագուստը միայն շքեղության կամ ինքնարտահայտման միջոց չլինի։ Ու այս դեպքում այն մի տեսակ թանգարանային ցուցանմուշի էր նման, հիշեցնում էր հայտնի կտավներ, քանդակներ, ֆիլմեր, սյուրռեալիստական տեսիլքներ, իմպրեսիոնիստական այգիներ և հելլենիստական մարմիններ։

Մետրոպոլիտեն թանգարանում ևս այս թեմատիկան պահպանված էր։ Հատուկ ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էին Met-ի տարբեր հավաքածուներից շուրջ 400 աշխատանք՝ մոտ 200 հագուստ և աքսեսուար, ինչպես նաև 200 արվեստի գործ։ Այս տարվա Met Gala-ի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ թեման բաց էր արվեստի գրեթե բոլոր ձևերի առաջ։ Նախորդ տարիների dress code-երը հաճախ սահմանափակվում էին պատմական որևէ ժամանակաշրջանով, դիզայների ժառանգությամբ կամ կոնկրետ գեղագիտական ուղղությամբ։

Այս տարի ընտրության դաշտը շատ ավելի լայն էր, կարելի էր դիմել գեղանկարչությանը, քանդակագործությանը, կինոյին, սյուրռեալիզմին, իմպրեսիոնիզմին, պուանտիլիզմին, բարոկկոյին և այլն։ Ոմանք շատ ակնհայտ հղումներ էին ընտրել, որոնք անմիջապես ճանաչելի էին նույնիսկ այն մարդկանց համար, որոնք առանձնապես չեն փայլում արվեստի պատմության իմացությամբ։ Ոմանք էլ որոշել էին ավելի նուրբ ու ոչ ակնհայտ ակնարկներ անել։

Vogue-ի լրագրողներից մեկի ձևակերպմամբ՝ կարմիր գորգում հյուրերին ու նրանց կերպարներն ուսումնասիրելիս ասես շրջեիր թանգարանում, յուրաքանչյուր կերպարի առաջ ուզում էիր երկար կանգնել, հասկանալ, թե ո՞ր նկարիչը, ո՞ր ստեղծագործությունը, արվեստի ո՞ր ուղղությունն է ներկայացված տվյալ հագուստի միջոցով։

Երեկոյի ամենաքննարկված ու գեղեցիկ կերպարներից մեկը Գրեյսի Էյբրամսի Chanel զգեստն էր, որը ակնհայտորեն հիշեցնում էր Գուստավ Կլիմտի «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I» կտավը՝ նկարչի «ոսկե շրջանի» ամենահայտնի գործերից մեկը։ Կտավը հայտնի է նաև «Ոսկե Ադել», «Ավստրիական Մոնա Լիզա» անուններով։ Կլիմտի այդ կտավում մարմինն ասես լուծվում է ոսկու, երկրաչափական ձևերի, և դեկորատիվ շերտերի մեջ։ Դեմքն ու ձեռքերը, որոնք պատկերված են իրական սառը տոներով, տեսողական զգացողության տեսակետից դոմինանտ են և առանձնանում են զարդապատկերների ձևով արված մնացած տարրերի ֆոնում։ Էյբրամսի զգեստը գրեթե նույն տրամաբանությունն էր բերում կարմիր գորգ՝ բաց ուսեր, մեղմ ոսկեգույն երանգ, հստակ երկրաչափական նախշեր։ Շատերի կարծիքով սա երեկոյի ամենանուրբ ու դիպուկ կերպարներից էր, նաև թեմայի շուրջ ամենաճշգրիտ մոտեցումներից էր։

Ջոն Սինգեր Սարջենթի «Տիկին Իքսի դիմանկարը» ևս ոգեշնչման աղբյուր էր դարձել ու հայտնվել Met Gala-ի կարմիր գորգին։ Սարջենթի՝ 1884 թվականի հայտնի դիմանկարն իր ստեղծման տարիներին մեծ քննադատությունների ու սկանդալի պատճառ դարձավ, ազդեց նկարչի ու բնորդուհու հետագա կանքի վրա։ Ով կմտածեր, որ շուրջ մեկուկես դար անց այս կերպարն ու կտավը պիտի ոգեշնչեին կանանց։

Այս կտավը ստեղծագործություն է հակադրության մասին։ Սարջենթը ցույց է տալիս սև սաթե հագուստով, թանկարժեք ուսագոտիով զարդարված մի կնոջ, ում հագուստը միևնույն ժամանակ և՛ ցուցադրում, և՛ թաքցնում է իր մարմնի ամբողջ գեղեցկությունը։ Ի դեպ, սկանդալի կենտրոնում հե՛նց ներքև սահած ուսագոտին էր, որը նկարիչը հետագայում ստիպված էր վերականգնել։ Met Gala-ի կարմիր գորգին Ջուլիան Մուրը և Քլեր Փոյը հայտնվել էին նրբագեղ սև զգեստով, իսկ ուշադրության կենտրոնում կրկին ցած սահող ուսագոտին էր։

Ինչպես միշտ՝ երեկոյի ամենատպավորիչ կերպարներից մեկը Մադոննայինն էր։ Saint Laurent-ի համարձակ կերպարը հղում էր անգլիական ծագումով մեքսիկացի սյուրռեալիստ նկարիչ Լեոնորա Քարինգտոնի «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» սյուրռեալիստական աշխատանքին։ Քարինգտոնի ուշադրության կենտրոնում էին կախարդական ռեալիզմը և ալքիմիան, և նա օգտագործում էր կենսագրական մանրամասներ ու սիմվոլիզմ՝ որպես իր նկարների սուբյեկտներ։ Նա կնոջ սեքսուալությունը ներկայացնում էր այնպես, ինչպես զգում էր այն, այլ ոչ թե ինչպես բնութագրում էին տղամարդ սյուրռեալիստները։

Ու ահա՝ Մադոննայի սև, գոթական զգեստը, շարֆ֊շղարշը, գլխազարդն ու պաստելային զգեստներով «օգնականները» ամբողջացնում են սյուրռեալիստ նկարչուհու ամենահայտնի կտավներից մեկը։ Կարելի է ասել, որ կարմիր գորգի վրա «կտավ էր բեմադրված», կտավից դուրս եկած ու շարժվող տեսարանը փոքրիկ թատերական բեմադրություն էր հիշեցնում։

Թատերական մոտեցման շատ ավելի ողբերգական տարբերակն էր ընտրել Ռեյչել Զեգլերը, որի կերպարը հղում էր անում ֆրանսիացի պատմական գեղանկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ Պոլ Դելարոշի «Լեդի Ջեյն Գրեյի մահապատիժը» կտավին։ Լեդի Ջեյն Գրեյը Անգլիայի պատմության ամենաողբերգական կերպարներից է, հայտնի է նաև որպես «Իննօրյա Թագուհին», Անգլիայի ու Իռլանդիայի դե ֆակտո թագուհին է եղել 1553 թվականի հուլիսի 10-ից 19-ը։

Ջեններ քույրերը կտավների փոխարեն քանդակներ էին նախընտրել։ Քենդալ Ջենների կերպարը երեկոյի ամենահետաքրքիր լուծումներից էր։ Առաջին հայացքից ոգեշնչման աղբյուրն ակնհայտ չէ, բայց երբ զգեստի հետևի հատվածում շղարշը վերածվում է թևերի՝ ամեն բան պարզ է դառնում։ «Նիկե Սամոթրակյան»՝ հելլենիստական շրջանի ամենահայտնի մարմարե քանդակներից մեկը, որն այժմ պահվում է Լուվրում։

Քանդակը ստեղծվել է հաղթանակի աստվածուհի Նիկեի պատվին ծովային ճակատամարտից հետո։ Այն տեղադրել են ծովի վրա կախված ժայռին, իսկ պատվանդանը ներկայացրել է ռազմանավ։ Ամենակարող Նիկեն` քամուց ծածանվող զգեստով պատկերված է առաջ նետվելու դիրքով։ Նուրբ, բարակ շղարշից երևում է աստվածուհու ուժեղ ու ձիգ մարմնի կազմվածքը։ Նրա հաստատուն քայլը և արծվային թևերի հպարտ բացվածքը հաղթանակի բերկրանքի զգացում են առաջացնում։ Մարմարե քանդակը գլուխ ու ձեռքեր չունի, բայց ասես շարժման մեջ լինի։ Քենդալի կերպարը հենց այս զգացողությունն էր փորձում վերարտադրել` շարժումն ու դրա մեջ ամբողջացող դետալները։

Քայլին այս անգամ ևս Met  Gala-ի կարմիր գորգին հայտնվեց առանց Թիմոթիի։ Նա ևս հելլենիստական դարաշրջանի վերջի հունական ամենահայտնի քանդակներից մեկից էր ոգեշնչվել։ «Միլոսյան Վեներան» ասես պատկերում է անտիկ ժամանակաշրջանի կանացի մարմնի իդեալը ու Քայլին փորձել էր փոխանցել հենց այդ՝ գրեթե անհասանելի գեղեցկության զգացումը։

Էմմա Չեմբրլեյնի Mugler զգեստը թերևս արվեստի ու գեղանկարչական լուծումների ամենաուղիղ արտահայտումն էր։ Ոմանք կարծում են, որ Չեմբրլեյնը ոգեշնչվել է Վան Գոգից, որոշներն էլ ենթադրում են, որ Էդվարդ Մունկից։ Ամեն դեպքում՝ գույների և վրձնահարվածի զգացողության առումով երկու տարբերակներն էլ շատ հավանական կարող էին լինել։ Vogue-ի փոխանցմամբ զգեստը ձեռքով նկարազարդած նկարչուհին մոտ 40 ժամ տևած աշխատանքի ընթացքում շուրջ 30 գույն է օգտագործել, որոնք խառնվել են հենց կտորի վրա։

Եվրոպական մշակույթի վառ ներկայացուցիչներից մեկի՝ Իվ Քլեյնի արվեստը կարմիր գորգին հայտնվեց Թեսսա Թոմփսոնի, ու որոշ շեշտադրումներով նաև Հայլի Բիբերի կերպարների միջոցով։ Քլեյնը ֆրանսիացի ներկավաճառի հետ ստեղծեց իր International Klein Blue (Միջազգային Քլեյն կապույտ) գույնը՝ այն հագեցած կապույտ երանգը, որը  1960 թվականին արտոնագրեց, իսկ հետո անմահացրեց իր Anthropometries շարքում։ Մոդելների մարմինները ներկվում էին կապույտով և թողնում հետքեր կտավի վրա։ Թեսսա Թոմփսոնը կարծես հենց նոր դուրս եկած լիներ այդ կտավից՝ ձեռքը կապույտ ներկի մեջ էր թաթախված, իսկ Valentino զգեստը թողնում էր տպավորություն, թե Թոմփսոնը ևս մասնակցել է կտավների ստեղծմանը։

Որպեսզի մեզ չմեղադրեք միայն կանանց կերպարներին անդրադառնալու մեջ՝ ահա երեկոյի ամենավառ ու գունավոր կերպարներից մեկը։ Ամերիկացի դերասան Բեն Փլատն ասես դուրս էր եկել ֆրանսիացի նկարիչ Ժորժ Սյորայի «Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում» կտավից։ Սյորայի այս աշխատանքը պուանտիլիզմի ամենահայտնի օրինակներից է։ Համարվում է պոստիմպրեսիոնիզմի ժամանակաշրջանում 19-րդ դարի ամենահրաշալի կտավներից մեկը։

Փիլիսոփա Էռնստ Բլոխը Սյորայի այս նկարն անվանել է «Ձանձրույթի խճանկար», նա նկարում տեսել է միայն «կիրակնօրյա աղքատություն» և «պատկերված ինքնասպանության լանդշաֆտ»։ Հրապարակախոս Ֆելիքս Ֆենեոնը համակարծիք չէ Էռնստ Բլոխի հետ, նա համարում է, որ նկարը բավականաչափ գեղեցիկ և կենսուրախ է, «կիրակի առավոտյան ամբոխը բնության մեջ վայելում է ամռանը ամենաթեժ ժամերը»։

Միջոցառման լուսանկարներն ուսումնասիրելիս բազմաթիվ այլ տպավորիչ համեմատություններ էլ վստահաբար կգտնեք։ Իհարկե, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս, կերպարները մանրադիտակով ուսումնասիրվում են ու հայտնվում դիզայներներից մինչև բլոգերներ՝ բոլորի ուշադրության կենտրոնում։ Ու ինչպես ամեն տարի՝ քննադատության պակաս ևս չկա։ Բայց հստակ է, որ նորաձևությունը գնահատողների ու այն բազմաշերտ պրիզմայով ուսումնասիրողների համար Met Gala-ն ամենամյա տոն է, որտեղ կարմիր գորգը միշտ անկանխատեսելի է, կերպարներն էլ միշտ հետաքրքիր, քննարկվող, տպավորիչ ու միայն խիստ հազվադեպ՝ ձանձրալի։


✍️ Նանե Մանուկյան / PAN