Մեծարենցի բոսոր իղձերն ու հոսող գիշերները. «Հիվանդ, հանճարեղ պատանին» ու խտացված կյանքը
Միսաք Մեծարենցի կյանքը սկսվում է մի վայրում, որն ավելի շատ առասպել է հիշեցնում, քան սովորական գյուղ։ 1886 թվականի հունվարին, Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան գյուղում ծնված ապագա բանաստեղծը մանկությունն անցկացնում է մի միջավայրում, որտեղ բնությունը տպավորիչ ու խիստ «մտերմիկ» էր, բայց վտանգների պակաս էլ չկար։ Ասում են՝ գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, իսկ մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Բանահավաք Գարեգին Սրվանձտյանի փոխանցած նյութերից տեղեկանում ենք, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին.
«Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։
Բայց Միսաքի հոգում այդ «հավասարակշռությունը» խախտված էր հօգուտ գրքի։ Նա մանկուց ամաչկոտ էր, լռակյաց, խուսափում էր աղմկոտ խաղերից ու հասակակիցների չարաճճիություններից։ Արդյունքում նրա մեջ ավելի շատ արմատավորվում է ընթերցանության և երևույթներն ուսումնասիրելու, քան պայքարի ու դիմակայության զգացողությունը։ Վեց տարեկանում նա սկսում է հաճախել գյուղի Մեսրոպյան վարժարանը։ Վեհերոտ բնավորությունը, պատժով ուղեկցվող ուսուցումը և ներքին ազատության պահանջը նրան վանում էին դպրոցից։ Երբեմն Միսաքը պարզապես փախչում էր դասերից՝ բնության գիրկը վերադառնալու համար։
Մեծարենցի մանկության կարևոր մաս էին տատիկների պատմած հեքիաթները։ Նա շարունակ լսում էր դրանք, այնքան, որ գրեթե անգիր էր հիշում։ Այդ երևակայությամբ լի այդ աշխարհը հետագայում պիտի վերածվեր նրա բանաստեղծական զգայունության մի առանցքային շերտի։ Բայց որքան էլ զարմանալի է՝ տղային դպրոցում այլ կերպ էին ընդունում։ Ուսուցիչները նրան համարում էին ծույլ, անուշադիր, նույնիսկ՝ «մտավոր հետամնաց» էին անվանում։ Կենսագիրները հիշատակում են, որ վարժարանի ղեկավարությունը ծնողներին տեղեկացնում էր՝ Միսաքը «անընդունակ» աշակերտ է և հետ է մնում ուսման մեջ։
Միսաքն ընդամենը ինը տարի է ապրում Բինկյանում, բայց այդ տարիներն էլ բավական էին, որպեսզի գյուղի պատկերը, գետեզերքը, առավոտները, երեկոները, աշխատանքի ու բնության ներդաշնակությունը ընդմիշտ մնային նրա հոգում։ 1894-96 թվականներին թուրքերն ու քրդերը մի քանի անգամ արշավում են Բինկյանի վրա և ի վերջո այն հողին են հավասարեցնում։ Մեծարենցն այդ ժամանակ արդեն Սեբաստիայում էր։ Մայրը՝ Իսկուհին, նրան տեղափոխել էր Սեբաստիա՝ ավագ որդու մոտ։ Դե իսկ կորսված գյուղը հետագայում նրա պոեզիայում վերածվեց լուսավոր կարոտի։
Սեբաստիան Միսաքի համար օտար էր։ Նոր միջավայրում նա ավելի ինքնամփոփ դարձավ, սիրում էր մենակ քայլել, ուսումնասիրել բնությունը, երեկոյան էլ լուռ տուն վերադառնալ։ Սեբաստիայի Արամյան վարժարանը ևս չկարողացավ համապատասխանել նրա ներքին աշխարհի խորությանը։ Դպրոցը բարվոք վիճակում չէր, ուսման պրոցեսն էլ հոգնեցուցիչ էր։ Ի դեպ, մի քանի տարի անց այդ նույն դպրոցում սկսում է դասավանդել Դանիել Վարուժանը և փոխում կրթական ամբողջ մթնոլորտը, բայց Միսաքի համար այդ փոփոխությունն արդեն ուշացած էր։ Եղբայրը նրան տեղափոխում է մասնավոր վարժարան, որտեղ առաջին անգամ բացահայտվում են նրա իրական կարողությունները։ Նախկին «ծույլ» աշակերտից ոչինչ չի մնում։
Շուտով նա ընդունվում է Մարզվանի ամերիկյան միսիոներների հիմնած «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջ։ Սա բացառիկ կրթական միջավայր էր՝ բուսաբանական այգով, թանգարանով, լաբորատորիաներով, արհեստանոցներով ու սեփական տնտեսությամբ։ Այստեղ կրթությունը միայն դասագրքային չէր։ Մեծարենցը սկսում է կարդալ, սովորել լեզուներ, հետաքրքրվել գեղարվեստական գրականությամբ։ Հենց այս միջավայրում էլ ծնվում են նրա առաջին բանաստեղծական փորձերը։ Դասընկերները հիշում էին, թե ինչպես էր նա երբեմն ննջարանի պատերին գրում մտքին եկած տողերը։ Հաճախ պատժվում էր դրա համար, բայց չէր հրաժարվում այդ սովորությունից։
Այդ տարիներին Միսաքը դառնում է ավելի շփվող, մասնակցում է թատերական ներկայացումներին, ընկերներ է ձեռք բերում։ Ու երբ պատանի տղան կարծես կյանքի նոր փուլ էր մտնում՝ ճակատագիրը պատրաստում է առաջին ծանր հարվածը։
Տասնհինգ տարեկանում, Սվազում, Միսաքի հետ տեղի է ունենում մի դեպք, որը կարծես կանխորոշում է նրա կյանքի ընթացքը։ Թուրք մսագործ տղաները, հավանաբար շփոթելով Միսաքին իր ազգականի հետ, թիկունքից հարձակվում են, ծեծում ու դանակահարում տղային։ Նա բուժվում է, բայց դաշույնի հարվածն անդառնալի հետևանք է թողնում ու Միսաքը հիվանդանում է թոքախտով։
«Կը թանձրանան տերևներուն շեղջեր լըքուն, մինչ կը դառնան դեռ ծառերուն մեջ համորեն հովերն աշնան, պարն ամեհի: Ու դեպի տուն միշտ կը դիմեն շեշտերն ամեն ծիծառներուն. միշտ դեպ ի տուն ու դեպի ներս բոլոր իղձերս ա՜լ տարիր դուն, չքնա՜ղ աշուն: Դեպի տամուկ պատուհանին ա՜լ կը հառին աչքերս հիմակ, ու սե՜ր համակ. երգըդ կ’իջնե սրտիս` ուր նե իղձ մը ճերմակ պիտի գտնե: Չէ՜, հովերուդ հետ ցավը չէ՛ որ կը տանջե սիրտըս հըրուտ. այլ կը դառնան իղձ, հուզմունքեդ բողբոջ գարնան արևաշող հույսերն հավետ»:
Տասնվեց տարեկանում Միսաք Մեծարենցը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ հոր մոտ։ Այդ քաղաքը նրա համար միաժամանակ բացում էր հնարավորությունների դռներ և կանգնեցնում փակուղիների առջև։ Այստեղ նա ընդունվում է Կեդրոնական վարժարան, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս ավարտել ուսումը։ Թոքախտը, որը սկզբում փորձում էր թաքցնել նույնիսկ մորից, աստիճանաբար սկսում է ազդել նրա կյանքի վրա։ Այնուամենայնիվ, Միսաքը չի փակվում ինքն իր մեջ։ Ժամանակակիցների վկայությամբ՝ նա կենսուրախ էր, կատակասեր, բարեսիրտ ու գեղեցկադեմ։ Նրա արտաքինը ևս գրավում էր շրջապատի ուշադրությունը․ ահա, թե ինչպես էր նկարագրում նրան պոլսահայ մամուլը.
«Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված։ ...Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ...»
Պոլիսում Մեծարենցը սիրում էր երկար քայլել։ Երբեմն օրերով շրջում էր բնության մեջ, երբեմն՝ գիշերային քաղաքում։ Սիրում էր նստել անծանոթ հողագործի կողքին, զրուցել, լսել։ Այդ գիշերային զբոսանքների ընթացքում էլ ծնվեցին նրա գիշերվան նվիրված գործերը, որտեղ մթությունը սառն ու դատարկ չէր, այլ՝ ապրող, շնչող, զգացող։
«Սա իրիկունն ըլլայի ես, եւ հըպէի ճակտին ամէն անցորդի, չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես, լի երգովը թռչուններուն, մարդերուն, ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝ սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկո՜ւնն ըլլայի ես, թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր, ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր վըրան ամէն հոգիի: Սա իրիկունն ըլլայի ես, լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ. խնկապատար, օծուն, ջահուած Ժամի պէս սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես, իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս. սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես, լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն. սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն, սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես, որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն. թօթափող վարսքը գունագեղ ու ծփուն, սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկո՜ւնն ըլլայի ես, համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս. եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս: Սա իրիկո՜ւնն ըլլայի ես»:
Նրան հաջողվում է մի որոշ ժամանակ հիվանդությունը գաղտնի պահել մորից, բայց շուտով վիճակը ծանրանում է։ Ծնողները նրան տեղափոխում են Թոփ Գափու թաղամաս, որտեղ էլ սկսվում են բուժումները։ Այնտեղ՝ ակացիաներու շուքին տակ, Մեծարենցը գրում է իր լավագույն բանաստեղծությունների մի մասը։ Ֆիզիկական թուլության հետ զուգահեռ նրա ներքին աշխարհը դառնում է ավելի զգայուն ու խորաթափանց։
«Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ Բուրումներով օծուն հովիկն իրիկուան, Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան, Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ: Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ, Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան. Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝ Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ: Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ, Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ: Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ. Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան, Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական: Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ…»
Այս տարիներին նա փորձում է տպագրել իր բանաստեղծությունները պոլսահայ մամուլում։ Բայց այստեղ ևս ամեն բան հարթ չէր, մերժումները հաջորդում էին իրար։ Օրինակ՝ «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Ենովք Արմենը նրա պոեզիան անվանում էր «զառանցական ճիգ» և «ոչնչաբանություն»՝ կոչ անելով մաքրել հայ գրականությունը նման «վարակից»։ Այդ վերաբերմունքը պատանի բանաստեղծի համար անշուշտ ծանր էր, բայց ոչ կործանարար ու որոշիչ։
Մեծարենցը չի լռում։ Նա պատասխան հոդվածներով փորձում է բացատրել իր ստեղծագործության էությունը, պաշտպանել իր բանաստեղծական ընկալումները։ Այդպես էլ ծնվում են նրա գրական-քննադատական հոդվածները, որոնք այսօր էլ կարևոր աղբյուր են, երբ փորձում ենք հասկանալ նրա աշխարհայացքը և պոեզիայի ընկալումը։ Այս հոդվածներում Մեծարենցը հանդես է գալիս որպես մտածող, որն իր ժամանակի գրական հոսանքներին հակադրում է պարզ, բայց խորը սկզբունքներով։
Չհասկացված լինելով որպես երիտասարդ բանաստեղծ՝ Մեծարենցը որոշում է իր բանաստեղծությունները խմբագրություններ ուղարկել աղջկա անունից։ Սիրանույշ Պերպերյան ստորագրությամբ ուղարկված գործերը տպագրվում են առանց երկմտանքի։ Ավելին՝ խմբագրությունը ողջունում է «օրիորդին»՝ ներկայացնելով նրան որպես «նոր գրիչ»։ Նույնիսկ հանրահայտ դարձած «Կարմիր ծաղիկ մը գարունի» բանաստեղծությունը սկզբում լույս է տեսնում այդ անունով։
«Կարմիր ծաղիկ մը գարունի Առտու մը ինծի նվիրեցիր. Ըզգացի թե տենդեր ունի Երազկոտ միտքըս ուշացիր: Խանդաղատանք մը հորդեցավ Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝ Դողաց սիրո սարսուռն անցավ՝ Ու թովանքը համբույրին հուր: Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն, Ու մետաքսե ուղի մը զիս Սեր-Ծաղիկին տարավ ածուն:
Հոն ժըպտեցավ կյանքը ինծի, Հըմայքներու հույլովն անցավ, Եվ ուրվական մը կասկածի Անոր մոտեն երբեք չանցավ»:
1904 թվականին նա հանդես է գալիս արդեն Շավասպ Ծիածան կեղծանունով՝ «Ծաղիկ» հանդեսում տպագրելով սիրո թեմայով բանաստեղծություններ։ Իսկ 1905 թվականին, «Մասիսում» լույս տեսած «Նոպաները» և «Իրիկվան դեմ» գործերով, վերջնականապես ընտրում է իր գրական անունը՝ Միսաք Մեծարենց։
1906–1907 թվականները Միսաք Մեծարենցի ստեղծագործական կյանքի ամենախտացված շրջանն են։ Չնայած հիվանդությանը, նա շարունակում է աշխատել գրեթե տենդային ինտենսիվությամբ։ 1906-ին կազմում և հրատարակության է հանձնում իր առաջին ժողովածուն՝ սկզբում նախատեսելով այն կոչել «Ոսկի արիշին տակ»։ Գրաքննությունը մերժում է այդ վերնագիրը, և գիրքը լույս է տեսնում «Ծիածան» անունով։ Մեկ տարի անց՝ 1907-ին, հրատարակվում է նաև «Նոր տաղերը»։ Արդյունքում՝ մեկ տարվա ընթացքում երկու ժողովածու։
Մեծարենցի պոեզիան այդ շրջանում դառնում է ավելի պարզ, բայց միաժամանակ խորքային։ Նա չի ձգտում բողոքի կամ հրապարակային ընդվզման։ Նրա ընտրած ուղին այլ էր՝ գեղեցկության, մարդասիրության, բնության հետ ներդաշնակ ապրելու ճանապարհը։ Նա ստեղծում է մի քնարական հերոսի, որը երազում է «անանձնական ուրախություն»՝ այն բաժանելով բոլոր կենդանի էակների հետ։ Այս մարդասիրական հենքը Մեծարենցի պոեզիայի առանցքային գծերից է։
«Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ծաղիկներո՜ւ պէս զայն ժողվեմ ճամբուս վրան` Նայուածքներուն մէջ ամէնուն եւ ամէն օր: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Եւ ես` հանգոյն երփնալուցկի վառող մանկան` Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դէմքի մը վրան: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Զանգակներո՜ւ պէս զայն կախեմ ամէն դըրան` Ու զերթ նարօտ ամէն դըրան զայն պըսակեմ: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ճրագներու պէս զայն բոցեմ բազմաստեղնեան` Խաւարին մէջ ամէն երդ ու խրճիթներու: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Զայն սրբասաց իմ հոգեակիս ընեմ խորան` Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրեան: Տու՜ր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական, Ու չըլլայ որ ուրիշներու կոծն ու կական Խեղդել ուզեմ ջրվէժին մէջ դափիս ձայնին: Տու՜ր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական, Ու չըլլա՜յ որ ծափիս ձայնին երգը գուժկան Եսիս սենեա՜կն ունենայ` ցու՜րտ առանձնարան: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ու սեղանիս վըրայ դրուած մէն մի նըկան` Զոյգ մը խինդե՜ր գէթ ունենայ թող խաչանիշ: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ու բաղխեմ զայն սրտիս ժայռին` իբրեւ մական` Որ բղխեցնէ ջուրն աներկմիտ երանութեան: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Զայն ջուրերու վըրայ ձըգեմ իբրեւ ուռկան, Զայն իբր արօր ակօսներո՜ւն ձըգեմ վըրան: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Զայն իբր անձրեւ ցօղեմ ամէն դաշտին վըրան, Զայն իբր արեւ բաշխեմ ամէն հորիզոնի: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Զայն ընդգրկած իտէալին ըլլամ որսկան. Զայն լաստ ըրած ես Լոյսերու նաւո՜րդն ըլլամ: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ժողվել` հոգւոյն մէջ ծերերուն, կոյսին, մանկան, Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանուորին: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ժողվել` հոգւոյն մէջ ամէնո՜ւն, համայնական Հոգւոյն ամէն մասնիկներուն մէջ` ամէն ժամ: Ճամբաներէն, ու գետերէն, ու դաշտերէն, Անտառներէն, ու լեռներէն, ու ձորերէն, Տանիքներէն, ու տուներէն, ու դուռներէն` Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական»:
Բնությունը նրա համար կարծես մտածողության ձև էր։ Գյուղը, գետափը, առավոտը, մառախուղը, անձրևը նրա բանաստեղծություններում վերածվում են իդեալական աշխարհի պատկերների։ Նա չի անդրադառնում գյուղական կյանքի սոցիալական հակասություններին՝ ընտրելով միայն այն կողմերը, որոնք թույլ են տալիս մարդուն ու բնությանը տեսնել որպես մի ամբողջություն։ Այդ ընտրությունը գիտակցված էր։ Իր նամակներում ու հոդվածներում նա ցավով նշում է, որ առողջական վիճակը իրեն զրկել է գյուղին լիովին նվիրվելու հնարավորությունից, բայց հենց այդ կարոտն էլ դարձել է ներշնչման աղբյուր։
Մեծարենցի ստեղծագործական դիմանկարն ամբողջական չէ առանց նրա թարգմանական աշխատանքի։ Գրական գործունեության հենց առաջին տարիներից նա փորձել է ոչ միայն գրել, այլև հայերեն թարգմանել իրեն հոգեհարազատ հեղինակների գործերը։ Առաջին տպագրված թարգմանություններից մեկը Ջեֆրի Չոսերի ռոնդոներից («Եռանգ») մեկն էր.
«Եռանգը ինծի կհիշեցնե գրեթե իր ժամանակակից մեր սիրերգակներուն բանաստեղծությունները՝ սիրային զգացումի միևնույն կրակովը վառված»
Մեծարենցը թարգմանել է նաև Թոմաս Լըվ Փիքոքի «Սիրո թաղումը» բանաստեղծությունը, Օսկար Ուայլդի արձակ գործերը, Էոժեն Ֆիլդի մանկական բանաստեղծությունները։ Դասընկերների վկայությամբ նա աշխատել է նաև Քիփլինգի գործերի վրա։ Թեև նրա կատարած ոչ բոլոր թարգմանություններն են մեզ հասել, ակնհայտ է, որ Մեծարենցը թարգմանության մեջ ևս ուներ ընտրողական ճաշակ․ նրան գրավում էին այն գործերը, որոնց մեջ կար քնքշություն, ցավ, խորն ու ընդարձակ ներքին աշխարհ։
Վերադառնալով անանձնական ձգտումներ ունեցող գրողի անձնական հուշերին, պիտի նշենք, որ Մեծարենցի կյանքի առանցքային կերպարներից մեկը նրա մայրը՝ Իսկուհին էր։ Բարի, քնքուշ, բայց միևնույն ժամանակ ամուր բնավորությամբ կին, որը որդու կյանքում դարձավ ամենահզոր հենարանը։ Ի դեպ, մի առիթով մայրը որդուն նվիրել էր մի խորհրդանշական մատանի՝ ագաթե քարով, որի վրա փորագրված էր աստվածաշնչյան խոսք՝ «Կատարեալ սեր մերժե զերկյուղ»։ Նրա սիրո ընկալումը տիեզերական էր, անանձնական, մահվան վախից վեր կանգնած։ Ի դեպ, այդ մատանին այսօր պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանում։
Եվ Մեծարենցի կյանքի պատմության ամենաորոշիչ ու ողբերգական դրվագը՝ հիվանդությունը։ Այն անխուսափելիորեն ջախջախում էր Մեծարենցին։ Եվ ահա՝ 1908 թվականի հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը նա խնդրում է մորը իրեն մենակ թողնել։ Ու մահանում է 22 տարեկանում՝ «Մա՜յր…» բառը շուրթերին։ Բարդ է անգամ պատկերացնել, թե ինչ մասշտաբի պոետ կլիներ Մեծարենցը 32 տարեկանում կամ էլ 62-ում։ Ողբերգական այս ավարտը Մեծարենցի լուսավոր կերպարի հակադրումն էր ու գուցե նրա կյանքի մեծագույն հեգնանքը։ Եղիշե Չարենցը բանաստեղծի մասին ամենահայտնի տողերի հեղինակն է՝
«Արյուն է եղել աշխարհում։- Եղել է եղեռն ու կռիվ։ Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ: Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած, Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»:
Դե, իսկ Վահան Թոթովենցը Մեծարենցի պոեզիան դարձրել էր իր անձնական ջերմության աղբյուրը.
«…Բանաստեղծությունների իմ առաջին գրքույկը ինձ համար մի արժեք ունի. նվիրված է Միսաք Մեծարենցի գերեզմանին։ Նվերն անարժեք էր, բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր։
Տարիներ հետո, երբ Պոլսում կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով: Գույների այս չնաշխարհիկ երգիչը քնում էր անգույն տարածության մեջ։
Այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, դու մնացիր պատանի: Այժմ իմ չափահաս ձեռքով և չափահասի խորին գուրգուրանքով շոյում եմ քո պատանի գլուխը, չքնաղ գլուխը, և արցունքներս վազում են քո երգերի վրա:
Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը և ահա արևը, քո երգած արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ, կաթիլ առ կաթիլ»:
Զապել Եսայանը կարծում էր, որ Մեծարենցի ստեղծագործությունը նոր էջ բացեց արևմտահայ բանաստեղծության մեջ և գեղարվեստական խոսքը դրեց մի նոր բարձրության վրա։
«Միսաք Մեծարենցը իր տրամադրություններով, բնութապաշտական, հումանիստական գաղափարներով, թարմ շնչով և խոսքի մշակված, բարձր արվեստով գրավեց արևմտահայ գրականության մեջ ինքնուրույն ու առաջնակարգ տեղերից մեկը»:
Հակոբ Օշականն էլ Մեծարենցի տողերում մեր երկրի հոգևոր քաղցրություններն ու տրտմաշունչ երազանքներն էր տեսնում.
«…Մեր երկրին նկարագեղ քաղցրությունները, մեր հոգիին ընդոծին դալկությունները, մեր շնորհն ու տրտմանուշ երազանքները սքանչելի ծաղիկներու նման կը բուսնին անոր (Մեծարենցի) արնաշաղախ էջերուն»:
Միսաք Մեծարենցի կյանքը կարճ էր, բայց պոեզիան ու գրական ամբողջ ժառանգությունը ապրեցնում են ու ապրեցնելու են նրան դեռ բազում տարիներ։ Նա բանաստեղծ, է որի ստեղծած տիեզերքն իսկապես ժամանակից դուրս է, մշտապես արդիական, վերերկրային ու անչափ գեղեցիկ։ Երբ հեռանում ենք բնությունից, կյանքի լուսավոր ու եթերային զգացողություններից, Մեծարենցի բանաստեղծական աշխարհը կարծես վերադարձի ձեռք է մեկնում՝ դեպի լույս, պարզություն ու մարդու ներսում պահված ամենազգայական շերտեր։