Ով պատվիրեց «Մոնա Լիզան» և ինչպես այն հասավ Ֆրանսիա ու դարձավ pop-art-ի մաս
«Աշխարհի ամենահայտնի կտավը», «ամենաառեղծվածային ժպիտը», «ամենատարօրինակ հայացքը» ու էլի շատ ամենաներ․ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» շուրջ արվեստասերները պտտվում են դարերով, բացահայտումներն այս կտավի մասին թարմացվում են ամեն հարմար առիթով, կինն ուղեկցվում է առեղծվածներով ու լեգենդներով։
Այս կտավն ապրել է Ֆրանսիայի առնվազն երեք ղեկավարի ուշադրության կենտրոնում՝ Ֆրանսուա I, Լուի XIV ու Նապոլեոն՝ ըստ հերթականության լինելով Ֆոնտենբլոյի պալատում, Վերսալում ու վերջում՝ Նապոլեոնի բուդուարում։ Այժմ կտավն իր սեփական սենյակն ունի Լուվրում, որտեղ ասում են՝ այս հատուկ վերաբերմունքը նաև տիկնոջ անվտանգությունից է բխում ու պահման հատուկ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունից։
Բայց ի վերջո, ո՞րն է այս տիկնոջ հայտնիության, ձգողականության գաղտնիքը, կամ կա՞ արդյոք որևէ գաղտնիք։
Մոնա Լիզայի շուրջ պտտվող հարցերից առաջինը, թերևս, «իսկ ո՞վ է նա»-ն։
Կտավի ստեղծման մասին ամենատարածված կարծիքի համաձայն՝ այն պատվիրվել է վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կողմից ու պատկերել նրա կնոջը՝ Լիզա դել Ջոկոնդոյին (Լիզա Գերալդինի օրիորդական ազգանունով)։
Ինչպես Վերածննդի շրջանի շատ նկարների, այնպես էլ «Մոնա Լիզայի» դեպքում մենք կտավի կյանքի պատմությունն իմանում ենք Ջորջո Վազարիից։ Վերածննդի իտալական հերոսների՝ նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների կենսագրի մոտ է, որ իմանում ենք՝ Դա Վինչին այս գործի վրա 4 տարի աշխատել ու կիսատ է թողել, վերջում Իտալիան լքել, հետը Ֆրանսիա է տարել։
Սա, ըստ Վազարիի, Դա Վինչիի կյանքն ու «Մոնա Լիզա» կտավն ուսումնասիրած բազմաթիվ հետազոտողներ կասկածի տակ են դնում նկարչի ժամանակակցի գրածը՝ մեկնաբանելով, որ Վազարին, ամենայն հավանականությամբ, բավարար տեղեկություններ չի ունեցել որոշ հանգամանքների մասին։
Ավելին, կարծիք կա, թե Լուվրի «Մոնա Լիզան», ըստ էության, ավարտուն գործ է համարվում, ու հետազոտողները չգիտեն՝ ինչու է Վազարին այն կիսատ կոչում կամ արդյոք նա խոսել է կտավի մեկ այլ տարբերակի մասին։
Ընդհանրապես, Մոնա Լիզայի ինքնության մասին հարցը շատ երկար է քննարկվել․ անգամ կասկածներ են եղել, թե նա կարող է պատկերել Մեդիչիներից մեկի սիրուհուն։ Ի սկզբանե, տիկնոջ կերպարի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա շատ «շերտավոր է»․ հենց սա էր պատճառը, որ հետազոտողները ենթադրել են՝ Դա Վինչին, գուցե, սկսել է նկարել Լիզային, բայց վերջում ավարտել է մեկ այլ տիկնոջով։
Մոնա Լիզայի ինքնության մասին տարիներ տևած հետազոտությունները մի կողմ են դրվել, երբ գերմանական Հայդելբերգ քաղաքի համալսարանի գրադարանում զարմանալի բացահայտում է արվել։ Գտնվել է «Մոնա Լիզայի»՝ Լիզա Գերալդինին լինելու ևս մեկ գրավոր ապացույց։
Իսկ կտավի այդքան շերտեր ունենալը կապվում է ոչ թե տիկնոջ, այլ Դա Վինչիի հետ․ ենթադրվում է, որ նա որպես արվեստագետ ու գիտնական մանրակրկտորեն աշխատել է ամեն դետալի, մկանի ու ժպիտի վրա, անընդհատ կատարելագործել այն։ Բնության ու տարածության մեջ մարդուն, անատոմիան ու ստվերները բացահայտելով է բացատրվում նաև տիկնոջ այսքան «շերտավոր» լինելը։
«Մոնա Լիզան» այլ կնոջ դիմանկար չէ, բայց այն նաև պարզապես Լիզա դել Ջոկոնդոյի հասարակ դիմանկարը չէ։ Քանզի Լեոնարդոն այս կտավի վրա տարիներով է աշխատել՝ 1503-1503-ի ընթացքում, ավելին՝ նա իր մոտ է պահել գործը, գիտության ու արվեստի մասին իր գիտելիքները թորվել են դրանով»,-գրում են The Guardian-ում։
Շատերն անգամ հավատում են, որ սա կարող է Դա Վինչիի ինքնանկարը լինել։
«Մոնա Լիզայի» ամեն ինչ է հետաքրքիր ու «ո՞վ է նա» հարցի հետ նաև ակտուալ է՝ «իսկ որտե՞ղ է գտնվել նա»-ն։
Պարբերաբար կտավի կնոջ թիկունքում գտնվող բնապատկերի մասին տարբեր կարծիքներ են հնչում․ 2023-ի մայիսին իտալացի հետազոտողը հայտարարեց, թե գիտի՝ որ կամուրջն ու որ տարածքն են «Մոնա Լիզայի» մեջքի հետևում։
Ըստ Սիլվանո Վինչետիի՝ սա Տոսկանայում գտնվող փոքրիկ քաղաքի բնապատկերն ու կամուրջն են։ Անօդաչու թռչող սարքերով ու բազմաթիվ չափումներով արված այս հետազոտությունից հետո պատմաբանը եզրահանգել է, որ կտավի թիկունքում Առնո գետն է իր կամրջով։ Նրա հետազոտության համաձայն՝ կտավի ստեղծման տարիներին Դա Վինչին հենց այս տարածքում է աշխատել, իսկ կամուրջը բավականին հայտնի ու բանուկ տարածք է եղել՝ կապելով ու կրճատելով միջքաղաքային որոշ ուղղություններ։ Այնպես որ, այն կարող էր հայտնվել ուշադրության կենտրոնում ու կտավի կնոջ թիկունքում։
Ասում են՝ այս կտավն այդպես էլ պատվիրատուի մոտ չի պահվել կամ նրան հասել․ Դա Վինչին այն իր մոտ է պահել մինչև մահ։ 1516-ին, երբ նա Ֆրանսիա է տեղափոխվում ու աշխատում թագավորական արքունիքում, «Մոնա Լիզան» հետն է տանում ու, հավանաբար, այդ ժամանակ որոշ ավարտական շտրիխեր անում։ Կարծիք կա, որ հետո նա կտավը թողել է աշակերտներից Սալայիի մոտ, վերջինիցս էլ գնել է Ֆրանսիայի թագավորը։
Ի դեպ, Մադրիդի Պրադո թանգարանում գտնվող «Մոնա Լիզայի» կրկնօրինակը, ասում են, հենց Սալայիի վրձնով է ստեղծվել։ Ենթադրություն կա, որ այն նկարվել է, երբ Դա Վինչի իր իրական «Մոնա Լիզայի» վրա էր աշխատում։
Ընդհանրապես, համարվում է, որ «Մոնա Լիզայի» պատկերը հետագայում հիմք է ծառայել համանման դիմանկարների համար․ կինը պատկերվել է այնպես, որ դիտողը տեսնում է նրան գրեթե ամբողջական, նա էլ դեմքով դեպի դիտողն է։ Կարծիք կա, որ Դա Վինչիի այս մոտեցումն էլ եկել է Հյուսիսային Վերածննդի վարպետներից։
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՆԴԱԼԻԶՄ
Մոնա Լիզայի առեղծվածայնության մասին պատմությունները գրեթե միշտ շղարշվում են կտավի գողության հիշատակմամբ։ Ոմանք նաև Դա Վինչի գործի փառքի կեսը «գողացված լինելով են բացատրում»։ Ասում են, թե այսչափ հայտնիության համար «Մոնա Լիզան» պարտական է հենց այն աղմուկին, որ բարձրացավ կտավը Լուվրից թռցնելուց հետո։
1911-ին Դա Վինչիի գործը Լուվրից գողացավ հենց թանգարանի աշխատակիցը՝ իտալացի Վինչենցո Պերուջիան (Vincenzo Peruggia): Հետագայում, երբ բացահայտվեց գողության հանգամանքը, պարզվեց նաև, որ տղամարդու այդ քայլը «Մոնա Լիզային» հայրենիք վերադարձնելու ցանկությունն է եղել։ Նկարը հայտնաբերվել էր 2 տարի անց, երբ տղամարդն այն ցանկացել էր վաճառել Ուֆֆիցի թանգարանի տնօրենին, վերջինս էլ ոստիկանություն էր ահազանգել։
Ասում են՝ իտալացին համարել է, թե վերականգնում է արդարությունն ու տուն տանում այն, ինչ հենց Իտալիային է պատկանել։
Ի դեպ, «Մոնա Լիզայի» գողության առիթով հարցաքննվել է նաև Պաբլո Պիկասոն։ Պոետ Գիյոմ Ապոլիները, ավելին, անգամ կարճ ժամանակով ձերբակալվել է, ապա բաց թողնվել՝ գողության մասին ապացույցներ չլինելու պատճառով։ Ընդհանրապես, Ապոլիներին կասկածելու պատճառը, հավանաբար եղել է այն, որ նա մի ուրիշ առիթով հայտարարել է՝ նկարը պետք է այրել։
Իսկական աստղի պես ապրող «Մոնա Լիզան», սակայն, նաև թիրախ է եղել․ 1956-ին մի ուրուգվայցի քար նետեց նրա ուղղությամբ, ավելի ուշ մի ճապոնուհի՝ կարմիր ներկ։ 2009-ին մի ռուս կին թեյի բաժակ շպրտեց կտավի ուղղությամբ՝ որպես Ֆրանսիայի քաղաքացիություն չստանալու բողոքի նշան։ Իսկ 2022-ին կնոջ հանդերձանքով մի տղամարդ տորթի կտոր նետեց կտավի ուղղությամբ։
Այս վերջին հարձակման պատճառը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու ձգտումն էր։ Տղամարդը հանճարեղ Դա Վինչիի գործի վրա «քաղցր ավելացնելով» փորձը բացատրել էր նրանով, թե ուզում է, որ մարդիկ սկսեն մտածել Երկրի մասին։
«Նկարիչներն ասում են՝ մտածեք Երկրի մասին, ահա թե ինչու ես արեցի սա»,- հայտարարել էր վանդալիզմի փորձ արած ակտիվիստը։
Այս բոլոր հարձակումները, մեծամասամբ, կտավին վնաս չեն պատճառել․ այն ապակե շերտերով լավ պաշտպանված է։
POP ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՏԻԿԻՆԸ
Գոնե մեկ անգամ դուք նրան տեսել եք ինտերնետ մարքեթինգով զբավող կազմակերպությունների պոստերների, ազատ գրաֆիկով աշխատող գրաֆիկ դիզայներների post-երի կամ շատ կրեատիվ երևալ փորձողների ոտքերի վրա․ Մոնա Լիզայի պատկերը վերարտադրվել ու վերաձևակերպվել է՝ ինչքան մարդու երևակայությունն է հերիքել։
Ավանդական նամականիշերից մինչև գունավոր գուլպաներ, սպասք ու աքսեսուարներ․ այս տիկնոջ դեմքն իրապես հայտնի է ամենուր, բայց այն նաև արվեստի այլ գործերի թեմա է դարձել։
L.H.O.O.Q. ստեղծեց ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանը «Մոնա Լիզայից». Երգիծաբար մոտենալով ու մորուք նկարելով։ Ամենասովորական թվացող ձևով ու փոփ արտի կանոններով՝ 1964-ին Դյուշանն այսպիսի 34 էքսպերիմենտալ Մոնա Լիզա ստեղծեց։
«Սա 20-րդ հարյուրամյակի մեծագույն սիմվոլներից է, նաև՝ կատակներից։ Բայց այս կատակն ուղղություն է ցույց տվել փոփ արտի բազմաթիվ վարպետների՝ Ուորհոլ, Լիխտենշտեյն, Փրինս․․․ նրանք բոլորը Դյուշանի հետևից են գնացել»,- հայտարարում են արդեն 21-րդ դարում։
Ինքը՝ Դյուշանն այլ բան էր հայտարարում՝ կանացիության հատկանիշներով բնութագրվող այս պատկերին բեղ ու մորուք ավելացնելով․ «նա տղամարդ է»։ Այս պատկերը «տապալելով»՝ Դյուշանը բարձրացնում էր գեղագիտության և արվեստի փոխհարաբերությունների հարցը։ Այս կերպարների ստեղծման հիմքում նաև գենդերային ինքնության թեման էր, այստեղ, թերևս, արժե հիշել նկարչի կանացի ալտեր էգոյի մասին՝ Rose Sélavy։ Այս անունն ինքնին բառախաղ է՝ Eros, c'est la vie նմանությամբ (Էրոս, սա է կյանքը)։
Դյուշանի այս մոտեցումները 21-րդ դարում արդեն հազարավոր դոլարներ են արժեցել․ 2017-ին, օրինակ, բեղավոր «Մոնա Լիզան» վաճառվեց $750,000-ով։
Հետագայում այս վերափոխումների ալիքը շարունակվեց, սրան միացավ նաև Սալվադոր Դալին։ Իհարկե, Դալիի մոտեցման մեջ հենց գենդերային ինքնության շեշտադրումը չկար, բայց նա միացրել էր իր դիմանկարն ու «Մոնա Լիզային»:
Դալիի այս աշխատանքը ստեղծվել է լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանի հետ համագործակցությամբ։
«Ես նա եմ, նա ես եմ»,- ասում էր Դալին՝ ազատելով Մոնա Լիզային համատեքստից։
Իհարկե, այս վերարտադրությունների ֆոնին արժե հիշատակել նաև Էնդի Ուորհոլին։ 1963-ին, երբ «Մոնա Լիզան» ԱՄՆ-ում էր ցուցադրվում, դարձավ նաև Ուորհոլի փոփ արտի հերոսներից մեկը՝ միևնույն ժամանակ ցույց տալով, թե ինչպես կարող է անցյալը վերածվել ժամանակակից մեդիա աստղի՝ զուրկ որևէ տեսողական բովանդակությունից։
Հետաքրքրական է, որ Մոնա Լիզայի կերպարի վերարտադրությունն Ուորհոլն արել է գրեթե նույն շրջանում, ինչ Մերիլին Մոնրոյինն ու Ժաքլին Քենեդու։ Ի դեպ, հենց ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Քենեդու ջանքերով էր կտավը Ֆրանսիայից ԱՄՆ տեղափոխվել հատուկ ցուցադրությունների համար։
Ի դեպ, ասում են՝ ամերիկացի արվեստասերները 1963-ի ձմռանն անգամ սաստիկ ցրտի պայմաններում ժամերով էին հերթ կանգնում՝ տեսնելու Դա Վինչիի գործը։ Ըստ տվյալների՝ ԱՄՆ-ում կտավի ցուցադրությունը 1․5 մլն մարդու էր հետաքրքրել։
Տիկինը չէր կարող նաև նորաձևության մեջ չմտնել․ 2017-ին Louis Vuitton-ի ու նկարիչ Ջեֆ Կունսի համագործակցության արդյունքում ստեղծվեց հայտնի կտավների պատկերներով հավաքածու։ Հայտնի կտավների ցանկում, իհարկե, ներառված էր նաև «Մոնա Լիզան»:
Այսչափ պահանջված ու քննարկված տիկնոջը տարեկան միլիոնավոր մարդիկ գնում են տեսնելու, բայց մեկ է՝ նրա մասին կարծիքները շարունկում են երկու հակադիր բևեռներում մնալ։ Իսկ կենտրոնո՞ւմ. կենտրոնում հենց ինքն է՝ Դա Վինչիի «Մոնա Լիզան»։