Մոնեի սերը, կորուստն ու ոգեշնչումը՝ կտավներում. Ինչպես ֆրանսիացի իմպրեսիոնիստին ոգեշնչեցին ճակատագրական կանայք
Մոնեն 19-րդ և 20-րդ դարերի հազվադեպ հանդիպող ֆրանսիացի նկարիչներից է, ով ոչ մի անգամ մերկ կին չի նկարել: Սա, անշուշտ, որևէ կերպ չենք փորձում մեկնաբանել Մոնեի և իր կյանքի կանանց միջև հարաբերությունների համատեքստում, պարզապես կարող եք ընդունել որպես fun fact: Դե իսկ արտիստի անցած ճանապարհի ու թողած ժառանգության մասին այս դիտանկյունից խոսելը պատահական որոշում չէ։
Մոնեի մասին բազմաթիվ գրքեր ու ֆիլմեր կան, որոնք անդրադառնում են ֆրանսիացի իմպրեսիոնիստի կյանքի և արվեստի տարբեր շրջաններին, հաջողություններին, ձախողումներին, իրար հերթ չտվող վերելքներին ու անկումներին։ Բայց դժվար թե գտնեիք մի գիրք, որտեղ ամբողջացված էին Մոնեի կյանքում հայտնված ճակատագրական կանանց դերն ու նշանակությունը։
Այս բացը լրացվեց միայն վերջերս։ Նոր գիրքը պատմում է Մոնեի կյանքի երեք կարևորագույն կանանց մասին։ Ի դեպ պետք չէ այս ձևակերպումը դիտարկել միայն ռոմանտիկ համատեքստում։ Երեք կանանցից երկուսը Մոնեի տիկնայք էին, երրորդը՝ նրա խորթ դուստրը, որը համատեղությամբ նաև Մոնեի հարսն էր։
Գրքի գլխավոր արձանագրումներից մեկը հետևյալն է. Այս կանայք ոչ միայն ապահովում էին Մոնեի «էմոցիոնալ կայունությունը» կամ էլ հոգու ընկեր էին, այլև նրա գեղարվեստական նվաճումների օժանդակողներն էին։ Գրքի հեղինակը որոշ դեպքերում այս կանանց անգամ այդ հաջողությունների «համահեղինակ» է որակում։
Իրականում այս համատեքստը որևէ կերպ չի փորձում ստվեր նետել Մոնեի անսահման տաղանդի վրա ու այս կանանց դարձնել նրա հաջողության բանալին։ Փոխարենը գրքի հեղինակը նոր գույներով ընդգծել է Մոնեի տաղանդը և փորձել է զուգահեռաբար արժանին մատուցել այս կանանց ևս։
Մոնեն անձնական կյանքի ու հատկապես ինտրիգների ժամանակ չուներ։ Իր ամբողջ ուժը, ժամանակն ու էներգիան աշխատանքի վրա էր կենտրոնացնում, նրան առավելապես հիացնում էին բնապատկերներն ու իր սիրելի Սեն գետը, քան կանացի հմայքը։
Նրա կյանքի ուղեկիցները Մոնեի հետ ստիպված էին կիսել ամեն ինչ՝ վերելքներ, ավելի հաճախ հանդիպող վայրէջքներ, աղքատություն ու սով, նաև դիմանալ նրա պոռթկումներին ու տրամադրության անկումներին, երբ գործերը չէին հաջողում։ Բայց ամենակարևորը՝ պետք էր հասկանալ, որ Մոնեն ապրում է իր արվեստով, հետևաբար նրանից առանձնահատուկ ուշադրություն պահանջելը կամ էլ դրա բացակայության դեպքում նեղանալն առնվազն միամտություն էր։
Սա թեմայի ընդհանուր ամփոփումն է, բայց ճակատագրական երեք կանայք արժանի են նաև առանձին անդրադարձերի։
ԿԱՄԻԼ ԴՈՆՍՅՈ
Կամիլը Մոնեի կյանքում հայտնվեց ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ ամենախոստումնալից փուլում։ Երկուսն էլ երիտասարդ էին, վարպետը 26 տարեկան էր, Կամիլան՝ 19: Այս տարիքում Մոնեն առանձնապես չէր մտածում ընտանիք կազմելու մասին, պլանավորում էր իրեն ամբողջությամբ արվեստին նվիրել, բայց Կամիլի հղիությունը փոխում է ամբողջ պատկերը։
Ի սկզբանե Կամիլ Դոնսյոն Մոնեի համար բնորդուհի էր։ Հատկապես, երբ ուսումնասիրեք Մոնեի վաղ շրջանի կտավները, ապա կնկատեք, որ Կամիլը դրանցում հաճախ է հանդիպում։ Մոնեն բնապատկերների սիրահար էր, մարդկանց հազվադեպ էր պատկերում կտավներում, իսկ երբ պատկերում էր, ապա ամենայն հավանականությամբ կտավում նկարչի ընտանիքի անդամներն էին կամ նրա մտերիմ մարդիկ, իսկ ամենից հաճախ՝ հենց Կամիլը։
«Կանաչ զգեստով տիկնոջ դիմանկարը» Կլոդ Մոնեի և Կամիլ Դոնսյոնի առաջին համատեղ աշխատանքն է։ Փարիզում ցուցադրությունից կարճ ժամանակ առաջ Մոնեն բնորդ էր փնտրում իր կտավի համար ու արդյունքում կանգ առավ ապագա կնոջ տարբերակի վրա։ Ի դեպ, չկա հաստատում, որ սա զույգի առաջին հանդիպման պատմությունն է։ Կա վարկած, որ նրանք իրար ավելի վաղ էլ են ճանաչել։
Նույն՝ 1866 թվականին է ստեղծվել նաև Կամիլի մասնակցությամբ ամենահայտնի կտավներից մեկը՝ «Կանայք այգում» ստեղծագործությունը։ Այս կտավում բոլոր չորս կանանց դերում հենց Կամիլն է, պարզապես յուրաքանչյուր կերպարի համար այլ հագուստով և կեցվածքով պատկերված։
Եթե կարելի է այդպես ասել, ապա Կամիլը պրոֆեսիոնալ բնորդուհի էր, նա գիտեր ինչ կեցվածք ընդունել, ինչպես աշխատել նկարչի հետ, կարողանում էր երկար ժամանակ անշարժ մնալ ու չխոչընդոտել արտիստի աշխատանքին։ Սա էր պատճառը, որ Կամիլին կարող եք հանդիպել ոչ միայն Մոնեի, այլև այդ ժամանակաշրջանի ֆրանսիացի այլ նկարիչների կտավներում ևս։
Կամիլի «պրոֆեսիոնալիզմի» մեկ այլ հետաքրքիր ապացույց էր, երբ տարիներ անց Մոնեն փորձեց վերստեղծել «Կամիլ Մոնեն տղայի՝ Ժանի հետ» կտավը, որն առավել հայտնի է որպես «Զբոսանք. Հովանոցով տիկինը»։ Նոր տարբերակում բնորդուհու դերում Մոնեի խորթ դուստրն էր՝ Բլանշը, բայց աղջիկը չէր կարողանում շոգ եղանակին բավականաչափ երկար մնալ նույն դիրքում և թույլ տալ վարպետին ավարտել աշխատանքը։
Իհարկե, կյանքը գեղարվեստական նկարագրությունից շատ հեռու է։ Այս դեպքում ևս Կամիլի ու Կլոդ Մոնեի հարաբերություններն այնքան հարթ չէին, որքան կարելի էր ենթադրել սիրառատ կտավներից, ինչպես օրինակ «Պարտեզի նստարանին նստած Կամիլ Մոնեն» (1873 թ.) կամ «Կամիլի՝ մանուշակներով նկարը» (1877 թ.)։ Մոնեի համար ամեն դեպքում առաջին տեղում իր արվեստն էր, նա հավեր սիրահարված էր իր արվեստին և այդ սերը փոխադարձ էր։ Այս պատճառով հաճախ տուժում էին կնոջ և երկու զավակների հետ հարաբերությունները, նվազում էր նրանց հատկացվող ժամանակը։ Կարճ ասած՝ ամեն ինչ հանճարի մասին պատմող դասական սցենարով։
Կամիլ Մոնեն մահանում է ծանր հիվանդության պատճառով՝ ամուսնուն թողնելով երկու մանկահասակ երեխաների հետ։ Սա Մոնեի համար ծանր հարված էր թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ նաև այն առումով, որ պատասխանատվության մեծ բեռ էր ժառանգում։ Բարեբախտաբար, այս բեռը մեծ նկարչի հետ կիսում է նրա կյանքի երկրորդ ճակատագրական կինը՝ Ալիսան։
ԱԼԻՍԱ ՕՇԵԴԵ
Այս պատմությունը սկսվել է դեռ Կամիլի կենդանության օրոք, շարունակվել անգամ այն ժամանակ, երբ դեռ ողջ էր Ալիսայի ամուսինը և ամփոփվել տարիներ անց՝ ամուսնությամբ։ Ալիսա Օշեդեն ապահովված ամուսին ուներ՝ Էրնեստ Օշեդեն։ Էրնեստը բարձր արվեստը գնահատող մարդ էր և արվեստի գործերի հավաքածու ուներ։ Այդ հավաքածուում տեղ էին գտել նաև Մոնեի որոշ գործեր, իսկ ընդհանուր առմամբ Օշեդեն Մոնեի ստեղծագործական ճանապարհի վրա իսկապես նշանակալի աջակցություն է ունեցել։
Իրավիճակը փոխվեց, երբ 1877 թվականին Էրնեստ Օշեդեն սնանկացավ, իսկ արվեստի գործերի հավաքածուն վաճառվեց աճուրդում։ Արդյունքում Էրնեստը, նրա կին Ալիսան և նրանց վեց երեխաները տեղափոխվեցին Վետյոյ՝ Կլոդ Մոնեի և նրա առաջին կնոջ՝ Կամիլի տուն, որտեղ զույգն ապրում էր երկու երեխաների՝ Ժանի և Միշելի հետ։
Էրնեստը ժամանակի մեծ մասն անցկացնում էր Փարիզում և գուցե նաև սա էր պատճառը, որ նրա և կնոջ՝ Ալիսայի հարաբերությունները ժամանակի ընթացքում սառեցին ու ինչ-որ պահի առհասարակ մարեցին։ Ստացվեց այնպես, որ Կամիլի մահից հետո նրա և Մոնեի երկու երեխաները մնացին Ալիսա Օշեդեի խնամակալության տակ։ Մոնեն և Ալիսան միասին խնամում էին Մոնեի երկու և Ալիսայի վեց երեխաներին։
1881 թվականին նրանք տեղափոխվում են Պուասի, 1883 թվականին հիմնավորվում Ժիվերնիում։ Ասում են, որ հենց այստեղ է զույգը վերջնականապես հասկանում, որ ավելին են, քան ընկերները։ Այս կերպ զույգն ապրում է շուրջ տասը տարի, այս ամբողջ ընթացքում Ալիսը փաստաթղթերով ամուսնացած էր Էրնեստ Օշեդեի հետ։ Միայն 1891 թվականին Օշեդեի մահից հետո 1892 թվականին Ալիսան և Կլոդ Մոնեն պաշտոնապես ամուսնանում են։
Ի տարբերություն Կամիլի, Ալիսայի դերը Մոնեի ստեղծագործական կյանքում փոքր-ինչ այլ էր և չէր ենթադրում ուղիղ մասնակցություն։ Եթե Կամիլը հաճախ հայտնվում էր կտավներում, կարող էր ամուսնու հետ քննարկել աշխատանքը և ավելին, ապա Ալիսայի դերն առավել զգայական մակարդակում էր։ Նա Մոնեին «հուզական բարեկեցություն» էր տալիս և ցավոք չէր ստանում ֆիզիկական բարեկեցություն։
Կյանքի այս փուլում Կլոդ Մոնեի ստեղծագործական ընթացքն իսկական ատրակցիոնի էր նման, վերելքներն ու վայրէջքները հաջորդում էին միմյանց այնպիսի արագությամբ, որ հոգեբանորեն թույլ լինելու դեպքում հանգիստ կարելի էր մնալ այդ ալիքներից մեկի տակ։ Հետևաբար այս շրջանում Ալիսայի ներկայությունն ու աջակցությունը թերագնահատել չի կարելի։
ԲԼԱՆՇ ՕՇԵԴԵ
Ավարտենք այս շարքն անձնվիրության մասին մի պատմությամբ։ Ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարչուհի Բլանշ Օշեդեին շատերը ասոցացնում են հենց Կլոդ Մոնեի հետ։ Ինքը՝ նկարչուհին, սա շատ լավ հասկանում էր և նաև գիտեր, որ իր ամբողջությամբ չբացահայտված տաղանդն ու կիսատ կարիերան սեփական որոշումների արդյունքն էր։
Ի՞նչ որոշումների մասին է խոսքը։ Բլանշը Էրնեստ և Ալիսա Օշեդեների երկրորդ դուստրն էր, Կլոդ Մոնեի խորթ դուստրը, որը 1897 թվականին ամուսնացավ Մոնեի ավագ որդու՝ Ժանի հետ։ Այս ամենից զատ կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ. Բլանշը դարձել էր մեծ նկարչի հոգեդուստրը։
Մոնեի ստեղծագործական գործունեության վերջին շրջանում հենց Բլանշն էր նրա կողքին և ի տարբերություն իր մայրիկի՝ կարողանում էր էմոցիոնալ աջակցությունից զատ շատ հստակ աջակցություն ցուցաբերել վարպետին։ Ալիսայի մահից հետո Բլանշը զուգահեռաբար և՛ աջակցում էր էմոցիոնալ ծանր վիճակում գտնվող Մոնեին, և՛ փորձում կարգավորել նրա գործերը։
Ինքը նկարիչ լինելով շատ լավ հասկանում էր, թե ինչի կարիք ունի Մոնեն։ Ամենակարևորը՝ Մոնեն երազում էր միայն ստեղծագործել և գործ չունենալ դրան նախորդող ու հաջորդող տեխնիկական գործերի հետ։ Արդյունքում Բլանշը և նրա մենեջերն էր, և քարտուղարը, և ցանկացած անկանխատեսելի իրավիճակում նրա թև ու թիկունքը։ Այս ամենը միայն նրա համար, որպեսզի Մոնեն կարողանար կենտրոնանալ միայն իր աշխատանքի վրա։
Սա, իհարկե, նշանակում էր զոհաբերել սեփական կարիերայի աճը, որովհետև բոլոր այդ գործերը ժամանակ ու էներգիա էին պահանջում։ Իրականում հենց այդպես էլ եղավ, մինչև Մոնեի մահը Բլանշ Օշեդեն մոռացել էր սեփական կյանքի ու գործունեության մասին և պատրաստակամորեն նվիրվել էր վարպետին։
Ի դեպ, կա կարծիք, որ Բլանշի հատկապես վաղ շրջանի կտավները դժվար են տարբերվում Կլոդ Մոնեի աշխատանքներից, քանի որ նկարչուհին խորապես ազդված էր մեծ նկարչի արվեստով, դրանից զատ Մոնեի մահից հետո սկզբնական շրջանում նա օգտագործում էր նկարչի ներկապնակը, վրձինները, ներկերը։
Եվ այսպես, Մոնեի և այս կանանց պատմությունները կարելի է ամփոփել մի շատ կարևոր հետևություն անելով. Անշուշտ, այս կանայք ճակատագրական դեր են ունեցել նկարչի կյանքում, բայց Մոնեի ազդեցությունն ու ներկայությունն էլ պակաս ճակատագրական չէր նրանցից յուրաքանչյուրի համար։ Դե իսկ մեծ վարպետի թողած ժառանգության մասին պատմում են իր կտավները և դրանց գունապնակը։