Ահռելի ֆինանսական մեքենաներ. Բոլոր ժամանակների ամենաթանկարժեք ֆիլմերը
Պատկերացրեք աշխարհ, որում հարյուր միլիոնավոր դոլարներ ներդրվում են միակ ֆիլմի արտադրության մեջ, աստղային դերասանական կազմերը ստանում են յոթանիշ հոնորարներ, իսկ գովազդային արշավները մասշտաբներով համեմատելի են գլոբալ սպորտային իրադարձությունների հետ։ Բարի գալուստ հոլիվուդյան բլոկբաստերների աշխարհ։ Այստեղ բյուջեները փքվում են մինչև ապշեցուցիչ մասշտաբներ, իսկ յուրաքանչյուր ծախսված դոլար խաղադրույք է վարձույթում ապագա հաջողության համար։
PAN-ը ներկայացնում է պատմության մեջ 10 ամենաթանկարժեք ֆիլմերը երեք կարևոր կատեգորիաներում. նոմինալ բյուջեներ, ամբողջական ծախսեր մարքեթինգի հետ միասին ու թվեր, որոնք հաշվի են առնում գնաճը։ Ձեզ սպասում է ֆինանսական ճամփորդություն, որում թվերը ոչ պակաս տպավորիչ են, քան դրանց տակ ընկած ֆիլմերի մասշտաբները։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ստուդիաները հաճախ չեն կիսվում անգամ ֆիլմի արտադրության նոմինալ բյուջեի մասին տեղեկությամբ, ավելորդ է խոսել մարքեթինգային ծախսերի մասին: Հոդվածում թվերը տարբեր աղբյուրներից հավաքված տեղեկատվությունը ֆիլտրելու ու առավել հավաստի աղբյուրների վրա հիմնվելու արդյունք է, իսկ գնաճի հաշվարկների դեպքում՝ տարբեր գնահատականներից ընտրվել են առավել խելամիտները: Այդուհանդերձ, պետք չէ բոլոր թվերն ընդունել որպես բացարձակ ճշմարտություն:
Մերկ թվեր. Նոմինալ բյուջեների թոփ-10
Սկսենք ամենապարզից` նոմինալ բյուջեներից, որոնք արտացոլում են բուն ֆիլմի արտադրական ծախսերը` գրանցված կինոստուդիայի հաշվապահությունում։ Առանց մարքեթինգի, առանց գնաճի, միայն նկարահանումներ, հատուկ էֆեկտներ, աստղերի հոնորարներ և այլն։
Ցուցակի գագաթին Ջեյ Ջեյ Աբրամսի «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը» (Star Wars: The Force Awakens, 2015) ֆիլմն է` շշմեցուցիչ $447 միլիոնով։ Այս գալակտիկական տիտանը վերագործարկեց աշխարհի գլխավոր կինոսագան, իսկ Disney-ը, Lucasfilm-ը գնելուց հետո իր ուժերը փորձելու ընթացքում արեց ծախսեր, որոնք համենատելի են միջին տիեզերական առաքելության ծախսերի հետ։
Հաջորդը «Յուրայի դարաշրջանի աշխարհը. Կործանված թագավորություն» (Jurassic World: Fallen Kingdom, 2018) ֆիլմն է $432 միլիոնով։ Եվս մեկ հռչակավոր ֆրանշիզի վերագործարկման, այս անգամ, սիքվել։ Մարդիկ սիրում են դինոզավրեր, անգամ եթե Խուան Անտոնիո Բայոնայի ֆիլմը ուղղակի հերթական մակաբուծումն էր սուրբ անվան վրա։ Եռյակը եզրափակում է վերագործարկման մեկ այլ սիքվել հեռու հեռավոր գալակտիկայից։ «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» (Star Wars: The Rise of Skywalker, 2019) իր $416 միլիոնով դարձավ կենտրոնական Սագայի իններորդ էպիզոդը ու այս պահի դրությամբ նկարված վերջին լիամետրաժ ֆիլմը Աստղային պատերազմների տիեզերքում։ Այո, չնայած վարձույթում այն հավաքեց ավելի քան $1 միլիարդ, այդուհանդերձ, Ջեյ Ջեյ Աբրամսի խալտուրան առաջացրեց գրեթե բոլոր երկրպագուների դժգոհությունը, ինչի հետևանքով արդեն վեց տարի է` Lucasfilm-ի ղեկավար Քեյթլին Քենեդին ռիսկ չի անում կանաչ լույս տալ հաջորդ խոշոր լիամետրաժ նախագծին։ Չնայած դրան, տարբեր նախագծերի մասին խոսակցություններ անդադար տեղի են ունենում։
Մնացած տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Ֆորսաժ 10» (Fast X, 2023) ու «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» (Pirates of the Caribbean: On Stranger Tides, 2011) ֆիլմերի բյուջեները հավասար են` $379 միլիոն։ Դրանց հաջորդում են «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» (Avengers: Age of Ultron, 2015) իր $365 միլիոնով, «Վրիժառուները. Վերջնախաղ» (Avengers: Endgame, 2019) ֆիլմը` $356 միլիոնով, «Դոկտոր Սթրենջը խելագարության մուլտիվերսում» (Doctor Strange in the Multiverse of Madness, 2022) ֆիլմը` $351 միլիոնով ու Ջեյմս Կեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» (Avatar: The Way of Water, 2022) ֆիլմը` $350 միլիոնով։ Տասնյակը եզրափակում է «Մրջյուն մարդը և Կրետը. Քվանտամանիա» (Ant-Man and the Wasp: Quantumania, 2023) կինոկոմիքսը` $330 միլիոնով, ինչը զարմանալի է` հաշվի առնելով վերջինի սարսափելի վատ վիզուալ էֆեկտները։
Ինչպես նկատեցիք, այս կատեգորիայում բացարձակապես իշխում են ֆրանշիզները։ Սրանք ոչ թե ֆիլմեր են, այլ հսկայական ֆինանսական մեքենաներ, որոնց նպատակը միլիարդներ բերելն է։
Ամբողջական պատկեր. Հաշվի առնելով մարքեթինգային ծախսերը
Այժմ ընդլայնենք պատկերը։ Արտադրական բյուջեն միայն այսբերգի գագաթն է։ Երբ ավելացվում է մարքեթինգը, ի հայտ է գալիս բլոկբաստերի ստեղծման իսկական գինը։ Գովազդային վահանակներ, հոլովակների ցուցադրություն գլոբալ մարզական ու այլ իրադարձությունների ընթացքում, համաշխարհային շրջագայություններ պրոմոյի շրջանակներում, այս ամենը կարող է ավելացնել ընդհանուր ծախսերին տասնյակ ու անգամ հարյուր միլիոնավոր դոլարներ։
Գագաթին կրկին «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը» ֆիլմն է` $533.2 միլիոնով։ Այսպիսի մասշտաբային գովազդային արշավ դժվար թե որևիցե մեկը չնկատեր։ «Վրիժառուները. Վերջնախաղը» այս կատեգորիայում հայտնվել է երկրորդ տեղում` $500 միլիոնով` արտացոլելով այն ահռելի ջանքերը, որ ներդրվել էին Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքի տասնամյա աշխատանքն ամփոփելու համար։ «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմի ծախսերը մարքեթինգի հետ միասին կազմել են $460 միլիոն, $450 միլիոն է ծախսվել «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» ֆիլմի վրա։ Հնգյակը եզրափակում է երկրպագուների կողմից ատելի «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը»` $441 միլիոնով։
Ապա հաջորդում են «Յուրայի դարաշրջանի աշխարհը. Կործանված թագավորությունը»` $432 միլիոնով (ասում են` մարքեթինգի վրա կամ գրեթե գումար չի ծախսվել, կամ էլ ստուդիան թաքցնում է), «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը»` $430 միլիոնով, «Ֆորսաժ 10»-ը` $429 միլիոնով ու «Առաքելությունն անիրագործելի է. Վերջին հատուցում» (Mission: Impossible – The Final Reckoning, 2025) ֆիլմը` $425 միլիոնով։ Վերջինը դեռ էկրաններ չի բարձրացել, բայց արդեն հայտնի է, որ Իթան Հանթի մասին ֆրանշիզի եզրափակիչ մասի բյուջեն անասելի փքվել է նաև մարքեթինգային ծախսերի պատճառով։
Ցուցակը եզրափակում է «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» (Avengers: Infinity War, 2018) կինոկոմիքսը` $400 միլիոնով։ Այնպես որ, երբեմն հանդիսատեսին կինոյի տոմս գնել համոզելու արժեքը համադրելի է ֆիլմի հատուկ էֆեկտների արտադրության արժեքի հետ։
Տնտեսությունը ժամանակի մեջ. Հաշվի առնելով գնաճը
Իսկ ի՞նչ, եթե հավասարեցնենք տարբեր ժամանակների ֆիլմերի շանսերը։ Գնաճը հաշվի առնելով` բյուջեները վերածվում են այսօրվա դոլարների` թույլ տալով բոլորին դնել իրենց ծախսերը միևնույն նժարի վրա։
Ու կրկին ամենավերևում «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումն» է` $593 միլիոնով։ «Յուրայի դարաշրջանի աշխարհը. Կործանված թագավորությունը» վերադառնում է երկրորդ տեղ` $541 միլիոնով, իսկ եռյակը եզրափակում է «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին»` $529 միլիոնով։ «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը»` $512 միլիոն, իսկ «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը»` $484 միլիոն։
Մյուս հնգյակում կարող ենք տեսնել վետերանների. «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» (Pirates of the Caribbean: At World's End, 2007) կլանել է $455 միլիոն` անցնելով «Վրիժառուները. Վերջնախաղ» ու «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» կինոկոմիքսները` համապատասխանաբար` $438 ու $407 միլիոնով։ «Տիտանիկը» (Titanic, 1997) հիմա կարժենար $392 միլիոն։ Տասնյակը եզրափակում են «Սարդ մարդ 3»-ը (Spider-Man 3, 2007) ու «Ֆորսաժ 10»-ը` $391 միլիոնով։
Ի՞նչ է կանգնած հարյուր միլիոնավոր դոլարների հետևում
Ի՞նչն է փքում բյուջեները` հասցնելով դրանք նման չափերի։ Օրինակ, վիզուալ էֆեկտները` Ավատարի ստորջրյա աշխարհները կամ Վրիժառուների մասշտաբային ճակատամարտերը։ Բացի այդ, դերասանները. առաջին մեծության աստղերը ստանում են տասնյակ միլիոններ։ Գլոբալ նկարահանումները, լոգիստիկան, սցենարների վերամշակումը, վերանկարահանումները նույնպես թանկարժեք հաճույք են։ Ու, իհարկե, մարքեթինգը` հսկա ու ագահ փողային հրեշը։ Ու հանկարծ ստուդիական բոսսերը նկատում են, որ ֆիլմի բյուջեն հատել է կես միլիարդի սահմանը։ Ու եթե այդ ներդրումները չդառնան եկամուտ, գլուխներ են թռչելու ու ֆրանշիզներ են մեռնելու։
Ի վերջո, սրանք ծախսեր չեն զուտ ծախսելու համար։ Սրանք ներդրումներ են։ Աշխարհում, որտեղ հաջողված ֆրանշիզը բերում է միլիարդներ ու ստեղծում տիեզերքներ, ստուդիաները պատրաստ են ռիսկի դիմել։ «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը» բերեց $2 միլիարդ, իսկ «Վրիժառուները. Վերջնախաղը»` $2.8 միլիարդ։ Երբ խաղադրույքներն այսքան բարձր են, ռիսկի դիմելը դառնում է անհրաժեշտություն։
Կուլիսներում
Իհարկե, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Սկզբում մենք նշեցինք, որ պետք չէ հալած յուղի տեղ ընդունել ներկայացված թվերը։ Ստուդիաները հաճույքով խաղում են թվերի հետ, թաքցնում են իրական ծախսերը հարկային պահումների ու կրեատիվ հաշվապահության հետևում։ «Վերջնախաղի» բյուջեն կարող է ավելի ցածր լինել` արտոնությունները հաշվի առնելով, իսկ վերջին «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի արժեքը ներառել է թանկարժեք վերանկարահանումները։ Մարքեթինգային ծախսերն ընդհանրապես գաղտնի են մնում, ամեն ինչ հիմնվում է ինֆորմացիայի արտահոսքերի, ենթադրությունների ու լրագրողական հետաքննությունների վրա։