#cinéPAN
February 26

Ոչ ոք չի լսի քո ճիչը. Լավագույն կինոհրեշների տասնյակը, ու որտեղ են դրանք հանդիպում 

Ֆիլմի դիտման ընթացքում մենք մեզ ասոցացնում ենք հերոսի հետ։ Ու եթե նա բախվում է որևէ դժվարության, հարցնում ենք ինքներս մեզ` իսկ ի՞նչ կանեի ես նման իրավիճակում։ Ավելի հետաքրքիր է դառնում, երբ հերոսը բախվում է իրականում գոյություն չունեցող որևիցե երևույթի, օրինակ` ինչ-որ հրեշի հետ։ Այդ դեպքում մեզ նախ անհրաժեշտ է իդենտիֆիկացնել արարածին ու փորձել հասկանալ՝ ինչպես դրա դեմ պայքարել։

Կինեմատոգրաֆիկ հրեշներն այնքան շատ են ու բազմազան, որ թվում է` անիմաստ է դրանց հետ կապված ցանկացած թոփ կազմելը, ու ցանկացած նման թոփ սուբյեկտիվ է։ PAN-ը կպատմի իր սուբյեկտիվ տասնյակի ու դրանց դեմ պայքարելու մասին։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


10. ԿՈՏՈԳԱ

Ո՞րտեղ է հանդիպում. Դագլաս Փրեսթոնի ու Լինկոլն Չայլդի «Բրածոն» (Relic) գրքում Ամազոնի անտառներ ուղևորված մարդաբանը Չիկագո է վերադառնում սարսափելի հրեշի տեսքով` իսկական կոտորած կազմակերպելով Կենդանի բնության թանգարանում։ 1997թ-ի էկրանավորումը, որի ռեժիսորական աթոռին ամուր մարտաֆիլմերի ռեժիսոր Պիտեր Հայմսն էր, ընդհանուր առմամբ աննկատ մնաց, իսկ գրքի երկրպագուները այն չսիրեցին, որովհետև էկրանավորման մեջ չկար գրքի սիրելի հերոսը` ՀԴԲ գործակալ Ալոյսիուս Պենդերգաստը։ Բայց գրքի գլխավոր ասելիքը ֆիլմում տեղ գտավ. Փրեսթոնն ու Չայլդը քննարկում էին կենդանի բնության, այսպես կոչված, թռիչքաձև էվոլյուցիայի գաղափարը, ըստ որի` էվոլյուցիոն պրոցեսները ոչ թե անդադար են, այլ հատվածական, երբ պոպուլյացիայում պատահաբար առաջացող նոր օրգանիզմը փոխում է ամբողջ բիոսֆերան։ Այդպիսի օրգանիզմ էր Կոտոգան, որին վերածվել էր խեղճ մարդաբանը։

Ինչի՞ է նման. Ֆիլմում հրեշին ստեղծել է լեգենդար Սթեն Ուինսթոնը (ում դեռ շատ ենք հիշատակելու)։ Սա մարդու, սողունի, բզեզի ու թրատամ վագրի սարսափելի խառնուրդ է, ծայրահեղ ագրեսիվ ու ուժեղ, սրընթաց ու խելացի։ Սնվում է մարդկային հիպոտալամուսով (ուղեղի մի հատվածը), որովհետև իրեն անհրաժեշտ են հորմոններ, իսկ հիպոտալամուսը հորմոնների արտադրության կենտրոն է։

Կոտոգային հանդիպելիս աշխատեք հանդարտվել, խորը շնչեք ու դանդաղ արտաշնչեք

Ի՞նչ անել հանդիպելու դեպքում. Փախչել դժվար թե ստացվի, բայց կարող եք փորձել համոզել, ի վերջո` հրեշը ժամանակին մարդ է եղել։ Եթե դպրոցում լավ էիք քիմիայից, ձեռքի տակ կան քիմիական նյութեր, իսկ դուք կարող եք շատ արագ դյուրավառ նյութ ստանալ, փորձեք։ Կամ էլ գտեք կրակմարիչ ու շիթն ուղղեք հրեշի երախին. փոքրիկ շանս կա, որ կհասցնեք փախչել։

9. ՄԱՐԴԱՃԱՆՃ

Ո՞րտեղ է հանդիպում. Ժորժ Լանժելանի պատմվածքում, 1958թ-ի ֆիլմում։ Բայց մեզ հետաքրքրում է Դեյվիդ Քրոնենբերգի` 1986թ-ին նկարված «Ճանճը» (The Fly), որը թե առաջինի նոր էկրանավորում է, թե երկրորդի ռեմեյք։ Ու կրկին գործ ունենք մարդուց հրեշի վերածվելու պրոցեսի հետ, բայց ի տարբերություն «Բրածոյի», Քրոնենբերգին հետաքրքրում է բուն մետամորֆոզի պրոցեսը, ոչ թե արդյունքը։ Տաղանդավոր ֆիզիկոս Սեթ Բրանդլը (Ջեֆ Գոլդբլում) ստեղծել է տելեպորտացիոն մեքենա, բայց փորձարկումներից մեկի ժամանակ Սեթի հետ միասին մեքենայում ճանճ է հայտնվում։ Արդյունքում, տելեպորտացված Սեթը խառնվում է ճանճի հետ, մարդու ու ճանճի ԴՆԹ-ն ձուլվում է ու Սեթը սկսում է վերածվել իսկական հրեշի։

Ինչի՞ է նման. Բրանդլը հրեշի է վերածվում աստիճանաբար, փուլերով։ Սկզբում` անմարդկային ուժ ու զգայունություն ձեռք բերելու միջոցով, ապա սկսում է կորցնել մազերը, ատամները, մաշկը ու գնալով վերածվում է ահասարսուռ մի արարածի, որը ոչ մարդու է նման, ոչ էլ ճանճի։

Երբ հասկանում ես, որ սխալ ես թույլ տվել

Ի՞նչ անել հանդիպելու դեպքում. նախ, խուսափեք արարածի թքից, այն շատ ուժեղ թթու է ու կարող է հալեցնել։ Երկրորդ, ամենայն հավանականությամբ արարածը կցանկանա ձուլվել ձեզ հետ, բայց ոչ այն իմաստով, որի մասին մտածեցիք. նա կհրավիրի ձեզ մտնել տելեպորտ, հանկարծ չհամաձայնվեք։ Կարող եք ձևացնել, թե մտնում եք, ապա, երբ ճանճը ինքը մտնի, դուրս թռչեք, կտրեք կաբելներն ու թող ձուլվի տելեպորտի սարքավորումների հետ։ Դրանից հետո, համոզված եղեք, բիոմեխանիկական մղձավանջի վերածված հրեշն ինքը կխնդրի, որ իրեն ազատեք տանջանքներից։

8. ԳՈՁԻԼԱ

Ո՞րտեղ է հանդիպում. գրեթե ամենուր։ Սկսած ավելի քան 30 ճապոնական լիամետրաժ ֆիլմերից, որոնք սկիզբ են առնում դեռ 1954թ-ին, մինչև հոլիվուդյան արտադրության չորս ֆիլմ։ Դա, չհաշված սերիալները, անիմացիոն ֆիլմերը, գրքերը, կոմիքսները և այլն։

Լավագույն Գոձիլան «Մինուս Մեկում» է

Ինչի՞ է նման. Ճապոնական ֆիլմերի ճնշող մեծամասնության մեջ նման է մարդու, ով հագել է հսկա դինոզավրանման արարածի ռետինե ծանր կոստյում ու ավերում է հերթական Տոկիոն։ Բացի երկուսից. «Շին Գոձիլա» (Shin Godzilla, 2016) ֆիլմում սա խտոնիկ, մղձավանջային արարած է, որն անցնում է զարգացման մի քանի փուլով, իսկ «Գոձիլա Մինուս Մեկում» (Godzilla Minus One, 2023) ագրեսիվ ու ահարկու հրեշ, որը կարող է մի քանի վայրկյանում ավերակների վերածել մի ամբողջ քաղաք։

Գոձիլայի չափերի էվոլյուցիան

Ի՞նչ անել հանդիպելու դեպքում. նայած որ Գոձիլայի մասին է խոսքը, բայց, բոլոր դեպքերում, լավագույն ելքը փախչելն է։ Եթե, իհարկե, դուք Մեխագոձիլայի օպերատոր չեք, տակտիկական խմբի հրամանատար չեք, կամ էլ չեք ստեղծել ջրում եղած թթվածինը տրոհող սարք։ Փախչել պետք է անգամ եթե Գոձիլան մարդկանց կողմից է. բանը նրանում է, որ նման չափերի պարագայում արարածը կարող է ձեզ ուղղակի տրորել` չնկատելով։

7. ԲԱԼՐՈԳ

Ո՞րտեղ է հանդիպում. Մորիայի անդունդներում։ Իսկ եթե ավելի մանրամասն, Ջոն Ռոնալդ Ռոել Թոլքինի լեգենդարիումում` սկսած «Մատանու եղբայրությունից» մինչև «Սիլմարիլիոն»։ Ֆիլմերում լավագույն Բալրոգը Պիտեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը» (The Lord of the Rings: The Fellowship of the Ring, 2001) ու «Մատանիների տիրակալը. Երկու ամրոց» (The Lord of the Rings: The Two Towers, 2002) ֆիլմերում է։ Դուրինի թզուկները չափից շատ են փորում լեռների ընդերքը` գանձեր որոնելու ընթացքում ու արդյունքում արթնացնում են հնագույն այդ չարիքին։

Ինչի՞ է նման. Հրերով ու ստվերներով պատված հսկա պոզավոր ու թևավոր դեմոնիկ արարած` զինված հրե մտրակով ու թրով։

- Դու չե՜ս անցնի...

Ի՞նչ անել հանդիպելու դեպքում. եթե դուք փոքրիկ հոբիթ եք, մարդ, էլֆ, թզուկ, թրոլ, օռկ, կամ գոբլին, ապա փախեք։ Իսկ եթե մայարներից եք ու կախարդ, կարող եք փորձել թույլ չտալ հրեշին անցնել Կազադ-Դումի կամուրջով։ Իսկ եթե միասին ընկնեք անդուդը, կարող եք անկման ընթացքում հետը կռվել. միգուցե, հաղթեք ու լեվել ստանաք։

6. ՏԻՐԱՆՈԶԱՎՐ ՌԵՔՍ

Ո՞րտեղ է հանդիպում. շատ ֆիլմերում, բայց իկոնիկ տարբերակը` Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի այգին» (Jurassic Park, 1993) ֆիլմում։ Այստեղ Սթեն Ուինսթոնի աննկարագրելի տաղանդի ու առաջադեմ վիզուալ էֆեկտների շնորհիվ ցամաքային ամենաահարկու գիշատիչը կենդանանում է։ Իհարկե, անցած 30 տարիների ընթացքում տիրանոզավրերի մասին շատ նոր բաներ ենք իմացել, ու ֆիլմում պատկերվածը գնալով ավելի ու ավելի աղոտ է հիշեցնում իսկական տիրանոզավրի։ Բայց պետք է հիշել, որ ֆիլմում (ու Մայքլ Քրայտոնի գրքում) գործ ունենք ոչ թե իսկական տիրանոզավրի, այլ տարբեր արարածների գենետիկ նյութով հավաքված հիբրիդի հետ։

Ինչի՞ է նման. Բավականին նման է իրական տիրանոզավրի այնպիսին, ինչպիսին մենք այժմ պատկերացնում ենք։

Մանրամասն գայդ, թե ինչ է կարելի ու ինչ չի կարելի անել տիրանոզավրին հանդիպելիս

Ի՞նչ անել հանդիպելու դեպքում. անշարժ կանգնեք, չփորձեք փախչել ու թաքնվել զուգարանում։ Եթե չշարժվեք, տիրանոզավրը ձեզ չի նկատի։ Եթե ձեռքի տակ կա ազդանշանային ծխաբեր նռնակ, կարող եք դրանով շեղել կենդանու ուշադրությունը։

5. ԳՐԱԲՈԻԴՆԵՐ

Ո՞րտեղ է հանդիպում. Գրիբոիդներին հետխորհրդային տարածքում հիշում են բոլորը։ Հողի տակով շարժվող որդանման հրեշների մասին «Ցնցումներ» (Tremors, 1990) ֆիլմը այն ժամանակ ամենապոպուլյար հորրորներից էր։ Բանը հասնում էր պարանոյայի, երբ ֆիլմը նայած դեռահասները երևակայում էին, թե գետինը ցնցվում է ու շտապում էին բարձր տեղ փախչել։ Ինքը` ֆիլմը, սև կատակերգական հորրոր է` հիանալի Կեվին Բեյքոնով։

Ինչի՞ է նման. առաջին ֆիլմում գրիբոիդները ստորգետնյա հսկա որդեր են, որոնք զգում են ամենաչնչին վիբրացիաներն ու շատ արագ գտնում զոհին։ Որդի երախից դուրս են գալիս օձանման արարածներ, որոնք, փաթաթվելով զոհին, քաշում են դեպի երախը։ Հետագա բազմաթիվ սիքվելներում հայտնվում են գրիբոիդների այլ ֆենոտիպային տարբերակներ, բայց մեզ հետաքրքրում է օրիգինալը։

Մեծ տրամաչափի հրազենը նույնպես կարող է օգտակար լինել

Ի՞նչ անել հանդիպելու դեպքում. չշարժվել, եթե գրիբոիդը մոտ է ու չեք հասցնի փախչել։ Եթե կարծում եք, որ կհասցնեք, ապա զարգացրեք մաքսիմալ հնարավոր արագություն ու բարձրացեք որևիցե ամուր հիմքի` մեծ ժայռակտորի, շատ մեծ տրակտորի, տան տանիքի վրա։ Կարող եք փորձել գրիբոիդին պայթեցնել դինամիտով, բայց հիշեք, կենդանին շատ խորամանկ է ու կարող է գուշակել ձեր մտադրությունը։ Ծայրահեղ դեպքում, եթե լրիվ խելագար եք, կարող եք բավարար խորը կիրճ գտնել ու դրա եզրին սպասել սլացող գրիբոիդին։ Շանս կա, որ արարածը չի հասցնի արգելակել ու կընկնի ձորը։

4. ՔԼՈՎԵՐ

Ո՞րտեղ է հանդիպում. առաջին անգամ` Ջեյ Ջեյ Աբրամսի, Մեթ Ռիվսի ու Դրյու Գոդարդի աներևակայելի հաջողակ էքսպերիմենտում` «Քլովերֆիլդ» (Cloverfield, 2010) անվանմամբ։ Ֆիլմն իրենից ներկայացնում է «հայտնաբերված տեսանյութ» (found footage), Նյու Յորքում տեղի ունեցած աղետը պատահաբար սիրողական տեսախցիկով նկարած։ Իսկ ի՞նչ աղետի մասին է խոսքը։ Տեսանյութի սկզբում երեկույթ է, որի ընթացքում գլխավոր հերոսը` Ռոբը (Մայքլ Շթալ Դեյվիդ) հրաժեշտ է տալիս իր ընկերներին` Ճապոնիա մեկնելուց առաջ (ինչպիսի իրոնիա)։ Հետո հանկարծ սկսվում է իսկական կայձյու ֆիլմ. ահռելի մի հրեշ հարձակվել է Նյու Յորքի վրա, ոչնչացրել Ազատության արձանը ու իսկական քաոս սկսել։ Դողացող տեսախցիկը, երաժշտության բացակայությունը, փոշին, ասֆալտը ներկայության շատ ուժեղ զգացում են առաջացնում։

Ինչի՞ է նման. Նևիլ Փեյջի ստեղծած արարածը նման չի նախկինում ցուցադրված ու ոչ մի հրեշի։ Վերջույթները, կարծես, միտումնավոր խեղված լինեն ու ծալվում են անսովոր անկյան տակ։ Բացի այդ, հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք սիրողական նկարահանում, հրեշին մանրակրկիտ ցույց չեն տա, միայն մարմնի առանձին մասեր, իսկ ամբողջությամբ` շատ կարճ։ Դա էլ հերիք չէ, արարածի մարմնի վրա վխտում են գիշատիչ մակաբույծներ, որոնց խայթոցից մարդը բառի բուն իմաստով պայթում է։

Քո համար հանգիստ քայլում ես, մեկ էլ Ազատության արձանի գլուխն ընկնում է կողքիդ

Ի՞նչ անել հանդիպելու դեպքում. փախչել քաղաքից` մինչև իշխանությունները միջուկային ռումբով ոչնչացնեն թե հրեշին, թե քաղաքը։ Կարևորը, հեռու մնացեք կամուրջներից ու մետրոյի թունելներից։

3. ԳԻՇԱՏԻՉԸ

Ո՞րտեղ է հանդիպում. արևադարձային անտառներում շատ շոգ եղանակին, հատկապես զինված հակամարտությունների գոտիներում։ Այլմոլորակային այս արարածի կյանքի իմաստը շատ վտանգավոր ավարի որսն է, իսկ մինչև ատամները զինված մարդուց վտանգավոր ավար դժվար է պատկերացնել։ Ջոն Մակտիրնանի «Գիշատիչը» (Predator, 1987) նախորդ դարի 80-ականների լավագույն ֆանտաստիկ մարտաֆիլմն է, որը Առնոլդ Շվարցենեգերին հոլիվուդյան Օլիմպոս բարձրացնելու հերթական մեծ քայլն էր։ Շվարցենեգերի հետ միասին ֆիլմի բրուտալ մասկուլինային քասթը համալրել են Կառլ Ուեզերսը, Ջեսի Վենտուրան, Բիլ Դյուքը, Սոնի Լանդհեմը, Շեյն Բլեքն ու Ռիչարդ Չավեսը։ Բնականաբար, այլմոլորակայինի հետ բախման վերջում կմնա միայն Արնին։

Ինչի՞ է նման. ի սկզբանե, գիշատիչը պետք է նման լիներ շնանման արարածի, որին խաղալու էր Ժան Քլոդ Վան Դամը։ Բարեբախտաբար, Վան Դամից ու շնանման արարածից հրաժարվեցին ի օգուտ դիմակավոր, անտեսանելիության կամուֆլյաժով հսկա հումանոիդի, որի դիմակի տակ դրեդերով ու չորս մանդիբուլներով հրեշ է։ Ի դեպ, Սթեն Ուինսթոնին արարածի արտաքինը հուշել է Ջեյմս Կեմերոնը։

- Արի աձին-աձին կպնենք, առանց զենքի, տղավարի

Ի՞նչ անել հանդիպելու դեպքում. Եթե ձեր անունը Ալան «Դատչ» Շեֆեր չի, ապա վայր դրեք ցանկացած տիպի զենք, ծնկի իջեք ու սկսեք աղոթել։ Որսորդն անզեն ավարով չի հետաքրքրվում, այնպես որ, շանս կա, որ ողջ կմնաք։ Իսկ եթե ձեր անունը Դատչ է, ապա պատվեք ցեխով, որովհետև որսորդը տեսնում է միայն ջերմային սպեկտրում, ու սկսեք ծուղակներ պատրաստել։ Հիշեք, որսորդը պարտվելու դեպքում պարտադիր սեպուկկու է անում` միացնելով բազուկին ամրացված մինի միջուկային ռումբը։

2. ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ

Ո՞րտեղ է հանդիպում. Լեգենդար ռեժիսոր Ջոն Կարպենտերը 1982թ-ին նկարեց Ջոն Վուդ Քեմպբել, կրտսերի Who Goes There? պատմվածքի նոր էկրանավորումը, որը միաժամանակ 1951թ-ի «Ինչ-որ բան այլ աշխարհից» (The Thing from Another World) ֆիլմի ռեմեյքն է։ Ի տարբերություն պատմվածքի ու 51թ-ի ֆիլմի, որոնք ռետրո ֆանտաստիկայի լավ օրինակներ են, Կարպենտերի «Ինչ-որ բանը» (The Thing) խտոնիկ սարսափ է` 80-ականների սկզբի ամբողջ ՄԻԱՎ պարանոյայով ու անելանելիության զգացումով պարուրված, փակ տարածության մեջ ծուղակն ընկած մարդկանց մասին։ Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթի լավագույն ավանդույթներով զարհուրանքը համալրված էր Ռոբ Բոտինի ստեղծած շքեղ այլմոլորակային արարածով, որը պատճենում է Անտարկտիդայում գտնվող ամերիկյան կայանի բևեռախույզների մարմինները։

Ինչի՞ է նման. Ձեր ամենասարսափելի մղձավանջին։ Մարդկանց ու կենդանիների մարմինները վերածվում են աներևակայելի հրեշների, կիսվում են, ձուլվում և այլն։ Ռոբ Բոտինը ստեղծել է անհավանական արարածի իր տարբեր դրսևորումներով, սահմռկեցուցիչ ու ահասարսուռ։

Արարածի բազմաթիվ ֆորմաներից վերջինն ամենաահարկուն է

Ի՞նչ անել հանդիպելու դեպքում. վառել, անխնա վառել։ Արարածը շատ խորամանկ է ու արագ պատճենում է մարդկանց` նմանվելով նրանց։ Այդ իսկ պատճառով, եթե ինքներդ համոզված եք, որ այլմոլորակային չեք, իզոլացվեք մյուսներից, կամ գիտափորձ անցկացրեք` ձեր գործընկերների արյան մեջ շիկացած լար մտցնելով։ Հաստատ իմացեք, անմիջապես կհասկանաք, ում հետ գործ ունեք։

1. ՔՍԵՆՈՄՈՐՖ

Ո՞րտեղ է հանդիպում. Այնտեղ, որտեղ ձեր ճիչը ոչ ոք չի լսի։ Ռիդլի Սքոթի «Օտարը» (Alien, 1979) աշխարհին նվիրեց կինոյի պատմության մեջ ամենավախենալու ու վտանգավոր հրեշին, որի անկրկնելի դիզայնը մշակել է շվեյցարացի նկարիչ Հանս Ռուդոլֆ Գիգերը։ Նույն լավքրաֆթյան խտոնիկ զարհուրանքը` համադրված ֆրեյդական անգիտակցական վախերի ու բնազդների հետ, մեր մարդկային էության ամենախորքում թաքնված սարսափի հետ, որը մեզ հետ է ժամանակների սկզբից։

Ինչի՞ է նման. Միաժամանակ էլեգանտ ու մղձավանջային արարած, որի հետ հնարավոր չի պայմանավորվել, որին հնարավոր չէ համոզել, որից հնարավոր չէ փախչել։ Արագ, դաժան ու սրընթաց։ Ու ամենավատը, որ արարածը ձեզ միանգամից չի սպանի, այլ կվերածի կոկոնի` իր հետագա սերունդների համար։

Առաջին հայտնվելը

Ի՞նչ անել հանդիպելու դեպքում. Լքել տիեզերանավն ու պայթեցնել այն։ Եթե քսենոմորֆը դարձել է ձեր փրկարարական նավակի ուղևորը` խուսափելով պայթյունից, փորձեք նրան դուրս նետել տիեզերք։ Ոչ մի դեպքում չկրակեք փակ տարածությունում։ Արարածի մարմիմը լցված է բարձր ճնշմամբ խիստ ուժեղ թթուով, որը մի քանի վայրկյանում կհալեցնի մաշկը մինչև ոսկորներ։


🎬 Արման Գասպարյան / PAN