#մշակութաPAN
February 6

Համբույր՝ անիծվածների կղզում, լաբիրինթ՝ որդուն հոշոտելիս ու մի լարովի նարինջ՝ բանտում. Ուտոպիստական աշխարհ, որտեղ կտավը ֆիլմ է

Արվեստում օրենքներ չկան, բայց չգրված օրենք է, որ արվեստագետը ստեղծագործում է՝ ենթագիտակցորեն մտքում ունենալով իրենից առաջ ստեղծագործած արվեստագետների ազդեցությունն ու ժառանգությունը։ Այլ արվեստագետների գործերին հղում անելը սրա լավագույն ցուցիչներից է։ Եվ սա անկախ նրանից՝ դա արվում է որպես հարգանքի տուրք, վերաիմաստավորման փորձ, թե ժամանակակից տարրեր ավելացնելու ցանկություն։

Սա բացառություն չէ նաև կինոյի աշխարհում։ Ինչպես մեծ կինոգործիչներն են ոգեշնչել ժամանակակից նկարիչներից շատերին, այնպես էլ կինոյի պատմության ընթացքում մեծ նկարիչներն ազդեցություն են թողել ռեժիսորների ստեղծած կինոաշխարհի վրա։

Կտավները դառնում են տեսարաններ, իսկ որոշ դեպքերում անգամ ոգեշնչում են ամբողջական ֆիլմերի։ Ի վերջո, արվեստը կտրված չէ իրականությունից։ Այն ամենը, ինչ ստեղծվում է, այս կամ այն կերպ իր հիմքում ունի դրանից առաջ ստեղծված արվեստի հարուստ ավանդույթներն ու հետագիծը։

Կինոռեժիսորները հաճախ են ոգեշնչվել կտավներից՝ թույլ տալով, որ մեծ նկարիչների աշխատանքները ոգեշնչեն և ուղղորդեն ֆիլմը՝ սկսած կադրերի կառուցվածքից մինչև ֆիլմի գունապնակ։ Ինչպես կարելի էր ենթադրել՝ Բոտիչելիի, դա Վինչիի կամ վան Գոգի կտավներն իրենց ֆիլմերում պատկերող ռեժիսորների թիվը քիչ չէ։

Բայց լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, հետևաբար մենք մեկ տեղում հավաքել ենք մեծ ռեժիսորների ամենահայտնի հղումներն արվեստի գործերին, որոնք օգնեցին ստեղծել նրանց կարիերայի ամենանշանավոր և տպավորիչ տեսարաններից մի քանիսը։

«ՖԱՎՆԻ ԼԱԲԻՐԻՆԹԸ» | «ՍԱՏՈՒՐՆԸ ՈՐԴՈՒՆ ՀՈՇՈՏԵԼԻՍ»

«Ֆավնի լաբիրինթը» Գիլերմո դել Տորոյի ամենաքննարկված ֆիլմերից է և կարելի է ասել, որ ի սկզբանե ռեժիսորը միջազգային ճանաչում ստացավ հենց այս ֆենտեզի դրամայի շնորհիվ։ Այն փաստը, որ «Ֆավնի լաբիրինթը» օսկարներ է ստացել  լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն դիմահարդարում և լավագույն բեմադրող նկարիչ անվանակարգերում արդեն իսկ հուշում է, որ գործ ունենք կտավի պես մանրակրկտորեն աշխատած տեսարանների հետ։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում երկու զուգահեռ աշխարհներում։ Մի կողմից Իսպանական քաղաքացիական պատերազմի ծանր ժամանակներն են, մյուս կողմից՝ ոչ պակաս ծանր, մութ ու խրթին կախարդական աշխարհը, որտեղ հայտնվում է դեռահաս Օֆելիան։

Մոր հետ խորթ հոր մոտ տեղափոխված աղջնակը ոչ շատ հեռու մի ավերված լաբիրինթոս է գտնում, իսկ գիշերը հայտնվում է փերին ու նրան տանում այդ լաբիրինթոսի խորքերը: Թե ինչ փորձություններ են նրան սպասում այնտեղ՝ չմանրամասնենք, որպեսզի ինքներդ դիտեք։ Բայց կախարդական աշխարհում առանցքային կերպար է դառնում «գունատ մարդը», որի աչքերը ոչ թե դեմքի, այլ ձեռքերի վրա էին։ Կերպարի բոլոր մանրուքները մտածված էին, իսկ լրացուցիչ ներշնչանքի աղբյուր էին դարձել Ֆրանցիսկո Գոյայի կտավները։

Բայց գունատ մարդը հատկապես հիշեցնում է Գոյայի ամենասարսափելի կտավներից մեկը՝ «Սատուրնը որդուն հոշոտելիս» կտավը։ Իսպանացի նկարիչն այս կտավը ստեղծել է 1819-1823 թվականներին՝ իր տան պատին։ Իրականում այս գործը 14 որմնանկարներից բաղկացած շարքին է պատկանում։ 70-անց Գոյան ծանր հիվանդություններ ուներ և նաև ծանր հոգեբանական վիճակում էր գտնվում և հենց այս շրջանում էլ նկարել է այս շարքը, որը հետագայում անվանվեց «Սև նկարներ»։

Ըստ ավանդական մեկնաբանության՝ նկարում պատկերված էր Կռոնոսը, որը վախենում էր տապալվել սեփական զավակների ձեռքով, հետևաբար խժռում է բոլորին։ Գոյայի այս գործը հաճախ համեմատել են Ռուբենսի «Սատուրն» կտավի հետ, բայց գլխավոր տարբերությունն այն է, որ Ռուբենսի Սատուրնը սառնասիրտ ու հստակ հաշվարկներով էր խժռում սեփական զավակին, իսկ Գոյայի կտավում Սատուրնը խելագարված է, հետևաբար պատկերված է անբնական դիրքով կանգնած խելագար հրեշ։

«ՃԻՉ» | «ՃԻՉ»

Երբ խոսում են «Ճիչ» արվեստի գործի մասին, ի՞նչն է առաջինը գալիս ձեր մտքին։ Ուես Քրեյվենի «Ճիչ» սարսափ ֆիլմը, թե՞ էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը։

Իրականում այս երկու գլուխգործոցն ուղիղ կապ ունեն, որովհետև ռեժիսոր Ուես Քրեյվենն իր ֆիլմաշարը ստեղծելիս ոգեշնչվել է Մունկի ֆենոմենալ կտավով։ Ֆիլմաշարը ներկայացնում է, թե ինչպես են դիմակով մարդասպաններն ամենադաժան ձևով սպանում մարդկանց։ Իսկ դիմակը բոլոր դեպքերում նույնն է՝ ուրվականի դեմքը է։ Ուրվականի դեմքը ինքնին «Ճիչ» ֆիլմաշարի հիմնական կերպարն է։

Հիմա ուրվականի դեմքն այնքան է տարածվել, որ շատերը չգիտեն էլ, թե որն է դրա սկզբնաղբյուրը։ Այո՛, հելոուինի ամենատարածված կերպարի սկզբնաղբյուրը «Ճիչ» ֆիլմն է, բայց ախր այդ կերպարն ինքն էլ սկզբնաղբյուր ուներ։

Էդվարդ Մունկի «Ճիչը» էքսպրեսիոնիզմի գլխավոր խորհրդանիշներից է ու պատկերում է հուսահատության եզրին գտնվող մարդու կերպարանք, որն անզորությունից ճչում է։ Կա տեսակետ, որ այս կտավը մոդեռնիզմի համար անկյունաքարային դարձավ, որովհետև հստակ «խոսեց» մենության և հուսահատության մասին։ Կտավում ճչացող մարդու կերպարանքը հանճարեղ «պրիմիտիվության» չափ պարզ է ներկայացված, իսկ հետևում ալիքաձև ձգվող բնանկարը կարծես մարդու ձայնի արձագանքը լինի։

Ֆիլմում ևս ուրվականի դեմքը ամենապարզ, ընկալելի ու միևնույն ժամանակ ամենասարսափեցնող կերպով է ներկայացված։ Իսկ թե մենության, հուսահատության կամ հոգեբանական այլ երևույթների մասին ինչ է ասում ֆիլմաշարը՝ չբացահայտենք նրանց համար, ովքեր չեն դիտել։

«ԱՆԻԾՎԱԾՆԵՐԻ ԿՂԶԻ» | «ՀԱՄԲՈՒՅՐ»

Մարտին Սկորսեզեի գլուխգործոցների շարքում «Անիծվածների կղզի» հոգեբանական թրիլլերը հատուկ տեղ է զբաղեցնում։ Այն հատուկ է ոչ միայն Սկորսեզեի, այլև ամբողջ կինոարտադրության ժառանգության մեջ։ Բազմաշերտ հոգեբանական խնդիրների ու դրանց վերլուծության, հեռու մի կղզում հոգեկան հիվանդություն ունեցող հանցագործներին ուսումնասիրելու և  դաժան սպանություններ բացահայտելու արանքում անգամ Սկորսեզեն հասցնում է գեղարվեստական այնպիսի լուծումներ տալ, որոնք կինոյի պատմության մեջ դեռ շատ են հիշատակվելու։

Այս առումով ֆիլմի ամենագեղեցիկ ու հիշարժան տեսարաններից է, երբ ԴիԿապրիոյի հերոսն ու իր կինը գտնվում են իրենց տանը, գրկում են իրար, իսկ մի քանի վայրկյան անց ամեն ինչ փոշիանում է։ Հոգեբանական ծանր ու հուսահատ դրությանը կարծես հակադարձում է հերոսի կնոջ դեղին, կարմիր ծաղիկներով, եթերային զգեստը։ Իսկ հետաքրքիրն այն է, որ թեև հոգեբանական վիճակին ու ստեղծված դրությանը զգեստը հակասում է, բայց այն ամբողջովին լրացնում է կադրն ու վիզուալ գունապնակը։

Ու սա, թերևս, այստեղ քննարկվող բոլոր ֆիլմերից ամենահայտնի դրվագն է, որտեղ ռեժիսորը հղում է անում արվեստի համաշարխային գործի։ Այս դեպքում՝ սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտի «Համբույր» կտավին։ Գունային նրբերանգներից մինչև կադրի կառուցվածք և հերոսների շարժուձև. Նորագույն շրջանի գլուխգործոցներից մեկն ակնհայտորեն պատկերվում է Սկորսեզեյի ֆիլմում։

Կտավում պատկերված է իրար փարված զույգ։ Տղամարդու հագին սև ու սպիտակ ուղղանկյուններից հագուստ է, կինը ծաղկավոր թեթև զգեստով է, մազերի մեջ՝ ծաղիկներ։ Կտավը ստեղծվել է Կլիմտի «Ոսկե շրջանում»՝ ոսկեզօծ աշխատանքների շարքին է պատկանում։

«ԽԵԼԱԳԱՐ ՄԱՔՍ. ԶԱՅՐՈՒՅԹԻ ՃԱՆԱՊԱՐՀ» | «ՓՂԵՐԸ»

Հիմնվելով «Խելագար Մաքս» ֆիլմի հաջողության վրա, ավստրալիացի ռեժիսոր Ջորջ Միլլերն այդ դարձրեց քառապատում։ 2015 թվականին մեծ էկրան բարձրացավ «Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ» մարտաֆիլմը, որն առանձնանում էր իր մանրակրկտորեն կառուցված տեսողական լեզվով։

Վարպետորեն կիրառված լուսավորությունը, ճիշտ մշակված գունապնակն ու կարմրավուն և կապույտ երանգների ինտենսիվ կիրառումը որոշ դրվագներում հիշեցնում են սյուրռեալիստ Դալիի գործերը։ Սա հատկապես պատկերավոր է, որովհետև ֆիլմի գործողություններն ընթանում են պոստապոկալիպտիկական ապագայում՝ քաղաքակրթության անկումից հետո։

Իսկ տեսարանը, որտեղ դատարկ ու ամայի ֆոնի վրա հայտնվում են երկար վերջույթներով ֆիգուրները միանգամից հիշեցնում է Դալիի «Փղերը» կտավը։

Փղերի թեման Դալիի աշխատանքներում հաճախ կարելի է տեսնել, բայց եթե մյուս կտավների դեպքում փղերը լրացնող էլեմենտ էին, ապա 1948 թվականին ստեղծված այս գործում դրանք կտավի առացքում են։ Հետևում՝ ինչպես ֆիլմում, ընդգծված գույն է ու դատարկություն։ Սա ի տարբերություն Դալիի այլ կտավների, որտեղ գլխավոր թեմայից զատ քիչ չեն նաև դետալները։

«ԼԱՐՈՎԻ ՆԱՐԻՆՋ» | «ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԶԲՈՍԱՆՔԸ»

«Լարովի նարինջ» քրեական անտիուտոպիայում Սթենլի Կուբրիկը հարգանքի տուրք է մատուցում մեծանուն նկարիչներից մեկին՝ վան Գոգին։

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ալեքսը, ընկերներից կազմված ավազակախմբի անդամ էր։ Առանց խղճի խայթի թալանում էր, բռնաբարում ու անգամ սպանում։ Նրա միակ թերությունը Բեթհովենի երաժշտությունն էր։ Հանգամանքների բերումով հերթական հանցագործությունից հետո Ալեքսը հայտնվում է բանտում, որտեղ տանել չէր կարողանում վատ պայմանները, դաժան տեսուչներին ու կեղտոտ կալանավորներին։ Բանտի միջավայրը Կուբրիկը ներկայացրել է այնքան իրական ու այնքան դետալային, որ Ալեքսի այս ապրումները միանգամից փոխանցվում են դիտողին։

Հենց բանտի տեսարաններից մեկն էլ պատկերում է վան Գոգի հայտնի «Բանտարկյալների զբոսանքը» կտավը, որը նկարիչը պատկերել է, երբ բուժվում էր հոգեբուժարանում։

Կտավում պատկերված է բանտի մութ, նեղ բակի ջրհորը, որի շուրջ շրջանագծով շարժվում են շղթայված բանտարկյալները։ Կտավը խորհրդանշում է ներփակված մարդկանց կյանքը։

Վիզուալ պատկերը գրեթե նույնն է Սթենլի Կուբրիկի ֆիլմում։ Ֆիլմ, որը հետազոտում էր չարի ծագումը, բռնի վարքագիծը ու այն ուղիները, որոնցով գիտությունը կարող է կամ էլ գուցե չի կարող մոտենալ բուժմանը։ Ամեն դեպքում հակասական այս ֆիլմն այսօր կուլտային դասական է։

«ՎԵՆԵՐԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ» | «ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ»

Իտալական տոսկանական դպրոցի նկարիչ Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավը պատկերում է Վեներայի  (Աֆրոդիտե) ծննդյան միֆը։ Հին հունական ավանդույթի համաձայն Աֆրոդիտեն ծնվել է ծովի փրփուրից և եղել է ամենագեղեցիկը բոլոր աստվածներից։ Գեղանկարչության մեջ աստվածուհու բոլոր պատկերումներից՝ Բոտիչելիի կտավն ամենատպավորիչն է։

Կտավում մերկ աստվածուհին ափին է մոտենում խեցու մեջ կանգնած և այս պատկերը գրեթե նույնությամբ տեսնում ենք «Բարոն Մյունհաուզենի արկածները» ֆիլմի դրվագներից մեկում։ Կտավը նոր կյանք է ստանում այն տեսարանում, որտեղ Ումա Թուրմանի ոսկեծամ հերոսուհին ամբողջովին մերկ դուրս է գալիս խեցու միջից։

«ԲՆԱԾԻՆ ԱՐԱՏ» | «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ»

Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավին հղումներ են արել բազմաթիվ արվեստագետներ, այդ թվում՝ ռեժիսորներ, գրողներ ու նկարիչներ։ Քրիստոսի և նրա աշակերտների վերջին ընթրիքը պատկերող որմնանկարն իրապես գլուխգործոց է ու դրան որևէ կերպ անդրադառնալն արդեն իսկ մեծ քաջություն է պահանջում։

Ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի ֆիլմերը ապացույցն են նրա համարձակության։ Իսկ «Բնածին արատ» ֆիլմում «Խորհրդավոր ընթրիք» կտավին հղումը ֆիլմի թերևս ամենաքննարկվող դրվագներից է։ Հատկապես, որ կադրում հիպիների մի խումբ է, որոնք սեղանի շուրջ ասում-խոսում են և պիցցա են ուտում։

Կերպարվեստն ու կինոն ի սկզբանե բարդ, բայց խորն ու հետաքրքիր թելերով են կապվել։ Տարբեր տեխնիկաներ օգտագործելով, երկուսն էլ ստեղծում են աներևակայելի գեղագիտական պատկերներ, ներկայացնում պատմություններ և արթնացնում հույզեր։

Կինոռեժիսորներն արվեստի մեծագույն գլուխգործոցներին հարգանքի տուրք մատուցելու յուրօրինակ ձև են գտել և կասկած չկա, որ ապագայում ևս կշարունակեն ոգեշնչվել արվեստի աշխարհից։ Հաջորդ անգամ, երբ սկսեք նոր ֆիլմ դիտել, ուշադիր եղեք, գուցե տեսարանը ծանոթ թվա ու հանկարծ հանդիպեք Դալիի, Ռեմբրանդի կամ էլ Պիկասոյի կտավներին:


✍️ Նանե Մանուկյան / PAN