Կտավը՝ կինոյում․ «Տանը մենակի» զարմանքն ու Մունկի «Ճիչը», Blue boy-ի կոստյումն ու Տարանտինոյի հերոսը
Ոգևորիչ ու տպավորիչ կտավները «շարժելու» համար կինո են տարել․ PAN-ն այսօր պատմում է, թե ինչպես, ինչու և ովքեր են աշխարհին հայտնի պատկերներից ոգեշնչվել ու դրանք կադր սարքել՝ ներառելով ոչ պակաս հայտնի ֆիլմերում։
«ՃԻՉԸ»՝ ՏԱՆԸ ՄԵՆԱԿԻ ՏՂԱՅԻ ՈՒ ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄԻ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ
Scream` «Ճիչ» վերնագրով տասնյակի հասնող ֆիլմեր են նկարահանվել Հոլիվուդում և ոչ միայն․ դրանցից մեկն ամերիկացի ռեժիսոր Ուես Քրեյվենի «Ճիչ» (1996թ․) սարսափ ֆիլմաշարն է։
Դրա գլխավոր հերոսին շարքի բոլոր ֆիլմերում հետապնդողի դիմակը՝ Ghostface-ը նմանեցնում են Էդուարդ Մունկի «Ճիչը» կտավին։
Մունկի այս կտավը «փոխառված» է նաև հանրահայտ «Տանը մենակ» (Home Alone, 1990թ․) ֆիլմում․ գլխավոր հերոսը զարմացած, վախեցած ու երկու ձեռքը երեսին «քարացած» է՝ ֆիլմի պաստառում։
Pop Art-ում հանրահայտ Էնդի Ուորհոլը նույնպես իր հիացմունքն է արտահայտել նորվեգացի նկարչի հանդեպ՝ մի քանի անգամ վերարտադրելով և վերստեղծելով «Ճիչը» իր արվեստում։
Ընդհանրապես, Մունկի այս կտավը Pop culture-ի մաս է դարձել․ այն բավականին հաճախ ներկայացվել է ֆիլմերում, սերիալներում, արվեստում, նորաձևության մեջ ու անգամ սոցցանցային էմոջիներում։
Իսկ ինչի՞ մասին է այս կտավն իրականում։
ՄՈՒՆԿԻ ԲՈԼՈՐ «ՃԻՉԵՐԸ», ԴՐԱՆՑ ԿԱՊԸ ՀՐԱԲԽԻ ՈՒ ՄՈՒՄԻԱՆԵՐԻ ՀԵՏ
Կերպարվեստի պատմության ամենահայտնի «Ճիչը», անշուշտ, Էդուարդ Մունկինն է։ Բոսորագույն երկնքի ֆոնին ճչացողի (բնության ճիչը լսողի) այս պատկերը նորվեգացի նկարիչը վրձնել է 1893-1910 թվականների ընթացքում, այն առաջին անգամ ցուցադրվել է «Հուսահատություն» անվամբ։ Այս կտավը հեղինակի «Կյանքի ֆրիզ» (Frieze of Life) շարքի գործերից է։
Frieze of Life շարքը 22 նկարից է բաղկացած (շարքը մեկնարկել է 6 գործով)․ այս ցանկում են Մունկի հայտնի «Հիվանդ երեխան» (The Sick Child, 1885), «Սեր ու ցավ» (Love and Pain, 1893-1894), Տիրամայր (Madonna 1894-1895) գործերը։ «Ճիչը» լսելու համար արժե ֆիքսել՝ այս շարքում նկարիչն ամբողջացրել է կյանքային զգացմունքներն ու զգացողությունները․ զայրույթ, խանդ, սեռականություն, դավաճանություն, անհանգստություն, բաժանում, սեր, հուսահատություն։ Իսկ ընդհանուր առմամբ, նկարիչն իր ստեղծագործական կյանքի հիմքում երկու խոշոր թեմա է դրել՝ կյանքն ու մահը։
Մունկի այս կտավն առաջարկվում է դիտարկել նրա ստեղծագործական կյանքի «վերաձևակերպման»՝ նկարչի՝ Փարիզ այցելելու ու Մոնեի, Գոգենի, Վան Գոգի արվեստի գործերով ոգեշնչվելու, իսկ հետո իր աշխատանքները նորվեգական զգացականության ու մելամաղձությամբ պատելու կոնտեքստում։ «Ճիչի» մասին գրեթե բոլոր վերլուծություններում առաջարկվում է նաև հիշել Մունկի ընտանեկան կյանքի տրավմաները՝ մանկահասակ տարիքում մորը կորցնելը, քրոջ հիվանդությունն ու մահը։
Մոտավորապես 7 տարում նկարիչը 4 անգամ նկարել է «Ճիչի» ևս մեկ՝ նոր տարբերակ․ ասում են՝ սա ցուցիչ կարող է լինել, թե այդ շրջանում նրան որքան են հուզել կյանքի, մահվան, անհանգստության, տագնապի թեմաները (կրկնվող թեմայով կտավները, սակայն, Մունկի արվեստում «Ճիչով» չեն սահմանափակվում)։
Անձամբ նկարիչը նկարին տվել է գերմաներեն Der Schrei der Natur («Բնության ճիչը») անվանումը, Մունկի կենսագիր Ատլե Նեսի փոխանցմամբ՝ կտավի վերջնական անվանումը հուշել է Վիլհելմ Կրագի «Ճիչ» բանաստեղծությունը։
«Ճիչերի» նախատիպը համարվող՝ 1893-ին ստեղծված և Օսլոյի Ազգային պատկերասրահում գտնվող այս տարբերակներից մեկում նկարի վրա գրվածք կա, որը թարգմանվում է՝ «Կարող էր պատկերել միայն խենթը»։ Մատիտով գրված ու հազիվ երևացող այս գրությունը Մունկին վերագրելը երկար ժամանակ վիճելի ու համարձակ քայլ է համարվել, բայց National Museum-ի հետազոտող Մէի Բրիթ Գուլենգը (Mai Britt Guleng), մանրամասնորեն ուսումնասիրելով Մունկի ձեռագիրը, բացատրել է, թե ինչու սա կարող էր հենց նկարիչն էլ գրած լինել։
Նկարի այս տարբերակը միակն է «ճիչերից», որ այժմ գտնվում է անձնական հավաքածուում, այն վաճառվել է 2012-ին, մոտավորապես $120 մլն-ով:
«Նախևառաջ, ձեռագիրը նույնական է։ Ես տառ առ տառ և բառ առ բառ համեմատել եմ «Ճիչի» նախադասությունը նրա այլ նամակների ու նոթերի հետ»,- հայտնել է հետազոտողը։
Համարվում է, որ այս տողերը հեղինակն ավելացրել է նկարի ստեղծումից տարիներ անց։
ԱՐԴՅՈՔ ԿՐԱԿՆ Է ԸՆԿԵԼ ՃՉԱՑՈՂՆ ՈՒ ԿՏԱՎ՝ ՄՈՒՄԻԱՆ
«Ես իմ երկու ընկերների հետ քայլում էի արահետով, արևն արդեն մայր էր մտնում, և ակնթարթորեն երկինքը դարձավ բոսոր-արյունագույն։ Եվ ես զգացի, որ ինձ պատել է մելամաղձությունը։ Ես կանգ առա լրիվ ուժասպառ եղած, հենվեցի ցանկապատին ու դիտեցի արյունը և բոցի լեզուները կապտասև ֆյորդի և քաղաքի վրա։ Իմ բարեկամներն առաջ անցան, իսկ ես շարունակեցի կանգնած մնալ և հուզմունքից դողալ՝ զգալով անվերջ մի ճիչ, որը գալիս էր բնությունից»,- «Ճիչը» տեսնելու պահն այսպես է հիշել հետագայում հեղինակը։ Նա այս տողերը գրել է իր նոթատետրում 1892 թվականի հունվարի 22-ին։
Բնականաբար, արվեստի պատմությունն այս ճիչի հետևից չգնալ չէր կարող․ մի շարք հետազոտություններ կան այն մասին, թե հատկապես երբ ու որտեղ է դեպքի վայրի հնարավոր տեսարանը։ Ընդհանրապես, սևեռուն հայացք կա նաև այս կտավի երկնքին։
Արյան գույնով այս երկինքը որոշ հետազոտողներ վերագրում են պարզապես աշնանային ամպին, մյուսներն առաջարկում են ավելի խորանալ ժամանակի մեջ։ 1893-ին Ինդոնեզիայում ժայթքել է Կարակատոա հրաբուխը, որի հետևանքով կարմրավուն տեսանելի հետևանքներ են հասել մինչև Հյուսիսային կիսագնդի որոշ երկրներ, այդ թվում նաև Քրիստինա քաղաք (ներկայիս Օսլոն՝ Նորվեգիայի մայրաքաղաքը), որտեղ այն ժամանակ ապրում էր նկարիչը։
Վառվող երկնքի այս պատկերն ակնհայտորեն ազդեցիկ է հենց նաև փախչող (քայլող, անցնող, գնացող) անդեմ ու անսեռ կերպարի թիկունքում։ Ո՞վ է նա հարցն էլ կա՝ պատասխանի իր տարբերակներով։
Կտավի կենտրոնական կերպարի հիմքում, կարծիքներ կան, թե ինքը նկարիչն է։
Արվեստի պատմաբան Ռոբերտ Ռոսենբլումն (Robert Rosenblum) այս թեմայով հետազոտություն և այլ ենթադրություն ունի․ կերպարի ստեղծման ժամանակ Մունկը կարող էր ոգեշնչված լինել պերուական մումիաներից։ Ենթադրվում է, որ նա 1889-ին Փարիզում այցելել է էթնոգրաֆիկ թանգարան կամ եղել World’s Fair ցուցահանդեսին։
Ասում են՝ պերուական մումիան Մունկի ճչացողի դիրքով է եղել՝ ձեռքերով երեսը փակած։
Որքան էլ մումիայի պատկերն իր դիրքով կարող է նման լինել «Ճիչը» կտավի հերոսին, այստեղ անհրաժեշտ է հիշել թե կարմիրով երկինքը հրաբխին վերագրելը, և թե մումիային՝ կտավի նախադեպ համարելը քննարկման ենթակա փաստարկներ են։
Հավանաբար, կամրջի վրայով հեռացող երկու կերպարը Մունկի ընկերներն են, որոնց հետ նա քայլելու է դուրս եկել։ Նրանց կերպարներից հեռացած գլխավոր հերոսը, ասում են՝ բոլորովին այլ զգացողություններ է պատճառում, երբ կտավից «հեռացնում» ենք այս երկուսի կերպարը, նկարը դադարում է լինել այսչափ կլաուստրաֆոբիկ։
Նկարի մյուս դետալներն ու մասերը հաճախ կապվում են հենց հեղինակի հուզական ու հոգեկան ապրումների հետ։
Անսեռ, անդեմ այս կերպարը «տագնապի համաշխարհային սիմվոլ» կոչելով, Մունկի գործը մեկնաբանողները ևս մեկ անգամ հիշեցնում են՝ այն նաև չափազանց անձնական է հենց դիտողի համար, «այն դատարկ էջ է», որի միջոցով դիտողի տեսածն ու զգացածը կարող է արտահայտվել։
Մունկի այս գործը գողացվել է երկու անգամ՝ 1994-ին և դրանից 10 տարի անց՝ 2004-ին։ Վերջին՝ 2004-ի զինված կողոպուտը Մունկի թանգարանում էր, երբ «Ճիչից» բացի գողացվել էր նաև «Տիրամայրը»։ Գողացված երկու գործն էլ հայտնաբերվել են դեպքից գրեթե 2 տարի անց՝ 2006-ին, ասում են՝ նվազագույն վնասներով։
ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ՏՂԱՆ ՈՒ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻ ՋԱՆԳՈՆ
Վառ կապույտ հագնված, մի քիչ ամաչկոտ, բայց և անմիջական այս տղայի պատկերը բրիտանական կերպարվեստի ամենահայտնի նմուշներից ու ռոմանտիզմի շրջանի սիրված գործերից մեկն է։ Անգլիացի նկարիչ Թոմաս Գեյնսբորոյի (1727-1788) «Տղան երկնագույն զգեստով» գործի գլխավոր հերոսի ինքնությունը մինչև վերջ պարզված չէ։ Լոնդոնի Ազգային պատկերասրահում համարում են, որ հայտնի չէ, թե ով է նկարում՝ կերպարին վերագրելով մանկության ու բոլոր տղաների պատկերը։
Երկար ժամանակ, սակայն, կարծիք է եղել, թե նկարում պատկերված է մի վաճառականի որդի՝ Ջոնաթան Բաթելի անունով։ Նկարի տղային վաճառականի որդին լինելու մեջ էին «կասկածում», քանի որ կտավը որոշ ժամանակ պատկանել է նրանց ընտանիքին։ Կարծիք կա նաև, թե կտավում նկարչի զարմիկն է։
Ով էլ լինի Գեյնսբորոյի այս կտավի հերոսը, նրա հագուկապը ոգեշնչում է եղել մերօրյա ամենահայտնի ռեժիսորներից մեկի՝ Քվենտին Տարանտինոյի «Ջանգոն ազատված» (Django Unchained) ֆիլմի գլխավոր հերոսի մի հագուստի համար։
Ստրկությունից փախած Ջանգոյի ատլասե, կապույտ հագուստը՝ հղումով 18-րդ դարի էլեգանտությանը, գալիս է ընդգծելու գլխավոր հերոսի նոր կարգավիճակը՝ ազատության վառ գույնով։
‘’I like the way you die, boy’’,- խոսքերն ասելիս Ջանգոն հենց այս շորերով էր։
Ընդհանրապես, ենթադրվում է, որ տղայի այս կերպարի պատկերումը նաև հագուստի ուսումնասիրություն է՝ ոգեշնչված ֆլամանդացի նկարիչ Անտոնիս վան Դեյքի գործերից։ Ատլասե կամ մետաքսե հագուստ հագած այս տղայի հագուստի ոճն ու որակն անգամ, ասում են՝ նկարիչը կրկին հղում է արել Վան Դեյքի կերպարների ոճին։
Չնայած իր բնիկ բրիտանացի լինելուն՝ կապույտ հագած տղան մոտ մեկ դար ապրել է ԱՄՆ-ում։ 1921-ին $728,800-ով այս կտավը գնել ու ԱՄՆ էր տեղափոխել Հենրի Էդվարդս Հանթինգթոնը, այն մինչև 2022-ը պահպանվում էր Հանթինգթոնի գրադարանում։ Ասում են՝ 1922-ին ԱՄՆ տեղափոխվելուց առաջ այս կտավը Բրիտանիայում վերջին անգամ տեսնելու է եկել 90,000 մարդ։
Մեկ դար անց՝ 2022-ին, նկարը կրկին կարճատև ցուցադրության է տեղափոխվել Լոնդոնի Ազգային պատկերասրահ։ Բրիտանական բարձր մշակույթի ու ազնվականության այս մարմնացումը, սակայն, միայն բրուտալ Ջանգոյի հանդերձանքով չէ, որ «վերաձևակերպվել» է․ այն նաև այլ ասոցիացիաներ ունի։
19-րդ դարի վերջին եվրոպական ամսագրերը լցված էին կանանց նկարներով, որոնք հանգնված էին Blue boy-ի պես։
«Նկարը հարթակ էր ստեղծել, որ գենդերային ինքնության մշուշոտ դառնա․ Blue Boy-ը կարող էր առնական կամ կանացի լինել՝ հեղհեղուկ թատերական ներկայացման աշխարհում»,- գրում է BBC Culture-ը՝ հղում անելով թատերական աշխարհում այս կերպարի ու հանդերձանքի օգտագործմանը։
Գեյնսբորոյի Blue boy-ը, ասում են, հղում է միասեռական գրավչությանը։ Մոնտանայի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր Վալերի Հեդքուսթը (Valerie Hedquist) բազմաթիվ հոդվածներ ունի այն կտավի միասեռական ենթատեքստի մասին։
Blue boy-ի գեղագիտությունը հաճախ համեմատվում է Օսկար Ուայլդի հանդերձանքի հետ։
Գրող Օսկար Ուայլդը հագնվում էր իր ժամանակի համար էքստրավագանտ՝ պատմական ենթատեքստով ու գեղագիտական կոնտեքստով «հարստացված»՝ հղում անելով ու արժանին մատուցելով նաև Գեյնսբորոյի ու մյուս նկարիչների կերպարներին։
1895-ին Ուայլդի՝ սեռական կողմնորոշման պատճառով ձերբակալվելուց հետո գրողի նկարները հայտնվել են գրքերում՝ «ինչպես ճանաչել միասեռականությունը» վերնագրերի տակ։
1974-ին արդեն առաջին գեյ-ամսագիրը կտավի անունը ստացավ՝ Blue boy, շապիկին էլ օհայոյցի բռնցքամարտիկ էր՝ կերպարը ներկայացված որպես հարգանքի տուրք Գեյնսբորոյի գործին։
Արվեստի համաշխարհային գործերից ֆիլմի կադրերի համար ոգեշնչումների ցանկը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվում։