Փամփուշտը՝ որպես ցորենի հասկ և արվեստը՝ որպես երկխոսելու միջոց. Գևորգ Մշեցին պատկերում էր եռաչափ ժամանակը
Նկարիչների մասին պատմելիս սովորաբար սկսում են նրանց կրթությունից։ Հետո շարունակում են աշխարհի տարբեր երկրներում այդ արվեստագետների անցկացրած ցուցահանդեսների մասին պատումներով, ամենահայտնի ստեղծագործությունների ցանկով։ Հաճախ ցուցանիշ են թվերը, ոչ թե ապրումները։ Տպավորություն է, որ նկարչի ստեղծած արժեքը գնահատվում է նրա մասնակցած ցուցադրությունների քանակով կամ էլ վաճառած գործերով։ Բայց սա իրական արվեստից ու ճշմարտությունից կտրվելու ամենակարճ ճանապարհն է։
Իրականում արվեստագետի հետ թեկուզ մտովի երկխոսելու և նրա ստեղծածը մեկնաբանելու համար ոչ միայն ու ոչ այնքան կարևոր է նրա մասին փաստական տեղեկատվությունը, որքան հասկանալը, թե ինչ դիտանկյունից է նկարիչը նայում աշխարհին, որոնք են նրա մտահոգությունները, ուղերձները, զայրույթի կամ հիասթափության պատճառները։
Այս ամենին զուգահեռ կա նաև ժամանակի գործոնը։ Ո՞ր ժամանակներում է ստեղծագործել արտիստը։ Համաձայնեք՝ ժամանակի կնիքը, ամեն դեպքում, իր գործն անում է։ Մարդիկ իրենց ժամանակակիցներին մեծ դժվարությամբ են դափնիներ շնորհում։ Արվեստն ու անձը պիտի անցնեն ժամանակի քննությունը։
Ամեն դեպքում, մեր կողքին ապրող արտիստների մասին պատմել՝ նշանակում է առաջին հերթին բաց չթողնել մերօրյա իրականության մասին խոսելու հնարավորությունը։ Նշանակում է՝ ծանոթանալ անցյալն ու ներկան կամրջող նկարիչների ավանդին։ Նշանակում է՝ ժամանակից մեկ քայլ առաջ անցնել ու այսօր արդեն ծանոթանալ իրենց արվեստով ժամանակի հավերժության մեջ ամրագրված անուններին։
Ժամանակի մասին այս զրույցը ևս պատահական չէր. Գևորգ Մշեցին իր ստեղծագործությունների առանցքում հենց ժամանակի գաղափարն էր դնում։ Մշեցին ասում էր.
«Ես արձագանքն եմ այն ամենի, ինչ կատարվում է մեր ժամանակներում»։
Մշեցու ստեղծագործությունները պատմում էին հայ ազգի ապրած ժամանակի, իր ապրած ժամանակի, անցյալ-ներկա-ապագա կամուրջների, դրանում ապրած հույզերի ու զգացողությունների մասին։ Ժամանակն ինքն էր «թելադրում» Մշեցուն՝ ինչի մասին խոսել, ինչպես վերլուծել ժամանակը։ Ստեղծագործությունների հիմքում՝ անցյալից դասեր քաղելու, ներկան վերարժևորելու, ապագայի մտապատկեր կառուցելու բաց հրավեր։
«Իրականությունը լի է մրուրով. կեղծավորներն ամենուր են, նրանք սողում են, քծնում և ապականում շուրջբոլորը։ Անճար, խոնարհ ժողովուրդ՝ վերջին հույսին ապավինած, խաբված և ճշմարտությանն անհաղորդ։ Եվ ժամանակի թելադրանքով, ժամանակի պահանջով, ժամանակի պատվերով փորձում ես ծանր ու թեթև անել քո սեփական ժամանակը, քո ներկան, որպեսզի ապագան կարողանաս մաքրել այս ամենից, և ինքնապաշտպանության բնազդով փորձում ես ազնիվ մնալ, ինչը, անկեղծ ասած, շատ դժվար է։ Ես պեսիմիստ չեմ, պարզապես ուզում եմ, որ ամեն ինչում անկեղծություն և ազնվություն լինի, ուզում եմ իրատես մնալ, չեմ ուզում առանձնանալ ոչնչով և ոչ մեկից, ուզում եմ, որ բոլորս մեկ օրում, մեկ ժամում դառնանք ազնիվ ու անկեղծ»։
Գեղանկարիչ Գևորգ Մշեցի Ջավրուշյանի համար ժամանակը շատ արագ եռաչափ պատկեր ստացավ։ Վրձինն ու կտավը նրան չէին հերիքում, վաղուց արդեն դիմել էր ծավալային մտածողությանը։ 2016 թվականին կայացած Մշեցու «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով անհատական ցուցահանդեսը հերթական հաստատումն էր այն բանի, որ արվեստագետն աշխարհն ու ժամանակը տեսնում և պատկերում է տարբեր անկյուններից։ Բայց բոլոր այդ անկյուններում հնարավոր է գտնել Մշեցու հայացքն ու վերաբերմունքը։
2016-ի ցուցահանդեսի բացմանը Գևորգ Մշեցին հայտարարեց, որ դա իր վերջին անհատական ցուցահանդեսն է լինելու։ Պատճառների մասին չմանրամասնեց, բայց այս խոսքերը կարծես մարգարեական դարձան։ Գեղանկարչի ֆիզիկական գոյությունն ընդհատվեց 2022 թվականին։ Իր ցուցահանդեսների միակ բացական այսուհետև ինքն է լինելու։
Հետմահու առաջին անհատական ցուցահանդեսն օրեր առաջ էր։ «Ես և Դուք» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված էին Մշեցու ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում արված քանդակներ, գեղանկարներ, կոլաժներ։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Ջավրուշյանի դուստրն էր՝ Նանե Ջավրուշյանը։ Մշեցու աշակերտներն ու ընկերները ևս իրենց ներդրումն են ունեցել։
Մեր զրույցի սկզբում Նանեն նախ հիշում է հայրիկի՝ «Սա իմ վերջին ցուցահանդեսն է» միտքն ու մեկնաբանում այն.
«Այդ տողը շատերի մեկնաբանմամբ իր արվեստանոցում բավարար տարածք չունենալու պատճառով էր, բայց ես կարծում եմ, որ հայրս ուղղակի այլևս խոսակցական լեզվով ասած, մեր «զահլեն» չուներ։ Բացի այդ էլ, դա գուցե անազնվության, կեղծավորության հետ բազմիցս բախվելու, թևաթափ լինելու հետևանք էր, ինչին մենք առերեսվում ենք ամեն օր ու ամեն տեղ։ Գուցե հոգնել էր նաև արվեստի հանդեպ այդօրինակ անտարբերությունից, փակ դռներից, մարսելի կոմերցիայից»։
Բայց հոր տեսակը լավ ճանաչող դուստրը վստահ էր, որ Գևորգ Մշեցի արվեստագետը երկար լռել չի կարողանալու.
«2020 թվականի արհավիրքը մտավ բոլորիս կյանք և ավերակների առաջ կանգնեցրեց, Մշեցու հոգին փոթորկված էր, ասելիք ուներ։ 2021 թվականի ավարտին մի օր ցերեկվա ժամին թեյում էինք, հայրս ասաց, որ ցուցահանդես է ուզում բացել…»
Նոր ցուցահանդես բացել, ցավոք, չհասցրեց։ «Ես և Դուք» ցուցահանդեսը կայացավ Մշեցու մահից մոտ երկու տարի անց։ Նանեի ձևակերպմամբ ցուցահանդեսը մի փոքր ուշացավ, նախ, որովհետև հոգեբանորեն գրեթե անհնար էր ստեղծագործություններին մոտենալը, և երկրորդ, ցուցահանդեսի ընթացքում օդում պտտվող անգամ մեկ կաթիլ սգի նոտա պիտի չլիներ.
«Կարծում եմ՝ հաջողվեց։ Ասածիս ապացույցը՝ ցուցահանդեսի բացմանն ու դրան հաջորդող օրերին մարդկանց լայն ժպիտներն էին։ 2006 թվականի ցուցահանդեսի ժամանակ հյուրերից մեկի կողմից գրի առնված միտքը մինչև հիմա դաջված է մտքումս։ Այդ գրառման մեջ ասվում էր՝ «զրույց սկսող գործերիդ համար շնորհակալ եմ»… Ամեն անգամ այս տողը մտաբերելիս համոզվում եմ, որ մենք բոլորս մեր ներսի եղած մոլորակի հետ երկխոսելու անվերջ կարիք ունենք»։
Նանեն ևս փաստում է, որ հոր արվեստում պատահականություններ չկան։ Ամեն բան վերցված է նրա, բոլորիս ապրած ժամանակից, պատմությունից ու ապրումներից։ Ցուցահանդեսի բացմանը ևս Նանե Ջավրուշյանն ընդգծում էր երկխոսելու գաղափարը.
«Բոլորս մեր հոգու հետ երկխոսելու կարիք ունենք։ Ցուցահանդեսում կգտնեք այն ամենը, ինչը կկարողանանք լսել, տեսնել, այն, ինչի հետևից եկել եք։ Դա կլինի երկխոսություն Ձեր հոգու հետ, թե երկխոսություն Մշեցու հետ, դուք որոշեք»։
Գևորգ Մշեցու ինքնատիպ ձեռագրի մեկ այլ խիստ կարևոր բաղադրիչ է հե՛նց երկխոսելու ունակությունը։ Իսկ, որ ավելի կարևոր է՝ անշունչ առարկաների հետ երկխոսությունը։ Եթե Մշեցին կարդար այս տողերը, ապա վստահաբար մեղմ ժպիտով կուղղեր դրանք և կփաստեր, որ անշունչ առարկա չկա.
«Անշունչ առարկա չկա, յուրաքանչյուր առարկա ունի իր շնչառությունն ու պատմությունը։ Եթե մենք ծառի լեզուն չենք հասկանում, չի նշանակում, որ ծառը չի խոսում»:
Հենց այս տրամաբանությունն էր Մշեցու բացառիկ կոլաժային աշխատանքների հիմքում։ Եթե նկարչի համար նյութը ներկն է, ապա Մշեցու համար նյութն աթոռն էր, բահը, մուրճն ու ցանկացած առարկա՝ առանց սահմանափակումների.
«Կա թյուր կարծիք, որ մեզ շրջապատող իրերը համր են։ Ամենևին էլ այդպես չէ։ Հարկավոր է միայն նրանց լսելու ցանկություն ունենալ և նրանց խոսքը մինչև վերջ լսելու համբերություն»։
Ռումբերից վնասված աշխատանքային գործիքներից՝ օրինակ բահից, արվեստագետը պատերազմի մասին պատմող կոլաժներ էր ստեղծում, իսկ պատերազմի մնացորդներով՝ խաղաղության մասին։ Հենց այդպես ստեղծվեցին ցորենի հասկ դարձած փամփուշտները, «աղացած» փամփուշտներն ու այլ կոլաժներ։ Այլ կերպ ասած՝ խաղաղության գործիքներով Մշեցին պատերազմ էր պատկերում, պատերազմի մնացորդներով՝ խաղաղություն։
Ինչի՞ մասին է պատմում դեն նետված հարյուր տարեկան արդուկը, ի՞նչ կարող է նկարագրել վաղուց անպետք դարձած շերեփը կամ էլ ձեռնափայտը։ Գևորգ Ջավրուշյանի բառապաշարում «անպետք» բառը չկար, դրա փոխարեն կային բազմաթիվ հոմանիշներ, որ միս ու արյուն էին տալիս ցանկացած առարկայի, պատմություն ու խորհուրդ էին դնում ցանկացած պատկերում։
«Երբ սկսում ես հասկանալ իրերի լեզուն, օրինակ՝ թե ինչի մասին է քեզ պատմում քարը, ապա կարող ես քարի միջից հանել այն քանդակը, որն ինքն է քեզ պատմում»։
Արվեստագետի ու այլ մարդկանց տարբերությունն այն է, որ արվեստագետի ստեղծագործ աչքը տեսնում է ավելին, քան մյուսներին տեսանելի է։ Գևորգ Մշեցին ոչ միայն տեսնում էր ավելին, այլև կարողանում էր համադրել առաջին հայացքից անհամադրելին, ընդգծել դետալներ, որոնք առօրյայում նկատելի չեն, տանել զուգահեռներ, որոնք գտնելու համար խորաթափանցության այլ մակարդակ է պետք։
Նոր ցուցադրությունը կարծես Ջավրուշյանի կեցվածքն ու մտածողությունը նորովի բացահայտելու հնարավորություն էր։ Արվեստաբան Արամազդ Սահակյանի ձևակերպմամբ Մշեցին եզակի և խորքային արվեստագետ է.
«Նրա արվեստը տրամաբանված է, նրանում պատահականություններ չկան։ Հատկապես հայրենիքին վերաբերող աշխատանքներին Գևորգ Մշեցին մեծ գորովանքով էր մոտենում։ Եթե հարկավոր էր մի հասարակ հեղույս տաշել, ինչի համար նա այդ պահին գործիք չուներ, կարող էր մեքենայով հարյուր կիլոմետր անցնել, տաշել հեղույսն ու վերադառնալ։ Այստեղ բազմաշերտ աշխատանքներ են ներկայացված։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրը կարող է իրեն հասանելի շերտը բացահայտել այս ցուցահանդեսում»։
Գևորգ Մշեցու ստեղծագործական թեմաները լայն ու բազմաշերտ են՝ ճիշտ ինչպես իր ստեղծած արվեստը։ Պատերազմ ու խաղաղություն, խորհրդային վարք ու բարք, մարդուն բնորոշ բնավորության մեծ գունապնակ, սոցիալական խնդիրներ…Սոցիալական թեմաների շուրջ արվեստագետի ձեռագիրը սուր, դիպուկ և ազդեցիկ էր.
«Ճամպրուկ-աթոռ» կոլաժի հետևում գրված է «Ամեն, ամեն օր»: Նշանակում է` գնում են: Արտագաղթը թուլացնում է մեր երկիրը: Սա սոցիալական խնդիր է: Ճամպրուկում լիքը փող կա, նշանակում է` գնում են փող աշխատելու, նշանակում է՝ այստեղ մի տուն դատարկվեց, մի տանիք կսկսի կաթել: Սա նոր խնդիր չէ: Մեր պապերն էլ ժամանակին աշխատելու և ընտանիքը պահելու համար Մուշից, Վանից գնում էին Ստամբուլ կամ ուրիշ մի երկիր: Նշանակում է` ոչինչ չի փոխվել»։
Մշեցին կարծում էր, որ անցումային շրջանում արվեստագետներին մոռանում են, մանավանդ, երբ բնապատկերներ չի արտանկարում։ Բայց իր ստեղծած արվեստի ուղերձն այլ էր.
«…եթե իմ նկարներն ունակ չեն լինի ձեր հոգիներում գոնե մի քիչ հիշողության, կարոտի, ինչու չէ՝ ցավի արձագանք ծնելու, ուրեմն համր են, անկյանք… կարող եք հանգիստ աչք փակել ու հեռանալ»։
Մշեցին յուրահատուկ և ուրույն տեսնելու կոորդինատ ուներ, որտեղից էլ ծնվում էին նրա ստեղծագործությունները։ Այս աշխատանքները փրկօղակ են միապաղաղ ու «սովորական» աշխարհից այն կողմ կյանք փնտրողների համար։ Այս աշխատանքներն աշխարհը լցնում են համարձակությամբ, նկատելու կարողությամբ։ Գևորգ Մշեցի Ջավրուշյանի ճանապարհը չի ավարտվում նրա ֆիզիկական բացակայությամբ։ Մշեցու դուստրը խոստանում է՝ «Ես և Դուք» ցուցահանդեսն արվեստագետի ստեղծագործական ճանապարհի նոր հատորի սկիզբ էր, որը միանշանակ դեռ երկար է շարունակվելու։ Իսկ ժամանակի կնիքը վստահաբար իր անելիքն անելու է։