Ժուկ մեքենան, համեստ տունն ու բանտից փախուստը. Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»
«Աշխարհի ամենաաղքատ նախագահը», «Աշխարհի ամենահամեստ նախագահը», ամենաազիվը, ամենաբարին… Խոսե Մուխիկային բազում դրական բնորոշումներ են շռայլել մարդիկ։ «Աղքատ» ու «նախագահ» բառերը մեկ բառակապակցության մեջ գործածվել են երևի միայն Մուխիկային բնորոշում տալիս։ Ուրուգվայի նախկին նախագահն ասում էր՝ «նախագահ դառնալուց հետո դու չես դադարում սովորական մարդ լինել»։ Նա զարմանում էր, որ մարդիկ զարմանում էին իր հասարակ կյանքի ու պարզ մարդկային բնույթի վրա։ Խոսե Մուխիկան մահացել է մայիսի 13-ին՝ 89 տարեկան հասակում։
PAN-ը պատմում է, թե ինչ և ինչու կհիշեն Ուրուգվայի առաջնորդին՝ նրա հայրենիքում ու հայրենիքից շատ հեռու։
«ԱՐԴԱՐ ԱՂՔԱՏՆԵՐԸ», ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՆՏԸ
Խոսե Մուխիկան ծնվել է 1935-ի մայիսի 20-ին: Մուխիկայի բնորոշմամբ իր ընտանիքը պատկանել է «արդար աղքատների» դասին: Ապագա քաղաքական գործչի հայրը իսպանական ծագմամբ ֆերմեր էր, նրա նախնիները 19-րդ դարի կեսին էին եկել Ուրուգվայ: Մուխիկայի մայրն իտալական արմատներ ուներ։ Ուրուգվայում ծաղիկներ էր վաճառում։ Մուխիկայի հայրը մահացել է, երբ տղան ընդամենը չորս տարեկան էր: Դասական սցենարով՝ տղան վաղ տարիքից ֆերմայում օգնել է մորը, որպեսզի թեթևացնի ընտանիքի հոգսը։
Խոսեն լավ էր սովորում դպրոցում, դրան զուգահեռ հետաքրքրվում էր սպորտով, հատկապես՝ հեծանվավազքով։ Բայց ավագ դասարաններում թողնում է և՛ սպորտը, և՛ ուսումը: 1950-ականների կեսին մորեղբոր հորդորով և ուղղորդմամբ երիտասարդ տղան սկսում է հետաքրքրվել ազգայնական շարժումներով, անգամ Ազգային կուսակցությանն է անդամագրվում և շուտով ղեկավարում կուսակցության երիտասարդական շարժումը։ Բայց 1960-ականների առաջին կեսին Մուխիկան վարակվում է Կուբայի հեղափոխականների ոգով։ Ավելի ուշ էլ միանում է ձախ արմատական «Տուպամարոս» պարտիզանական շարժմանը, որը փորձում էր տապալել գործող իշխանությանը ու այդ նպատակին հասնելու համար նաև բռնություն էր գործադրում։
Այդ տարիներին Ուրուգվայում լուրջ տնտեսական ճգնաժամ էր հասունացել: Իշխանությունը փորձում էր վերահսկել ուսանողական շարժումները և ճնշել իրենց իրավունքների համար պայքարող շարքային բանվորների ցասումը։ Այս ամենի արդյունքում երիտասարդների և բանվոր դասակարգի համար մարքսիստական հեղափոխական գաղափարները մի տեսակ գրավիչ էին դարձել։ Թվում էր, որ սոցիալիզմը հարևան Բրազիլիայում և Արգենտինայում հաստատված ռազմական բռնապետությունների միակ այլընտրանքն է։
1969-ի սկզբին «Տուպամարոս»-ին 100-ից քիչ մարդ էր միացել, բայց կարճ ժամանակում շարժումը տեղական ու միջազգային մեծ ուշադրություն գրավեց։ Հեղափոխականները գողանում էին ապրանքներով լի բեռնատարները, մտնում բանկեր և ոսկերչական խանութներ: Բայց ամենակարևորը՝ գողոնը հաճախ բաշխում էին կարիքավորներին, դրա համար էլ միջազգային լրագրողները նրանց անվանում էին «Ռոբին Հուդներ»: Մուխիկան և նրա համախոհները իրենց ներխուժած վայրերում «Այստեղ եղել է ժողովուրդը» գրությամբ դրոշակներ էին թողնում։ Մի քանի անգամ նրանք կարևոր ֆուտբոլային հանդիպումների ժամանակ գրավել են ռադիոկայաններն ու ուղիղ եթերում կարգախոսներ են վանկարկել։
Սկզբում «Տուպամարոս»-ի անդամները հազվադեպ էին բռնություն գործադրում և սովորաբար իրենց գործողություններն անցկացնում էին առանց որևէ փամփուշտի: Բայց ժամանակի ընթացքում նրանց մեթոդները սկսեցին ավելի ու ավելի դաժան դառնալ:
1969-ի հոկտեմբերին հեղափոխականների խումբը մտավ երկրի հարավում գտնվող Պանդո քաղաք, որի բնակչությունը այդ ժամանակ մոտ 15 հազար մարդ էր: Պարտիզանները գրավեցին ոստիկանական բաժանմունքը, քաղաքապետարանը և հեռախոսային կենտրոնը, ոստիկանների հետ հրաձգություն սկսվեց, ինչի հետևանքով հինգ մարդ մահացավ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ։ «Տուպամարոս»-ը ստիպված եղավ լքել Պանդոն: Այդ օրը նրանց հրամանատարներից մեկը ապագա նախագահ Խոսե Մուխիկան էր:
1970-ի ամռանը հեղափոխականները գերեվարեցին մի ամերիկացու, որը պաշտոնապես աշխատում էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունում, բայց իրականում ԿՀՎ գործակալ էր և օգնում էր Ուրուգվայի իշխանությանը՝ ճնշել ընդդիմությանը: «Տուպամարոս»-ն ամերիկացու փոխարեն պահանջեց ազատել 150 քաղբանտարկյալների: Կառավարությունը մերժեց, ամերիկացուն գնդակահարեցին։ Ու այսպիսի պատմությունները բազմաթիվ են։ Պատանդներ վերցնելու որոշումը «Տուպամարոս»-ի համար թե՛ քաղաքական ակցիա էր, թե՛ փողի աղբյուր. Նրանք գերեվարում էին կառավարական պաշտոնյաների, բանկի աշխատողների, օտարերկրյա քաղաքացիների և այլ «դասակարգային թշնամիների» ու նրանց համար փրկագին էին պահանջում:
1970-ի սկզբին Մուխիկայի, ինչպես նաև «Տուպամարոս»-ի անդամների մեծ մասի նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Մեղադրանքը՝ ահաբեկչություն։ Ոստիկանները Մուխիկային գտնում են նույն տարվա մարտին։ 34-ամյա հեղափոխականին ճանաչել էին բարում։ Մուխիկան, նկատելով զինված ոստիկաններին, հանում է ատրճանակն ու կրակ է բացում։ Արդյունքում վիրավորվում են թե՛ ոստիկանները, թե՛ Մուխիկան։
Նրան տեղափոխում են բանտ, բայց մոտ մեկ տարի անց՝ 1971-ին, հարյուրավոր հեղափոխականներ կարողանում են ստորգետնյա թունելով փախնել բանտից։ Մուխիկան ևս նրանց շարքում էր։ Կարճ ժամանակ անց հեղափոխականին բռնում ու վերադարձնում են բանտ, բայց նա կրկին փախնում է։ Իշխանությունը ներգրավում է անգամ բանակին և Տուպամարոսի դեմ լայնածավալ գործողություն է սկսում։ Պարտիզանների մեծ մասին ձերբակալում են։ Մուխիկան վերջիններից էր, որ կրկին ձերբակալվում է։
Սրան հաջորդում են դաժան, ծայրահեղ ծանր պայմաններում անցկացված տարիները։ Բանտում Մուխիկայի անցած տարիների մասին սարսափելի դրվագներ են պատմում բանտակիցները։ Ի վերջո՝ Մուխիկան ազատության երես է տեսնում ավելի քան 12 տարի անց՝ 1985-ին, ռազմական բռնապետության անկումից հետո, երբ նոր ժողովրդավարական կառավարությունը համաներում է հայտարարում։ Այս կետից էլ սկսվում է Մուխիկայի քաղաքական կարիերան։
ՄՈՊԵԴՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՊԱՐԶ ՇՓՈՒՄԸ
1989 թվականին Խոսե Մուխիկան մի քանի այլ նախկին հեղափոխականների հետ հիմնեց «Ժողովրդական մասնակցության շարժումը»՝ ձախ գաղափարներ տարածող, բայց խաղաղ մեթոդներով գործող քաղաքական ուժ, որի նպատակն էր դառնալ քաղաքական հիմնական հոսքի մաս։ Հաջորդող տարիներին Մուխիկան հաճախ է քննադատել իր նախկին ընկերներին, ովքեր շարունակում էին պայքարել բռնությամբ ու ռադիկալ միջոցներով։
«Նրանք չեն հասկանում, որ կյանքը ուտոպիա չէ։ Մենք փորձում ենք լուծել ամենօրյա խնդիրներ»։
Նրա պարզ շփումը, անկեղծությունն ու խարիզման ժողովրդականություն բերեցին թե՛ իրեն, թե՛ կուսակցությանը։ 1994 թվականին Մուխիկան ընտրվեց Ուրուգվայի պատգամավոր։ Աշխատանքի առաջին օրը խորհրդարան եկավ ոչ թե շքեղ մեքենայով, այլ սովորական մոպեդով։
Մուխիկան գիտեր՝ ինչ լեզվով խոսել սովորական աշխատավոր ժողովրդի հետ։ «Տուպամարոս» հեղափոխական շարժման տարիներից ու բանտարկությունից հետո նա չէր խուսափում ժարգոնից ու պարզ խոսքից։ Այդ ամենը նրան միանգամից առանձնացնում էին Ուրուգվայի երկու գլխավոր քաղաքական ուժերի՝ պահպանողական «Ազգային» և կենտրոնամետ «Կոլորադո» կուսակցությունների քաղաքական գործիչներից։
1980-ականների վերջին Մուխիկայի կուսակցությունը միացավ «Լայն ճակատ» դաշինքին՝ ձախ ուժերի միավորմանը, որը տարիներ շարունակ զիջում էր ավանդական կուսակցություններին։ Բայց 1992-ին մարդիկ արդեն հստակ ցույց էին տալիս, որ այլևս պատրաստ են կույր հնազանդության։ Արդեն 2000-ականներին Մուխիկան դարձել էր երկրի քաղաքական դաշտի գլխավոր դեմքը։ 2005-ին նա ամուսնանում է իր երկարամյա համախոհ Լուսիա Տոպոլանսկու հետ, որը ևս «Տուպամարոս» շարժման նախկին անդամ էր։ 2000-ականներին Մուխիկայի կերպարը վերածվում է «ժողովրդի հերոսի»։ Այս մարդն ապրում էր փոքրիկ տնակում, ծաղիկներ էր աճեցնում, խոսում էր մարդկանց հասկանալի լեզվով ու հասկանում էր նրանց խնդիրները։
Այս ամենի արդյունքը կանխատեսելի էր։ Ի վերջո սա հանգեցրեց 2009-ի նախագահական ընտրություններում նրա հաղթանակին։ Մուխիկային աջակցեց ընտրողների ավելի քան 54%-ը։ Երբ նորընտիր նախագահի օգնականն այցելեց նրա տուն՝ երդման խոսքը կրկին կարդալու, Մուխիկայի կինն ասաց.
«Սխալ ժամանակ եք եկել. Մուխիկան տրակտորով գնացել է շրջելու իր ֆերմայում»։
ՆԱԽԱԳԱՀ՝ ԱՌԱՆՑ ՊԱԼԱՏԻ ՈՒ ՇՔԱԽՄԲԻ
Նախագահ դառնալով՝ Խոսե Մուխիկան չհամաձայնեց տեղափոխվել պաշտոնական նստավայր։ Նա մնաց իր հին, համեստ տանը՝ կնոջ ու իրենց շան՝ Մանուելայի հետ։
«Սա մեր ազատությունը պահպանելու միջոցն է։ Եթե նյութական առումով կյանքդ շատ ես բարդացնում, հետո ստիպված ես լինում դրա հետևից վազել։ Այդ պատճառով էլ շարունակում ենք ապրել այնտեղ, որտեղ ապրում էինք 40 տարի առաջ՝ նույն թաղամասում, նույն մարդկանց ու իրերի շրջապատում։ Նախագահ լինելը չի նշանակում, որ դադարում ես սովորական մարդ լինել»։
Մուխիկայի կենսակերպը կտրուկ տարբերվում էր նրա գործընկերների ճոխ առօրյայից։ Ամուսիններով ջուրը հանում էին հին ջրհորից, հագուստը չորացնում էին բակում, և ամբողջ աշխատավարձի՝ ամսական 12 հազար դոլարի ընդամենը 10 տոկոսն էին օգտագործում անձնական կարիքների համար։ Մնացած գումարը նվիրաբերում էին բարեգործական կազմակերպություններին։
Նախագահ Մուխիկան նաև համարձակ ռեֆորմների հեղինակ էր։ 2013-ին նա չօգտվեց վետոյի իր իրավունքից ու թույլ տվեց, որ օրենսդիրներն ընդունեն մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը օրինականացնող օրենքը։ Այսպիսով Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ մարիխուանան ամբողջությամբ օրինական էր։
«Սա շոուի համար չէ։ Ուղղակի ուզում ենք, որ մարդիկ գործ չունենան թմրանյութ վաճառողների հետ։ Բայց դա չի նշանակում, որ եթե չափն անցնեն, չենք միջամտի։ Սա նույնն է, ինչ ալկոհոլը՝ եթե ամեն օր մեկ շիշ վիսկի ես խմում, քեզ պետք է բուժել»։
Նույն տարում ընդունվեց նույնասեռ ամուսնություններն օրինականացնող ու թույլատրող օրենք։ Ավելի վաղ՝ 2012-ին, հաստատվել էր կանանց՝ մինչև 12 շաբաթական հղիության ժամանակահատվածում հղիության արհեստական ընդհատման իրավունքը։
Մուխիկայի նախագահության օրոք Ուրուգվայը բացեց դռները նաև սիրիացի փախստականների առջև՝ ներկայացնելով վերաբնակեցման բացառիկ մի ծրագիր։
Թեև այս ռեֆորմները համարվում էին շատ առաջադեմ, Մուխիկան խիստ էր ինքն իր հանդեպ։ Նա վստահ էր, որ երկրի գլխավոր խնդիրը սոցիալական անհավասարությունն է։
«Այո, օրենսդրական փոփոխությունները առաջընթաց են։ Բայց իրական առաջընթաց կլինի միայն այն ժամանակ, երբ աղքատների ու հարուստների տարբերությունը սկսի կրճատվել»։
Նրան հաճախ էին անվանում «աշխարհի ամենաաղքատ նախագահը», բայց ինքն այդպես չէր կարծում։
«Աղքատը նա է, ում շատ բան է պետք երջանիկ լինելու համար։ Եղել են տարիներ, երբ երազում էի գոնե մեկ ներքնակ ունենալ։ Եթե ձեզ ավելի ու ավելի է հետաքրքրում հարստությունը, ապա քիչ ժամանակ է մնում ձեր վրա ծախսելու համար։ Գուցե ես նման եմ մի խելագարի, սակայն դա իմ գիտակցական ընտրությունն է։ Ես ինձ բացարձակ ազատ եմ զգում»։
Մուխիկան չուներ ոչ մի բանկային հաշվեհամար։ Միակ թանկարժեք իրը, որ ձեռք էր բերել իր պաշտոնավարության ընթացքում, եղել է 1987 թվականի արտադրության 1945 դոլար արժողության Ֆոլկսվագեն ժուկ ավտոմեքենան։
Երբ հարցնում էին՝ ինչո՞ւ է աշխարհն այսքան հիանում իրենով, Մուխիկան կես կատակ, կես լուրջ ասում էր.
«Ինչու՞, որովհետև ապրում եմ պարզ տան մեջ ու հին մեքենայով եմ երթևեկում։ Աշխարհը խելագարվել է, եթե զարմանում է այսքան սովորական երևույթների վրա»։
Ուրուգվայի օրենքներով միևնույն անձը չի կարող երկու անգամ անընդմեջ զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Դրա համար էլ 2015-ի մարտի 1-ին Մուխիկան ավարտեց իր պաշտոնավարումը։ Այդ պահին նրան աջակցում էր բնակչության մոտ 70 տոկոսը։ Նույնիսկ մոտ 80 տարեկանում նա շարունակում էր քաղաքական ակտիվ գործունեությունը։ 2014-ին ու 2019-ին Մուխիկան սենատոր է ընտրվել, բայց 2020-ին, հաշվի առնելով տարիքն ու կորոնավիրուսի վտանգները, հեռացել է քաղաքականությունից։
Երիտասարդ Մուխիկան, ով հավատում էր բռնության միջոցով հասարակական փոփոխություններին, ժամանակի ընթացքում դարձավ քաղաքական գործիչ, ով փոփոխություններն իրականացնում էր ժողովրդավարական ճանապարհով: Սա չէր նշանակում, որ նա հրաժարվել է իր գաղափարներից, ընդհակառակը՝ նա ցույց տվեց, որ նույն նպատակներին կարելի է հասնել առանց բռնության:
Բանտից դուրս գալուց հետո Մուխիկան չփոխեց իր ապրելակերպը, նախագահ դառնալուց հետո նույնպես: Բոլորի սիրելի ծերուկն ապացուցեց, որ իշխանությունը պարտականություն է, ոչ թե արտոնություն:
Մուխիկայի ապրելակերպը օգնում էր նրան շփվել ու հասկանալ սովորական մարդկանց։ Ինքն էլ սովորական մարդ էր։ Նա հասկանում էր հայրենակիցների խնդիրները, որովհետև չէր մոռացել իր ծագումը: Սա նրան օգնում էր կայացնել որոշումներ, որոնք իսկապես լուծում էին մարդկանց ամենօրյա խնդիրները:
Այսօր աշխարհում քաղաքական էլիտան հաճախ, եթե ոչ միշտ՝ հեռանում է ժողովրդից։ Եվ գուցե սա է պատճառը, որ Մուխիկայի օրինակն այսքան ազդեցիկ, ակտուալ ու անգամ հուզիչ է։