#մշակութաPAN
December 4, 2024

Ջազ ակումբի սեփականատերը, The Beatles-ի երկրպագուն ու մենակյաց վազորդը. Ինչպես Հարուկի Մուրակամին դարձավ աշխարհի ամենաընթերցվող ճապոնացին  

Հարուկի Մուրակամին ծնվել է Կիոտոյում՝ մի ընտանիքում, որտեղ գրականությունն ու կրոնը սերտորեն միահյուսված էին: Նրա պապը բուդդայական առաջնորդ էր և փոքրիկ տաճար էր ղեկավարում, հայրը դպրոցում ճապոներեն և գրականություն էր դասավանդում՝ միաժամանակ զբաղվելով բուդդայական լուսավորչական գործունեությամբ: Բայց դեռ փոքր տարիքից ակնհայտ էր, որ Հարուկի Մուրակամին չի շարունակելու ընտանեկան ավանդույթները։ Նա տարբերվում էր իր ընտանիքից, ընկերներից ու միջավայրից։ Մուրակամիին գրավում էր արևմտյան մշակույթը, դե իսկ ճապոնական ավանդապաշտությունը նրա մասին չէր։

Մանկությունը Մուրակամիին տարավ նավահանգստային Կոբե քաղաք, որտեղ բազմաթիվ ամերիկացի նավաստիներ կային։ Այս ուղիղ շփումների արդյունք էր նաև, որ պատանի Հարուկին սկսեց տարվել արևմտյան փոփ մշակույթով: Նա ժամերով լսում էր Էլվիս Փրեսլիի, The Beach Boys-ի և The Beatles-ի երաժշտությունը, կլանված կարդում էր եվրոպացի գրողների ստեղծագործությունները:

Մուրակամիի երիտասարդության սկզբնական շրջանում ևս արևմտյան արժեքները, մշակույթը, երաժշտությունն ու գրականությունը գրավում էին նրան։ Ամուսնությունից շատ ժամանակ չանցած, Մուրակամին կնոջ հետ որոշեց համարձակ քայլի դիմել՝ հետաքրքրություններն ու նախասիությունները բիզնես մոդելի վերածել։ Արդյունքում երիտասարդ զույգը բացեց «Փիթեր Քեփ» ջազ ակումբը։

Կարելի է ասել, որ հենց այս ջազ ակումբում էլ «ծնվեց» գրող Մուրակամին։ Նա գիշերները լուսացնում էր բարում փակված՝ թուղթ ու գրիչը ձեռքին։ Եթե շատ գրողների դեպքում դժվար է ասել, թե ո՞ր պահից որոշեցին գրել, կամ ինչպե՞ս հասկացան, որ գրելն իրենց ճակատագիրն է, ապա Մուրակամիի դեպքում ամեն բան շատ պատահական ու տպավորիչ ստացվեց։ Բեյսբոլի խաղ էր դիտում մարզադաշտում, երբ գնդակի ինչ-որ հարվածի պահի հանկարծ հասկացավ, որ կարող է գրել։ Այո՛, սա իսկապես հաճախ հանդիպող երևույթ չէ, հետևաբար լրագրողները հաճախ են հարցնում գրողին՝ ինչպե՞ս այդպես ստացվեց։ Մուրակամին մինչև օրս էլ չի կարողանում բացատրել դա.

«Ես ուղղակի հասկացա դա, և վերջ»:

Սկզբում, անշուշտ, հեշտ չէր։

«Ես պատկերացում չունեի, թե ինչպես է պետք գեղարվեստական գրականություն գրել՝ շատ բառեր գիտեի ճապոներենով, ինչի պատճառով գործն ավելի էր բարդանում: Արդյունքում ես սկսեցի անգլերենով գրել, քանի որ բառապաշարս սահմանափակ էր: Միակ բանը, ինչից ես գլուխ էի հանում, դա լավ երաժշտությունն էր, ռիթմը, իմպրովիզը և ներդաշնակությունը»:

Այս ճակատագրական «հարվածից» մեկ տարի անց լույս տեսավ Մուրակամիի առաջին վեպը՝ «Լսիր քամու երգը»։ Այս ստեղծագործությունն արժանացավ «Գունդզո» գրական մրցանակին, որը շնորհվում է սկսնակ գրողներին: Սա «Առնետի եռագրության» առաջին մասն էր, որին հաջորդեցին «Պինբոլ 1973»-ը և «Ոչխարների որսը»: Առաջին գրքի հաջողությունն անսպասելի էր՝ տարեվերջին այն վաճառվել էր ավելի քան 150 հազար օրինակով: Սա դեբյուտանտ գրողի համար իսկապես աննախադեպ թիվ էր։ Դե իսկ եռագրության երկրորդ և երրորդ մասերն ամրապնդեցին նրա դիրքերը ճապոնական գրականության մեջ:

«Առնետի եռագրությունը» ազդարարեց Մուրակամիի փայլուն մուտքը գրական աշխարհ: Ու սա միայն սկիզբն էր։ 1985 թվականին հրատարակված «Հրաշքների աշխարհ առանց արգելակների և աշխարհի վերջը» վեպը բացահայտեց Մուրակամիի տաղանդի նոր, առավել տպավորիչ կողմեր: Վեպն ունի երկու զուգահեռ սյուժետային գիծ։ Այս երկու պատմությունը վերջում միաձուլվում են՝ ստեղծելով բազմաշերտ պատում գիտակցության և ինքնության մասին:

«Լարովի թռչնի ժամանակագրությունը», որը գրվել է 1992-1995 թվականների ընթացքում, դարձավ Մուրակամիի ամենահամարձակ գրական փորձերից մեկը: Այն բաղկացած է երեք մասից՝ «Գող ագռավը», «Մարգարե թռչունը» և «Թռչնորսը»: Վեպը, որի համար հեղինակը ստացավ «Յոմիուրի» գրական մրցանակը, հետազոտում է մենության թեման և կյանքի իմաստի որոնումը: Հատկանշական է, որ մրցանակը նրան հանձնեց իր «վաղեմի» քննադատ Կենձաբուրո Օէն:

Գանք 2000-ականներ։ 2002 թվականին լույս տեսած «Կաֆկան լողափին» վեպը ցույց տվեց Մուրակամիի՝ ժանրային սահմանները խախտելու վարպետությունը: Այն միավորում է ժամանակակից մշակույթը, կախարդական ռեալիզմը և սինտոյական ավանդույթները: Այս գործում հեղինակը փորձարկում է նաև նոր տարիքային և հոգեբանական սահմաններ:

2009-2010 թվականներին հրատարակված «1Q84» եռագրությունը համարվում է Մուրակամիի magnum opus-ը: Վեպը, որի վերնագիրը խաղարկում է Օրուելի «1984»-ի հետ (ճապոներենում «9» թիվը հնչում է «Q»-ի նման), պատմում է Աօմամե անունով կնոջ մասին, որը հայտնվում է այլընտրանքային իրականությունում: Այստեղ միախառնվում են կրոնական պաշտամունքը, մանկության սերը և փիլիսոփայական հարցադրումները: Գիրքը դարձել է միջազգային բեսթսելլեր՝ միայն առաջին ամսում վաճառվելով մեկ միլիոն օրինակով:

Մուրակամիի գրքերում հաճախ են հայտնվում երաժշտական հղումներ և մշակութային մեջբերումներ: Օրինակ, «Նորվեգական անտառ» վեպի վերնագիրը The Beatles-ի «Norwegian Wood» երգի անվանումն է: Հեղինակը վարպետորեն է օգտագործում մշակութային հղումները՝ որպես գրական հնարք։ Ճիշտ այնպես, ինչպես դա անում է Քվենթին Տարանտինոն՝ կինոյում: Յուրաքանչյուր հղում ծառայում է որպես կատալիզատոր՝ կերպարներին և ընթերցողներին տեղափոխելով հիշողությունների և զգացմունքների նոր աշխարհ:

Հեղինակի վերջին աշխատանքներում նկատելի է խորացող փիլիսոփայական միտումը: Նա հետազոտում է մարդկային գիտակցության երկակիությունը, իրականության բազմաշերտությունը և ժամանակի հարաբերական բնույթը: Սա նաև արտացոլում է նրա սեփական զարգացումը որպես գրող և մտածող:

Մուրակամին ընտրեց գրողի կյանքը, բայց չդավաճանեց իր խիստ կարգապահ էությանը: Նա մինչև օրս հետևում է իր սահմանած խստագույն գրաֆիկին՝ արթնանում է առավոտյան 4-ին և քնում երեկոյան 9-ին: Առավոտները նվիրում է գրելուն կամ թարգմանություններին, իսկ ավելի երիտասարդ տարիքում առավոտյան հասցնում էր մի քանի կիլոմետր վազել և միայն հետո թարմ ուղեղով սկսել ստեղծագործական աշխատանքը։ Անշուշտ, անգամ այսօր գրողը պահպանում է ֆիզիկական լավ մարզավիճակը, բայց երիտասարդ տարիքում նրան հնարավոր էր գտնել անգամ վազքի մարաթոնների մասնակիցների շարքում։

Մեկ այլ կարևոր բան, որ պետք է իմանալ Մուրակամիի մասին այն է, որ նա տանել չի կարողանում դեդլայնները։

«Ես գործս կավարտեմ այն ժամանակ, երբ կավարտեմ: Այլ ոչ թե այն ժամանակ, երբ պահանջվում է»:

Երաժշտությունը նրա կյանքի անբաժան մասն է: Գրողի տունը լի է ձայնասկավառակներով՝ ավելի քան 10 հազար օրինակ: Նախքան գրող դառնալը նա աշխատել է երաժշտական խանութում, իսկ հետո, ինչպես պարզեցինք, բացել է սեփական ջազ-բարը: Ջազը, ռոքը և դասական երաժշտությունը մինչև օրս մնում են նրա մեծագույն սերերից:

Գրողի մասին թերևս ամենակարևոր փաստը. Մուրակամին չի սիրում հրապարակային ելույթներ և հարցազրույցներ: Ինտրովերտ է, խուսափում է փառատոներից ու հանրային միջոցառումներից,

«Ես չեմ սիրում մենությունը, պարզապես ավելորդ ծանոթություններ չեմ հաստատում, որպեսզի ավելորդ անգամ չհիասթափվեմ մարդկանցից»։

«Երազելու կարիք չունեմ, որովհետև գրում եմ», - ասում է Մուրակամին: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 50 լեզվով: Նա համարվում է ժամանակակից ճապոնական գրականության ամենահայտնի ներկայացուցիչը, թեև նրա ոճը զգալիորեն տարբերվում է ավանդական ճապոնական գրականությունից: Նրա վեպերում իրականն ու երևակայականը հաճախ միահյուսվում են:

«Եթե աչքերդ փակես ու փորձես սուզվել ներաշխարհիդ մեջ, կբացահայտես միանգամայն այլ աշխարհ: Նույնն է, ինչ տիեզերքն ուսումնասիրես, պարզապես քո մեջ: Գնում ես անծանոթ, սարսափազդու ու վտանգավոր մի վայր, և կարևորը հետ գալու ճանապարհը գտնելն է»։

Մուրակամին խոստովանում է, որ չի կարդում իր գրքերի մասին գրախոսությունները:

«Շատ գրողներ են սա ասում, բայց հավատացեք՝ ստում են: Իսկ ես չեմ ստում: Կինս է դրանք կարդում։ Բացասական արձագանքները հատուկ բարձր է կարդում, որ լսեմ։ Ասում է՝ պետք է ընդունեմ բացասական կարծիքները, իսկ դրականները՝ մոռանամ»:

Մուրակամիի գրական նախասիրությունները զարմանալիորեն հակադիր են ճապոնական ավանդական գրականությանը: Առանձնապես չի սիրում կարդալ ճապոնացի հեղինակների, փոխարենը խորապես ազդվել է արևմտյան գրողներից: Սելինջերը, Կաֆկան, Ֆիցջերալդը մեծ ազդեցություն են թողել նրա ստեղծագործական ուղենիշի վրա: Ի դեպ, «Մեծն Գեթսբի» վեպը հենց Մուրակամին է թարգմանել ճապոներեն:

Չնայած արևմտյան գրականության հանդեպ իր յուրահատուկ վերաբերմունքին, Մուրակամիի կերպարները միշտ ճապոնացի են:

«Ես չեմ ուզում գրել օտարերկրացիների մասին, ես ուզում եմ գրել մեր մասին»:

«Ազգությունից զուրկ» ոճը, ինչպես այն անվանում են գրականագետները, դարձել է Մուրակամիի առանձնահատկություններից մեկը: Նրա արձակն անկաշկանդ է, ռիթմիկ, զերծ ավելորդ զարդարանքներից: Նա օգտագործում է ոչ պաշտոնական դերանուններ, ինչը սովորաբար չի հանդիպում «լուրջ» գրականության մեջ:

Թեև Մուրակամին պնդում է, որ ինքը սովորական մարդ է, իրականում նրա ազդեցությունը ժամանակակից գրականության վրա «անսովոր» մասշտաբների է: Մուրակամիի ընթերցողների թիվն անընդհատ աճում է ամբողջ աշխարհում:

«Ես հաճախ եմ զարմանում թվերի վրա։ Լաոսում ինձ կանգնեցրել է թաիլանդացի ընթերցողը, Դրեզդենում՝ ալբանացին, իսկ Տոկիոյում՝ ինդոնեզացին: Հաճախ զգում եմ, որ ես իրական չեմ, կարծես վերածվել եմ մի հորինված կերպարի»:

Այսօր էլ, 75 տարեկան հասակում, Մուրակամին շարունակում է գրել և զարմացնել իր ընթերցողներին: Մուրակամին ապացուցել է, որ հնարավոր է մնալ ինքնատիպ՝ չնայած համաշխարհային ճանաչմանը: Նա շարունակում է հրաժարվել շքեղ միջոցառումներից և հանրային ուշադրությունից՝ նախընտրելով իր հանգիստ կյանքը ծովափնյա տանը, որտեղ արթնանում է վաղ առավոտյան՝ վազելու, գրելու և երաժշտություն լսելու համար:

«Գրականությունը ճանապարհ է դեպի ներաշխարհ։ Դու փակում ես աչքերդ և հայտնաբերում մի նոր տիեզերք: Եվ ամեն անգամ, երբ վերադառնում ես այնտեղից, բերում ես քեզ հետ մի նոր պատմություն»:

Գուցե հենց սրանում է Մուրակամիի ֆենոմենը. Սովորականի մեջ տեսնել արտասովորը և կիսվել դրանով աշխարհի հետ։


✍️ Նանե Մանուկյան / PAN