Դատարկ սենյակից մինչև անապատ․ 5 միջավայր, որտեղ ծնվել են մեծ գաղափարներ
Ամեն առավոտ՝ մոտավորապես 6:30-ին, Մայա Էնջելոուն դուրս էր գալիս տնից ու մեքենայով գնում էր մի փոքրիկ հյուրանոց։ Չէր ճամփորդում, ոչ էլ մարդկանցից էր թաքնվում, չէր փախչում նաև ընտանեկան խնդիրներից։ Ուղղակի համոզված էր, որ տանը չի կարողանալու գրել։ Հյուրանոցում ամիսներ շարունակ անանուն սենյակ էր վարձակալում։ Նախապես անձնակազմին խնդրել էր պատերից հանել բոլոր նկարներն ու դեկորները։ Սենյակում գրեթե ոչինչ չկար, միայն սեղան, աթոռ, մահճակալ ու լվացարան։
Ինքն էլ իր հետ դեղին թղթապանակ էր բերում, ջրի շիշ, բառարան ու Աստվածաշունչ։ Երբևէ չէր գիշերում այդ անանուն համարում, կեսօրից հետո՝ մոտ ժամը երկուսին, հավաքում էր թղթերը, վերադառնում տուն և երեկոյան բարձրաձայն ու ուղղումներ անելով կարդում էր ամբողջ գրածը։ Հաջորդ օրը ամեն բան կրկնվում էր նույն հերթականությամբ։
Տարիներ անց, երբ Էնջելոուն արդեն հաջողակ գրող էր, մարդիկ հետաքրքրվում էին, թե ինչու էր Միացյալ Նահանգների ամենանշանավոր գրողներից մեկն ամիսներ շարունակ կամավոր մեկուսանում ու աշխատում մի վայրում, որը դժվար է «ոգեշնչող» անվանել։ Գրողի պատասխանը շատ պրակտիկ ու տրամաբանական էր՝ գեղեցիկ միջավայրն իրեն շեղում էր։ Դատարկ հյուրանոցային սենյակը դարձել էր մի տարածք, որտեղ թուղթ ու գրիչից բացի ուրիշ ոչ մի բան ուշադրություն չէր գրավում։ Կարելի է ասել, որ Էնջելոուն ոգեշնչում չէր փնտրում, այլ ստեղծում էր միջավայր ու պայմաններ, որտեղ ոգեշնչումն առավել հեշտությամբ կարող էր գտնել իրեն։
Առհասարակ, մենք սիրում ենք երևակայել ու պատկերացնել, թե ինչպես են ծնվել արվեստի մեծ գործերը, թե այդ ի՞նչ խորհրդավոր ներշնչանքի արդյունք են դարձել։ Գուցե կոմպոզիտորը գիշերվա կեսին արթնացել է ու միանգամից նոտայագրել այդ պահին գլխում հայտնված մի ամբողջ սիմֆոնիա, կամ էլ նկարիչը տեսիլք է ունեցել և շտապել դեպի կտավը, բանաստեղծն էլ համբերությամբ սպասել է, մինչև անհասանելի «մուսան» որոշի այցելել։ Բայց պատմական աղբյուրներն այլ պատկեր են ցույց տալիս։
Երբ կենսագիրները, արվեստաբաններն ու հոգեբանները սկսեցին ուսումնասիրել ստեղծագործական մեծ ներուժ ունեցող մարդկանց կյանքը, պարզվեց, որ նրանցից շատերը զարմանալիորեն կանոնակարգված առօրյա են ունեցել։ Նրանց առօրյա փոքրիկ «ծեսերը» կտրուկ տարբերվում են իրարից, բայց գրեթե բոլորն էլ ծառայում են նույն նպատակին՝ նվազեցնել շեղումները, պահպանել էներգիան ու ստեղծել պայմաններ, որի շնորհիվ երկարատև ու բեղուն ստեղծագործական աշխատանքը հնարավոր կլինի։
Ժամանակակից հոգեբանությունն ընդհանուր առմամբ հաստատում է այս դիտարկումը։ Շատ ստեղծագործողներ ոգեշնչմանը սպասելու փոխարեն ապավինում են այնպիսի առօրյա սովորությունների, որոնք նվազեցնում են մանր որոշումների քանակը և հեշտացնում խոր կենտրոնացումը։ Այլ կերպ ասած՝ ուղեղն ազատվում է անկարևոր մանրուքներից, որպեսզի ավելի շատ ուշադրություն հատկացնի բարդ ստեղծագործական խնդիրներին։ Այնպես որ՝ մտայնությունը, թե ստեղծագործական ընթացքը միայն ինքնաբուխ պահերից է կախված, ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն։ Իրականում դրա հիմքում խնամքով ձևավորված սովորություններն են։
Բայց, անշուշտ, սա չի նշանակում, թե հանճարեղ ստեղծագործությունների համար մեկ ընդհանուր բանաձև կա։ Ընդհակառակը։ Մեծ արվեստագետների, կոմպոզիտորների ու գրողների առօրյայից մի գլխավոր դաս կարելի է քաղել՝ նրանցից յուրաքանչյուրը փնտրում ու գտնում էր հենց իրեն հարմար աշխատանքային ու ստեղծագործական ռեժիմ։
Տեսական հատվածը մի քիչ երկար ստացվեց։ Գուցե ժամանակն է հստակ օրինակների՞ անցնել։ Եկեք սկսենք երաժշտական աշխարհից ու դրա ամենատպավորիչ ներկայացուցիչներից մեկի՝ Բեթհովենի կարգապահության փնտրտուքներից։ Ժամանակակիցների ու կենսագիրների վկայությամբ՝ Բեթհովենի առավոտները գրեթե միշտ նույն ձևով էին սկսվում։ Նա վաղ էր արթնանում՝ սովորաբար լուսաբացին, և ինքն էր պատրաստում սուրճը։ Սա մի ամբողջ ռիտուալ էր։ Կա անգամ վարկած, որ յուրաքանչյուր բաժակի համար նա հաշվում էր ճիշտ 60 հատիկ, իսկ հետո ձեռքով աղում դրանք։
Դե, իսկ սուրճից հետո սկսվում էր բեղուն ստեղծագործական աշխատանքի փուլը։ Բեթհովենը ստեղծագործում էր առավոտյան ժամերին, որովհետև համոզված էր, որ միտքն առավել հստակ է հենց այդ ժամանակ։ Կեսօրից հետո սկսվում էր մեկ այլ «արարողակարգ», որը նույնքան կարևոր էր, որքան ստեղծագործելը՝ Բեթհովենը սկսում էր քայլել։ Հաճախ ժամերով շրջում էր Վիեննայի կանաչ գոտիներում, գրպանում էլ փոքրիկ տետր ուներ՝ ստեղծագործական անսպասելի ոգեշնչումների համար։
Ականատեսները պատմում էին, որ նա քթի տակ ցածրաձայն մեղեդիներ էր երգում, իսկ երբեմն հանկարծ կանգ էր առնում ճանապարհի մեջտեղում՝ նոր գաղափարը գրի առնելու համար։ Բեթհովենը սա գուցե չգիտեր, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ քայլելը, հատկապես՝ բնության մեջ, կարող է բարելավել ստեղծագործական մտածողությունը։ Ի դեպ, կարելի է անգամ պնդել, որ նաև տարիների կարգապահ ու ամենօրյա աշխատանքն էր, որ օգնեց կոմպոզիտորին ստեղծագործել նաև լսողությունը կորցնելուց հետո։ Նա այնքան էր մարզել երաժշտական երևակայությունը, որ այլևս կախված չէր արտաքին հանգամանքներից։
Երբ խոսում ենք արվեստագետների «տարօրինակ» սովորությունների մասին՝ պարզապես անհնար է չխոսել Դալիի, նրա երազների, ու այդ երազների և իրականության «մեջտեղում» գտնված ներշնչանքի մասին։ Ինչպես բազմաթիվ սյուրռեալիստներ, նա ևս խորապես ազդված էր երազների բնույթի մասին Ֆրոյդի գաղափարներից։ Բայց Դալին չէր բավարարվում արթնանալուց հետո երազները վերլուծելու սցենարով։
Նա ուզում էր դրանք որսալ հենց ստեղծման պահին՝ մինչև բանականությունը կհասցներ ջնջել կամ վերափոխել այդ երազները։ Տարիների ընթացքում նա ի վերջո կարողացավ մշակել նման մի մեթոդ ու դրա համար հետևյալ բանաձևն օգտագործեց. Դալին աթոռին նստած քնում էր, իսկ ձեռքում բանալիների մի խուրձ էր պահում։ Ոտքերի մոտ էլ երկաթե տարա էր դրված։ Երբ վերջապես քնում էր, բանալիները ձեռքից ընկնում էին ու զրնգում։
Արթնանալու այդ մի քանի ակնթարթների ընթացքում նա կարողանում էր որսալ այն ոգեշնչումը, որը ծնվում է քնի, երազների ու իրականության խաչմերուկում։ Դալին համոզված էր, որ այդ պահերին միտքը ստեղծում է վառ ու իռացիոնալ պատկերներ, որոնք սովորական գիտակցությանը հասանելի չեն։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ վերջին տարիներին նրա այս պնդումներն արդեն նաև գիտական հավաստումներ են ստանում։
Գանք նաև մեր օրեր։ Երբ ընթերցողներն առաջին անգամ ծանոթանում են Հարուկի Մուրակամիի վեպերին, հաճախ ենթադրում են, որ դրանք գրել է ինքնաբուխ ու անկանխատեսելի կյանքով ապրող մեկը։ Մի տեսակ գայթակղիչ է երևակայել, որ նման պատմությունները կարող են ծնվել միայն քաոսային կյանքից։ Բայց Մուրակամիի իրական կյանքը ճիշտ հակառակ պատկերն ունի՝ հստակ ռեժիմ ու հստակ կանոններ։ Ձանձրալի դառնալու աստիճան հստակություն։
Վեպ գրելու ընթացքում նրա օրերը զարմանալիորեն միօրինակ են դառնում։ Հարցազրույցներում և իր հուշագրության մեջ ևս Մուրակամին պատմում է, որ ամեն առավոտ արթնանում է ժամը չորսին, սուրճ պատրաստում և անմիջապես սկսում գրել։ Աշխատում է 5-6 ժամ՝ առանց ընդհատումների, իսկ հետո դադար է վերցնում։ Ի դեպ՝ բոլորովին էլ պարտադիր չէ, որ վեպի տվյալ գլուխն ավարտի, կարող է հենց գլխի կեսից էլ դադար տալ։
Կեսօրից հետո երևակայությունն ու միտքը տեղը զիջում են մարմնին, հերթը ֆիզիկական ակտիվությանն է։ Նա վազում է մոտ տասը կիլոմետր կամ լողում 1500 մետր, երբեմն՝ մեկ օրում անում է երկուսն էլ։ Օրվա մնացած մասը կարդում է, երաժշտություն լսում կամ զբաղվում սովորական, առօրյա գործերով։ Քնում է մոտավորապես ժամը 9-ին։ Հաջորդ առավոտ կրկնում է ճիշտ նույն կենսակերպը։ Հստակ ժամանակահատված չկա, այս կենսակերպով կարող է ամիսներ կամ անգամ մի ամբողջ տարի ապրել՝ մինչև ավարտին կհասցնի վեպը։
Մուրակամին երբեք չի պնդել, թե կարգապահությունն իրեն ավելի պրոդուկտիվ է դարձնում։ Այստեղ հարց ավելի շատ նյարդաբանական մակարդակում է։ Նրա համոզմամբ՝ կրկնությունը փոխում է մտքի կառուցվածքը, մարզում է ուղեղը։ Սա կարծես ինքդ քեզ հիպնոզացնելու մեթոդ է։ Ավելորդ որոշումների բեռը վերացնելու և միօրինակ օրեր ապրելու միջոցով աստիճանաբար իջնում ես մտքի ավելի խոր շերտեր, որտեղ արդեն հասանելի է երևակայությունն ու Մուրակամիի վեպերում հանդիպող իրականությունը։
Մուրակամիի այս ռեժիմը մի տեսակ համահունչ է նաև հոգեբանության ավելի ընդհանրական մի դիտարկման։ Շատ հետազոտողներ հստակ տարանջատում են մոտիվացիան և սովորությունը։ Մոտիվացիան փոփոխական է, սովորությունը՝ կայուն։ Մարդիկ հաճախ սպասում են, մինչև «աշխատելու ցանկություն» ունենան, իսկ սովորությունները նվազեցնում են զգացմունքներից կախվածությունը ու կարևոր գործողությունները դարձնում են «ավտոմատ»։ Մուրակամին ներշնչանքի մասին հազվադեպ է խորհրդավոր բառերով խոսում։ Բայց հետևողականության մասին խոսում է գրեթե միշտ։
Եվ իհարկե՝ այս ցանկում չենք կարող չանդրադառնալ նրան՝ նորին մեծություն մենությանը։ Երբ արվեստագետները հանդիպում էին սալոններում ու սրճարաններում, երբ ստեղծագործական շրջանակներում զրուցելը, քննարկելն ու աշխատելը շատ cool էր նայվում, Ջորջիա Օ’Քիֆը ընտրել էր ճիշտ հակառակ ուղղությունը ու համոզվել, ու իր դեպքում լավագույն գործերը ծնվում են երկարատև, անընդհատ մենությունից։
Թեև Օ’Քիֆը երկար տարիներ ապրել է Նյու Յորքում և դարձել ամերիկյան մոդեռնիզմի առանցքային դեմքերից մեկը, նրան մշտապես գրավում էին Նյու Մեքսիկոյի լանդշաֆտները։ Եվ ահա՝ 1929 թվականի առաջին այցը խորապես փոխեց նրան։ Անապատ, ժայռեր, անծայր երկինք ու լռություն, ահա, թե ինչի կարիքն ուներ նկարչի ստեղծագործ հոգին մեծ քաղաքներում։
Հաջորդող տասնամյակներում նա ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացրեց այնտեղ, իսկ ամուսնու մահից հետո Նյու Մեքսիկոն դարձավ նրա մշտական տունը։ Օ’Քիֆի համար այս որոշումը ստեղծագործական իր բնույթն ամեն գնով պաշտպանելու համար անհրաժեշտ քայլ էր։ Օ’Քիֆը կարծում էր, որ որևէ բան իրապես տեսնելու համար ժամանակ ու ուշադրություն է պետք՝ երկու բան, որոնք ժամանակակից կյանքը հազվադեպ է խրախուսում։ Հարցազրույցներում ու նամակներում նա հաճախ խոսում էր դանդաղելու անհրաժեշտության մասին։ «Ամերիկա հորինելու» փոխարեն էլ նա տարիներ շարունակ վերադառնում էր նույն բնապատկերներին ու թեմաներին՝ ամեն անգամ նոր մանրամասներ փնտրում ու միշտ գտնում դրանք։
Երևի թե ակնհայտ է, որ ստեղծագործելու համար մեկ ընդհանուր բաղադրատոմս չկա։ Բեթհովենը ապավինում էր կարգապահությանը, Դալին իր ոգեշնչումը փնտրում էր իրականության ու երևակայականի սահմանագծին, Մուրակամին բացառիկ գործեր է ստեղծում միօրինակ առօրյայի պայմաններում, Մայա Էնջելոուն լռություն էր փնտրում հյուրանոցների դատարկ համարներում, Ջորջիա Օ’Քիֆի մենությունն էլ Նյու Մեքսիկոյի անապատում էր գույն ու ձև ստանում։
Ու գուցե միակ հետևությունը, որ կարելի է անել, հետևյալն է. Առաջին հերթին պետք է ուսումնասիրենք ու ճանաչենք ինքներս մեզ, մեր կարողությունները, ցանկությունները, ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանները։ Պետք է հասկանալ, որ պաթոսն ու օդից իջած կամայական «մուսան» չեն լուծելու մեր հարցերը։ Ու նույնիսկ բազմաչարչար մոտիվացիան չի փրկելու։ Անգամ ամենավերերկրային ու ստեղծագործական ընթացքը գործնական լուծումների ու բարենպաստ պայմանների կարիք ունի։