Կարդալիքներ PAN-ից
May 16

Թանգարանները՝ գիշերով և անվճար. Հայաստանում 2-օրյա մշակութային կամ թանգարանային տոն է

Գիշերը՝ թանգարանում։ Վերջերս Լոնդոնի ազգային պատկերասրահն այցելուին բացառիկ հնարավորություն էր տվել՝ գիշերելու թանգարանում։ Իհարկե, դժվար չէ պատկերացնել, թե ինչ երանելի սցենար է սա ցանկացած արվեստասեր մարդու համար։ Կտավների ընկերակցությամբ խորհրդավոր սրահում մարդու քունը հազիվ թե տանի։ Ամեն դեպքում՝ Հայաստանում թանգարանները նման առաջարկներով դեռ հանդես չեն գալիս, բայց փոխարենը բոլորիս հրավիրում են մինչև կեսգիշեր այցելելու մեր սիրելի կամ դեռևս չբացահայտված թանգարաններ։

Մայիսի 17-ին Հայաստանի թանգարանները չեն փակվի աշխատանքային օրվա ավարտին, այլ կաշխատեն մինչև կեսգիշեր։ Ու սա էլ հերիք չէ՝ մուտքն ամբողջությամբ անվճար կլինի ամբողջ օրը։ Մուտքավճարի կարիք չի լինի նաև մայիսի 18-ին, բայց այդ օրը թանգարանները կաշխատեն մշտական գրաֆիկով։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԿՆԱՐԿ

Այսպիսով՝ մայիսի 17-18-ը Հայաստանում մշակութային իսկական տոն է լինելու՝ նշվելու է Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը։ Հայաստանի ավելի քան 100 թանգարաններ այս օրերին մեկտեղվելու են «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո՝ ներկայացնելով բազմաբովանդակ մշակութային միջոցառումներ։

Մայիսի 17-18-ին Հայաստանի բոլոր թանգարանները կաշխատեն հատուկ ժամանակացույցով: Մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն, թանգարաններն անվճար կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանների հիմնական ցուցադրության ժամերին:

Երկու օրվա ընթացքում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառումներ, ներառյալ համերգներ, ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, վարպետաց դասեր և թեմատիկ քննարկումներ: Միջոցառումները նախագծված են տարիքային տարբեր խմբերի համար՝ ներգրավելով երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին:

Մինչ կներկայացնենք Հայաստանում սպասվող հետաքրքիր, բազմաբովանդական ծրագրերն ու ցուցադրությունները՝ մի փոքր պատմական էքսկուրս։ Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) կողմից՝ նպատակ ունենալով համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ: Այս օրը նաև հիշեցնում է հասարակությանը թանգարանների արժեքավոր ներդրման մասին կրթության, մշակույթի և ժառանգության պահպանման գործում:

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը ավելի երիտասարդ նախաձեռնություն է, որը մեկնարկել է 2005 թվականին Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության առաջարկով՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է այս նախաձեռնությանը հենց 2005 թվականից՝ դառնալով միջոցառման ակտիվ մասնակիցներից մեկը: Հետևաբար այս տարին հոբելյանական է։ Քսաներորդ անգամ «Թանգարանների գիշերը» մեզ հնարավորություն կտա ծանոթանալ ու վայելել մեր երկրում պահվող ու պահպանվող բացառիկ նմուշներին։

2025 թվականի Թանգարանների միջազգային օրվա խորագիրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում», ուղղորդում է հանրության ուշադրությունը դեպի այն ուղիները, որոնցով թանգարանները կարող են իրենց նպաստը բերել սոցիալ-տեխնոլոգիական և կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին:

Այս տարվա հիմնական ուղերձն է հաստատել թանգարանների դերը ոչ միայն որպես պահպանության տարածքներ, այլև որպես ակտիվ դերակատարներ կայուն և ներառական համայնքների ձևավորման գործում: Խորագիրը բացահայտում է թանգարանների փոփոխվող առաքելությունը Կայուն զարգացման երեք նպատակների համատեքստում.

  1. ԿԶՆ 8 - Թանգարանները խթանում են տեղական տնտեսությունները՝ ստեղծելով աշխատատեղեր և առաջարկելով կրթական ծրագրեր, որոնք հզորացնում են համայնքը:
  2. ԿԶՆ 9 - Թանգարաններն առաջ են մղում նորարարությունը և բարձրացնում հասանելիությունը՝ ներառելով նորագույն տեխնոլոգիաները և խթանելով ստեղծարարությունը:
  3. ԿԶՆ 11 - Որպես մշակութային հանգույցներ՝ թանգարանները նպաստում են կայուն քաղաքային զարգացմանը՝ խթանելով ներառականությունը, դիմակայունությունը և ժառանգության պահպանությունը:

Առհասարակ, աշխարհում թանգարաններն այսօր դիտարկվում են ոչ միայն մշակութային ժառանգության պահպանման վայրեր, այլև կարևոր զբոսաշրջային գրավչություններ և կրթական հարթակներ: Աշխարհում կան թանգարաններ, որոնք քաղաքների շարժիչ տուրիստական ուժն են ու բազմաթիվ երիտասարդների bucket list-երում հայտնված երազանքը։ Հայաստանում ևս թանգարանները տարեցտարի դառնում են ավելի ինտերակտիվ ու գրավիչ, հետաքրքիր արշավները, սպասված ցուցադրություններն ու եզակի նմուշները ամեն տարի գրավում են ավելի մեծ թվով այցելուների։

Օրինակ, անգամ մեր երկրում է գուցե քչերին հայտնի, որ Գրականության և արվեստի թանգարանն իր հավաքածուի մեծությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր մյուս թանգարանների նմուշները՝ ունենալով շուրջ երկու միլիոնից ավելի ցուցանմուշ, որոնց միայն մեկ տոկոսն է ցուցադրված սրահներում, իսկ 99 տոկոսը պահվում է ֆոնդերում:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

PAN-ն առանձնացրել է այդ օրերին Երևանի թանգարաններում անցկացվելիք ցուցադրությունները, բայց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանում (Հանրապետության հրապարակ 4) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կկարողանաք դիտել հիմնական ցուցադրությունը: Ժամը 20:00-ին կկայանա համերգային ծրագիր՝ «Կայթ» մշակութային հանգույցի մասնակցությամբ, իսկ ժամը 21:00-ին՝ մշտական ցուցադրության վերաբացում՝ «Պետականության վերականգնման ուղիներով (15-18-րդ դդ․)» խորագրով:

Մայիսի 18-ին ժամը 11:00-17:00 տեղի կունենա բարբառներով շրջայց-էքսկուրսիա՝ «Մեր պատմությունը՝ մեր բարբառներով» խորագրով, որը կներկայացնի մշակութային ժառանգությունը տարբեր հայկական բարբառներով:

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահը (Արամի 1) երկու օրերի ընթացքում կներկայացնի իր հիմնական և ժամանակավոր ցուցադրությունները: Մայիսի 17-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «Բացահայտելով թանգարանը» կրթական ծրագիրը, իսկ ժամը 19:00-ին՝ համերգ «ԱՐԱՐ» երգչախմբի մասնակցությամբ:

Մայիսի 18-ին ժամը 12:00-ին կազմակերպվելու է «Ժանրերը կերպարվեստում» կրթական ծրագիրը, որը կօգնի այցելուներին ավելի լավ հասկանալ արվեստի տարբեր ուղղություններն ու ժանրերը:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Գրականության և արվեստի թանգարանը (Արամի 1) առաջարկում է հարուստ ծրագիր: Մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 բացի հիմնական ցուցադրությունից, այցելուները կարող են դիտել «Վահան Տերյանը՝ ուսանող» ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ կցուցադրվեն Վահան Տերյանի ուսանողական շրջանին վերաբերող արխիվային վավերագրեր:

Ժամը 17:00-ին տեղի կունենա «Պատում՝ մեկ իրի. Կոմիտաս վարդապետի սրինգը» ժամանակավոր ցուցադրության բացումը, որտեղ հանրությանը կներկայացվեն Կոմիտասի սրինգը (բլուլը) և դրա մասին պատմող նրա ինքնագիր հոդվածը:

Երեկոյան՝ ժամը 20:00-20:40, սպասվում է «ԿինոՋազ․ էկրանից՝ բեմ» միջոցառումը. Երևանի Կ․ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ ջազային-անսամբլային երաժշտության երեկո:

Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

Մատենադարանը (Մաշտոցի 53) մայիսի 17-ին ժամը 18:00-19:00 կներկայացնի Մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրություն՝ «Ծաղկելու արվեստ» խորագրով:

Ժամը 19:00-20:00 տեղի կունենա դասախոսություն՝ «Մատենադարանի ձեռագրերի վերականգնման գաղտնիքները» թեմայով, որը կվարեն Մատենադարանի ավագ վերականգնողներ Արթուր Պետրոսյանը և Արտավազդ Այվազյանը:

Ժամը 20:00-20:30 կներկայացվի համերգային ծրագիր՝ «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտների օտարալեզու երգերի կատարումներով՝ նվիրված Մատենադարանի այլալեզու ձեռագրերին:

Երեկոյան՝ ժամը 21:00-22:00, տեղի կունենա «Գիտության և հավատի միջև. Տան Սուրբը» ցուցադրության բացումը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8) մայիսի 17-ին ժամը 10:00-24:00 այցելուներին կներկայացնի իր հիմնական ցուցադրությունը, ինչպես նաև «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրությունը ժամը 10:00-19:00:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (Արշակունյաց 28) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի իր հիմնական ցուցադրությունը և «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Մարգարիտ Բաբայանի 150-ամյակին:

Ժամը 13:00-ին «Կոմիտասի տունը» նկարչության բաց դասը կանցկացվի Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հետ համատեղ: Ժամը 15:00-ին կոմիտասագետ, դոցենտ Լուսինե Սահակյանի կողմից կներկայացվի «Ծանոթ և անծանոթ Կոմիտասը» դասախոսությունը:

Երեկոյան ժամը 18:00-ին տեղի կունենա համերգ՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի և Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» երգչախմբի հետ համատեղ, իսկ ժամը 20:00-ին՝ պերֆորմանս «Բալմանուկյան» պարային նախագծի կատարմամբ:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը (Զարոբյան 3) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի իր հիմնական ցուցադրությունը և «Ե. Գնեսինան և հայ երաժիշտները» ցուցահանդեսը: Ժամը 18:00-19:30 տեղի կունենա «Ապագա սերունդ» համերգը Էդ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ:

Ժամը 20:00-ին կցուցադրվի «Արամ Խաչատրյան» ֆիլմը, իսկ ժամը 21:30-ին՝ «Ջազային մտորումներ» Ա. Ներսեսյանի և ընկերների կատարմամբ: Ժամը 22:00-ին կանցկացվի վոկալ երաժշտության երեկո:

Մայիսի 18-ին ժամը 14:00-ին տեղի կունենա «Ստեղծագործ համայնք» համերգը, որտեղ կներկայացվեն պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը (Սարյան 3) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կհրավիրի այցելուներին նկարելու Մարտիրոս Սարյանի այգում՝ «Սարյան» ստուդիայի հետ: Նկարչական պարագաները կտրամադրվեն թանգարանի կողմից:

Ժամը 11:00-24:00 այցելուները կարող են նաև դիտել Սարյանի 5 նկարների անիմացիան, որը իրականացվել է «ARLOOPA» ընկերության կողմից: Դե իսկ ժամը 19:00-ին տեղի կունենա  Մարտիրոս Սարյանի հեղինակած «Հայաստան։ Պաննո»-ի վիրտուալ իրականության շնորհանդեսը։ Այս միջավայրը ստեղծվել է ArLoopa ընկերության կողմից՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համագործակցության շնորհիվ։ Ժամը 20:30-ին էլ թանգարանում նախատեսված է դասական երաժշտության համերգ:

Հովհաննես Թումանյանի թանգարան

Հովհաննես Թումանյանի թանգարանը (Աբովյան 51/1) մայիսի 17-ին ժամը 10:30-24:00 կներկայացնի «Ճաշակը կյանքի բույրն է» ցուցահանդեսը: Մերձակա այգում կկազմակերպվի բացօթյա ցուցադրություն-վաճառք:

Ժամը 14:00-15:00 տեղի կունենա հեքիաթաթերապիա թումանյանական հեքիաթների մոդիֆիկացիաներով, ժամը 15:00-15:45՝ Թումանյանի հեքիաթների անիմացիաների շնորհանդես Արցախի բարբառով, իսկ ժամը 15:00-16:00՝ «Թումանյանը խաղերի լեզվով» կրթական ծրագիրը:

Երեկոյան ժամը 19:00-24:00 կիրականացվի «Թանգարան՝ թանգարանի ներսում» անիմացիոն ծրագիրը, որտեղ Թումանյանի Թիֆլիսյան բնակարանի պատկերները կներկայացվեն QR ծածկագրերով:

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանը (Պուշկին 70) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի «Դիմանկարներ» ցուցահանդեսը (գեղանկարիչ՝ Անդրեյ Պյանկովսկի): Ժամը 17:00-18:00 տեղի կունենան «Մետաֆորիկ քարտեր» և գինով նկարչություն, լոսկուտներով բացիկների պատրաստում վարպետաց դասերը:

Ժամը 18:00-19:30 նախատեսված են երաժշտական կատարումներ՝ «Բյուրական» երգչախմբի կատարմամբ (գեղ. ղեկավար՝ Գոհար Հարությունյան):

Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան

Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը (Մաշտոցի 45 ա) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի իր հիմնական և ժամանակավոր ցուցադրությունները: Ժամը 14:00-ին տեղի կունենա «Մեր բակի թանգարանը» կրթական ծրագիրը: Ժամը 16:30 և 19:00-ին կներկայացվի «Սեր» վավերագրական ֆիլմը, իսկ ժամը 21:00-ին՝ «Վառած լապտեր» գեղարվեստական ֆիլմը (1983թ., ռեժ.՝ Աղասի Այվազյան)։

Երվանդ Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանը (Մաշտոցի 39/12) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի հիմնական ցուցադրությունը: Ժամը 18:00-24:00 այցելուները կարող են դիտել Քոչարի սեղմումով գործերը և «Մարդ-քաղաք» շարքի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված ինստալյացիաները:

Ժամը 18:00-24:00 տեղի կունենա Քոչարի գեղարվեստափիլիսոփայական մտորումների վիդեո-աուդիո ներկայացում հայերեն և ֆրանսերեն լեզուներով, ինչպես նաև Քոչարի սեղմումով գործերի և «Մարդ-քաղաք» շարքի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված անիմացիաների ցուցադրություն: 19:30-21:30-ը երաժշտական կատարումների ժամն է։

Ռուսական արվեստի թանգարան

Ռուսական արվեստի թանգարանը (Իսահակյան 38) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի իր հիմնական ցուցադրությունը: Ժամը 19:00-ին կբացվի «Վեր. Արվեստագետների փոխազդեցություն» ցուցահանդեսը:

Ժամանակակից արվեստի թանգարան

Ժամանակակից արվեստի թանգարանը (Մաշտոցի 7) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի Վարդան Տեպիկյանի «Արվեստական բանականություն» ցուցահանդեսը: Ժամը 16:00-19:00 տեղի կունենա «Կավ և գույն» վարպետաց դասը խեցեգործ-արվեստագետ Արմինե Հովհաննիսյանի հետ: Ժամը 19:00-20:00 կիրականացվի «Թանգարանը ժեստերով» ներառական ծրագիրը խուլ և համր երեխաների մասնակցությամբ:

Հայաստանի բնության պետական թանգարան

Հայաստանի բնության պետական թանգարանը (Տիգրան Մեծի 34) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի «Գույների լուռ արվեստը» ցուցահանդեսը: Ժամը 17:00-24:00 այցելուները կարող են դիտել «Հայաստանի կենսաբազմազանությունը» հիմնական ցուցադրությունը, իսկ ժամը 12:00-15:00 տեղի կունենա «Կենսաբազմազանությունը և մենք» դաս-քննարկումը:

Փայտարվեստի ցուցասրահ

Փայտարվեստի ցուցասրահը (Պարոնյան 4) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի իր հիմնական ցուցադրությունը: Ժամը 19:30-ին կբացվի Աննա Ավագյանի «Ժամանակի ծագումը» անհատական ցուցահանդեսը, իսկ ժամը 20:00-ին կանցկացվեն խեցեգործության վարպետաց դասեր: Մայիսի 18-ին ժամը 16:00-ին ևս կլինեն խեցեգործության վարպետաց դասեր:

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Մայիսի 17-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (Թամանյան 10, «Կասկադ» համալիր) կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում «Ստվերից այն կողմ» վիդեո արտ նախագիծը (10:00-24:00), «Ժամանակի ճանապարհորդներ» կրթական ծրագիրը՝ նվիրված Ժերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին (11:00-12:30), «Արվեստ և երազներ» կրթական ծրագիրը մեծահասակների համար (14:00-15:30), ժամանակավոր ցուցահանդեսների շրջայցեր համադրողի ուղեկցությամբ (16:00-19:00)՝ ներառյալ «Զադիկ Զադիկյան» և «Վալենտին Պոդպոմոգով. երազներ կյանքի ու մահվան մասին» ցուցահանդեսները, ինչպես նաև «Հող Արթուն» էթնո-էլեկտրո նախագծի բացօթյա համերգը Երեք սուզորդների հարթակում (21:00)։ Միջոցառումների մեծ մասը պահանջում են պարտադիր նախնական գրանցում։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Մարզերում ևս բազմաթիվ թանգարանային միջոցառումներ ու ցուցադրություններ են նախատեսված, ամբողջական ցանկը, կրկին, կարող եք գտնել այստեղ։ Մենք առանձնացրել ենք դրանցից միայն մի քանիսը։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը (գ. Արաքս, Դանիել-Բեկ Փիրումյան 1) մայիսի 18-ին ժամը 12:00-ին կներկայացնի «Արվեստագետների ադապտացիան բնակության նոր վայրերում» ցուցահանդեսը:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մայիսի 17-ին ժամը 16:00-ին կներկայացնի «Հառիճի պատմամշակութային ժառանգությունը․ Հառիճը հնագույն ժամանակներում և միջնադարում» ցուցահանդեսը, իսկ մայիսի 18-ին ժամը 14:00-ին՝ «Պետք է ծունկի՜ գալ ու պետք է այստեղ շշուկո՜վ խոսել» միջացառումը:

Պարույր Սևակի տուն-թանգարանը (գ. Զանգակատուն, Պ. Սևակի փակուղի 1) մայիսի 17-ին ժամը 10։00-24։00 կներկայացնի «Պ․ Սևակի տան գունավոր արձագանքները» էտյուդների սիմպոզիումը: Ժամը 13։00-16։00 տեղի կունենան կավագործության և գորգագործության վարպետաց դասեր, իսկ ժամը 19։00-ին՝ «Սևակի պոեզիան՝ կենդանի ձայնով» երաժշտական կատարում Վահագ Ռաշի կողմից:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը (գ. Դսեղ, 1 փողոց, 10 տուն) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի «Մենք ու թանգարանը» ցուցադրությունը, որտեղ թանգարանի հիմնական ցուցադրությունը կներկայացվի պատանի զբոսավարների կողմից: Ժամը 14:00-ին բացվելու է «Թումանյանական Լոռին» լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

Ժամը 17:00-ին տեղի կունենա «Հայն ու Թումանյանը» զեկույցը և հանդիպում դոկտոր-պրոֆեսոր, գրող Յակոբ Այնթապլեանի հետ, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի «Փնջիկ» երգարանի շնորհանդեսը: Ժամը 18:00-ին կկայանա «Չարի վերջը» բեմադրությունը Դսեղի դպրոցականների մասնակցությամբ, իսկ ժամը 19:00-ին՝ «Գիքորը» ֆիլմի դիտում թանգարանի այգում:

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը (ք. Գյումրի, Հաղթանակի 47) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի «Ձիթողցյան գերդաստանի հայտնի և անհայտ էջերը» և «Մաեստրո Փարաջանով» ժամանակավոր ցուցահանդեսները:

Ժամը 13:00-ին տեղի կունենա «Թանգարանն իմ աչքերով» պլեներային նկարչություն, ժամը 15:00-20:00՝ գյումրեցի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ժամը 14:00-ին կկայանա Գյումրու «Ժող․ գործիքների պետական նվագախմբի» համերգը:

Ժամը 17:00-ին «Անցյալի շունչը թանգարանում» միջոցառման ընթացքում ձայնային էֆեկտներով թանգարանի արհեստների սրահներում կստեղծվի յուրահատուկ միջավայր, որի միջոցով այցելուները կհայտնվեն 19-րդ դարում: Նույն ժամին կլինի նաև Shiraz Folk Band-ի համերգը:

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը (ք. Սիսիան, Ն. Ադոնցի 6ա) մայիսի 17-ին ժամը 14։00-ին կներկայացնի «Զորավար Անդրանիկի դերը հայ ազատագրական շարժման մեջ» բանախոսությունը: Մայիսի 18-ին ժամը 17։00-ին տեղի կունենա «Թանգարանը՝ կրթօջախ» համերգային ծրագիրը Սիսիան համայնքի կրթօջախների սաների մասնակցությամբ:

Գորիսի երկրագիտական թանգարանը (ք. Գորիս, Անկախության 5) մայիսի 17-ին ժամը 16:00-ին կներկայացնի «Գորիսը խորհրդային ժամանակաշրջանի լուսանկարներում» ժամանակավոր ցուցադրությունը:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը (ք. Դիլիջան, Կալինինի 5) մայիսի 17-ին ժամը 18:00-24:00 կներկայացնի իր հիմնական ցուցադրությունը և ժամը 18:00-22:00՝ վարպետների աշխատանքների ցուցադրություն: Ժամը 20:00-ին տեղի կունենա համերգային ծրագիր:

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը (ք. Դիլիջան, Մյասնիկյան 28) մայիսի 17-ին ժամը 12:00 և 17:00 կցուցադրի «Արշակ Ֆեթֆաճյան» ֆիլմը: Ժամը 16:00-ին ArLoopa կազմակերպության, Տավուշ հեռուստաընկերության և թանգարանի կողմից ստեղծված Գևորգ Բաշինջաղյանի «Ձմեռային տեսարան» և Հովհաննես Շարամբեյանի «Ծերունու դիմանկարը» ստեղծագործությունների շարժվող թվային տարբերակները կցուցադրվեն:

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը (ք. Գավառ, Զորավար Անդրանիկի 32) մայիսի 17-ին ժամը 14:00-14:30 կներկայացնի «Խեցեգործություն» ցուցահանդեսը: Ժամը 14:30-ին տեղի կունենա «Խեցեգործություն» միջոցառում Գավառի գեղարվեստի դպրոցի հետ համատեղ, իսկ ժամը 15:30-ին՝ «Խեցեգործություն» վարպետաց դաս:

Մայիսի 18-ին ժամը 11:00-18:00 կներկայացվի ազգային-ազգագրական իրերի բացօթյա ցուցադրություն և «Կենցաղային իրերի և տեխնիկայի էվոլյուցիան» ցուցահանդեսը:

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը (ք. Ծաղկաձոր, Օրբելի փ 11) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կներկայացնի «Մեկ ցուցանմուշի պատմություն» ցուցահանդեսը՝ նվիրված Ռուբեն Օրբելու 145-ամյակին: Ժամը 14:00-15:00 տեղի կունենա «Հովսեփ Օրբելու Անին» կրթական ծրագիրը, իսկ ժամը 18:00-20:00՝ համերգ:

Մայիսի 18-ին ժամը 12:00-18:00 այցելուները կարող են դիտել «Շոթա Ռուսթավելի» ցուցահանդեսը և ժամը 11:00-18:00՝ «Էրմիտաժի գանձերը» մուլտիմեդիա ցուցադրությունը:

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը (Վերնաշեն բնակավայր) մայիսի 18-ին ժամը 15:00-ին կազմակերպելու է «Խավարի մեջ խոսող անցյալ» միջոցառումը:

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը (ք. Եղեգնաձոր, Շահումյան 4) մայիսի 17-ին ժամը 11:00-24:00 կբացի իր հիմնական ցուցադրությունը: Ժամը 13:00-15:00 տեղի կունենա «Մասնագիտական կողմնորոշում» միջոցառումը, իսկ ժամը 17:00-19:00՝ «Ուլունքագործություն» կրթական ծրագիրը: Մայիսի 18-ին ժամը 12:00-18:00 այցելուները կարող են դիտել «Մեկ քաղաք՝ հազար պատմություն» ցուցահանդեսը:

Կրկին հիշեցնենք, որ մայիսի 17-ին և 18-ին բոլոր միջոցառումներն անվճար են: Մայիսի 17-ին թանգարանները բաց կլինեն ժամը 11:00-ից մինչև 24:00-ն, իսկ մայիսի 18-ին՝ սովորական աշխատանքային ժամերին: Որոշ միջոցառումներ պահանջում են նախնական գրանցում։ Հետևեք թանգարանների սոցիալական ցանցերի էջերին՝ գրանցումների և այլ մանրամասների մասին տեղեկանալու համար։

Այսպիսով՝ ամեն բան պարզ է. Մայիսի 17-ին տանից դուրս ենք գալիս և ուղղություն վերցնում դեպի մեզ հետաքրքրող թանգարանը, հետո հաջորդը, հետո հաջորդը… Իսկ եթե հանգստյան օրերն անցկացնում եք քաղաքից դուրս, ապա մարզային գրադարանների առաջարկած բազմաթիվ միջոցառումները վստահաբար կգունավորեն ձեր հանգիստը։ Չմոռանաք լիցքավորել հեռախոսները, որովհետև մինչև ուշ գիշեր լուսանկարելու շա՜տ բան եք ունենալու։


✍️ Նանե Մանուկյան / PAN