Թանգարանների գիշեր 2026. Ձեր մշակութային մարաթոնը կազմակերպելու ուղեցույցը, + մի քանի խորհուրդ
«Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը». Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրը շատ արդիական է, որովհետև աշխարհում, որտեղ կարծիքները, փորձառությունը, հիշողությունն ու աշխարհագրությունը հաճախ բաժանում են մարդկանց, մեզ օդ ու ջրի պես պետք են երևույթներ, որ գոնե որևէ կերպ կմիավորեն այդ բևեռները։ Թանգարանների միջազգային օրը նշվում է մայիսի 18-ին, իսկ դրանից երկու օր առաջ՝ մայիսի 16-ին, Հայաստանը միանալու է «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը։ Ի դեպ, 2026-ը հոբելյանական տարի է Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի համար: Արդեն 80 տարի այս կառույցը միավորում է աշխարհի թանգարանային համայնքը և աջակցում մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։
Վերադառնանք մեր արվեստասեր հասարակության համար արդեն սիրելի դարձած «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը։ Այդ օրը Երևանի ու մարզերի թանգարանները կաշխատեն մինչև կեսգիշեր ու հիմնական ցուցադրություններից զատ կներկայացնեն բազմաշերտ, ցանկացած ճաշակի ու հետաքրքրության մարդուն գրավող, կերպարվեստով, գրականությամբ և երաժշտությամբ լի ծրագրեր։ Որպեսզի խնայեք ժամանակն ու արագ կողմնորոշվեք, մենք ձեզ համար մեկ տեղում ենք հավաքել Երևանի և մարզերի մի շարք թանգարանների ծրագրերը։ Ընտրեք ձեզ հոգեհարազատն ու վայելեք մշակութային օրը։
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ
Երևանում ծրագիրը, ինչպես և կարող եք ենթադրել, խիստ հագեցած է։ Սկսենք Հայաստանի պատմության թանգարանից, որտեղ մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-ից մինչև 24:00-ն։ Օրվա գլխավոր իրադարձություններից մեկը կլինի «Գոյապայքար և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» հիմնական ցուցադրության վերաբացումը՝ ժամը 19:00-ին։ Իսկ մայիսի 18-ին՝ արդեն Թանգարանների միջազգային օրը, ժամը 16:00-ին կանցկացվի «Թանգարանային գործը Հայաստանում․ իրողություններ և հեռանկարներ» պանելային քննարկումը։
Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 16-ին ևս հիմնական ցուցադրությունը բաց կլինի մինչև կեսգիշեր։ Բայց երեկոյի ռիթմը հատկապես կփոխվի 21:00-21:45-ին։ Ձեզ սպասվում է երաժշտական վիզուալ կատարում՝ Չայկովսկու երիտասարդական նվագախմբի և մենակատարներ Էդուարդ Դայանի ու Լիդիա Գրիգորյանի մասնակցությամբ։ Մայիսի 18-ին պատկերասրահը կշարունակի բաց լինել 11:00-18:00, իսկ ժամը 13:00-ին կանցկացվի «Բացահայտելով թանգարանը» կրթական ծրագիրը։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ծրագիրը միավորում է գրականությունը և երաժշտությունը։ Մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00, նույն օրը 11:00-23:30 հասանելի կլինի «Վլադիլեն Բալյան․ կոմպոզիտորի աշխատասենյակ» ժամանակավոր ցուցադրությունը, իսկ 19:00-20:00 թանգարանում կհնչեն Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաների կատարումները։ Մայիսի 18-ին թանգարանը կշարունակի ընդունել այցելուներին 11:00-17:30՝ ինչպես հիմնական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրությամբ։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00, իսկ 10:00-19:00 այցելուները կարող են դիտել «Փաստագրելով հանցագործությունը․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ժամանակավոր ցուցադրությունը։ Մայիսի 18-ին նույն ցուցադրությունը կգործի 11:00-18:00։
Մատենադարանում մայիսի 16-ը հագեցած է լինելու առավոտից մինչև ուշ երեկո։ Հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00։ 18:00-19:00-ին կանցկացվի «Ծաղկելու արվեստ» ցուցադրությունը և վարպետաց դասը, նույն ժամին՝ «Ձեռագրերի պահպանումը և նորագույն տեխնոլոգիաները» դասախոսությունը՝ Արմեն Խորոզյանի մասնակցությամբ։ 19:00-20:00-ին Մարգարիտա Կարապետյանը կներկայացնի կազմերի եռաչափ սքանավորման գործընթացը, 20:00-ին Տաթևիկ Մանուկյանը կխոսի «Մատյանների տունդարձը» թեմայով, 20:00-21:00-ին տեղի կունենա «Ծաղկելու արվեստ» կատալոգի շնորհանդեսը, 20:45-ին՝ Գևորգ Ջորջ Քասսաբյանի կտավի նվիրատվությունը, իսկ 21:00-21:15-ին կհնչի «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախմբի համերգը՝ Հասմիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ Մայիսի 18-ին Մատենադարանի հիմնական ցուցադրությունը բաց կլինի 10:00-18:00։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մայիսի 16-ի ծրագիրը ամբողջությամբ կառուցված է երաժշտության ու կրթական էլեմենտների շուրջ։ 11:00-24:00 բաց կլինեն հիմնական ցուցադրությունն ու «Նամակներ Վիլժուիֆից» ժամանակավոր ցուցադրությունը։ Ժամը 13:00-ին կհնչի «Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով» համերգը՝ Հայկ Պետրոսյանի և Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի մասնակցությամբ։ 15:00-ին նախատեսված է աշխատարան՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, 16:00-ին՝ մանկապատանեկան «Կոմիտասը արվեստի գործերում» կրթական ծրագիրը, 17:00-ին՝ Արթուր Շահնազարյանի բանախոսությունը՝ «Կոմիտասի պատկերացումները ապագայի երաժշտության վերաբերյալ և բնականության հարց» թեմայով։ Երեկոյան 19:00-ին հանդես կգա «Գեղարդ» երգեցիկ խումբը, իսկ 21:00-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի սաները կներկայացնեն ներկայացում-պերֆորմանս։
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի մինչև կեսգիշեր, իսկ 13:00-16:00 այցելուները կկարողանան մասնակցել միանգամից մի քանի վարպետաց դասի՝ «Խեցեղենի վերականգնում», «Սեպագրերի ուսուցում», «Նկարչություն», «Բրուտագործություն»։ 16:30-ին կկայանա «Ժամանակի ձայները և շարժումները» միջոցառումը։ Մայիսի 18-ին վարպետաց դասերը կշարունակվեն 15:00-17:00, իսկ 17:00-18:00-ին համերգով հանդես կգան թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, 19:00-ին՝ «Թագպար բենդը»։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00։ 18:00-20:00-ին կանցկացվի «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը, որի ընթացքում նկարում են այցելուները, նույն ժամին նախատեսված է համերգ՝ երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ։ 20:00-21:30-ին կկայանա վոկալ երաժշտության երեկո, 21:30-22:30-ին՝ համերգ, իսկ 22:00-24:00-ին՝ «Պեպո» ֆիլմի դիտումը։ Մայիսի 18-ին նախատեսված են ֆիլմի դիտումներ 11:00-13:00 և 15:00-17:00, իսկ ժամը 14:00-ին՝ «Միավորվում ենք երաժշտության շուրջ» համերգ՝ պատանի կոմպոզիտորների ստեղծագործություններով, խմբավար Արփինե Կալինինայի ղեկավարությամբ։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00։ Ժամը 12:00-ին Սարյանի այգում կանցկացվի «Սարյան նկարում են գարունը» միջոցառումը, 15:00-ին՝ «Հայաստան պաննո․ վիրտուալ ճամփորդություն» կրթական ծրագիրը, 18:00-ին՝ դասական երաժշտության համերգ, 21:00-ին՝ ջազային համերգ։ Մայիսի 18-ին ժամը 16:00-ին թանգարանի աշխատակիցները կպատմեն Սարյանի ճամփորդությունների մասին։
Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանում մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի մինչև կեսգիշեր։ 17:00-19:00-ին տեղի կունենա համերգ՝ Ռուզաննա Ցատուրյանի կատարմամբ, 19:00-20:00-ին հանդես կգա «Արար» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյանի ղեկավարությամբ, իսկ 19:30-20:30-ին Ելենա Կուրչակովան մոմերի պատրաստման վարպետաց դաս կվարի։ Մայիսի 18-ին թանգարանը բաց կլինի 11:00-18:00։
Գևորգ Գրիգորյանի՝ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում մայիսի 16-ին, ժամը 16:30-ին կկայանա «Մեր բակի թանգարանը» կրթական ծրագիրը, 19:00-ին՝ «Սեր» ֆիլմի դիտումը՝ Ջոտտոյի և նրա կնոջ՝ Դիանա Ուկլեբայի մասին, ինչպես նաև նախատեսված է շրջայց «Արվեստով միեղեն. Երվանդ և Մելինե Քոչարներ» ցուցահանդեսում։ Մայիսի 18-ին թանգարանը բաց կլինի 11:00-18:00, իսկ ժամը 14:00-ին կրկին կցուցադրվի «Սեր» ֆիլմը։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մայիսի 16-ի ծրագիրը բազմաշերտ է։ Ժամը 12:00-ին կկայանա «Մենք և մեր սրտի թանգարանը» միջոցառումը՝ ԿԱՊԿՈՒ ուսանողներ Գոհար Հարությունյանի և Լևոն Հովհաննիսյանի մասնակցությամբ, «Մշակույթը ներառման հիմքում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ 12:00-24:00 գործելու է Երևանի թիվ 4 արհեստագործական պետական քոլեջի սաների իսահակյանական թեմաներով աշխատանքների ցուցահանդես-վաճառքը՝ ոսկերչություն, հրուշակագործություն, փայտամշակում, զոդում և այլն։ 20:30-ին կբացվի «Երազներ» նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, ամբողջ օրը հասանելի կլինի Ավետիք Իսահակյանի և կնոջ՝ Սոֆիի եվրոպական շրջանի հագուստների և լուսանկարների ցուցահանդեսը։ 21:00-22:00-ին «Ապրած իմ կյանքից․․․» համերգային ծրագրում Մարիցա Թիլիքյանը կկատարի եվրոպական աշխարհահռչակ ստեղծագործություններ, իսկ 22:00-22:30-ին Գենադի Միրզոյանցի կիթառով կհնչեն համաշխարհային հիթեր։ Մայիսի 18-ին կշարունակվեն հագուստների, լուսանկարների և քոլեջի սաների աշխատանքների ցուցադրությունները։
Երվանդ Քոչարի թանգարանում մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00, իսկ 19:00-24:00 այցելուները կտեսնեն «XXI դարի մելանխոլիա» ցուցահանդեսը։ Մայիսի 18-ին նույն ցուցահանդեսը հասանելի կլինի 11:00-18:00։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը և «Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը բաց կլինեն 11:00-24:00։ Ժամը 18:00-ին ԵԹԿՊԻ ուսանողների մասնակցությամբ կներկայացվի «Պատգամ» բեմադրությունը, 18:00-21:00-ին կանցկացվի «Այն ինչ միավորում է» քվեստախաղը, իսկ 21:30-ին կկայանա By the Way Music Band-ի համերգը։ Մայիսի 18-ին թանգարանը կաշխատի 11:00-18:00, նույն ժամերին հասանելի կլինի «Քարե Չարենց» ցուցադրությունը, իսկ 12:00-15:00 կկայանա «Կտավներ ու քանդակներ կապող կամուրջ» քվեստը։
Ժամանակակից արվեստի թանգարանում մայիսի 16-ին 11:00-24:00 կգործի Զառա Արսենյանի՝ Իսպանիայից ներկայացվող «Ճանապարհ» անհատական ցուցահանդեսը։ 14:00-16:00-ին այցելուները կմասնակցեն «Ստեղծագործենք միասին» ազատ աշխատարանին, իսկ 19:30-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները կներկայացնեն պարային ներկայացում։ Մայիսի 18-ին «Ճանապարհ» ցուցահանդեսը բաց կլինի 11:00-18:00, իսկ 17:00-ին կկայանա «Տրիո արֆա» համերգը։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00։ Մյուս միջոցառումներին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել։ 12:00-13:30-ին կանցկացվի «Քարպետ» կրթական ծրագիրը, 14:00-16:00-ին՝ ստեղծագործական աշխատարան Նարեկ Ավետիսյանի հետ, 16:00-ին՝ ժամանակավոր ցուցահանդեսների շրջայց համադրողի հետ՝ «Քարպետ», «Չափանիշ», «Գրիգոր Խանջյան 100»։
Սերգեյ Փարաջանովի թանգարանում մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00։ Մայիսի 18-ին՝ 11:00-18:00, նախատեսված է «Միասին կառուցենք գեղեցկության աշխարհը» ինտերակտիվ կոլաժը։
Հայաստանի բնության պետական թանգարանում մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի մինչև կեսգիշեր, նույն ժամերին կգործի «Ճանապարհորդություն գույների աշխարհ» ցուցահանդեսը։ 13:00-15:00-ին կանցկացվի էկոդաս-քննարկում՝ «Թանգարանները միավորում են բաժանված աշխարհը» և «Բնությունը՝ որպես կամուրջ, միավորում է բաժանված աշխարհը» թեմաներով։ Մայիսի 18-ին հիմնական ցուցադրությունն ու «Ճանապարհորդություն գույների աշխարհ» ցուցահանդեսը բաց կլինեն 11:00-17:00։
ՄԱՐԶԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ
Եթե որոշեք կտրվել քաղաքի աղմուկից ու հանգստյան օրերը որևէ մարզում անցկացնել, ահա մի քանի թանգարանային ուղղություն, որ կարող եք դիտարկել։ Արմավիրի մարզում ամենահագեցած ծրագրերից մեկն առաջարկում է Էջմիածնի պատմազգագրական թանգարանը։ Մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00։ Ժամը 18:00-ին կբացվի «Երբ խոսում է մթությունը» ցուցահանդեսը՝ Փարպիի Ծիրանավոր եկեղեցու գաղտնուղու պեղումներից։ 19:00-20:00-ին կհնչի «Դարերի ձայնը» համերգը՝ Կոմիտասի անվան մշակույթի պալատի ժողովրդական գործիքների նվագախմբի կատարմամբ։ Իսկ 22:00-24:00 կանցկացվի «Սեպագրի գաղտնիքները» կրթական ծրագիրը։
Արարատի մարզում կարելի է ընտրել օրինակ Մայրաքաղաք «Դվին» պատմամշակութային արգելոցը, կամ էլ Պարույր Սևակի տուն-թանգարանը, որտեղ մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 10:00-24:00, իսկ մայիսի 18-ին՝ 11:00-18:00։ Ծրագիրը մեծամասշտաբ միջոցառումներով ծանրաբեռնված չէ, բայց սրանք այն վայրերն են, որտեղ միշտ հետաքրքիր է։
Արագածոտնի մարզում ամենաակտիվ և բազմաշերտ ծրագրերից մեկը Գինու պատմության թանգարանինն է։ Մայիսի 16-ին կլինեն տաք ուտեստներ կրակի մոտ, անվճար ուղևորափոխադրում Մատենադարանի մոտից, գինու հյուրասիրություն, ուղղաթիռով թռիչքներ դեպի Քասախի կիրճ և Ամբերդ, լաֆետով ու գոլֆի մեքենաներով շրջայցեր խաղողի այգիներում։ Ժամը 15:00-ին կբացվի «Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցու գաղտնիքները» ցուցահանդեսը, 20:30-ին՝ “JAM UPON A TIME” jazz electro կենդանի համերգն է։
Գեղարքունիքի մարզում Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը մայիսի 16-ին կաշխատի մինչև կեսգիշեր։ 11:00-19:00 նախատեսված է ազգային-ազգագրական առարկաների բացօթյա ցուցադրություն, իսկ ժամը 14:00-ին՝ «Տարազների ճամփորդություն Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում» ժամանակավոր ցուցադրությունը։ Մայիսի 18-ին 11:00-18:00 կգործի «Հայկական աղամաններ» ժամանակավոր ցուցադրությունը, իսկ ժամը 14:00-ին՝ հիմնական և ժամանակավոր ցուցադրությունները։
Լոռու մարզում Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի ծրագիրն առանձնանում է իր ինտերակտիվությամբ։ Մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00, կգործի «Մեկ նկարի պատմություն» ցուցահանդեսը՝ նվիրված Ղարաքիլիսա-Վանաձորի 200-ամյակին։ Ժամը 10:00-ին կանցկացվի «Միավորենք աշխարհը» ինտերակտիվ միջոցառումը, 14:00-ին՝ «Ստեղծիր քո հուշանվերը» ինտերակտիվ անկյունը, 16:00-ին՝ «Արվեստի լեզուն՝ առանց թարգմանության» քննարկումը, 18:00-ին՝ «Նեյրոգրաֆիկա» վարպետության դասը, իսկ 22:00-ին՝ մշակութային սրճարանի ժամն է։
Կոտայքի մարզում Ջրառատի պատմության թանգարանը մայիսի 16-ին առաջարկում է համայնքային պատմության ակտիվ ծրագիր։ Հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00։ 11:00-13:00-ին նախատեսված է տուր-այցելություն Ջրառատի պատմական կենտրոնի հուշարձաններ, 13:00-ին՝ ինտերակտիվ խաղ 12-14 տարեկան երեխաների համար՝ Ջրառատ թաղամասի համայնքային գրադարանի հետ համատեղ, 16:00-ին՝ «Ճանաչենք մեր արմատները» կրթական ծրագիրը՝ միջին և բարձր տարիքի դպրոցականների համար, իսկ 20:00-ին՝ «Հրազդանը և Ջրառատը կինոֆոտոֆոնո նյութերում» ցուցահանդեսը։
Շիրակի մարզում Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը մայիսի 16-ին կդառնա իսկական քաղաքային տոն։ Հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00։ Ծրագիրը կսկսվի «Կանաչ թանգարան» ծառատունկով, 12:00-14:00 կանցկացվի «Գորգագործության ավանդույթները․ երեք սերունդ» միջոցառումը, 12:00-20:00՝ գյումրեցի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, 12:30-13:30՝ հյուրասիրություն՝ գյումրվա փոխինձ և թեյ, 12:30-14:00՝ «Արհեստների քաղաք» վարպետաց դասը՝ դարբնության ավանդույթների թեմայով։ 14:00-ին հանդես կգա Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, 16:30-18:00-ին շրջայց թանգարանում՝ ազգային տարազով էքսկուրսավարների ուղեկցությամբ, 18:00-ին՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, 20:30-22:30-ին՝ «Անցյալի շունչը թանգարանում» թատերական ներկայացումը, 21:30-ին՝ շրջայց մթության մեջ Ս․ Մերկուրովի տուն-թանգարանում, իսկ 21:00-ին՝ «Վառեմ-մարեմ» ART Studio-ի վարպետաց դասը։ Մայիսի 18-ին էլ կլինեն «Իմ գունեղ գորգը» կրթական ծրագիրը, «Թանգարանը բոլորի համար» շրջայցը և «Բացահայտիր թանգարանը» քվեստը։ Մի խոսքով՝ շնչելու ժամանակ չեք ունենալու։
Սյունիքի մարզում Ակսել Բակունցի տուն-թանգարանի ծրագիրը առանձնանում է իր գրական ու ինտերակտիվ շերտերով։ Մայիսի 16-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-24:00։ Ժամը 15:00-ից կգործի «Բակունց քուիզ․ գիտե՞ս Բակունցին» կրթական ինտերակտիվ ծրագիրը, 12:00-ին կանցկացվի «Կյորես և Գորիս․ հիշողության կամուրջ» թեմատիկ էքսկուրսիան, 17:00-ին Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահում կիրականացվի «Բաժանված ժամանակ, միավորված հիշողություն․ Ակսել Բակունց-Մարիամ Ասլամազյան» համագործակցային նախագիծը՝ ցուցադրությամբ և բանախոսությամբ, իսկ 19:00-ին՝ ավանդական թեյախմություն և ֆիլմի դիտում։ Մայիսի 18-ին նախատեսված է «Ալպիական մանուշակ․ պատմվածքից դեպի պատկեր» մետաքսագրության վարպետաց դաս՝ Կարեն Բարսեղյանի մասնակցությամբ, ապա մասնակիցների աշխատանքների ցուցադրություն-քննարկում։
Վայոց ձորում Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի ծրագիրը ևս հագեցած է։ Մայիսի 16-ին 12:00-24:00 կգործի «Դրամներ ժամանակների միջով» ցուցահանդեսը, 14:00-17:00 կանցկացվի «Խաղաղության տիկնիկը» վարպետաց դասը, իսկ 20:00-21:00՝ «Երգող աշխարհը» միջոցառումը խարույկի շուրջ։ Մայիսի 18-ին ժամը 15:00-ին նախատեսված է «Մշակույթների ճանապարհորդություն» ցուցահանդեսը։
Տավուշի մարզում Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը մայիսի 16-ին բաց կլինի 11:00-24:00։ Ժամը 16:00-ին նախատեսված է համերգ՝ Հ․ Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի պարարվեստի բաժնի սաների մասնակցությամբ, 18:00-ին՝ դասական երաժշտության համերգ՝ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի ուսուցիչների և սաների մասնակցությամբ, իսկ 21:00-ին՝ «Գոյա կամ ճանաչման ծանր ուղին» ֆիլմի դիտում։ Մայիսի 18-ին հիմնական ցուցադրությունը բաց կլինի 11:00-17:40, իսկ ժամը 11:00-ին կգործի «Թանգարանները միավորում են բաժանված աշխարհը» ցուցահանդեսը։
Մի խոսքով՝ ընտրության հնարավորությունն իսկապես շատ մեծ է։ Ցանկություն է առաջանում ինչ-որ կախարդական մեթոդով միանգամից մի քանի տեղում հայտնվել։ Մանրամասն ծանոթացեք ցանկին, գծեք ձեր անձնական մշակութային քարտեզն ու ամբողջ օրվա ընթացքում վստահաբար կհասցնեք գոնե մի քանի թանգարան այցելել։ Այս հարցում ձեզ հաստատ կօգնի Մշակույթի զարգացման հիմնադրամի մշակութային-ինտերակտիվ քարտեզը՝ թանգարանների ամբողջական ծրագրով, հասցեներով ու անհրաժեշտ բոլոր մանրամասներով։ Իսկ մենք ձեզ մաղթում ենք բարի մշակութային ժամանց ու տպավորիչ պահեր։