Սարսափ, սեր և երշիկներ. Ինչ կտեսնեք աշխարհի ամենաանսպասելի թանգարաններում
Երբ խոսում ենք թանգարանների մասին, սովորաբար պատկերացնում ենք լուռ սրահներ՝ քանդակներով, արտեֆակտերով և պատերին կախված կտավներով: Սակայն աշխարհում կան այնպիսի թանգարաններ, որոնք կարող են ամբողջովին փոխել մեր պատկերացումները մշակութային հաստատությունների մասին: Դրանցից յուրաքանչյուրն իր յուրահատուկ պատմությունն ունի, իսկ որոշները նույնիսկ կարող են շոկի մեջ գցել այցելուներին:
ԾՈՎԻ ՀԱՏԱԿՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ
Մեքսիկայի Կանկուն քաղաքում գտնվող ստորջրյա թանգարանը (Underwater Museum of Art կամ MUSA) շատերի դիտարկմամբ համարվում է աշխարհի ամենահետաքրքիր մշակութային վայրերից մեկը: 2010-ին Կարիբյան ծովի հատակին՝ 4-8 մետր խորության վրա, տեղադրվեց ավելի քան 500 քանդակ՝ մարդկանց արձաններից մինչև առօրյա իրեր, նույնիսկ մեքենա ու տուն:
Թանգարանի ստեղծման գլխավոր նպատակը բնապահպանական խնդիրներին ուշադրություն հրավիրելն էր: Յուրաքանչյուր քանդակ պատրաստված է հատուկ նյութից՝ սիլիկոնի, ցեմենտի և այլ նյութերի խառնուրդից, որը դիմակայում է ծովային հոսանքներին: Արձանները հենվում են հզոր հիմքերի վրա, որոնց ընդհանուր քաշը կազմում է մոտ 2 տոննա: Քանդակների պատրաստման համար օգտագործվել է 120 տոննա հատուկ ծովային ցեմենտ, իսկ աշխատանքները տևել են 1.5 տարի: Հետաքրքիր է, որ արձանների դեմքերը կերտված են իրական մարդկանց նմանությամբ: Յուրաքանչյուր քանդակի մեջ արված են փոքր անցքեր՝ ձկների համար: Թանգարանը տարեկան ավելի քան 750,000 այցելու է ունենում։
ԿՈՏՐՎԱԾ ՍՐՏԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խորվաթիայի մայրաքաղաքում՝ Զագրեբում գտնվող «Կոտրված սրտերի թանգարանը» (Museum of Broken Relationships) աշխարհի ամենատարօրինակ կամ էլ յուրօրինակ թանգարաններից մեկն է: Այն հիմնադրել են նախկին ամուսիններ՝ փորձելով հավերժացնել իրենց ձախողված սիրո հիշատակը և ցույց տալ մարդկանց, թե որքան փխրուն կարող են լինել հարաբերությունները:
Թանգարանի ցուցանմուշները բազմազան են՝ նախկին սիրելիների նվերներից մինչև սիրո նամակներ և առարկաներ, որոնք ողբերգական դեր են խաղացել որևէ մեկի հարաբերություններում: Օրինակ՝ այստեղ կարելի է տեսնել կացին, որով գերմանացի կինը ջարդել է կահույքը վեճերի ժամանակ, կամ հեռախոս, որը տղամարդը նվիրել է կնոջը՝ խնդրելով մոռանալ իր հեռախոսահամարը, կամ էլ 100 շվեդական կրոն, որն աղջիկը նվիրել է սիրելիին՝ ասելով. «Միասին կծախսենք, երբ վերադառնաս»։ Արդյունքում նրանք այլևս երբեք չեն հանդիպել:
Յուրաքանչյուր ցուցանմուշի կողքին տեղադրված է պատմություն՝ զույգի և նրանց բաժանման մասին: Դեռ 2011 թվականին թանգարանը ճանաչվել է Խորվաթիայում լավագույնը: Դե իսկ այսօր ցանկացած մարդ կարող է պատմել իր դժբախտ սիրո պատմությունը և ուղարկել անձնական իրեր՝ թանգարանի հավաքածուն համալրելու համար:
ՄԱՀՎԱՆ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ
Լոս Անջելեսի Հոլիվուդյան բուլվարում գտնվող «Մահվան թանգարանը» ստեղծվել է 1995 թվականին՝ «Մենք բոլորս մահկանացու ենք, ինչու՞ ավելին չիմանալ մահվան մասին» կարգախոսի ներքո: Դրամարկղի մոտ փակցված է զգուշացում, որ երեխաներին, հղի կանանց և խոցելի հոգեկան առողջություն ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում այցելել թանգարան։
Հենց մուտքի մոտ այցելուներին դիմավորում է դիահերձարանի գործիքների հարուստ հավաքածու: Այստեղ կարելի է տեսնել մահապատժի լուսանկարներ, դիահերձարաններից արյունոտ ռեպորտաժներ, ավտովթարների վայրերից նկարներ և զոհերի սարսափելի պատկերներ:
ԵՐԲ ԱՐՎԵՍՏԻ ՆՅՈՒԹԸ ՄԱԶՆ Է
Թուրքիայի Ավանոս քաղաքում գտնվում է յուրօրինակ մի թանգարան: Բրուտագործ Չեզ Գալիպն իր արհեստանոցի տակ գտնվող խանութում բացել է «Մազերի թանգարան», որի պատերը վերից վար ծածկված են տարբեր երկարության ու գույնի կանացի մազափնջերով:
Ըստ ավանդության, որը վարպետը պատմում է այցելուներին, մի անգամ նա հրաժեշտ էր տալիս մտերիմ ընկերուհուն և նրան խնդրեց որևէ բան թողնել հիշատակի համար: Ընկերուհին էլ կտրեց իր մազերի մի փունջ ու նվիրեց մտերիմ ընկերոջը: Բրուտագործը փունջն ամրացրեց արհեստանոցի պատին և սկսեց այս պատմությունը պատմել բոլոր այցելուներին: Կանայք, որոնց հուզել էր Չեզի պատմությունը, նույնպես սկսեցին թողնել իրենց մազերը որպես հիշատակ:
Բայց ևս մեկ պատճառ կա, որ կանայք այդքան պատրաստակամորեն թողնում են թե՛ իրենց մազափնջերը, թե՛ կոնտակտային տվյալները: Տարին մեկ-երկու անգամ անցկացվում է մրցույթ, որի ընթացքում ընտրում են լավագույն մազափունջը: Իսկ դրա նախկին տիրուհին հրավեր է ստանում՝ հանգստանալու Չեզ Գալեպի հյուրատանը և մասնակցելու խեցեգործական իրերի պատրաստման վարպետության դասերին: Առաջին անգամ ցուցահանդեսը բացվել է 1979 թվականին: Ներկայումս թանգարանի պատը զարդարում է 16,000-ից ավելի նմուշ, ինչի շնորհիվ այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:
ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԺԱՊԱՎԵՆԱՁԵՎ ՈՐԴԸ ԵՎ ԱՅԼ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՆՄՈՒՇՆԵՐ
Տոկիոյի «Մակաբույծների թանգարանում» պահվում է ավելի քան 60,000 տեսակի մակաբույծ: Դրանց մեծ մասը գտնվում է շենքի վերին հարկերում՝ հետազոտական լաբորատորիայում: Առաջին հարկում երեք հարյուր ապակե շշի մեջ պահվում են մակաբույծներ: Այս ցուցադրությունը ցույց է տալիս մանր վնասատուների բազմազանությունը՝ սկսած սովորական կլոր և ժապավենաձև որդերից, մակաբույծների ձվերից մինչև մալարիայի նմուշներ:
Երկրորդ հարկում ներկայացված են այն նմուշները, որոնցով կարող են վարակվել մարդիկ, այդ թվում՝ ընտանի կենդանիներից: Հատկապես տպավորիչ է աշխարհի ամենաերկար ժապավենաձև որդը՝ 8.8 մետր երկարությամբ: Որդի կողքին դրված է նույն երկարության պարան՝ թույլ տալով հասկանալ դրա իրական չափսերը:
Թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է բժշկական գիտությունների դոկտոր Սատորե Կամագեյուին: 1950-ական թվականներին, երբ Ճապոնիայում հիգիենան շատ վատ վիճակում էր, նա սկսեց մակաբույծների իր «որսը»։ Պարզապես ճամփորդում էր Ճապոնիայով և հավաքում նմուշներ: Եվ ահա, ավելի քան կես դար անց, թանգարան կարելի է այցելել ամբողջովին անվճար:
ԼՐՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Վաշինգտոնում գտնվող «Միջազգային լրտեսության թանգարանը» ինտերակտիվ ձևով թույլ է տալիս այցելուներին մոտենալ քաղաքական կուլիսների գաղտնիքների և ինտրիգների աշխարհին: Իհարկե, գաղտնի օբյեկտներն ու փաստաթղթերը ոչ ոք չի պատրաստվում ցուցադրել հանրությանը, բայց թանգարանն ունի նմուշների և արտեֆակտների բավականին մեծ հավաքածու:
Այստեղ կարելի է տեսնել կեղծ արժույթ, քողարկված զենք, մինի-տեսախցիկներ, ռադիոհաղորդիչներ և նույնիսկ գաղտնարաններ: Այստեղ կարելի է գտնել անգամ շրթներկի տեսքով ատրճանակ և վերականգնված Aston Martin DB5:
Ակտիվ այցելուների համար նախատեսված է ինտերակտիվ ցուցահանդես՝ քվեստի տեսքով, որի ընթացքում կարելի է դառնալ գաղտնի գործակալ: Այս թանգարանը միակն է աշխարհում, որը նվիրված է լրտեսությանը և գտնվում է Վաշինգտոնի գլխավոր թանգարանային «միջանցքից» մի քանի թաղամաս հեռավորության վրա:
ԼԱՊՇԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Եվ այս ցանկում գուցե անսպասելին. Ճապոնիայի Օսակա քաղաքում գտնվող «Արագ պատրաստվող լապշայի թանգարանը» հիմնադրվել է 1999 թվականին և կոչվել է հայտնի ռամեն լապշայի ստեղծող Մոմոֆուկու Անդոյի անունով: Թանգարանի մուտքի մոտ այցելուներին սպասում է թատերականացված ներկայացում, որը պատմում է 1958 թվականին արագ պատրաստվող լապշայի ստեղծման մասին:
Հիմնական ցուցադրությունը գտնվում է երկար թունելում: Պատերին փակցված են լապշայի բազմաթիվ փաթեթներ, որոնք արտադրվել են տարբեր երկրներում վերջին 60 տարում: Էքսպոնատները դիտելուց հետո զբոսաշրջիկներին առաջարկում են մասնակցել վարպետության դասերի և իմանալ իսկական լապշա պատրաստելու գաղտնիքները: My Cup Noodle Factory մինի-գործարանում էլ կարելի է պատրաստել խմոր, կտրատել այն, ավելացնել բաղադրիչներ՝ ըստ ճաշակի, և եփել ֆիրմային լապշա:
Գուրմանների համար թանգարանին կից խանութում վաճառվում են լապշայի «կոլեկցիոն» տեսակներ, որոնք հնարավոր չէ գնել սովորական սուպերմարկետում: Լապշան կարելի է ուտել հենց տեղում՝ ավելացնելով եռացրած ջուր ավտոմատներից, կամ անցնել ճաշելու փոքրիկ սրճարանում՝ ձմեռային այգու տեսարանով:
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՐՇԻԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Բեռլինի կենտրոնում 2009 թվականին բացված ինտերակտիվ «Նրբերշիկների թանգարանը» (Currywurst Museum), համաձայնեք՝ բացառիկ վայր է: Գերմանիայում տարեկան սպառվում է այս նրբերշիկների մոտ 800 մլն բաժին: Թանգարանի սրահներում զբոսաշրջիկները կարող են ոչ միայն իմանալ գերմանական այս կուլտային ֆաստ ֆուդի ստեղծման պատմությունը և ծանոթանալ պատրաստման տեխնոլոգիային, այլև կանգնել վիրտուալ վաճառասեղանի հետևում և մասնակցել նրբերշիկների արագ պատրաստման գործընթացին:
Թանգարանի առաստաղից, կարծես, «կաթում են» կետչուպի հսկայական կաթիլներ, տարբեր սրահներում դրված են հսկայական նրբերշիկի տեսքով բազմոց և երկու մետրանոց տապակած կարտոֆիլի բաժին: Մշակութային զվարճանքի տեսքով հյուրերին առաջարկում են դիտել ֆիլմերից հատվածներ, որտեղ «նկարահանվել են» Currywurst նրբերշիկները: Կարելի է լուսանկարվել թանգարանի թալիսմանի՝ նրբերշիկի կոստյումով խոսող տիկնիկի հետ:
ՓԱՐԻԶԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Փարիզի «Կոյուղու թանգարանը» գտնվում է ներկայումս գործող կոյուղու համակարգի տարածքում և պատմում է քաղաքային կոյուղիների պատմությունը՝ սկսած Կառլոս V կառավարման ժամանակներից մինչև մեր օրերը: Թանգարանի ընդհանուր երկարությունը 2100 կիլոմետր է:
Բացի խողովակներից և հոսքերից, թանգարանում կան կոյուղու տեխնիկայի մակետներ և իրական նմուշներ՝ հնաոճից մինչև ամենաժամանակակից մոդելներ: Ցուցադրվում են նաև տեղեկատուներ, մոնիտորինգի համակարգչային համակարգեր, կեղտաջրերի մանրիչ, առնետների խրտվիլակներ և անգամ զուգարաններ՝ թեստավորման հնարավորությամբ:
Տհաճ հոտի և խոնավության համար անհանգստանալու կարիք չկա, քանի որ բոլոր տարածքները հագեցած են թարմ օդի ներհոսք ապահովող օդափոխության համակարգով, նաև լավ լուսավորված են: Միակ բանը, որը կհիշեցնի իրական կոյուղու մասին՝ հոսող ջրի ձայնն է: Տարեկան այս յուրօրինակ ստորգետնյա թանգարան այցելում է ավելի քան 100,000 զբոսաշրջիկ:
ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ԱՐՏԱՌՈՑ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում գտնվող այս էքսցենտրիկ թանգարանը բացվել է 1997 թվականին՝ տեղացի ուսուցիչ-թոշակառուի կողմից: Երբ տղամարդը դեռ երեխա էր, նրան նվիրեցին ցուլի սեռական օրգանից պատրաստված մտրակ: Չափահաս դառնալով՝ տղամարդը սկսեց հավաքել բոլոր կաթնասունների սեռական օրգանները: Իսլանդիայի իշխանությունները նույնիսկ 200,000 տեղական կրոն հատկացրեցին այս անսովոր թանգարանի ստեղծման համար:
Այս հավաքածուում 280 ֆալոս կա: Դրանցից ամենամեծը կապույտ կետի սեռական օրգանն է: Ֆալոսի երկարությունը հասնում է հինգ մետրի, իսկ քաշը՝ մոտ 450 կիլոգրամի: Թանգարանային ամենափոքր առարկան համստերի սեռական օրգանն է: Դրա երկարությունն ընդամենը երկու միլիմետր է: Այս ֆալոսը կարելի է տեսնել միայն խոշորացույցի միջոցով:
Այսպիսով՝ աշխարհի տարօրինակ ու յուրօրինակ այս թանգարանները ցույց են տալիս, որ մարդկային հետաքրքրասիրությունն ու ստեղծագործական միտքն իսկապես սահմաններ չունի: Յուրաքանչյուր թանգարան իր յուրահատուկ պատմությունն ունի և արտացոլում է մարդկային փորձառության տարբեր կողմերը՝ սիրուց մինչև մահ, արվեստից մինչև գիտություն: Այս թանգարաններն ապացուցում են, որ ցանկացած առարկա, երևույթ կամ պատմություն կարող է դառնալ մշակութային ժառանգության մաս, եթե այն ներկայացվում է ճիշտ համատեքստում և պատշաճ կերպով: Հաջորդ անգամ, երբ ճամփորդեք, գուցե արժե՞ այցելել այս անսովոր վայրերից մեկը։