Երազանքի իրականացման բյուջեն. վեց բան սիրված ֆիլմերից, որոնք տրիլիոնատերը կարող է իրականություն դարձնել
Պատկերացնենք, որ Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը։ Կասեք` հա, բայց իրոք դարձել է, բոլորը դրա մասին են գրում։ Բայց մենք խոսում ենք ոչ թե զուտ «թղթերով» տրիլիոնատեր լինելու մասին, այլ իրականում, երբ մարդը կարող է ըստ ցանկության ցանկացած գումարի չեկ ստորագրել։ Ու պատկերացնենք, որ այդ գերՄասկը սիրում է կինո ու սովորական մարդկանց նման երազում իր սիրելի ֆիլմերից այս կամ այն բանը տեսնել իրականում։ Սակայն ի տարբերություն սովորական մարդկանց, նա ունի ռեսուրսներ, որոնցով կարող է ծածկել «տեխնիկապես հնարավոր է»-ի ու «ոչ ոք երբեք չի փորձել, որովհետև դա կարժենա փոքր երկրի բյուջեի չափ գումար»-ի միջև եղած անդունդը։
PAN-ը ներկայացնում է վեց ֆիլմ հորինված Մասկի պայմանական անձնական թոփից ու վեց բան այդ ֆիլմերից, որոնք ֆիզիկան թույլ է տալիս ստեղծել եթե ոչ այսօր, ապա տեսանելի ապագայում։ Դրանց ստեղծման համար արգելք են միայն փողը, ժամանակն ու տասնամյակներ շարունակ վնասով աշխատելու պատրաստակամությունը։
1. «Առաջին խաղացողին պատրաստվել» (Ready Player One, 2018). Օազիսը որպես ենթակառուցվածք
Ֆիլմում Օազիսը սովորական իմաստով խաղ չի։ Սա քաղաքակրթության զուգահեռ շերտ է իր դպրոցներով ու բորսաներով։ Միաժամանակ, սա միակ գործող տնտեսությունն է կոնտեյներային աշտարակներում ապրող մարդկանց համար։ Հսկայական վիրտուալ աշխարհ, լիակատար ընկղմում տակտիլ հետադարձ կապով կոստյումի, վազքուղու ու վիրտուալ իրականության ակնոցների շնորհիվ։ Սա աշխարհ է, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի իր ավատարը, ռեյթինգն ու հնարավորություններ, որոնք նա երբեք չի ունենա իրական կյանքում։ Օազիսն ինտերնետի զարգացման հաջորդ տրամաբանական կետն է՝ տեքստից դեպի պատկեր, պատկերից դեպի մարմին։ Ու սա, թերևս, տրիլիոնը ծախսելու լավագույն եղանակն է։
Օազիսը կառուցելու համար Մասկին պետք չի սկսել զրոյից, որովհետև նա արդեն ունի կոնստրուկտորի դետալների կեսը։ Երեք սյուն։ Starlink-ը, որն ապահովում է կապի ցածր հապաղում վայրերում, որտեղ նախկինում նույնիսկ կայուն 4G չկար։ Neuralink-ը, որը վերացնում է գլխավոր թույլ օղակը՝ այդ մեծ, ծանր, ձիգ տակտիլ կոստյումը՝ փոխարինելով այն ինտերֆեյսով, որն ուղիղ կարդում է սենսորային ազդանշանները։ Ու xAI-ի և Optimus-ի համար մշակվող հաշվողական հզորությունները, որոնք վերածվում են «դվիժոկի», որն էլ գեներացնում է կենդանի, ֆիզիկապես ներդաշնակ աշխարհ՝ իր տնտեսությամբ, եղանակով ու գործողությունների հետևանքներով։
Այստեղ ամենաթանկարժեք մասն ալգորիթմները չեն, որովհետև հաշվարկներն իրենք իրենցով էժանանում են։ Մասկը կծախսի իր տրիլիոնը մոլորակային մասշտաբի էներգետիկ ու սերվերային ենթակառուցվածքների վրա, որովհետև ստիպված կլինի կառուցել դրանք զրոյից։ Ինչո՞ւ։ Երևի թե, որովհետև գոյություն ունեցող ոչ մի ցանց նախատեսված չի միաժամանակ մեկ միլիարդ մարդու սենսորային տվյալների մշտական համար։ Կամ մենք սխալվում ենք, ո՞վ գիտի։ Ամեն դեպքում, Օազիսը թվում է ծախսի առավել բեղմնավոր ու նկատելի տողը։
2. «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odyssey, 1968). արհեստական գրավիտացիայով պտտվող դոնաթ
Կուբրիկի մոտ տիեզերքն առօրեական է, բիզնես-դասի ավիաթռիչքի նման։ Պատկերված է կայան, որն իրենից ներկայացնում է հսկայական անիվ։ Այն պտտվում է ու կենտրոնախույս ուժի շնորհիվ ներսում ստեղծում գրավիտացիայի նման մի բան։ Մարդիկ էլ հանգիստ նստած զանգում են տեսակապով, քնում մահճակալներում, ոչ թե պատին ամրացված քնապարկերում։ Միջազգային տիեզերական կայանի իրականության հետ կոնտրաստը ակնհայտ է։ ՄՏԿ-ում խեղճ տիեզերագնացները ամսական կորցնում են մինչև մեկուկես տոկոս ոսկրային զանգված, յուրաքանչյուր շարժում պայքար է անկշռության դեմ, որն էլ ժամանակի ընթացքում բառացի քայքայում է մարմինը։
Սեղանին տրիլիոն դոլար դրած Մասկի համար սա քմահաճույք չի, այլ մարդկության ու Մարսի միջև առկա կոնկրետ ինժեներական խնդրի լուծում։ Ինքներդ մտածեք. թռիչքը տևում է ամիսներ, այդ ընթացքում անկշռության պայմաններում անձնակազմը հասցնում է լուրջ թուլանալ, վարժություններն ու դեղամիջոցները դանդաղեցնում են պրոցեսը, բայց չեն կանգնեցնում, կարճ ասած` ահավոր վիճակ։ Մարդկային մարմինը բացարձակ հարմարեցված չի տիեզերական ճամփորդությունների համար։
Պտտվող կայանը վերացնում է հենց պատճառը։ Starship հրթիռը ապահովում է բավարար բեռնատարողություն՝ մի քանի մեծ մոդուլ ուղեծիր դուրս բերելու ու դրանցից տորաձև կամ գանտելաձև ստրուկտուրա հավաքելու համար։ Հետո այն պտտեցվում է՝ ստեղծելով արհեստական գրավիտացիա երկրայինի մեկ երրորդից մինչև 1g-ի սահմաններում։ Միջազգային տիեզերական կայանը մարդկության համար արժեցել է մոտ $150 մլրդ։ Ավելի խոշոր, այն էլ` պտտվող կայանը, հավանաբար, դժվարությամբ կտեղավորվի $1 տրիլիոն բյուջեում` հաշվի առնելով, որ որոշ ամերիկյան ռազմական ծրագրեր զգալիորեն գերազանցում են այդ թիվը։
Այսպիսի կայանը հեռանկարում կարող է վերածվել մշտական պլատֆորմի այնպիսի արտադրությունների համար, որոնց պետք է ոչ թե զրոյական, այլ հենց կարգավորվող գրավիտացիա՝ դեղագործության համար բյուրեղների աճեցումից մինչև նոր տիեզերական մետալուրգիա։
3. «Ինտերստելար» (Interstellar, 2014). TARS-ը գործընկեր է, այլ ոչ թե գործիք
TARS-ը միմյանց ամրացված վահանակներից բաղկացած սալ է։ Այն իրենից ներկայացնում է NASA-ին փոխանցված ռազմական ռոբոտ՝ հումորի ու անկեղծության կարգավորումներով։ Մեքենան C-3PO-ի նման խելոք ենթարկվող չի, ու ոչ էլ վախենալու աստիճան ամենակարող, ինչպես HAL-ը։ Սակայն սա հրաշալի գործընկեր է, ընդ որում՝ կարգավորվող բնավորությամբ։ «Հումորի մակարդակը 75%» արտահայտությունը փոքրիկ դետալ է, որը ցույց է տալիս, որ ֆիլմի աշխարհի ինժեներները արհեստական բանականության անհատականությանը վերաբերվում են որպես կարգավորման, ոչ թե կողմնակի էֆեկտի, որը պետք է կամ հանդուրժել, կամ ճնշել։
Իրականում Մասկն արդեն հիմա միաժամանակ կառուցում է TARS-ի երկու կեսերն էլ, պարզապես դրանք գոյություն ունեն որպես առանձին արտադրանքներ. xAI-ը աշխատում է «գլխի», իսկ Optimus-ը՝ «մարմնի» վրա։ TARS-ը բառացիորեն նրանց հատման կետն է, ու «սալի» ձևը, որը ծալվում ու քայլում է լրիվ այլ կերպ, քան մարդը, իրականում կարող է մի շարք խնդիրների համար ինժեներական առումով ավելի պարզ ու հուսալի լինել, քան երկոտանի հումանոիդը։
Այստեղ թանկարժեք մասը մոդելը չի, այլ նյութերն ու ակտուատորները, որոնք պետք է դիմանան միջավայրի իրական բարդություններին՝ ռադիացիային, փոշուն, հարյուրավոր աստիճանների ջերմաստիճանային տատանումներին։ Հենց նյութագիտության ու արտադրության մասշտաբավորման վրա կծախսվեն աստղաբաշխական գումարները։
4. «Շեղբի վրայով վազողը 2049» (Blade Runner 2049, 2017). ռեպլիկանտները որպես պատասխան մի խնդրի, որի մասին չեն խոսում
Թե Ռիդլի Սքոթի, ու թե Դենի Վիլնյովի ֆիլմերում ռեպլիկանտները Nexus գծի կենսաինժեներական մարդիկ են, որոնց բուծում են գաղութներում ու ծանր արտադրություններում աշխատելու համար։ Վիլնյովը ռեպլիկանտների արտադրությունը նկարել է կրոնական ծիսակատարության նման. կույր մարգարեն ուղղահայաց ֆերմաներում «հրեշտակներ» է ստեղծում։ Ֆիլմի գլխավոր հարցը՝ արդյո՞ք նրանք նույնպես մարդ են, մնում է անպատասխան։
Տեխնոլոգիաների տեսանկյունից սա Կուրտ Վիգների սինթետիկ կենսաբանության մասին է, որն արդեն այսօր կարողանում է հյուսվածքներ ու օրգաններ աճեցնել. արհեստական միսը, օրգանոիդները, մաշկի բիոպրինտինգը վաղուց դադարել են ֆանտաստիկա լինել։ Հաջորդ քայլը ֆունկցիոնալ կենսաբանական համակարգերն են այնպիսի միջավայրերում աշխատելու համար, որոնք սպանում են սովորական էլեկտրոնիկան՝ ռադիացիոն գոտիներ, էքստրեմալ շոգ, վակուումին մոտ պայմաններ, այսինքն՝ այն ամենը, ինչի համար էքստրեմոֆիլ օրգանիզմները, ինչպիսիք են ջրային արջերը, արդեն ունեն պատրաստի լուծումներ գեների մակարդակով, որոնք կարելի է ադապտացնել։
Այստեղ թանկարժեք մասը ոչ թե ինքնին գենային ինժեներիան է, այլ արտադրության մասշտաբավորումը։ Մասսայաբար արտադրվող բարդ օրգանիզմները պետք է լինեն հուսալի ու կանխատեսելի։
Բայց եկեք անկեղծ լինենք։ Ֆիլմի անպատասխան մնացած գլխավոր հարցը դրանից չի անհետանում։ Նման տեխնոլոգիա ստեղծելը նշանակում է ստիպել հասարակությանը տալ այդ հարցին իրական, այլ ոչ թե կինեմատոգրաֆիկ պատասխան։ Արդյո՞ք նրանք մարդ են։ Արդյո՞ք օժտված են գիտակցությամբ ու զգացմունքներով։ Եթե այո, արդյո՞ք էթիկապես ընդունելի է, որ տրիլիոնատերն աճեցնի արհեստական մարդկանց։
5. «Դյունա» (Dune, 2021). օրնիտոպտերը որպես պատասխան «իսկ որտե՞ղ են թռչող մեքենաները» հավերժական հարցին
Վիլնյովի մոտ օրնիտոպտերները սարքեր են, որոնք հիշեցնում են ճպուռներ, ընդունակ են ուղղահայաց թռիչքի և վայրէջքի ու ծառայում են որպես ամենօրյա տրանսպորտ աշխարհում, որտեղ ճանապարհներ, ըստ էության, չկան. կա միայն անապատ ու հսկայական որդեր։ Ֆիլմի հեղինակներն իսկապես խորհրդակցել են մասնագետների հետ թափահարող թևի աերոդինամիկայի թեմայով, ինչի շնորհիվ ֆիլմում ներկայացված սարքերը ոչ թե նկարչի ֆանտազիա են, այլ ինժեներական արտադրանք, որը լուծում է իրական խնդիր։
Tesla-ն տարիներ շարունակ փորձում է լուծել տրանսպորտի խնդիրը գետնի վրա, իսկ Boring Company-ն փորձում է լուծել այն գետնի տակ, բայց երկուսն էլ` միայն երկչափ հարթության վրա. խցանումները մնում են խցանումներ, պարզապես այլ մակարդակում։ Անձնական օդային տրանսպորտը լուծում է խնդիրը երեք չափումներում։ Այստեղ արդեն գոյություն ունեն ընկերություններ, որոնք առաջարկում են շրջանաձև պտուտակներով սարքեր, սակայն թափահարող թևը հոլիվուդյան պայմանականություն չի. իրական հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշակի մասշտաբներում ու հզոր քամու ժամանակ այն կարող է ավելի արդյունավետ ու անաղմուկ լինել, քան ռոտորը։
Նման սարքերի քաղաքային ցանց կառուցելը նշանակում է ստեղծել առաջադեմ ԱԲ, որն իրական ժամանակում կառավարում է թևի բարդ կինեմատիկան, բայց բյուջեի մեծ մասը կգնա ոչ թե հենց մեքենաների, այլ ցածր բարձրության օդային տարածքի վերակառուցման վրա՝ օդային երթևեկության կառավարման նոր համակարգ, վերտիպորտեր, կանոնակարգեր, այսինքն՝ ենթակառուցվածքների, այլ ոչ թե տեխնիկայի վրա։ Մարդկության համար սա քաղաքները բեռնաթափելու միջոց է՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու։ Այն կապելու է այնպիսի վայրեր, որտեղ ճանապարհները սկզբունքորեն իմաստ չունեն՝ լեռնային շրջաններ, արշիպելագներ, աղետի գոտիներ, ու միևնույն ժամանակ արմատապես կրճատելու է ճանապարհորդության ժամանակը մնացած բոլորի համար։
6. «Մարսեցին» (The Martian, 2015). ցուցակի միակ կետը, որն արդեն կիսով չափ իրականանում է
Խեղճ Ուոթնին Մարսի վրա մնացել է միայնակ ու գոյատևում է զուտ ինժեներիայի շնորհիվ։ Նա կարտոֆիլ է աճեցնում մարսյան հողում, որը պարարտացված է սեփական թափոններով, քիմիական ռեակցիայի միջոցով վառելիքից ջուր է ստանում և այլն։ Ֆիլմի գրավչությունը հենց նրանում է, որ չկա ոչ մի հորինված տեխնոլոգիա. սա գոյություն ունեցող քիմիայի ու ինժեներիայի էքստրապոլյացիա է, որը հասցված է սահմանագծին մեկ հուսահատված մարդու կողմից։
Այստեղ Մասկին նույնիսկ պետք չի ոչինչ «հորինել». սա SpaceX-ի ուղղակիորեն ձևակերպված նպատակն է։ Starship-ի ճարտարապետությունն ի սկզբանե նախագծվում է տեղական ռեսուրսների օգտագործման շուրջ. մարսյան մթնոլորտից ու ստորգետնյա ջրային սառույցից մեթանի ու թթվածնի արտադրությունը հետդարձի թռիչքի վառելիքի ստացման համար հրապարակված ինժեներական ծրագիր է։ Իրականացումը պահանջում է բեռնատար չվերթներով մինչև մարդկանց ժամանումը Մարս ուղարկել վառելիքի արտադրության գործարաններն ու հերմետիկ ջերմոցները, ապահովել դրանք էներգիայով, ինչի համար արևային վահանակները բավարար չեն լինի, հատկապես փոշու փոթորիկների ժամանակ, ինչն էլ նշանակում է, որ գործի են դրվում կոմպակտ միջուկային ռեակտորները։
Ծախսերի իսկական աստղաբաշխական հոդվածը ոչ թե հրթիռներն են, որոնք ինքնաբերաբար էժանանում են, այլ ավտոնոմ ենթակառուցվածքները, որոնք պետք է տեղակայել ու ստուգել նախքան մարդկանց կյանքը վտանգելը։ Մարդկության համար սա ոչ միայն քաղաքակրթության գոյության ապահովագրություն է Երկրի վրա աղետի դեպքում։ Կենսապահովման փակ համակարգն ու սննդի արտադրության յուրաքանչյուր տեխնոլոգիա այնպիսի պայմաններում, որտեղ ոչինչ չի աճում, ուղղակիորեն կիրառելի է նաև այստեղ՝ երաշտադիմացկուն երկրագործություն, ջրի վերամշակում, ավտոնոմ համակարգեր այն տարածաշրջանների համար, որտեղ կլիման արդեն դառնում է թշնամի։
Վերոնշյալ բոլոր վեց կետերը միավորում է այն, որ դրանցից ոչ մեկը չի պահանջում նոր ֆիզիկա։ Յուրաքանչյուրում պետք են բաներ, որոնք արդեն իսկ գոյություն ունեն առանձին-առանձին՝ կապ, ինտերֆեյսներ, գենային ինժեներիա, աերոդինամիկա, վառելիքի քիմիա. պարզապես ոչ ոք երբեք չի հավաքել դրանք մեկ տեղում անհրաժեշտ մասշտաբով, քանի որ ծախսի փոխհատուցումը տևելու է տասնամյակներ, իսկ սովորական ներդրողն այդքան չի սպասում։ Տրիլիոնատերն, ով «շուկայի անվստահության» իր ամբողջ պաշարն արդեն ծախսել է շատ ավելի տարօրինակ բաների վրա, կարող է իրեն սա թույլ տալ։ Խոչընդոտը երբեք երևակայությունը չի եղել. մարդկությունն այն ունի վաղուց։ Խոչընդոտը հաշիվն է։