Կարդալիքներ PAN-ից
July 21

Հունական աստվածները` մեծ էկրաններին. Ինչպես Օլիմպոսը գրավեց Հոլիվուդը

Քրիստոֆեր Նոլանն էկրանավորում է Հոմերոսի «Ոդիսականը». այս լուրը հնչեց ինչպես Օլիմպոսի գագաթին որոտացող ամպրոպ։ Իտալական համր L'Odissea-ից 115 ու Կոնչալովսկու հիասքանչ էկրանավորումից գրեթե 30 տարի անց Հոմերոսը դառնալու է Հոլիվուդի գլխավոր աստղը` «երազների ֆաբրիկայի» ամենամոդայիկ ռեժիսորի ձեռամբ։

Ի՞նչ է մեզ սպասում. երեք ժամանոց մեդիտացիա ժամանակի ու վերադարձի մասի՞ն, պատմություն հերոսի մասին, ով կորել է ոչ թե տարածության, այլ սեփական հիշողությունների մե՞ջ, թե՞ փիլիսոփայական թրիլլեր, որում Պոլիֆեմոսը ոչ թե կիկլոպ է, այլ տեսահսկման կույր համակարգ։ Առայժմ ոք չգիտի։ Բայց մի բան պարզ է. Հին Հունաստանի առասպելների նկատմամբ հետաքրքրությունը կինոյում երբեք արհեստական չի եղել։ Այն ուղղակի սպասում էր սեփական վերադարձին, ինչպես Ոդիսևսը։

PAN-ը հիշել է հոլիվուդյան կինոյում Հին հունական դիցաբանության պատմությունը։

I. 1950-60-ականներ. թրի ու սանդալների դարաշրջան

1950-ականների կեսերից իտալական ստուդիաների ջանքերով սկսվեց թրի ու սանդալների ֆիլմերի մոդան, որում միշտ կար կարճ տունիկայով հերոս, ով վերջում պարտադիր պիտի մենամարտեր հսկա սողունի դեմ։

Ամենահիշարժանը Պյետրե Ֆրանչիշիի «Հերկուլես» (Hercules, 1958) ֆիլմն էր, որի գլխավոր դերում բոդիբիլդեր Սթիվ Ռիվզն էր` իր դարաշրջանի իսկական խորհրդանիշ։ Սյուժեն ազատ էր, վիզուալ էֆեկտները` պրիմիտիվ, սակայն հանդիսատեսին դուր էր գալիս։ Առօրյայից հոգնած` մարդիկ ուզում էին տեսնել հերոսներ, հրաշքներ ու աստվածներ։ Ու հունական դիցաբանությունը լիարժեք բավարարում էր այդ պահանջը։

Կմախքների հետ լեգենդար մարտը

Դարաշրջանի կուլմինացիան դարձավ Դոն Չեֆիի «Յասոնն ու արգոնավորդները» (Jason and the Argonauts, 1963) ամերիկա-բրիտանական ֆիլմը, որի համար անիմատոր Ռեյ Հարիհաուզենը ստեղծել էր կենդանացած կմախքների հետ մարտի լեգենդար տեսարանը։ Դա զուտ էֆեկտ չէր, իր ժամանակի համար դա իսկական կինեմատոգրաֆիկ առասպել էր, որին հանդիսատեսը հավատում էր ու ուզում ավելին։

II. 80-ականների պոստմոդեռնը

1981-ին էկրաններ բարձրացավ Դեսմոնդ Դեվիսի «Տիտանների բախումը» (Clash of the Titans), որի հատուկ էֆեկտները կրկին վստահել էին Հարիհաուզենին։ Այստեղ ամեն ինչ մասշտաբային էր. Զևսը` Լոուրենս Օլիվյեի կատարմամբ, Գորգոն Մեդուզան` ստոպ-կադր պլաստիկայի անիմացիայով ու երկնաքերի չափերի եզրափակիչ Կրակենը։ Դա ավարտին մոտեցող մինչ-CGI դարաշրջանի հրաժեշտի վերջին խոնարհումներից էր, ձեռքերով ստեղծված վերջին մեծ հեքիաթներից մեկը։

Միաժամանակ սկսվել էր իրոնիայի ու վերաձևակերպման դարաշրջանը, երբ առասպելը դուրս էր գալիս անտիկության սահմաններից։ Կատակերգություններ, մյուզիքլներ, անիմացիոն ֆիլմեր` դիցաբանությունը վերածվեց ֆոնի, խորհրդանիշի, ճանաչելի ակնարկի։ Ու միայն մի մարդ 90-ականներին որոշեց վերադարձնել այն արմատներին։

III. Ոդիսևսի վերադարձը. Կոնչալովսկու մեծ էկրանավորումը

1997թ-ին ամերիկյան NBC հետուստաալիքը ցուցադրեց Անդրեյ Կոնչալովսկու «Ոդիսականը» (The Odyssey) երկու մասանոց մինի սերիալը։ Սա իսկական սենսացիա էր. ռուս ռեժիսորը, միաժամանակ` քիչ եվրոպացիներից, էկրանավորում է Հոմերոսին` սկզբնաղբյուրի նկատմամբ հարգանքով, սակայն դինամիկայով, որ պահանջում էր 90-ականների հեռուստատեսությունը։

Արմանդ Ասանտեն խաղում է Ոդիսևսին ոչ թե որպես մեծ հերոսի, այլ որպես մարդու. հոգնած, բայց համառ, վիրավոր, բայց խելացի։ Այստեղ այն ժամանակվա հեռուստատեսային էկրանի համար աներևակայելի հատուկ էֆեկտներ են։ Սակայն, ամենակարևորը, այստեղ հրաշալի զգացվում է առասպելի ոգին։

Կոնչալովսկին նկարել է ոչ թե անտիկ պոեմ, այլ վերադարձի մասին հավերժական պատմություն։ Այս «Ոդիսականում» ավելի շատ կյանք կա, քան հունական դիցաբանության վրա հիմնված հետագա ավելի թանկարժեք ֆիլմերում` միասին վերցրած։ Սերիալն արժանացավ «Էմմի» մրցանակի, սակայն հիմա անարդարացիորեն մոռացված է։ Այդուհանդերձ, սա հունական առասպելի լավագույն հեռուստատեսային էկրանավորումն է բոլոր ժամանակներում։ Նոլանի համար հեշտ չի լինելու մրցել Կոնչալովսկու ֆիլմի հետ։

IV. 2000-ականներ. էպոս առանց աստվածների

Ռիդլի Սքոթի «Գլադիատորի» (Gladiator, 2000) հաջողությունից հետո Հոլիվուդը կրկին դիմեց անտիկ անցյալին։ Այս անգամ` հսկայական բյուջեով ու լուրջ դեմքով։ Հիանալի ռեժիսոր Վոլֆգանգ Պետերսոնը նկարեց այն ժամանակ աներևակայելի $200 մլն արժողությամբ «Տրոյա» (Troy, 2004) էպիկական պսևդոպատմական ֆիլմը` առաջին կարգի աստղերի մասնակցությամբ։

Ապագա «Գահերի խաղի» (Game of Thrones) շոուռաներ Դեյվիդ Բենիոֆը իր սցենարում հեռացրել էր աստվածներին` փորձելով պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե «Իլիականի» իրադարձությունները ծավալվեին առանց մոգության աշխարհում։ Ստացվեց բավական որակյալ պատերազմական դրամա, բայց ոչ «Իլիական»։ Իսկ Աքիլեսն առանց Ապոլոնի, ինչպես հայտնի է, երկար չի ապրում։

V. «Տիտանների» վերագործարկումն ու փառքի ավարտը

2010-ին էկրաններ բարձրացավ Լուի Լետերյեի «Տիտանների բախումը» (Clash of the Titans), որը 1981-ի ֆիլմի ռեմեյքն էր։ «Ավատարի» (Avatar, 2009) հաջողության ֆոնին` այն պռնկե պռունկ լցված էր CGI-ով, «Ավատարի» գլխավոր դերասան Սեմ Ուորթինգտոնով ու մոդայիկ 3D-ով։ Ինչպես նաև` Լիամ Նիսոնով Զևսի դերում, իր ֆիրմային Let them fight! արտահայտությամբ։ Ֆիլմը բավականին լավ աշխատեց վարձույթում, բայց հույս, որ Հին Հունաստանը վերադառնում է էկրաններ, չարթնացրեց։

Երկու տարի անց էկրաններ բարձրացավ Ջոնաթան Լիբեսմանի «Տիտանների զայրույթը» (Wrath of the Titans)։ Բյուջեն աճեց, CGI-ի քանակը նույնպես, սակայն ֆիլմը լրիվ դատարկ էր։ Առասպելը վերածվել էր համակարգչային գրաֆիկա նկարելու առիթի։

Սրանք ոչ այնքան տապալումներ էին, որքան իմաստի ու էության կորուստ։ Պերսևսը, կարծես, ոչ թե հերոս էր, այլ համակարգչային խաղ խաղացողի ավատար։ Զևսը ոչ թե Օլիմպոսի ամենակարող տիրակալն էր, այլ հոգնած հայր ընտանեկան դրամայում։

VI. Մետամորֆոզներ

Քանի դեռ մեծ կինոն խիստ փոփոխական առումով կորցնում ու վերադարձնում էր հետաքրքրությունը հունական դիցաբանության նկատմամբ, դրանք վերաձևակերպվում էին կամ հայտնվում այլ ֆորմատներում։

Վառ օրինակ էր Disney-ի «Հերկուլես» (Hercules, 1997) անիմացիոն ֆիլմը, որը առասպելը վերածել էր հրաշալի մյուզիքլի ու կատակերգության։ Սրամիտ, ազատ ադապտացիա, որը, այդուհանդերձ, կրում էր տրիումֆի ու քավության ոգին։

2000-ին Հոմերոսի «Ոդիսականը» վերաիմաստավորեցին Քոեն եղբայրները իրենց «Օ, որտե՞ղ ես, եղբայր իմ» (O Brother, Where Art Thou?) ռոուդ մուվիում` տեղափոխելով հունական առասպելը ԱՄՆ հարավային նահանգներ։ Պոլիֆեմոսը վերածվեց միաչքանի Աստվածաշունչ վաճառողի։ Սիրենները բլյուզ էին երգում։ Սա առասպելի էկրանավորում չի, այլ ապացույց, որ առասպելը կենդանի է ու կարող է հանդես գալ ցանկացած ձևով։

Երբեմն, շատ տարօրինակ։ Տարսեմ Սինխի «Անմահները» (Immortals, 2011) ոճային, էպիլեպտիկ պսպղուն, էսթետիկացված ֆիլմ է, որում աստվածներն ու հերոսները ավելի շատ հիշեցնում են գլամուրային մոդելների։ Այս ֆիլմում մարդկային ոչինչ չկա, միայն խայտաբղետ տեսաշարք։

Կան նաև Փերսի Ջեքսոնի մասին անհաջող ֆիլմերն ու բավականին հաջողված սերիալը`  նախատեսված դեռահասների համար։ Ինչպես նաև` Netflix-ի «Քաոս» (Kaos) սերիալը, որը աստվածներին ներկայացնում է որպես նևրոտիկ բյուրոկրատներ։ Սա արդեն ոչ թե առասպելաբանություն է, այլ Օլիմպոսի հոգեվերլուծություն։

Առասպելը ոչ թե ժանր է, այլ մտածողության տեսակ։ Հունական առասպելը ուղղակի պատմությունների գանձարան չի։ Դա սկզբունք է, որով կառուցված է նաև մեծ կինոն. հերոս, որը պայքարում է ճակատագրի դեմ; կին, ով մարտահրավեր է նետում աստվածներին; ճամփորդություն ոչ թե ծովերով, այլ ինքդ քո ներսում։

Հետևաբար, երբ նայում եք, ինչպես է Ասանտե-Ոդիսևսը քայլում ծովափով` ճանաչելով հարազատ Իթակեն, դա ուղղակի առասպել չի։ Դա մաքուր կինո է հավերժական վերադարձի մասին։


🎬 Արման Գասպարյան / PAN