#մշակութաPAN
April 23

Իսահակյանի օգնությունը, Արա Սարգսյանի սուր աչքն ու «Նեմեսիսը». Երբ արդարության պահանջը դառնում է գործողություն

Ի՞նչ է լինում, երբ ոճրագործները խուսափում են արդարադատությունից, երբ մի ամբողջ ժողովրդի գոյության իրավունքը ջնջվում է, իսկ մարդասպանները շարունակում են ապրել ազատության մեջ՝ նոր անուններով, նոր դեմքերով:

Հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է ու այդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը: Վերքը չի սպիանում նախ որովհետև պատմական անպատժելիությունն ու անարդարության զգացումը ցեղասպանված ժողովրդի ժառանգներին հանգիստ չեն տալիս։ 110 տարի անց այս իրողությունը դեռևս բարդ է առանց էմոցիայի ու ցավի արձանագրել և անպատմելի է, թե ինչ ցավ ու վրեժի անհագ զգացում ունեին հայերը՝ այդ դեպքերից շատ չանցած։

Ինչպես սովորաբար լինում է՝ Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրագործած առաջնորդների մեծ մասին ևս հաջողվեց խուսափել պատժից։ Ոճրագործները թաքնվեցին Եվրոպայում՝ փոխելով իրենց անուններն ու արտաքինը: Ու հայ ժողովրդի զավակները որոշեցին արդարություն հաստատել սեփական ուժերով։ Այսպես ստեղծվեց «Նեմեսիսը»։

1919 թվականի աշնանը Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը պատմական որոշում կայացրեց։ Խիստ գաղտնի պայմաններում որոշվեց մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին ու իրագործողներին: Այդ պահին շատերն արդեն խուսափել էին թուրքական ռազմական դատարանի դատավճռից և թաքնվել Եվրոպայի տարբեր երկրներում:

«Նեմեսիս» գործողությունը, որն անվանակոչվել էր հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով, դարձավ արդարության հաստատման համար հայկական ամենախոշոր գաղտնի գործողությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաքում՝ սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը տեղի ունեցած այս հավաքի ընթացքում, խիստ գաղտնի պայմաններում որոշվեց հետապնդել հայերի կոտորածների կազմակերպիչներին և դահիճներին: Ծրագիրը պաշտոնապես կոչվում էր «Հատուկ գործ», իսկ հետագայում ավելի հայտնի դարձավ «Նեմեսիս» անունով:

Ցուցակագրեցին 650 հանցագործի, որոնցից առանձնացվեցին 41 գլխավոր պատասխանատուները: «Նեմեսիս» գործողության իրականացման համար ստեղծվեց հատուկ մարմին՝ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Գարոյի ղեկավարությամբ և հատուկ ֆոնդ, որը ղեկավարում էր Ահարոն Սաչակլյանը: Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը վստահվեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին:

Գործողության ընդհատակյա կենտրոններ դարձան Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» և Կոստանդնուպոլսում լույս տեսնող «Ճակատամարտ» թերթերի խմբագրատները: Շահան Նաթալին համակարգում էր հետախուզական խմբերի գործունեությունը Ժնևում, Փարիզում, Բեռլինում և Հռոմում՝ թիրախավորելով Եվրոպայում թաքնված հանցագործներին:

Գաղտնի գործողության մասնակիցներից շատերը եղեռնի ականատեսներ էին՝ Սողոմոն Թեհլիրյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թորլաքյանը և այլք: Նրանք ամեն ինչ տեսել էին սեփական աչքերով և ունեին մարտական հարուստ փորձառություն:

Սրան զուգահեռ կատարվածի մասին՝ մի փոքր պատմական ակնարկ։ Առաջին համաշխարհային պատերազմի պարտությունից հետո երիտթուրք պարագլուխները փախան Գերմանիա: 1918 թվականի դեկտեմբերի 16-ին նրանց դեմ սկսված դատավարությունում Թալեաթը, Էնվերը, Նազըմը, Ջեմալը և նրանց հանցակիցները մեղադրվեցին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և հայ հպատակների ջարդի ու տեղահանության կազմակերպման մեջ: Դատավճռի համաձայն՝ նրանցից չորսը՝ Թալեաթը, Էնվերը, Նազըմը և Ջեմալը, դատապարտվեցին մահվան:

Մուդրոսի զինադադարից հետո՝ 1919 թվականին, Թուրքիայի զինվորական դատարանը հեռակա կարգով դատապարտեց ցեղասպանությունը կազմակերպողներին, իսկ Մեծ Բրիտանիան կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի հանցագործների նկատմամբ: Սակայն միջազգային քաղաքականության փոփոխվող հանգամանքների բերումով շատ հանցագործներ կարողացան խուսափել պատասխանատվությունից:

Այսպիսով՝ առաջին հատուցման գործողությունը տեղի ունեցավ 1921 թվականի մարտի 15-ին, երբ Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանը սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից մեկին՝ Թալեաթ փաշային: Նշանակալի է, որ այդ օրը Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան կնքում էին «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրը, որտեղ բոլշևիկներն ու քեմալականները որոշում էին հայկական հողերի ճակատագիրն առանց հայկական կողմի մասնակցության:

1921 թվականի դեկտեմբերի 6-ին Հռոմում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանի արձակած գնդակից սպանվեց երիտթուրքերի առաջին կառավարության ղեկավար Սաիդ Հալիմը: 1922 թվականի ապրիլի 7-ին Բեռլինում հայ վրիժառուներ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը մահապատժի ենթարկեցին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և «Թեշքիլաթը Մախսուսե» հանցավոր կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին: Նույն թվականի հուլիսի 25-ին հայ վրիժառուներ Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի կողմից Թիֆլիսում մահապատժի ենթարկվեց Ջեմալ փաշան։

Գործողությունը շարունակվեց մինչև 1922 թվականը, երբ ՀՅԴ Բյուրոն որոշեց դադարեցնել այն՝ կապված Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վտարանդի կառավարությունների կողմից բոլշևիզմի դեմ համատեղ պայքարի «Պրոմեթևս» նախագծի ստորագրման հետ: Այս որոշումը միանշանակ չընդունվեց, և հետագայում, տարիներ անց Շահան Նաթալին առաջարկեց վերականգնել «Նեմեսիսը», բայց մերժվեց: Ի պատասխան, նա Փարիզում հիմնեց «Արևմտահայ ազատագրական ուխտը»:

Անշուշտ, Սողոմոն Թեհլիրյանը «Նեմեսիս» գործողության ամենահայտնի մասնակիցն էր: Նա ծնվել էր Օսմանյան կայսրությունում և դարձել Առաջին համաշխարհային պատերազմի ու Հայոց Ցեղասպանության ականատեսը: Թեհլիրյանի ամբողջ ընտանիքը զոհվել էր կոտորածների ժամանակ, իսկ ինքը հրաշքով փրկվել էր:

Թեհլիրյանի մոտ Թալեաթին ոչնչացնելու մտադրությունը առաջացել էր դեռևս 1916 թվականին, երբ երիտասարդ կամավորականը, իր զինակից ընկերների հետ մտնելով հայրենի Երզնկա քաղաքը, տեսել էր իր տունը դատարկված, թալանված և ավերակ դարձած:

«…Ու իմ առջև դարձեալ պատկերում է Թալէաթի փքուն, ինքնագոհ դէմքը, որ մթութեան մէջ կարծես վեր է հանում բրդոտ թաթը... Ա՛խ, կտրել այդ ձեռքը ու թողնել, որ արիւնաքամ լինի հրէշը, որ կարող լինի զգալ ու հասկանալ իր կատարած ոճիրի ահաւոր չափերը… Հաւատա՞լ արդեօք, որ մի օր կլինի արդար դատաստան…»

Բեռլինում Թեհլիրյանին սպասում էր մի ամբողջ թիմ, որն արդեն կատարել էր հետախուզական և կազմակերպչական մեծ աշխատանք: Օպերացիայի մեջ ներգրավված էր Հրաչ Փափազյանը, որը ծնունդով լինելով Բուրսայից, հիանալի տիրապետում էր թուրքերենին և մուտք էր գործել Բեռլինում ծպտված ապրող երիտթուրքերի շրջանակ: Նա գործում էր Մեհմեդ Ալի կեղծանունով և արժեքավոր տեղեկություններ էր հայթայթում:

Թալեաթը Բեռլինում փոխել էր ինքնությունը և Ալի Սալիհ բեյ անունով կնոջ հետ ապրում էր Հարդենբերգ փողոցում՝ վարձակալած ինը սենյականոց շքեղ բնակարանում: Թեհլիրյանին հաջողվեց բնակարան վարձել Թալեաթի տան հարևանությամբ և մի քանի օր շարունակ հետևել նրան:

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Հարդենբերգ փողոցում Թեհլիրյանն ատրճանակով գնդակահարեց Թալեաթին: Այս մահապատիժը դարձավ «Նեմեսիս» գործողության առաջին և ամենահայտնի ակտը: Թեհլիրյանի դատավարությունը վերածվեց Հայոց ցեղասպանության փաստը հաստատող միջազգային իրավական գործընթացի: Միջազգային ճնշման և հասարակական կարծիքի ազդեցության շնորհիվ Թեհլիրյանն արդարացվեց:

«Նեմեսիսի» մասնակիցների թվում մշակութային գործիչներ ևս կային, որովհետև ցավը նույնն էր բոլորի համար և «վրձինը սրով փոխարինելու» պահն էր եկել։

Գրող, հասարակական-քաղաքական գործիչ Շահան Նաթալին «Նեմեսիս» գործողության գլխավոր գաղափարակիցներից և կազմակերպիչներից էր: Նա ոչ միայն մշակեց գործողության ընդհանուր ռազմավարությունը, այլև տվեց կոնկրետ հրահանգներ վրիժառուներին:

Նաթալիի կյանքում եղած ողբերգությունները ձևավորել էին նրա աշխարհայացքը: 1895-1897 թվականների ջարդերի ժամանակ նա կորցրել էր հորը, հորեղբորը և բազմաթիվ ազգականների: 11 տարեկանում որբացած տղան, տուն վերադառնալով, գտել էր մորը՝ հոր դիակի վրա ողբալիս:

«Մորս հետ քաշքշելով հորս անշունչ դիակը դուրս բերեցինք և թաղեցինք ընկուզենիների տակ։ Ողջերը կսկեն թաղել մեռելները»։

1909 թվականի ապրիլյան ջարդերից հետո Նաթալին տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 1909-1912 թվականներին սովորեց Բոստոնի համալսարանում: Այդ տարիներին նա հրապարակեց բանաստեղծությունների ժողովածուներ և թատերգություններ, խմբագրեց «Շանթ» և «Փյունիկ» գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ «Հայրենիք» օրաթերթը:

1919 թվականին Երևանում տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ համագումարին Շահան Նաթալին մասնակցեց և խանդավառությամբ պաշտպանեց Մեծ եղեռնի կազմակերպիչներին պատժելու գաղափարը, չնայած որ մի շարք պատգամավորներ դեմ էին այդ որոշմանը՝ վախենալով, որ այն կվնասի հայկական նորաստեղծ հանրապետության և Թուրքիայի հարաբերություններին:

Շահան Նաթալին Սողոմոն Թեհլերյանին տվել էր հստակ հրահանգներ.

«Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանին և չես փորձել փախչիլ, կկանգնիս տեղդ ոտքդ սատակին վրա ու կհանձնվիս ոստիկաններուն, որոնք կգան ու կձերբակալեն քեզ»:

Նաթալին ցանկանում էր ցույց տալ աշխարհին, որ հայերի պայքարը ոչ թե վախկոտների վրեժխնդրություն է, այլ արդարության վերականգնման համար մղվող պայքար:

Շահան Նաթալու մտածելակերպի մասին պատկերացում են տալիս նրա տողերը.

«Չկայ ճշմարտութիւն․ Կան ճմշարտութիւններ։
Կարեւորը ճմշարտութիւնները դասակարգելն է, ըստ արժէքի։
Ահա ա՛յն, ինչ որ հայը, մանաւանդ քաղաքական միտքը, չհասկացաւ ընթացքին, եւ ա՛յն, ինչ որ թուրքը ըմբռնեց տառացիօրէն։
Ու մենք պարտուեցանք։ Թուրքը պարտեց մեզ։
Ճմշարտութիւն է, որ գիրն ու գրականութիւնը ուժ են եւ հայն ըմբռնեց այդ ու վանքեր կանգնեց, դպրոցներ բացաւ․ գիր ու գրականութիւն տարածեց։
Ճշմարտութիւն է, որ արուեստ ու առուտուր ուժ են․ եւ հայը նուիրուեցաւ արուեստի բոլոր ճիւղերուն, հպարտացաւ իր արուեստով, որոնց ազդեցութիւնը տարածեց մօտիկ ու հեռաւոր ժողովուրդներու վրայ։ Զարգացաւ իբր առեւտրական, ծովեր կտրեց, հարստացաւ եւ տիրող տարրը իր տնտեսական գերին դարձուց։
Ճշմարտութիւն է, որ արհեստ ու երկրագործութիւն ուժ են․ եւ հայը իր միջավայրի արհեստներուն տէր ու տիրական դաձաւ․ երկիրը հերկեց, հունձքը առաւ։ Թեկուզ՝ մարաբա, բայց կուշտ ապրեցաւ։
Ճշմարտութիւն է, որ քաղաքակրթութիւն ու կրթութիւն ուժ են․ եւ հայը արեւմուտքի քաղաքակրթութեան հետ շփուեցաւ, սերունդ կրթեց, կրօնական կապերով կապուեցաւ քաղաքակրթուած աշխարհի հետ։
Ճշմարտութիւն են դեռ շատ բաներ։
Դառնագոյն ճմշարտութիւն է նաեւ որ այդ բոլորը չը փրկեցին մեզ պարտուելէ մահ ու կեանքի մեր պայքարին մէջ։
Եւ պարտուեցանք թուրքէն, որ ո՛չ մէկն ունէր այն բոլորէն, ո՛չ մէկն ունէր գոնէ մեզ չափ։
Թուրքը մէկ բան ունէր մեզմէ աւելի ― ԶԷՆՔ։ Որովհետեւ ան գիտէր, թէ քաղաքական կեանքի մէջ զէնքի ուժը աւելի արժէք էր քան արժէքները բոլոր մնացած ուժերուն։»

Ինչպես ասացինք՝ «Նեմեսիս» գործողության իրականացմանը մասնակցում էին ոչ միայն ռազմական կամ կուսակցական գործիչներ, այլև հայ մտավորականության ներկայացուցիչներ: Ավետիք Իսահակյանին վիճակված էր պատմության մեջ մնալ ոչ միայն որպես մշակութային գործիչ ու մեծ բանաստեղծ, այլև որպես իր ժողովրդի դահիճներին պատասխանատվության ենթարկելուն անմիջականորեն մասնակցած մարդ:

Իսահակյանը դեռ 1914 թվականին եղել էր հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի ստեղծած «Գերմանա-հայկական գործընկերության» քարտուղարը: Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո նրանց հիմնական նպատակն էր հայկական ջարդերի մասին հավաստի տեղեկատվություն փոխանցել Եվրոպա և թուրքամետ Գերմանիայում հայանպաստ քարոզչություն իրականացնել: 1918 թվականին Իսահակյանը հայկական տեղեկատվական կենտրոնի հիմնադիրներից էր, որը զբաղվում էր թուրքական կեղծ տեղեկատվության հերքմամբ:

Նա Եվրոպայում փորձեց միջոցներ գտնել հայրենակիցներին օգնելու համար: Բայց շուտով սարսափելի լուրեր ստացավ հայրենիքից՝ Սիամանթոյի, Դանիել Վարուժանի և մյուս հայ մտավորականների սպանության մասին: Իսահակյանի հարսը հետագայում պատմում էր, որ նա օրերով չէր խոսում և խորը վշտի մեջ էր: Այդ շրջանում գրած բանաստեղծությունները նույնպես արտացոլում էին նրա հոգեվիճակը:

«Նեմեսիս» գործողության շրջանակում Ավետիք Իսահակյանը մասնակցեց Թալեաթի հետքերի որոնմանը: 1919 թվականի նոյեմբերի 26-ին Վահան Զաքարյանին Ժնևից գրված նամակում նա հայտնում էր.

«Վերջերս Բեռլինի գազանը, հրեշը մի քանի օրով եկած է եղել Զվեցարիա, մինչև իմացանք, արդեն վերադարձել էր Բեռլին: Ժողով են ունեցել Բեռն...նույն անունով էր եկել, ինչ-որ Բեռլին ուներ»:

Բեռլինում Ավետիքն ու Սողոմոնը մի քանի անգամ հանդիպեցին և քննարկեցին Թալեաթին ոչնչացնելու ուղիները: Ըստ որոշ վկայությունների՝ սկզբում Թալեաթի ոչնչացումը վստահված էր հենց Իսահակյանին, ոչ թե Թեհլիրյանին: Թալեաթի սպանության օրը՝ 1921 թվականի մարտի 15-ին, Ավետիք Իսահակյանին վստահված էր գործողության ապահովագրումը: Նա սպասել է Թեհլիրյանին փողոցի մյուս կողմում, որ գործն ավարտին հասցնի, եթե հանկարծ ինչ-որ բան այն չլինի:

«Սողոմոնի հետ փողոց կիջներ ոչ միայն ինքը. ան ինքը չէր, որ փողոց կիջներ. իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա կտաներ իր առջև դրոշակը ամբողջ ժողովրդի պատվին...»

«Նեմեսիս» ծրագրի իրագործման ակտիվ մասնակիցներից էր նաև հայ քանդակագործ Արա Սարգսյանը, ով ծնվել էր Օսմանյան կայսրությունում: Առաջին համաշխարհային պատերազմի ու Հայոց ցեղասպանության դեպքերի ականատեսը դարձած Արայի հոգին ձգտում էր ոչ միայն ստեղծագործելով, այլև գործնական քայլերով դիմակայել արդարության ոտնահարմանը:

Լեզուների, հատկապես թուրքերենի լավ իմացությունը նրան օգնում էր տեղեկություններ հավաքել անմիջականորեն թուրքերից, ովքեր իրենց մասնավոր զրույցներում հաճախ անզգուշորեն բացահայտում էին կարևոր տեղեկություններ: Այսպես էլ Գրիգոր Մերժանովն Արայի օգնությամբ և նրա հետ միասին սրճարանային մի խոսակցությունից պարզեց Թուրքիայի նախկին վարչապետ, հայերի աքսորի ու ոչնչացման որոշումը ստորագրած Սայիդ Հալիմի գտնվելու վայրը, ինչը հնարավորություն տվեց Արշավիր Շիրակյանին 1921 թվականին իրագործելու ոճրագործի պատիժը: Դե իսկ նրա ստեղծագործական հմտությունները օգնում էին ֆիքսել ոճրագործների դիմագծերը՝ անգամ եթե նրանք ծպտված էին։

Թեև սփյուռքում «Նեմեսիս» գործողության մասնակիցները հպարտությամբ էին խոսում իրենց գործունեության մասին, Հայաստան վերադառնալու որոշում կայացրած Սարգսյանը գիտակցում էր, որ իր կյանքի այդ էջը պետք է գաղտնի մնա: Հակառակ դեպքում նա չէր կարողանա ապահով ապրել և իրականացնել իր ծրագրերը: Նրա գործընկերները հաճախ նրան հիշատակում էին միայն անվանատառերով՝ Ա.Ս., նրա անվտանգությունը չվտանգելու համար:

1924 թվականին Արա Սարգսյանն ընդունեց խորհրդային քաղաքացիություն և 1925 թվականի ապրիլի 26-ին ժամանեց Երևան: Այստեղ նա հիմք դրեց հայկական պրոֆեսիոնալ քանդակագործությանը: 1925-1930 թվականներին Երևանի գեղարվեստական տեխնիկումում բացեց քանդակագործության բաժին և սկսեց դասավանդել, իսկ 1932 թվականին Գաբրիել Գյուրջյանի և Միքայել Արուտչյանի հետ միասին հիմնադրեց Հայաստանի նկարիչների միությունը և միաձայն ընտրվեց առաջին քարտուղար՝ գլխավորելով այն մինչև 1937 թվականը:

Արա Սարգսյանը հեղինակել է օպերայի և բալետի թատրոնի առջև տեղադրված Հովհաննես Թումանյանի ու Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները, Երևանի պետական համալսարանի առջև կանգնեցված Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի քանդակը, Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանը և այլ գործեր։

1969 թվականին ոտքի կոտրվածքի պատճառով հիվանդանոց ընկած քանդակագործը հիվանդասենյակում հուշեր է գրում և կազմում կտակ, որտեղ պահանջում է իր մահվանից հետո անպայման դիահերձում կատարել:

Հիվանդանոցում պառկած ժամանակ նա անսպասելի նվեր է ստանում ԱՄՆ-ից՝ «Նեմեսիս» գործողության մասնակից Արշավիր Շիրակյանից: Շիրակյանը նրան է ուղարկում իր՝ «Նեմեսիս» գործողության մասին պատմող գիրքը, որտեղ, կարևորելով Սարգսյանի անվտանգությունը, նրան ներկայացնում է միայն անվան սկզբնատառերով՝ «ոմն Ա.Ս.»: Գիրքը Շիրակյանը ուղարկել էր դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանի միջոցով՝ խնդրելով անպայման այցելել քանդակագործին:

Ինչ-ինչ պատճառներով Լյուսի Իշխանյանը չի գնում հիվանդանոց, և գիրքը փոխանցվում է մեկ այլ անձի: Այդ մարդու այցելությունից հետո Արա Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է: Թեև ոտքի կոտրվածքն ապաքինվել էր, և բժիշկները որոշել էին քանդակագործին դուրս գրել հիվանդանոցից, նա սկսում է ջերմել և հունիսի 13-ին, ընդամենը երկու օր անց, մահանում է: Մինչև օրս էլ Արա Սարգսյանի ընտանիքը կասկածում է, որ այդ մարդու այցելությունը կարող էր ուղղակիորեն կապված լինել քանդակագործի անսպասելի մահվան հետ:

Խորհրդային Հայաստանում հասարակության լայն շերտերի համար «Նեմեսիսի» և դրա հերոսների մասին տեղեկությունները գրեթե անհայտ էին մինչև 1990-ական թվականների սկիզբը: Հատուկ գործի մասնակից Արամ Երկանյանի հուշագրությունը հրատարակվեց միայն 1949 թվականին՝ նրա մահվանից 15 տարի անց, որին հաջորդեցին Սողոմոն Թեհլիրյանի, Միսաք Թորլաքյանի և Արշավիր Շիրակյանի հուշագրությունների հրատարակությունները:

Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանում սկսեցին տպագրվել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների մասին գիտահանրամատչելի գրքեր, այդ թվում նաև՝ «Նեմեսիսի» անդամների հուշագրությունների վերահրատարակությունները: Ցավոք, հայ պատմագիտության մեջ «Նեմեսիս» գործողության վերաբերյալ համապարփակ հետազոտությունները դեռևս քիչ են:


✍️ Նանե Մանուկյան / PAN