Կարդալիքներ PAN-ից
Today

Z սերնդի բողոքը, Նեպո-բալիկներն ու մոխրացած շենքերը. Ինչպես Նեպալում սոցցանցերի արգելքը վերածվեց արյունոտ հեղափոխության

Այս երկրում բնակչության մեկ երրորդը գոյատևում է արտասահմանից՝ այսպես ասենք՝ «խոպանից» եկող փոխանցումներով, երիտասարդների քսան տոկոսից ավելին աշխատանք չունի, կոռուպցիան էլ անկառավարելի մասշտաբների է հասել։ Գուցե թվա, թե ծանոթ նկարագրություն է, բայց հեռուն մի գնացեք, այս անգամ մեր դարդերը թողած անդրադառնալու ենք մեկ այլ երկրի, որտեղ երիտասարդները շատ անսպասելի ու շատ արագ հեղափոխություն են կազմակերպել։ Խոսքը Նեպալի մասին է։ Հասկանանք, թե ինչ է կատարվել։

ՍՈՑՑԱՆՑԵՐ ԱՆՈՒՆՈՎ ԿԱՅԾԸ

Վերևում նշված խնդիրները քիչ էին, հիմա էլ Նեպալի կառավարությունը «հանճարեղ» որոշում էր կայացրել փակել սոցցանցերը։ Օգոստոսի վերջերին Նեպալի կառավարությունը նոր պահանջ ներկայացրեց․ բոլոր սոցցանցերն ու մեսենջերները պիտի գրանցվեին Կապի նախարարությունում, բացեին տեղական գրասենյակ, նշանակեին պատասխանատուներ։

TikTok-ն ու Viber-ը «գլուխները կախ» գրանցվեցին, բայց Meta-ն (Facebook, Instagram, WhatsApp), YouTube-ը, X-ը, Reddit-ն ու LinkedIn-ը որոշեցին չենթարկվել։ Իշխանությունները պնդում էին՝ պայքարում ենք ֆեյքերի ու առցանց խարդախության դեմ։ Բայց բոլորն էլ գիտեին, որ իրական պատճառը լրիվ այլ տեղ է։

Արգելքից մի քանի շաբաթ առաջ Նեպալի սոցցանցերում #NepoKids հեշթեգը պայթեցնում էր համացանցը։ Երիտասարդները TikTok-ում ու Instagram-ում ցույց էին տալիս քաղաքական էլիտայի զավակների ճոխ կյանքը՝ բրենդային հագուստներ, լյուքս դասի մեքենաներ, արտասահմանյան ճամփորդություններ։ Այս ամենը՝ երկրում, որի տնտեսությունը կախված է արտերկրում աշխատող նեպալցիների փոխանցումներից։ ՀՆԱ-ի 33 տոկոսը կազմում են հենց այդ փոխանցումները։

Այս հակասությունն իսկապես աչք էր ծակում։ Մի կողմում երիտասարդներն էին, որ մի կտոր հաց վաստակելու համար ստիպված հեռանում էին հայրենիքից, մյուս կողմում՝ «նեպո-բալիկները», որ, ըստ մեղադրանքների, ապրում էին պետության հաշվին ու կյանքում լոկ մեկ օր չէին աշխատել։ Սոցցանցերը դարձել էին այն միակ տեղը, որտեղ մարդիկ բարձրաձայնում էին անարդարության մասին։ Ու հենց այդ պահին իշխանությունները որոշեցին փակել նրանց բերանները։

Սեպտեմբերի 4-ին պաշտոնապես արգելվեցին 26 սոցցանց ու մեսենջեր։ Նեպալցիների համար, որոնցից շատերը WhatsApp-ով են բիզնես անում կամ արտասահմանի հարազատների հետ կապ պահում, սա աղետ էր։ Ինչ-որ առումով սոցցանցերի արգելափակումը նշանակում էր նաև աշխատատեղերի կորուստ։

ԱՐՅՈՒՆԱԼԻ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Այսպիսով՝ մարդկանց համբերության բաժակը լցվեց։ Էլ ի՞նչը, եթե ոչ սոցցանցերի արգելափակումը, Z սերնդին կհաներ փողոց։ Սեպտեմբերի 8-ի առավոտյան հազարավոր երիտասարդներ շրջապատեցին Կատմանդուի խորհրդարանը։ Ցույցերը տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իրենք իրենց շարժումն անվանում էին «Z սերնդի բողոք»։ Փողոցում հիմնականում 1996-2010 թվականներին ծնվածներ էին։ Այո, 2010 թվականը 15 տարի առաջ էր ու այդ թվականին ծնվածներն արդեն բողոքի ակցիաների են մասնակցում։

Սկզբում իրավիճակը համեմատաբար խաղաղ էր։ Ուսանողները եկել էին համազգեստներով, գրքերը ձեռքներին։ Անգամ դպրոցականներ կային։ Բայց երբ երիտասարդները փորձեցին մոտենալ խորհրդարանին, ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց, ռետինե գնդակներ արձակեց։ Հետո սկսվեց քաոսը։ Ականատեսները վկայում են, որ ուժայինները մարտական փամփուշտներ էլ էին օգտագործում։ 19-ամյա ուսանողուհի Բինուն BBC-ին պատմում էր.

«Ուզում ենք կոռուպցիայի վերջը տեսնել։ Քաղաքական գործիչները ընտրությունների ժամանակ մի բան են խոստանում, հետո՝ բոլորովին այլ բան անում»։

Երեկոյան արդեն 19 զոհ կար, հարյուրից ավելի վիրավորներ։ Բժիշկները պատմում էին, որ վիրավորների վնասվածքները ոչ միայն ռետինե գնդակներից էին, այլև մարտական փամփուշտներից։ Կատմանդուում արտակարգ դրություն հայտարարվեց։

Երեկոյան վարչապետ Շարմա Օլին հանդիպման հրավիրեց բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Ասաց, որ բռնությունը երկրի շահերից չի բխում ու պետք է «խաղաղ երկխոսություն» սկսել։ Այսպիսով՝ կառավարությունը զիջեց, սոցցանցերի արգելքը հանվեց։ Ընդամենը մի քանի ժամում՝ մինչև սեպտեմբերի 9-ի լուսաբաց, բոլոր 26 հարթակներն էլ հասանելի էին երկրում։

ԿՐԱԿԻ ՏՎԱԾ ԵՐԿԻՐԸ

Ու երբ թվում էր, որ գլխավոր պահանջն իրագործված է ու ամեն բան վերջացել է, պարզվեց, որ սա միայն սկիզբն էր։ Բողոքը վերածվել էր քաղաքական շարժման։ Ցուցարարները պահանջում էին կոռուպցիայի դեմ իրական պայքար։

«Զզվել ենք կոռուպցիայից։ Երիտասարդները ստիպված արտերկիր են գնում աշխատանքի։ Մենք այստեղ ենք՝ մեր ապագայի համար»։

Սեպտեմբերի 9-ին Կատմանդուն սև ծխի մեջ էր։ Գիշերը ցուցարարներն անվադողեր էին վառել ճանապարհներին, քարեր շպրտել ոստիկանների վրա։ Բայց իսկական դժոխքը նոր էր սկսվելու։

Նախ ամբոխը ներխուժում է Սինգհա Դուրբար՝ կառավարության գլխավոր համալիր։ Կրակի են մատնվում մի քանի նախարարությունների շենքեր՝ Կրթության, Առողջապահության, վարչապետի գրասենյակը։ 1908-ին կառուցված պատմական պալատը մոխիրի է վերածվում։ Սա էլ դեռ վերջը չէր։

Ցուցարարները կրակին են տալիս Շիտալ Նիվաս պալատը՝ նախագահի նստավայրը։ Գերագույն դատարանն ամբողջովին այրվում է, բոլոր պատմական փաստաթղթերն ու արխիվները ևս։ Երկրի խորհրդարանից, նախագահի նստավայրից, գործադիրի շենքերից սև ծուխ էր դուրս գալիս։ Մնացել էր միայն մոխիրը։

Բայց ցուցարարները միայն պետական շենքերով չեն բավարարվում։ Հարձակվում են քաղաքական գործիչների տների վրա։ Հրկիզում դրանք՝ առանց անգամ ստուգելու, տանը մարդ կա՞, թե՞ ոչ։ Մամուլի տվյալով այս հրկիզումներից մեկի պատճառով մահացել է երկրի նախկին վարչապետի կինը, որն այդ պահին պարզապես իր տանն էր։

Սեպտեմբերի 9-ի կեսօրին վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տալիս։ Նրա օրինակին հետևում են մի քանի նախարարներ։ Զուգահեռաբար քաոսը տարածվում է երկրի ամբողջ տարածքով։ Ոստիկանության զեկույցի համաձայն անկարգությունների ժամանակ ամբողջ երկրով մեկ բանտերից 13,500-ից ավելի բանտարկյալ է փախել։ Վանդալիզմ ու հրկիզումներ են եղել առնվազն 17 շրջանում։

ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 9-ի երեկոյան, երբ հստակ դարձավ, որ իրավիճակն ամբողջովին անվերահսկելի է, գործին խառնվեց բանակը։ Հրամանատարը հայտարարեց, որ ցուցարարներն օգտվում են ճգնաժամից, ավերում ու թալանում են երկիրը։ Ու եթե այդպես շարունակվի, ապա բանակը «կվերահսկի իրավիճակը»։

Փաստացի երկիրը ղեկավար չուներ։ Վարչապետը հրաժարական էր տվել, նախագահին էվակուացրել էին, ցուցարարներն էլ առաջնորդ չունեին։ Միակ քաղաքական գործիչը, որ բացահայտ աջակցել էր բողոքի ակցիայի մասնակիցներին, Կատմանդուի քաղաքապետ Բալենդրա Շահն էր։ Հետաքրքիր կերպար է՝ նախկին ռեփեր, երիտասարդների կուռք։ Սոցցանցերից զսպվածության կոչեր էր անում, թեև ինքն էլ հասկանում էր, որ կոչերի համար արդեն շատ ուշ է։

Այսպիսով, այս փուլում անգամ վարչապետի պաշտոնակատար գտնելն է բարդ գործ դարձել։ Երիտասարդներն ասում են՝ նոր դեմքեր ենք ուզում, բայց իրենք որևէ լուրջ առաջարկ չունեն։

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՀԻՄԱ

Բազմաթիվ վերլուծաբանների խոսքով՝ սոցցանցերի արգելքը պարզապես կայծն էր, որ վառեց տարիներով կուտակված զայրույթը։ Նեպալի երիտասարդության 20.8 տոկոսը գործ չունի։ Երկիրը խեղդվում է կոռուպցիայի մեջ։ Տնտեսությունը գոյատևում է արտերկրից եկող փոխանցումներով։ Երկու մեծ կուսակցությունները փաստացի զավթել էին պետությունը, դատարանները, մեդիան։ Խորհրդարանում իրական ընդդիմություն չկա։

Սոցցանցերը դարձել էին միակ տեղը, որտեղ կարելի էր բողոքել անարդարության դեմ։ Արգելքից շաբաթներ առաջ հենց այնտեղ էր ծավալվել «նեպո-բալիկների» դեմ պայքարը։ Սրանք իսկապես վերջին տարիների ամենածանր անկարգություններն էին Նեպալում։ 2008-ից, երբ տապալեցին միապետությունը, երկիրն անընդհատ ապրում է քաղաքական ցնցումների մեջ ու սա հստակ ազդակ էր, որ առնվազն հաջորդող տարիներին էլ կայունության հույս չկա։

Մինչ Նեպալը փորձում է ուշքի գալ այս ցնցումից, հստակ է մի բան՝ այսօրվա աշխարհում հնարավոր չէ պարզապես «անջատել» ինտերնետը և սպասել, որ ժողովուրդը կհանդարտվի։ Մանավանդ երբ խոսքը երիտասարդ սերնդի մասին է, որ մեծացել է թվային դարում և առցանց ազատությունը համարում է բնական իրավունք։


✍️ Նանե Մանուկյան / PAN