Չապրելու իրավունքը. 25-ամյա իսպանուհու ծանր կյանքն ու էվթանազիայի որոշումը
25-ամյա իսպանուհի Նոելիա Կաստիլյո Ռամոսը շուրջ երկու տարի դատական պայքարից հետո ի վերջո կարողացավ էվթանազիայի իրավունք ձեռք բերել։ Բռնաբարությունից հետո Նոելիան փորձել էր ինքնասպան լինել։ Նա ողջ էր մնացել, բայց կաթվածահար էր եղել։ Պատմում ենք այս ծանր, ցավալի, բազմաթիվ հակասական կարծիքների ու քննարկումների առիթ դարձած պատմության մանրամասները։
Ուշադրություն․ Նյութում ներկայացված են սեռական բռնության և ինքնասպանության մասին դրվագներ, որոնց մանրամասները կարող են ծանր լինել որոշ ընթերցողների համար։
Նոելիա Կաստիլյո Ռամոսի պատմությունը վերջին շրջանի ամենաքննարկված և ամենաբարդ մարդկային պատմություններից մեկն է։ Այն ցավի, դիմադրության, իրավունքի համար պայքարի, նաև սահմանների մասին պատմություն է։ Սահմանների, երբ անձնական որոշումը բախվում է ընտանիքի և հասարակության պատկերացումներին։
Նոելիան ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 14-ին՝ Բարսելոնայում։ Նրա մանկությունը ծանր էր դեռ առաջին տարիներից։ Ծնողները պայքարում էին թմրամիջոցների կախվածության դեմ ու աղջնակը դեռ փոքր տարիքից բազմաթիվ փորձություններ պիտի հաղթահարեր։ Որոշ ժամանակ անց ընտանիքը կորցրել էր նաև բնակարանը։ Ի վերջո, նրանց ճանապարհները բաժանվել էին։ Այդ իրադարձություններից հետո դեռահաս Նոելիան հայտնվել էր սոցիալական խնամքի համակարգում՝ ապաստաններում և կենտրոններում, որտեղ անցել էին նրա կյանքի ձևավորման ամենակարևոր տարիները։
Սոցիալական խնամքի համակարգում գտնվելու տարիները ձևավորել էին նրա կենսապայմանները, բայց նաև հոգեբանական վիճակը։ Այդ ընթացքում աղջկա մոտ ախտորոշվել էին հոգեկան առողջության խնդիրներ, այդ թվում՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նրա կյանքի ամենածանր փորձություններն առջևում էին։ Նա սոցիալական խնամքի կենտրոնում է եղել 2015 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի փետրվարը, իսկ չափահաս դառնալուց հետո կամավոր հեռացել է։
Նոելիայի խոսքով նա մի քանի անգամ սեռական բռնության է ենթարկվել։ Նրա պատմության համաձայն՝ առաջին անգամ իրեն բռնաբարել է զուգընկերը, երկրորդ և երրորդ անգամ՝ գիշերային ակումբներում հանդիպած տղամարդիկ՝ երկու-երեք հոգանոց խմբերով։ Այդ դեպքերից ոչ մեկը պաշտոնապես չի քննվել իրավապահ մարմինների կողմից, որովհետև աղջիկը ոստիկանություն չէր դիմել։ Ամեն դեպքում՝ այս իրադարձություններն ակնհայտորեն դարձել են նրա կյանքի ամենածանր ու կտրուկ շրջադարձերից։
2022 թվականի հոկտեմբերի սկզբին՝ խմբակային բռնությունից մի քանի օր անց, Նոելիան փորձել է ինքնասպան լինել ու շենքի հինգերորդ հարկից ցած է նետվել։ Նա հրաշքով փրկվել է, բայց առողջական հետևանքներն անդառնալի էին։ Աղջիկը ծանր վնասվածքներ էր ստացել, մարմինը մասնակիորեն կաթվածահար էր եղել ու այդ դեպքից հետո նա զրկված էր լիարժեք շարժվելու հնարավորությունից։ Սրան գումարվում էին մշտական ֆիզիկական ցավերը, նյարդաբանական խնդիրները և ծանր հոգեբանական տառապանքը։
Կարելի է ասել, որ այդ պահից սկսվեց նրա կյանքի երկրորդ՝ ավելի բարդ փուլը։ Նոելիան ապրում էր սոցիալ-բժշկական հաստատությունում՝ Կատալոնիայի Սանտ Պերե դե Ռիբես քաղաքում։ Նրա օրերը միապաղաղ էին ու լցված միայն ֆիզիկական սահմանափակումներով, ցավով, ներքին պայքարով։ Նրա խոսքով՝ հաջորդող բոլոր տարիներին իրեն մշտապես ուղեկցել է միայնության զգացումը, ֆիզիկական ու հոգեբանական տառապանքը։
Չնայած վիճակին՝ Նոելիան բավական հստակ պատկերացում ուներ իր ապագայի մասին։ Նրա պատկերացումներում «այդ տառապանքին վերջ չկար» ու աղջիկն աստիճանաբար ձևակերպեց այն որոշումը, որը հետագայում պիտի դառնար երկարատև իրավական պայքարի հիմք։ 2024 թվականին նա պաշտոնապես դիմեց էվթանազիայի թույլտվություն ստանալու համար՝ հղում անելով Իսպանիայի գործող օրենսդրության դրույթներին, որը 2021 թվականից թույլ է տալիս բժշկի օգնությամբ կամ էլ բժշկական վերահսկողությամբ ինքնուրույն կյանքից հեռանալը։
Աղջկա դիմումն անցավ անհրաժեշտ բժշկական և իրավական գնահատումների փուլերը։ Մասնագետները եզրակացրին, որ նրա վիճակը իսկապես ծանր է, ուղեկցվում է մշտական ցավով և տառապանքով, և որ այս դեպքում խիստ կարևոր է, հաստատեցին, որ աղջիկը կարող է գիտակցված որոշում կայացնել։ Բայց սա հակասությունների սկիզբն էր։
Նոելիայի ընտանիքը՝ հատկապես հայրը, կտրականապես դեմ էին նրա ընտրությանը։ Հայրը դատարան դիմեց՝ պնդելով, որ դստեր հոգեկան վիճակը, ցավերը և դեղամիջոցները խանգարում են նրան ինքնուրույն և գիտակցված որոշում կայացնել։ Նրա դիրքորոշումը աջակցություն ստացավ նաև կրոնական պահպանողական շրջանակների կողմից, որոնք սկզբունքորեն դեմ են էվթանազիային։
Այսպես սկսվեց գրեթե երկու տարի տևած իրավական պայքարը։ Անձնական այս որոշումը դարձավ հանրային լայն քննարկման առարկա։ Գործը հասավ մի քանի դատական ատյաններ՝ ներառյալ Կատալոնիայի բարձրագույն դատարանը և Իսպանիայի գերագույն դատարանը։ Քննարկումները կենտրոնացած էին մի հիմնական հարցի շուրջ՝ Նոելիան ունա՞կ է ինքնուրույն որոշում կայացնել իր կյանքի վերաբերյալ, թե՞՝ ոչ։
Դատարանները, ինչպես նաև բժշկական հանձնաժողովները, հերթով հաստատեցին նրա իրավունակությունը։ Վերջնական վճիռը կայացվեց 2026 թվականի հունվարին, երբ դատարանը մերժեց հոր բողոքը՝ փաստելով, որ այս դեպքում հիմնարար իրավունքների խախտում տեղի չի ունեցել։
Այս որոշման պահին արդեն 601 օր էր անցել այն պահից, երբ Նոելիան առաջին անգամ ստացել էր էվթանազիայի թույլտվությունը։ Այս երկարատև պայքարը ևս ծանր էր աղջկա համար։ Նրա խոսքով՝ ինքն ապրում էր մի կյանք, որը չէր ընտրել։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Նոելիան ասում էր, որ այլևս չի կարողանում դիմանալ ֆիզիկական ու հատկապես՝ իրեն տանջող հոգեկան ցավերին։ Նա ասում էր, որ երբեք չի կասկածել իր որոշման մեջ և որ ցանկանում է պարզապես հանգիստ հեռանալ՝ առանց ավելորդ տառապանքի։
Այս ամբողջ ընթացքում ընտանիքի հետ նրա հարաբերությունները շարունակում էին խիստ լարված մնալ։ Աղջիկն ասում էր, որ իր որոշումը ոչ ոք չի ընդունում, թեև երբեմն ձևացնում են, թե հասկանում են։ Ասում էր, որ հայրը դեմ է իր որոշմանը, բայց այս ընթացքում ոչ մի անգամ չի հետաքրքրվել դստեր որպիսությամբ։ Նոելիայի համար կարևոր էր, որ իր ընտրությունը հարգեն որպես անձնական որոշում, ոչ թե դատապարտեն ուրիշների զգացմունքների պատճառով։ Նա նաև հստակ արտահայտել էր իր վերջին ցանկությունը՝ կյանքի վերջին պահերն ուզում էր մենակ անցկացնել։
Դատական որոշումից հետո Նոելիայի գործը մտավ վերջին փուլ։ Երկար սպասումից հետո նա ի վերջո կարողացավ իրականացնել իր ցանկությունը։ Դատական գործընթացի երկու տարիների ընթացքում նրա կյանքը շարունակվում էր նույն պայմաններում՝ բժշկական կենտրոնում, սահմանափակ շարժունակությամբ, մշտական ցավի պայմաններում։ Իր իսկ խոսքով՝ այդ ժամանակահատվածը ինքը ոչ թե ապրել էր, այլ պարզապես գոյություն էր ունեցել։
Մարտի վերջին օրերին նա տվեց իր վերջին հարցազրույցը ու կրկին հաստատեց, որ իր որոշումը չի փոխվել։ Աղջիկը շեշտում էր, որ չի ցանկանում, որ իր պատմությունը դառնա կոչ կամ օրինակ ուրիշների համար։ Իր ընտրությունը, ինչպես ասում էր, բացառապես անձնական էր։ Նրա համար կարևոր էր, որ այն ընկալվի հենց այդպես՝ որպես կոնկրետ մարդու կոնկրետ իրավիճակից բխող որոշում։
Մարտի 26-ին, երեկոյան ժամերին, Կատալոնիայի Սանտ Պերե դե Ռիբես քաղաքում գտնվող բժշկական հաստատությունում իրականացվեց էվթանազիայի գործընթացը։ Այն տեղի ունեցավ բժշկական վերահսկողությամբ՝ համապատասխան ընթացակարգերով։ Ըստ գործող պրոտոկոլի կենսական ֆունկցիաները դադարեցին գործել՝ առանց ցավի զգացողության։ Նոելիայի ցանկությամբ՝ գործընթացի պահին սենյակում ոչ ոք չկար։ Գործընթացն ավարտվեց նույն օրը՝ մոտ մեկ ժամվա ընթացքում։ Նոելիա Կաստիլյո Ռամոսը մահացավ 25 տարեկանում։
Նրա պատմությունը լայն արձագանք ստացավ Իսպանիայում և միջազգային մակարդակով ևս: Քննարկումները հիմնականում կենտրոնացած էին մի քանի հարցի շուրջ՝ աղջկա տարիքը, առողջական վիճակը և այլ հանգամանքներ: Միաժամանակ ուշադրության կենտրոնում էր նաև նրա երկարատև դատական պայքարը, որը ընդգծում էր, թե որքան բարդ կարող է լինել նման որոշումների իրավական ճանապարհը։
Նոելիայի գործը դարձավ նաև օրինակ, թե ինչպես են տարբեր կառույցներ՝ բժշկական, դատական և հասարակական մարմիններ, փորձում սահմանել մարդու անձնական ընտրության սահմանները։ Մի կողմից՝ հաստատվեց, որ աղջիկն իրավունակ է և իր որոշումը գիտակցված է, մյուս կողմից՝ երկար ժամանակ այդ որոշումը հանդիպում էր ընտանիքի և հասարակական խմբերի դիմադրությանը:
Այս պատմությունը նաև ցույց տվեց, որ նույնիսկ այն երկրներում, որտեղ էվթանազիան օրինականացված է, գործընթացը միանշանակ և պարզ չէ։ Իսպանիայում այն գործում է 2021 թվականից և ենթադրում է մի քանի փուլից բաղկացած գնահատում՝ բժշկական և իրավական հաստատումներով։ Չնայած այդ կարգավորմանը՝ յուրաքանչյուր դեպք կարող է ունենալ իր առանձնահատկությունները և բախվել լրացուցիչ խոչընդոտների։
Նոելիայի պատմությունը հանրային քննարկման թեմա դարձավ նաև ավելի լայն շրջանակում։ Էվթանազիան, որպես երևույթ, մինչև օրս խիստ հակասական թեմա է: Տարբեր երկրներում և հասարակություններում այն գնահատվում է տարբեր կերպ՝ կախված իրավական համակարգից, մշակութային մոտեցումներից և էթիկական ընկալումներից։
Որոշների համար այն դիտվում է որպես մարդու ինքնավարության ու ազատության արտահայտություն, սեփական կյանքի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունք։ Մյուսների համար այն շարունակում է մնալ խնդրահարույց թեմա՝ կապված կյանքի արժեքի, բժշկական էթիկայի և հնարավոր չարաշահումների հետ։ Հաճախ քննարկման առանցքում են նաև այն հարցերը, թե որտեղ է անցնում ազատ ընտրության և հոգեբանական կամ սոցիալական ճնշումների միջև սահմանը, ինչ չափանիշներով է գնահատվում մարդու որոշման գիտակցվածությունը։ Ահա ինչու նման դեպքերը գրեթե միշտ դուրս են գալիս կոնկրետ անձի անձնական պատմության շրջանակից և վերածվում են ավելի լայն բանավեճի։ Նոելիա Կաստիլյո Ռամոսի պատմությունը ևս այդպիսին էր ու հերթական անգամ ցույց տվեց, թե որքան բարդ է այս թեմայի շուրջ միանշանակ դիրքորոշում ձևավորելը։