Հարատև հիշողության, քայքայվող ժամանակի ու թղթախաղ խաղացող շների մասին․ Մարդ չկա
Մոնա Լիզայի դեմքը, հասակով մեկ երևացող Դավիթը, ծնվող Վեներան կամ էլ Մարգարտե ականջօղ կրող աղջիկը արվեստի պատմության, հավանաբար, ամենահայտնի դեմքերից են։ Նրանց ու իրենց ստեղծողներին ճանաչում ենք դեմքով, բայց ի՞նչ, եթե կտավում ոչ մեկի դեմքն էլ չկա, մարդ էլ չկա։ Ինչպե՞ս մարդն իրեն կարող է գտնել այնտեղ, որտեղ իր նմանությամբ ոչինչ չի երևում՝ համենայնդեպս, խիստ քառակուսի հայացքով՝ ուղղանկյուն կամ քառակուսի կտավին նայելիս։
PAN-ը պատմում է արվեստի պատմության մեջ մարդու հետքով, այլ ոչ դեմքով առանձնացող մի երկու գործի մասին՝ մեկը թղթախաղի սեղանի շուրջ նստած շներով, մյուսը՝ Դալիի հոսող ժամացույցներով։
ՄԱՐԴ ՉԿԱ, ՇՈՒՆ ԿԱ․ «ՇՆԵՐԸ ՊՈԿԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ»
Ամեն օր ու ամեն տեղ չէ, որ կտեսնեք իրար գլխի հավաքված ու իրենց թղթախաղին տված շների։ Art in Context-ի հոդվածագրի խոսքով՝ սրա «հեղինակն ամենահայտնի ամերիկացի նկարիչն է, որի մասին երբեք չեք լսել»։
Կասիուս Կուլիջի (Cassius Marcellus Coolidge) 18 նկարից բաղկացած այս շարքն ու թղթախաղ խաղացող շների այս կերպարը, իհարկե, մեմ է դարձել, սոցցանցերում երևացել ու մեր աչքի համար սովորական է դարձել, բայց, նախ, այս ծանոթ անծանոթ նկարչի մասին։
Կասիուս Կուլիջին ծնվել է 1844-ին՝ ԱՄՆ-ում, մահացել՝ 1934-ին։ Ֆերմերների ընտանիքում ծնված տղան նախ «ընտանեկան գործի» մեջ է եղել, հետո տեղափոխվել արվեստի աշխարհ (չստանալով նկարչական կրթություն)։ Նկարչի կարիերան թերթերում ծաղրանկարներ անելով ու իլյուստրացիաներ ստեղծելով է սկսվել։ Brown & Bigelow ընկերությունում աշխատելու տարիներին էլ սկսել է իր ամենահայտնի՝ «շնակենտրոն» շարքը ստեղծելը։ Կուլիջին քննադատվել, քննարկվել ու չի ընդունվել իր անհասկանալի նկարների պատճառով․ բայց, այնուամենայնիվ, կիրքը կիրք է, նկարելը նրա կիրքն էր։
«Շները թղթախաղ են խաղում» (Dogs Playing Poker) անվանումը հավաքական է՝ Կուլիջիի՝ 18 նկարից բաղկացած շարքի համար, շարքի յուրաքանչյուր նկար, սակայն, իր առանձին անվանումն ունի։ Իրականում պոկեր խաղացող առաջին շներին նկարիչը ստեղծել է 1894-ին։ Ըստ տեղեկությունների՝ այն վերարտադրվել է սիգար արտադրողների կողմից ու ներկայացվել որպես գովազդային շարքի մաս։ Հետագայում արդեն Brown & Bigelow հրատարակչության համար ստեղծված նկարները հեղինակի առաջին՝ «Պոկերի խաղը» ( Poker Game, 1894) գործի թեմատիկ շարունակությունն էին։
Չնայած շարքի անվանմանը՝ միայն 9 նկարում է, որ շները թղթախաղով են զբաղված, մյուսներում կյանքի տարբեր, եկեք տարբերակում դնենք՝ մարդկանց բնորոշ միջավայրերում են։
Շների մարդկայնացման այս տեսարաններում ծանոթանում ենք բեյսբոլ խաղացող, պարող, մեքենա վերանորոգող չորքոտանիների հետ։
Տարբեր աղբյուրներում ենթադրություն կա, թե հեղինակը շների իր այս շարքի համար կարող էր ոգեշնչվել արվեստի դասական գործերից ու Բարոկկոյի դեմքերից մեկից՝ Կարավաջոյից։ Ասում են՝ շների այս շարքի վրա ազդել է նաև պոստիմպրեսիոնիստ Պոլ Սեզանը։ Հետաքրքիր է, որ Կարավաջոն, Սեզանն ու բոլոր մյուս նկարիչները, որոնցից կարող էր ոգեշնչված լինել Կուլիջին, իրենց գործերում թղթախաղ պատկերել են։
Բայց, իհարկե, դժվար է համոզված պնդել, թե մեկ պատճառ կամ ոգեշնչում կար այս անսովոր շարքի համար։ Մանավանդ, որ կա նաև մեկ այլ կողմ՝ սատիրիկը։ Ենթադրություն կա, թե սա նաև ծաղր է՝ բարձր դասի հասցեին, ու քննադատություն նրանց վարքուբարքին, նիստուկացին։
Մյուս կողմից, բազմաթիվ են շշուկներն ու ակնարկները, թե սա մասոնական տարրերով ու «գույներով» հարստացված գործ է։ Տվյալներ կան այն մասին, որ նկարիչը մասոնական օթյակի անդամ է եղել, և կասկածներ, որ նա այս շարքում «ծիսական ակնարկներ» է ներառել։
Այս շարքը նաև փոփ մշակույթի մաս է դարձել․ Կուլիջիի աշխատանքին հղումներ կան The Simpsons-ում, Սնուփ Դոգի I Wanna Thank Me ալբոմում, մասնավորապես՝ շապիկի «մարդկանց դասավորությունը» կրկնում է Կուլիջիի A Friend In Need գործի «սխեման»։ Սնուփ Դոգը Կուլիջիի շներին անդրադարձել է նաև 1993-ին իր What’s My Name?-ում։
Psychonauts տեսախաղում էլ հարցնում են՝ «Արդյոք մենք բոլորս պոկեր խաղացող շներ չե՞նք»։
Եվ չնայած ամենին՝ այս շարքի ծննդից մինչ օրս մի քննարկում չի դադարում․ ի վերջո, սա արվեստ էր, թե Kitsch՝ ասել է թե՝ ցածր դասի, որակի արտադրանք՝ զանգվածների համար։ Երկու բանակի բաժանվող կարծիքները ծայրահեղ են եղել ու մնում․ ոմանց համար սա իսկական արվեստի «անճաշակ պարոդիա» է, մյուսների կարծիքով էլ՝ ժամանակի ամերիկյան միջին դասի սիմվոլիկա։ Ամեն դեպքում, առանց մարդկանց, մարդու մասին պատմելու, կտավում սոցիալական ենթատեքստ դնելու այս փորձը նկարչին՝ հռչակ, շների կերպարին էլ բազմազանություն է բերել։
ՀՈՍՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ․ ԴԱԼԻ
Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևությունը» (The Persistence of Memory, 1931 թ.) սյուռեալիզմի ամենաճանաչելի կտավներից մեկն է, որ հաճախ նաև այլ անուններ է ստացել՝ «Ճկուն ժամեր» կամ «Համառության հիշողություն»։
24*33-ի վրա այս կտավը մեզ քաջ հայտնի կարծր օբյեկտների՝ երազային աշխարհում երևացող տարօրինակ, իռացիոնալ, հոսուն լինելու մասին է։
Անապատային լանդշաֆտում ծորացող այս գործը մեկնաբանելիս Դալին այն համեմատել է փափկած (հասունացած) պանրի հետ՝ կոչելով «ժամանակի կամամբերները»։ Այլ մեկնաբանություն ու իմաստ դնել նկարում Դալին չի էլ ուզել և շատ ուղիղ է հայտարարել այդ մասին՝ չգիտի ստեղծագործությունն ինչի մասին է։
Ընդհանրապես, ժամանակի մեջ փտելու, քայքայվելու գաղափարներն այս գործի աջ հատվածում, ոսկեգույն ժամացույցով ու այն պատած մրջյուններով է արտահայտվում։ Մրջյունները, որոնք Դալիի գործերում տարածված մոտիվ են, հենց նույն՝ քայքայման, մահվան հետ են կապվում։
Կարծիք կա, թե ծորացող այս ժամացույցների տեսարանը Դալին «տեղադրել» է իր հայրենի Կատալոնիայի լանդշաֆտում։ Մեկնաբանություն կա նաև, որ այս լանդշաֆտի ու կտավի կենտրոնում Դալին նաև իրեն է թողնել։ Ոչ սովորական ինքնանկարում ինքը՝ Դալին կենտրոնի մսոտ, տարօրինակ արարածն է, որի պատկերը, ի դեպ, կրկնվում է հեղինակի այլ գործերում էլ։ Երկար թարթիչների, քթի ու լեզվի երևացող ու մարմնի տձև կառուցվածքի մեջ ինքնանկարի գաղափարը ևս առաջ է քաշվում ավեստի գործը մեկնաբանողների կողմից։ Հիշենք՝ Դալին միայն պանրից է խոսել։
Բայց նկարիչը նաև նշել է, թե նկարի լանդշաֆտը հիմնված է Կատալոնիայի հյուսիսարևելյան Cap de Creus լեռների վրա։ Որոշ հետազոտողներ անգամ կտավի այս հատվածը նմանեցնում են Հիերոնիմոս Բոսխի «Երկրային վայելքների այգի» գործի մի հատվածին (ձախ հատվածի աջ կողմի բնապատկերը)
Artsy-ի հոդվածագիր Սառա Դոսթոնը, անդրադառնալով Դալիի այս գործին ու դիտարկելով արվեստագետի աշխատանքները, հիշեցնում է՝ նկարիչը երազների մեջ էր ոգեշնչում գտնում, և քնի պարբերական պոռթկումներն իրենց ստեղծագործական ու ֆիզիկական օգուտներն էին տալիս։ Ցերեկային կարճ քունը Դալիին հնարավորություն էր տալիս մտնելու հիպերասոցիատիվ դրության մեջ՝ հեշտացնելով անսպասելի ասոցիացիաներն ու կոնցեպտներ ստեղծելը, վերարտադրելը։ Սա հենց այս մեթոդով ստեղծված ու սյուռեալիզմով օծված գործ է։
Դալին իր «Հիշողության հարատևությունը» նկարել է, երբ 28 տարեկան էր, իսկ սյուռեալիզմը՝ ծաղկման գագաթնակետին․ նկարիչը, իհարկե, իր այս գործը ժամանակի կոնտեքստում չի մեկնաբանել, բայց արել ու անում են դա արվեստի գիտակները՝ համարելով սա խորհրդանշական՝ նոր ասոցիացիաների, ընկալումների մաս ու ժամանակի ամենահզոր մեխանիզմն ապակառուցող պատկեր։
1934-ին անանուն նվիրատուն այս կտավը MoMA-ին է փոխանցել, դրանից հետո գործը թանգարանի այցեքարտերից է։
«Հիշողության հարատևությունը» գործից մոտ 20 տարի անց, Դալին ստեղծել է նաև դրա քայքայումը պատկերող մի աշխատանք՝ «Հիշողության հարատևության քայքայումը»։
Նկարիչն այստեղ արդեն ոչնչացնում, «քայքայում» էր իր իսկ ստեղծած նախորդ աշխարհը՝ ցույց տալով միջուկային դարաշրջան թևակոխելու վտանգները։ Այս նկարը նաև համարվում է Դալիի՝ դեպի քվանտային ֆիզիկան աճող հետաքրքրության արտահայտումը․ ատոմային էներգիայի աղբյուրների պատկերներ, հրթիռների ու ատոմային ռումբերի նմանվող պատկերներ։
Կարիերայի վերջում արդեն նա նաև հալչող ժամացույցների բազմաթիվ քանդակներ է արել։
Դժվար է պնդել, թե մարդու կողմից ստեղծված որևէ գործում մարդու հետք չկա ու մարդը չի երևում, բայց ավելի բարդ է գտնել այդ հետքի իրական շաժառիթը, պատճառը, մոտիվացիան։ Երբեմն «ինչո՞ւ» հարցն ավելորդ է ակնհայտի պատճառով, բայց մեկ-մեկ էլ՝ պարտադիր, որովհետև ամենը չէ, որ ճշմարիտ է, իրական և պատասխան պարունակող։ Ու թե կուզեք՝ երբեմն մեզ ինչ-որ տեղ գտնելու համար արժե նայել այնտեղ, որտեղ չկանք։