Խավարի սրտում. «Նոսֆերատու»-ի բազմաչափությունն ու թաքնված հատակները
Երևանի կինոթատրոններում ցուցադրվում է ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Էգերսի «Նոսֆերատու» ֆիլմը։ Սա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաույի 1922-ի դասական համր ֆիլմի ռեմեյքն է, որն, իր հերթին, Բրեմ Սթոքերի «Դրակուլա» գրքի բավականին ազատ էկրանավորումն է։ Ու ինչպես ռեժիսորի նախորդ երեք լիամետրաժ ֆիլմերը, «Նոսֆերատուն» նույնպես հանդիսատեսին բաժանել է երկու խմբի. առաջինները բացարձակ հիացած են ֆիլմով, երկրորդները` հիասթափված։
PAN-ը փորձել է հիմնավորել՝ ինչու է «Նոսֆերատուն» վերջին տարիների լավագույն ֆիլմերից մեկն ու ընդհանրապես լավագույն վամպիրական ֆիլմերից։
Ռոբերտ Էգերսը գերմանացի էքսպրեսիոնիստ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաույի «Նոսֆերատու։ Սարսափի սիմֆոնիա» (Nosferatu, eine Symphonie des Grauens, 1922) դասական ֆիլմն առաջին անգամ դիտել է 9 տարեկան հասակում ու բառի բուն իմաստով սիրահարվել ոչ միայն Մուրնաույի գլուխգործոցին, այլև կինոյին ու ֆոլկլորին միաժամանակ։ 24 տարեկանում նկարելով իր առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Հենզելն ու Գրետելը» (Hensel and Gretel, 2007), Էգերսը միտումնավոր ոճավորել է այն «Նոսֆերատուի» նման, իսկ մյուս ֆիլմերում, աստիճանաբար ամրապնդելով սեփական ունիկալ կինոմոտեցումը, շարունակել է հարգանքի տուրք մատուցել գերմանական էքսպրեսիոնիստական կինոյին։ 2015-ից Էգերսը բոցավառվել է Մուրնաույի ֆիլմի ռեմեյքը նկարելու գաղափարով։ Ավելին, իր խիստ տպավորիչ լիամետրաժ դեբյուտից հետո Էգերսը հնարավորություն ունեցել է դա անելու, սակայն ռեժիսորը արտահայտվել է հետևյալ կերպ. «Հաջորդը «Նոսֆերատուն» նկարելը զզվելի է, սրբապղծություն ու էգոիզմ»։ Ասել է թե` պետք է աճել։
Ու Էգերսն աճեց` հաջորդ տարիներին նկարելով ևս երկու գլուխգործոց, հղկելով սեփական ոճը, համոզվելով, որ պատրաստ է։ Ու 41 տարեկանում վերջապես հանդիսատեսի դատին հանձնեց «Նոսֆերատուն», որն ունի հավերժական դասական դառնալու բոլոր հնարավորությունները։ Այդ հնարավորություններից ամենակարևորն այն տարօրինակ, անդրաշխարհային զգացումն է, որ հանդիսատեսն ունենում է կինոդահլիճից դուրս գալուց։ Կարծես շփված լինի արգելված, շատ մութ ու շատ հին, շատ եղծելի ու բիրտ, անմարդկային ու օտար, բայց ծայրահեղ, ծայրահեղ դյութիչ մի բանի հետ։ Էգերսի «Նոսֆերատուն» խտացրել է մարդկային մշակույթի ուժը` արարել անգամ այն, ինչը կզրկի քեզ ցանկացած զենքից, կբթացնի քո սուր լեզուն, կչեզոքացնի քո իղձերը ու վեր կհանի միայն անսահման ու անվերջ այն խավարը, որը խնամքով թաքցրել ես ներսում`անհասանելի բոլորի, այդ թվում քո համար։
Էգերսը ներքին խավարը գտնելու ու վեր հանելու, հենման կետից զրկելու ու գիտակցությունն ալեկոծելու վարպետ է։ Ու եթե Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի փառահեղ վամպիրական դրաման` «Բրեմ Սթոքերի Դրակուլան» (Bram Stoker's Dracula, 1992) գովերգում է կիրքն ու սերը, Էգերսի ֆիլմը ճչում է սովի ու մութ իղձերի մասին։ Եթե Կոպպոլայի մոտ կա եզրափակիչ դարմանող կատարսիս, Էգերսը հանդիսատեսին թողնում է շատ խորը վերքով, որը դեռ երկար է մռմռալու։ «Նոսֆերատուն» նման է մղձավանջային երազի, նման է դողէրոցքի մեջ տանջվելու, երբ չես կարող այլևս տարբերել` որն է իրական, իսկ որը` բորբոքված գիտակցության ծնունդ։
«Նոսֆերատուում» գրաֆ Օռկոլը այդ քաոսային մղձավանջի, այդ զարհուրելի դառնության, այդ եղկելի, զզվելի, տանջող ու սրբապիղծ մորմոքի, այդ կատարյալ խավարի ու ամենակուլ սովի մարմնավորումն է, սովի այնքան ուժգին ու այնքան ագահ, որ անգամ սեփական անհետացման վտանգը չի կարող իրեն կանգնեցնել։ Օռլոկը այստեղ այնպիսին է, որ անգամ միտքը, որ նման անեծք կարող է գոյություն ունենալ նույնիսկ մարդկանց մտքերում, ստիպում է լողանալ սուրբ ջրով ու հավերժ փակվել որևիցե եկեղեցու պատերում։ Բիլ Սքարսգարդի ստեղծած կերպարն այնքան մահաշունչ է, այնքան զազրելի, այնքան հրեշավոր, օտար, բայց միաժամանակ ամոթալիորեն էրոտիկ ու դյութիչ, որ Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթի հերոսների լավագույն ավանդույթներում ուզում ես գլուխդ ցրիվ տաս` միայն թե մոռանաս այդ սարսափը։ Մաքուր, աներևակայելի չարիք։ Իսկ Լիլի-Ռոուզ Դեփի խաղն այնքան կատարյալ է, այնքան համոզիչ, այնքան նուրբ, որ կոնտրաստը հրեշավորի հետ սառը քրտինք ու փշաքաղություն է թողնում մաշկիդ։
«Նոսֆերատուն» վերջին տարիների ամենատպավորիչ ու էլեգանտ, նրբաճաշակ, մռայլ ու դեպրեսիվ ֆիլմերից մեկն է։ Նկարահանված ծայրահեղ վարպետությամբ, կատարելության հասցված կադրերով, ֆիլմ, որի յուրաքանչյուր վայրկյան երկարատև ստեղծագործական փնտրտուքների արդյունք է։
Գոյություն ունի ճապոնական թատրոնի տեսակ, կոչվում է Նոգակու։ Դերասանները դիմակներով պիես են խաղում։ Այս թատրոնում դիվական կերպարներ դիմակով մարմնավորելը համարվում է դերասանական տաղանդի բարձրագույն դրսևորում (ինչպես միկրոմիմիկայի տիրապետելը արևմտյան դերասանական կինոմշակույթում): Ձեամի Մոտոկիյոն, միջնադարյան Ճապոնիայի ամենահայտնի նոգակուի դերասանն ու դրամատուրգը, գիրք է գրել. «Ասք ոճի ծաղկի մասին»։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Գրքում դերասանական վարպետության մասին այնպիսի բաներ է գրում, որ Եվրոպայում դրանք կհայտնաբերվեն միայն քսաներորդ դարում` Կոնստանտին Ստանիսլավսկու ժամանակներում։ Երբ Նոգակու թատրոնի դերասաններին ասում են` իբր ի՞նչ է խաղացածդ, դեմքիդ դիմակ է, նրանք պատասխանում են` բաց դեմքով ով ասես կարող է խաղալ։ Երբ դեմքդ չի երևում, շատ ավելի դժվար է։
«Նոսֆերատուի» որոշ ռեվյուներում ֆիլմի ու դերասանական խաղի իբր միջակության պատճառաբանություն է բերվում Բիլ Սքարսգարդի անճանաչելի փոխված դեմքը, որի տակ դերասանը չի երևում. դա ընդամենը խոսում է այն մասին, որ ռեվյուերը մակերեսորեն է հասկանում դերասանական խաղն ու վարպետությունը։
Կան արվեստի գործեր, որոնք շատ պահանջկոտ են հանդիսատեսի նկատմամբ։ Էգերսի «Նոսֆերատուն» հասկանալու համար գոնե երկու բան է պետք. ճանաչել սկզբնաղբյուրը ու քսաներորդ դարի սկզբի գերմանական կինեմատոգրաֆը իր վիզուալ լուծումներով։ Օրինակ, տեղյակ լինել, որ 1921թ-ին Բրեմ Սթոքերի գրքի ադատապտացիան գրել են Ալբին Գրաուն ու Հենրիկ Գալինը, ոչ թե Ֆրիդրիխ Մուրնաուն։ Սթոքերի այրու հետ բանակցել է նույնպես Գրաուն։ Օռլոքին դիզայնը մշակել է կրկին Գրաուն։ Մուրնաուն ֆիլմի ռեժիսորն է, ոչ թե մնացյալ ամեն ինչը։ Պետք է ծանոթ լինել նաև եվրոպական վամպիրական միթոսին, ընդհուպ մինչև գոթիկ գրականություն, իմանալ, որ պատմական Վլադ Ցեպեշ Դրակուլան չի հանդիսացել սթոքերյան Դրակուլայի նախատիպ. Սթոքերը Վլադ Ցեպեշի մասին ուղղակի չգիտեր:
Երրորդ ցանկալի, բայց ոչ պարտադիր պայմանը եվրոպական մոգական ավանդույթին ծանոթ լինելն է ու այլ բաների հետ մեկտեղ գիտենալը, ինչու են վամպիրները արևելաեվրոպական միֆոպոետիկայում համեմատվում վիշապների հետ:
Կան գործեր, որոնք հասկանալու տոմսի գինը կինոթատրոնի տոմսի գնից ավելի բարձր է ու ոչ բոլորին հասանելի։ «Նոսֆերատուն» այդպիսի գործ է։ Այն նման է խաղալիք արկղիկի, որը ճիշտ կերպով պտտելուց երկրորդ հատակն է բացվում։ Հետո երրորդը, չորրորդը… Որքանի հերիքի խաղացողի գիտելիքն ու ունակությունը։ Ամեն հերթականը էլ ավելի է թույլ տալու գնահատել ֆիլմը ու դիտումից հաճույք ստանալ։ Իհարկե, կարելի է մուրճով կոտրել արկղիկը ու ասել որ մեջը ոչինչ էլ չկար… Բայց ինչու՞։
Սա բազմաչափ ֆիլմ է։ Բոլորիս մեջ դեռևս մեր հնագույն նախնիների ժամանակներից գոյություն ունի վախը, որ եթե խարույկը թողես, գնաս մութ անտառ, քեզ կխժռեն։ Մենք ձև ենք թափում, որ այդ վախն այլևս չկա, հաղթահարված է, մենք էլ մեծ մարդիկ ենք։ Բայց այդ վախը կա, երբեմն կարող է արտահայտվել երազներում, կամ, տարիքն առնելուն պես, սեփական մահվան մասին մտածելու ժամանակ։ Դրան գումարվում է վախը, որ մեր ու այդ մութ անտառի միջև կանգնած ամբողջ մարդկային քաղաքակրթությունն ընդամենը ժամանակավոր շղարշ է շատ ավելի հիմնային ու ուժեղ երևույթների առջև։ Օրինակ, համաճարակների ու մահվան։
Փորձեք համատեղել խավարից եկած գիշատիչի վախը օտար տեղից (օրինակ, Չինաստանից, ինչպես մի քանի տարի առաջ) եկող համաճարակի վախի հետ։ Դա բերելու է քսենոֆոբիայի, ցանկացած օտար երևույթի նկատմամբ վախի ու դիսկոմֆորտի։ Օրիգինալ գերմանական ֆիլմում Օռլոքը միտումնավոր հրեական արտաքին գծեր ուներ։ Ժամանակակից ֆիլմում, երբ մոլորակի խոշորագույն զինված կոնֆլիկտը սլավոնական ազգերի միջև է, իսկ մենք կանգնած ենք հերթական սառը պատերազմի շեմին, որը փաստ չի, տաք չդառնա, փոխվել է նաև օտարի կոնցեպցիան։ Դրա համար Օռլոքը սլավոնական տեսք ունի, կրկին միտումնավոր։
Առ այսօր Հունգարիայում երեխաներին պատմում են ծեսերի ընթացքում կաթի ու կովի արյան խառնուրդ խմող տալտոշների մասին։ Դրանք ֆիզիկական վայրենի ուժ ունեն, սառցե մարմին, ագրեսիվ են, գիտեն մոգություն, զրուցում են գազանների ու աստղերի հետ ու կարող են դիմացինի կամքը ենթարկեցնել, իսկ չար լեզուները նույնիսկ պնդում են, որ տալտոշի մայրը երկնքից հրեղեն աստղերի նման վայր ընկած վիշապների հետ է շփվել (Էգերսի ֆիլմում գեղեցկագույն դրվագ կա վանքում նրանից հետո, երբ գլխավոր հերոսուհին խոսում է խավարի՝ սեփական տեսիլքների մասին։ Այդ համեմատությունը ֆիլմում նույնպես միտումնավոր է, տեսնողների համար)։
Ֆոլկլորով տարված ուկրաիներից մինչև հիմա կարելի է լսել գայլերին հրամայող, գայլի կերպարանափոխվող ու փամփուշտներից ժպիտը դեմքին խույս տվող կազակ խառակտեռնիկների մասին: Օրինակ, միանգամայն պատմական Իվան Սիրկոյի, ում կարելի է տեսնել Իլյա Ռեպինի կտավին ծխամորճ ծխելուց ու ընկերների հետ թուրքական սուլթանին հայհոյանքներով լի նամակ գրելուց։ Իսկ Արևելյան Եվրոպայի տարբեր անկյուններում կարելի է գտնել Սև Դպրոցի՝ Շոլոմանսի ու նրա՝ ամպրոպներին հրամայող վիշապ հեծնած շրջանավարտների՝ սոլոմոնարների մասին լեգենդներ։
«Նոսֆերատուն» ձեռքը պարզում է դեպի մարդկային մտքի այդ վաղեմի, խտոնիկ, սարսափելի անդունդը, առատորեն հավաքում է մածուցիկ, իռացիոնալ, երազային վախը ու շաղ է տալիս այն հանդիսատեսի ուղղությամբ։ Այն ուղիղ պորտալ է դեպի այն, ինչին փիլիսոփա ու պոետ Ժան Գեբսերը անվանում էր գիտակցության մոգական շերտ։ Գեբսերը, տեսնելով այդ շերտի վերածնունդը, նորովի արտահայտումը նացիստական մշակույթում, վերջինից սարսափած էր. «Նոսֆերատուն» մեզ հնարավորություն է տալիս կիսել այդ սարսափը փիլիսոփայի հետ, ու աչքի ծայրով տեսնել այն, ինչ մեզ է նայում դարավոր ու մթին անդունդից։ Ու սարսափած հասկանալ, որ այդ անդունդը հայելի է։ Որ անդունդից հազարավոր աչքերով մեզ նայող խավարը նաև մեր խավարն է, ու որ այդ խավարի քաղցն ու ախորժակը մեր մարդկային ու անհագ քաղցն ու ախորժակն է։ Կրծքներումս օձի նման գալարվող։
Ֆիլմն այդ ամենը պատկերելու մարտահրավերը կարողացել է փայլուն հաղթահարել։ Ֆիլմի վամպիրը շքեղ է, նրա հետ հանդիսատեսի առերեսվելը նման է Նիկոլայ Գոգոլի հերոսի՝ Վիյի հետ առերեսվելու փորձին, երբ միակ հույսը աքաղաղի ձայնը լսելն է ու գիշերային մղձավանջը ցրող արեգակի ճառագայթները տեսնելը։ Դրան գումարած` զուտ վիզուալ լուծումները (սուր անկյունների առատություն, ճնշող, ծանր դոմինանտ ֆորմաներ` շենքերից մինչև Օռլոք, գլխավոր հերոսուհու` վիզուալ դիսկոմֆորտ առաջացնող կոստյումներ), նույնքան սուր դիսկոմֆորտ առաջացնող երաժշտությունը, Օռլոքի կոշտ սլավոնական ակցենտը, ծանր շնչառությունը (նույն հնարքը Ջորջ Լուկասը օգտագործում է «Աստղային պատերազմներում» (Star Wars, 1977), համատեղելով այն օտար, տարօրինակ ճապոնական սաղավարտի հետ ու ստեղծելով բոլոր ժամանակների ամենաիկոնիկ Մութ կողմին պատկանող կերպարներից մեկին) ու առանց տարբերակելու մարդկանց հոշոտող անկոմպրոմիս մահվան ալեգորիկ պատկերումը, եվրոպական մոգական ավանդույթի բծախնդիր ուսումնասիրությունը ու ճշգրիտ ներկայացումը. այդ համադրումից պարզ է դառնում, որ գործ ունես բացառիկ արվեստի գործի հետ, ու բացառիկ կինեմատոգրաֆիկ վարպետության։ Որի արդյունքը, հնարավոր է, լավագույն ֆիլմերից մեկն է, որը երբևէ տեսել ես։
Երբ Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարունն» առաջին անգամ բեմականացվեց, մարդիկ սուլում էին, գոռում, հռհռում, հայհոյում դերասաններին ու կոմպոզիտորին՝ չկարողանալով ընդունել այն, ինչ հանճարեղ Ստրավինսկին դուրս էր բերել ու ցույց տվել վաղեմի անցյալի քտոնիկ խավարի խորքերից։ Պաշտպանվելով, արհեստական պատնեշներ դնելով վերապրածի ու իրենց մեջ։ «Նոսֆերատուն» այդքան բարդ չի, այն առաջին հերթին գերմանական չար հեքիաթ է գեղեցկուհու ու մարդակեր թրոլի մասին։ Բայց արձագանքը որոշակի նմանություն ունի։
Մենք չենք ուզում տեսնել, ինչ է թաքնված մոգական արկղիկի խորքերում։ Ու հասկանալի է, որ շատերի ձեռքը կարող է ձգվել դեպի մուրճը՝ համաձայնվելով կոտրել նրբագեղ արկղիկը ու չառերեսվել նրա գաղտնիքներին։
Կամ հակառակը։ Փորձել այն բացել, ինչպես հարկն է։
Ու այդ դեպքում, հնարավոր է, մյուս փոթորկի ժամանակ մենք լսենք վիշապներ հեծած սոլոմոնարների ամպրոպային ձայնը։ Ու հասկանանք, ինչից էր սարսափած փիլիսոփա ու պոետ Ժան Գեբսերը։