Կարդալիքներ PAN-ից
Today

Ծերանոցից փախուստը, մենաստանի ազատագրումն ու Հռոմի Պապի հետ հանդիպումը. 3 տարեց միանձնուհու պայքարը մենաստանում ապրելու իրավունքի համար

Զալցբուրգից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա գտնվող Էլսբեթեն փոքրիկ քաղաքում է գտնվում Գոլդենշտայնի ամրոցը։ Առաջին հայացքից այն խաղաղ, բնության հետ ներդաշնակ վայր է, որը որևէ սկանդալի կամ «ապստամբության» մասին չի գուժում։ XIV դարի վերջում կառուցված այս միջնադարյան շինությունը երկար տարիներ ծառայել է որպես մենաստան, հետո՝ նաև որպես աղջիկների դպրոց։ Տասնամյակներով այստեղ ապրել, աշխատել, դասավանդել ու ծերացել են միանձնուհիներ, որոնց համար այս վայրը վաղուց արդեն տուն է՝ բառի ամենաուղիղ իմաստով։

Բայց վերջին տարիներին այս տան շուրջ զարգացել է մի պատմություն, որը քիչ էր մնում դառնար փակ դռների հետևում կայացված վարչական որոշում, բայց արդյունքում միջազգային ուշադրություն գրաված պայքար դարձավ։ Իսկ պայքարի կենտրոնում երեք տարեց կանայք են՝ մի ամբողջ համակարգի դեմ։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ

Պատմության գլխավոր հերոսները երեք միանձնուհիներ են՝ Ռիտան, Ռեգինան և Բեռնադետտան։ Նրանցից ամենատարեցը մոտ 88 տարեկան է, մյուսները՝ ութսունն անց են։ Միանձնուհիներն իրենց կյանքի մեծ մասը անցկացրել են հենց Գոլդենշտայնում․ այստեղ են ապրել, այստեղ են աշխատել, այստեղ են դասավանդել դպրոցում։ Ռեգինան անգամ տարիներ շարունակ եղել է դպրոցի տնօրենը։ Նրանց ամբողջ կյանքը հյուսվել է հենց այս վայրի շուրջ։

Ժամանակի ընթացքում, սակայն, մենաստանում բնակվող միանձնուհիների թիվը կրճատվել է, և վերջում մնացել են ընդամենը երեքը։ Այդ ժամանակ արդեն եկեղեցական իշխանությունները որոշել են, որ ամբողջ շինությունը երեք մարդու համար պահելը «նպատակահարմար չէ»։ 2022 թվականին մենաստանը փակվել է, շենքը փոխանցվել է նոր սեփականատիրոջ, իսկ երեք միանձնուհիներին՝ առանց իրենց կամքը հաշվի առնելու տեղափոխել են ծերանոց։ Ինչպես հետո պարզվեց՝ այս որոշումը միանձնուհիների հետ ոչ միայն չի քննարկվել, այլև պարզապես պարտադրվել է։

Բեռնադետտան ավելի ուշ պատմում էր, որ իրենց հետ ընդհանրապես չեն խորհրդակցել։ Նրանցից ոչ ոք չէր պատկերացնում, որ եկեղեցին կարող է նման կերպ վարվել իրենց հետ։ Տասնամյակներ շարունակ նույն վայրում ապրած մարդիկ մի օր պարզապես հայտնվել են օտար միջավայրում։

Ծերանոցը, որտեղ տեղափոխվել էին, նախատեսված էր եկեղեցու տարեց սպասավորների համար։ Բայց Ռիտայի խոսքերով՝ այնտեղ նա մշտապես զգում էր, որ իր «տունը» մնացել է այլ վայրում։ Ու այդ զգացողությունն այնքան ուժեղ էր, որ ժամանակի ընթացքում վերածվեց ռիսկային, բայց հստակ որոշման։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԸ

Եվ ահա այս պատմության կինեմատոգրաֆիկ շրջադարձը։  2023 թվականին երեք միանձնուհիները, իրենց նախկին աշակերտների աջակցությամբ, որոշում են վերադառնալ Գոլդենշտայն։ Տեխնիկապես սա «փախուստ» էր ծերանոցից։ Ու, ի դեպ, միանձնուհիները առանձնապես չեն էլ խուսափում այդ բառից։ Գուցե, որովհետև այս բառը լավագույնս արտահայտում է նրանց զգացածը։

Եվ այսպես՝ միանձնուհիները փախնում են ծերանոցից, վերադառնում են մենաստան, կոտրում փականն ու ներս մտնում։ Մենաստանը ենթակա է Ռայխերսբերգի աբբայությանը, և այնտեղի ղեկավարը՝ Մարկուս Գրայսլը, հրապարակայնորեն քննադատել էր միանձնուհիներին՝ պահանջելով և հորդորելով նրանց վերադառնալ տարեցների տուն։ Ինչպես և ենթադրվում էր՝ միանձնուհիներին այս հորդորը մեղմ ասած չի հետաքրքրում։

Բայց մենաստանը ղեկավարի թեթև ձեռքով դուրս  էր եկել կոմունալ ծառայությունների համակարգից՝ այնտեղ ոչ ջուր կար, ոչ էլ էլեկտրականություն։ Բացի այդ, շենքի ներսում որոշ կարևոր հարմարություններ, օրինակ՝ վերելակը, ապամոնտաժվել էին։ Բայց միանձնուհիներին սա հետ չի պահում, նրանք վերադառնում են ու սկսում քայլ առ քայլ վերականգնել պայմանները։

Առաջին օրերը խիստ ծանր էին։ Ջուր չկար, լույս չկար, շենքը չէր համապատասխանում բնակելի պայմաններին։ Բայց այդ ամենը նրանց չկանգնեցրեց։ Շատ արագ միանձնուհիներին օգնության հասան նախկին աշակերտները, տեղացիները, կամավորները։ Նրանցից ոմանք վերականգնել էին փականները, մյուսները վերելակի հարցն էին լուծել, վճարել կոմունալները և այլն։ Տեղի ռեստորանները սնունդ էին մատակարարում։ Անգամ տեղական իշխանությունները որոշակի ֆինանսական աջակցություն խոստացան։ Այս ամենը վերաճել էր համայնքային շարժման։ Երեք տարեց միանձնուհիների շուրջ ձևավորվել էր աջակից մարդկանց մի ամբողջ բանակ։

ԾԱՆՐ ՕՐԵՐՆ ՈՒ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես՝ միանձնուհիները սկսեցին կրկին ապրեցնել մենաստանը։ Բեռնադետտան պատմում էր, որ դպրոցում կրկին երեխաներ են հայտնվել, ինչը նրանց մեծ ուրախություն էր պատճառում։ Ռիտան հարցազրույցներում պատմում էր անխնամ այգու մասին ու հաստատում, որ մեծ ոգևորությամբ խնամելու է այն և վերականգնելու է այգու նախկին տեսքը։

Բայց հակազդեցությունը չի ավարտվել։ Ռայխերսբերգի աբբայության ներկայացուցիչները կտրականապես դեմ են այս իրավիճակին։ Նրանց դիրքորոշումը հետևյալն է՝ երեք տարեց կանանց չեն կարող միայնակ բնակվել այնտեղ, նրանց առողջության ու կյանքի համար այդ որոշումը վտանգավոր է։ Գրասլի խոսքով՝ բոլոր որոշումներն ի սկզբանե ընդունվել էին հենց միանձնուհիների բարօրության համար, և գործընթացի բոլոր փուլերը համաձայնեցվել էին նրանց հետ։ Միանձնուհիները սա կտրականապես հերքում են։

Ու գուցե ինստիտուցիոնալ ճնշումը ի վերջո հաղթեր երեք կանանց, եթե չլիներ սոցիալական մեդիան ու եթե այս պատմությունը չհասներ աշխարհի տարբեր ծայրեր։ Աշակերտուհիների ու կամավորների հորդորով միանձնուհիները սկսում սոցիալական մեդիայի էջ վարել։ Հրապարակում են իրենց առօրյան, ցույց են տալիս, որ կարող են ապրել այնտեղ, փաստում են, որ լավ ֆիզիկական վիճակում են, նաև պատմում են իրենց խնդիրներից։ Ու երբ թեման հանրային հնչեղություն է ստանում՝ հարցը հասնում է «վերին ատյաններին»։ Այս դեպքում՝ Վատիկան։

Եթե մի պահ մի կողմ թողնենք պատմության «կինեմատոգրաֆիկ» կողմը՝ այստեղ բազմաթիվ հարցեր կան՝ իրավականից մինչև էթիկական։ Միանձնուհիները հստակ ձևակերպում են իրենց դիրքորոշումը։ Նրանք հղում են անում եկեղեցական օրենքին՝ sogenannten stabilitas loci-ին, որը ենթադրում է, որ միանձնուհին, մտնելով կարգ, ընտրում է կոնկրետ վայր և կապված է դրան ամբողջ կյանքի ընթացքում։ Այսինքն՝ եկեղեցին, ընդունելով այդ ուխտը, պարտավորվում է ապահովել այդ «շարունակականությունը»՝ նույնքան, որքան միանձնուհին պարտավորվում է մնալ այդ վայրում։

Սա նրանց պայքարի առանցքն է։ Միանձնուհիները հստակ ասում են, որ ցանկանում են իրենց կյանքի վերջին տարիներն անցկացնել այնտեղ, որտեղ ապրել են տասնամյակներ շարունակ, և որտեղ, իրենց խոսքով, պետք է նաև մահանան։ Միևնույն ժամանակ, եկեղեցական կողմը շարունակում է պնդել իր դիրքորոշումը։ Ռայխերսբերգի աբբայության ներկայացուցիչները շեշտում են, որ շենքի պայմանները վտանգավոր են, հատկապես հաշվի առնելով միանձնուհիների տարիքը։ Նրանց առաջարկը նույնն է՝ միանձնուհիները պետք է վերադառնան ծերանոց, որտեղ ապահովված են բժշկական օգնությունը, մշտական խնամքը և անվտանգությունը։

ՎԵՐԻՆ ԱՏՅԱՆԸ

Այս լարվածության ֆոնին երկու կողմերն էլ որոշել են դիմել Վատիկանին։ Աբբայությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, միանձնուհիներն էլ նամակ են գրել Հռոմի Պապին և խնդրել անձամբ միջամտել իրենց գործին ու հնարավորություն տալ մնալ մենաստանում մինչև կյանքի վերջ։ Նամակում նրանք նաև բողոքել էին իրենց նկատմամբ վերաբերմունքից։ Նշել էին, որ առանց հանրային ուշադրության իրենք անօգնական կլինեին և «կենթարկվեին վերադասի անխնա կամայականությանը»։

Վատիկանում այս հարցով զբաղվում է կարգապահական և դավանական հարցերի համար պատասխանատու կառույցը։ Այն դեռևս վերջնական որոշում չի կայացրել, և գործընթացը կարող է ամիսներ տևել։ Բայց որոշ հանգամանքներ ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է զարգանալ միանձնուհիների օգտին։ Օրինակ՝ միանձնուհիները պատրաստվում են Հռոմ մեկնել ու շատերը սա մեկնաբանում են որպես դրական ազդանշան։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Վատիկանը սկզբունքորեն հակված է թույլ տալ, որ նրանք մնան մենաստանում, թեև պաշտոնական որոշումը դեռ չի հրապարակվել։

Եթե Հռոմի Պապն ի վերջո ընդունի նրանց, ապա այս պատմությունը վստահաբար նախադեպային կդառնա։ Ու գուցե տարիներ անց պատմության դասագրքերում գրեն, թե ինչպես երեք միանձնուհիներ իրենց կյանքի վերջին փուլում որոշեցին չհամակերպվեպել ու համակարգին դեմ գնալ։ Ի վերջո, սա վառ օրինակ է, որ մարդկային կամքը կարող է ճեղքել նույնիսկ ամենակուռ և հիերարխիկ համակարգերն ու փոխել խաղի կանոնները։


✍️ Նանե Մանուկյան / PAN