Ջրային տարերքի տիրակալները. Օվկիանոսի թեմայով հինգ լավագույն ֆիլմերը
Համաշխարհային օվկիանոսը ծածկում է Երկրի մակերեսի մոտ 71%-ը։ Կարելի է ասել` մենք ապրում ենք ջրային աշխարհում։ Չնայած բազմաթիվ վտանգներին ու փաստին, որ այն մարդու համար խիստ թշնամական միջավայր է, օվկիանոսը խորհրդավոր կերպով ձգում է մարդկանց, այդ թվում` կինեմատոգրաֆիստներին։ Ծովային անծայրածիր տարածությունների թեմայով կինոն` թե վավերագրական, թե գեղարվեստական, անբացատրելի հմայք ունի, չնայած միշտ չէ ֆինանսապես հաջողվում։
PAN-ը պատմում է օվկիանոսի թեմայով հինգ լավագույն ֆիլմերի մասին։
Թանկարժեք, ինովացիոն ու եկամտաբեր բլոկբաստերների արքա Ջեյմս Քեմերոնը պաշտում է օվկիանոսն ու ջրային տարերքը։ Քեմերոնը սկսել էր ջրում ապրող մարդակեր ձկների մասին «Պիրանյա 2. Ձվադրում» (Piranha II: The Spawning, 1981) անհաջող ֆիլմից, իսկ հետագայում իր սերն ու հետաքրքրությունը օվկիանոսի նկատմամբ ցույց էր տալիս թե ֆիլմերում, ու թե իրական կյանքում (մասնակցելով խորջրյա հետազոտությունների ու անգամ սուզվելով Մարիանյան անդունդը)։ Ու մինչև լեգենդար «Տիտանիկը» (Titanic, 1997), որը օվկիանոսի զորեղության (ու մարդու փոքրության) ակնհայտ ցուցադրություն էր, Քեմերոնը արդեն մեկ անգամ հասցրել էր սիրո կրքոտ ու թանկարժեք խոստովանություն անել օվկիանոսին։
1989-ին էկրաններ բարձրացած «Անդունդը» (The Abyss) սկսվում է Ֆրիդրիխ Նիցշեի հայտնի ցիտատից. եթե դու երկար նայում ես անդունդին, անդունդն էլ քեզ է նայում։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
«Անդունդը» իր ժամանակի ամենաթանկարժեք ֆիլմն էր։ Մոտ $70 մլն բյուջեն աննախադեպ էր 80-ականների վերջի Հոլիվուդի համար, սակայն ռեժիսորի նախկին խոշոր ֆինանսական հաջողությունները «Տերմինատորի» (The Terminator, 1984) ու «Օտարների» (Aliens, 1986) տեսքով Քեմերոնի նկատմամբ այնպիսի վստահություն էին ձևավորել, որ 20th Century Fox ստուդիան առանց երկմտելու տրամադրեց այդ գումարը` չհասկանալով, որ ֆիլմը Քեմերոնի համար խոշոր մի էքսպերիմենտ է թե իր սիրելի տարերքը ուսումնասիրելու, թե ստորջրյա նկարահանման նոր մեթոդներ գտնելու, ու թե նոր ծնվող համակարգչային գրաֆիկայի հնարավորությունները ստուգելու համար։ Եկամուտն այս դեպքում ռեժիսորին հետաքրքրում էր վերջին հերթին։
Կայմանյան խորխորատի մոտ անհայտ օբյեկտի հետ կոնտակտի արդյունքում վթարվել է միջուկային զենքով զինված ամերիկյան սուզանավը։ Իրավիճակը ստիպում է զինվորականներին փրկարարական գործողությունների մեջ ներգրավել էքսպերիմենտալ ստորջրյա նավթային պլատֆորմի աշխատակիցներին։ Ֆիլմի ընթացքում կերպարները բախվելու են ոչ միայն օվկիանոսից բխող մահացու վտանգի, այլև խորքերում թաքնված աներևակայելի գաղտնիքների հետ։
«Անդունդը» ռեժիսորի նախորդ ֆիլմերի համեմատ կարող է բավականին ձանձրալի թվալ։ Այստեղ էքշն դրվագները հասցված են նվազագույնի (չնայած կա բաթիսկաֆներով հետապնդման խիստ տպավորիչ տեսարան), իսկ վիզուալ շարքը մեծապես կենտրոնացած է օվկիանոսի մութ խորքերի հիասքանչ պատկերների վրա։ Այս գրեթե երեք ժամ տևողությամբ, ծայրահեղ գեղեցիկ ու մասշտաբային ֆիլմի գլխավոր նպատակը հանդիսատեսի մոտ օվկիանոսի խորքերի, ահռելի ճնշումների, ցածր ջերմաստիճանների, հավերժական խավարի մասին գրեթե մաշկային զգացում առաջացնելն է։ Մեդիտատիվ հանդարտությունը աղետների ու մարդկային ողբերգությունների միջև ոչ միայն բացում է մարդու համար լրիվ օտար ու խորթ մի աշխարհ, այլև օվկիանոսի հետ այս ինտիմ շփման միջավայրում հիշեցնում է, որ, այնուամենայնիվ, մենք բոլորս սկիզբ ենք առել հենց այդ աղի ջրերում, հսկայական ճնշումների ու բարձր ջերմաստիճանների համադրումն է դարձել կյանքի ձևավորման խառնարանը։
Մյուս կողմից, սա Քեմերոնի բողոքն է մարդու կողմից օվկիանոսի գիշատիչ շահագործման դեմ։ Ձկնորսության ծավալները, աղտոտումը, կլիմայի փոփոխությունն աստիճանաբար սպանում են օվկիանոսը, մեր ինքնավստահությունը, անտեղյակությունն ու անհեռատեսությունը մի օր բերելու են նրան, որ օվկիանոսը վրեժ կլուծի ու այդ վրեժը շատ դաժան է լինելու։ Միաժամանակ, Քեմերոնը խիստ մարդկային պատմության, մարդկային բարդ հարաբերությունների միջոցով հույս է հայտնում, որ ոչ բոլոր մարդիկ են այդպիսին, որ հույս դեռ կա։
«Անդունդը» ինովացիոն ու հեղափոխական էր բոլոր առումներով։ Ծանր ու դժվարին նկարահանումներն անցկացվել են իսկական ջրամբարում` պահանջելով ստեղծել լրիվ նոր տեխնոլոգիական լուծումներ ստորջրյա նկարահանումների համար, նոր մոտեցումներ կոմբինացված նկարահանումներում, ինչպես նաև` առանձնահատուկ ջանքեր թե նկարահանող խմբից ու թե դերասաններից։ Բացի այդ, սա առաջին ֆիլմն էր լիարժեք համակարգչային գրաֆիկայի կիրառմամբ, ընդ որում` գրաֆիկայի այնպիսի բարդ օբյեկտի դինամիկայում, ինչպիսին ջուրն է։ Մինչ օրս այդ դրվագները տպավորիչ են։
Բոլորը Քեմերոնից սպասում էին ակտիվ էքշն, բայց ստացան բավականին հանդարտ (ռեժիսորի չափանիշներով) էպիկական ֆիլմ օվկիանոսի ու բնապահպանական մարտահրավերների մասին։ Ֆիլմը վարձույթում տապալվեց, սակայն ֆիզիկական կրիչների վրա դուրս գալուց հետո դարձավ կուլտային։ Իսկ նկարահանման ընթացքում ստեղծված նոր տեխնոլոգիաներից շատերը կամ կիրառվում են մինչ օրս, կամ էլ հիմք են դարձել ավելի ու ավելի կատարելագործվող լուծումների համար։
«Ջրաշխարհը» (Waterworld, 1995) նույնպես այն հետաքրքիր դեպքերից է, երբ իր ժամանակվա համար ահռելի բյուջեով ֆիլմը վարձույթում տապալվում է, ապա դառնում կուլտային։ Ռեժիսոր Կեվին Ռեյնոլդսը դերասան Կեվին Քոստների հետ համագործակցության երկարատև փորձ արդեն ուներ. հատկապես 1991թ-ին էկրաններ բարձրացած «Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» (Robin Hood: Prince of Thieves) ֆինանսապես խիստ հաջողված էր, ու, ստուդիան, հաշվի առնելով Քոստների` գումար բերելու կարողությունները, առանց երկար մտածելու պատրաստ էր ահռելի միջոցներ ներդնել ամբիցիոզ նախագծում։ Որպես հիմք վերցրել էին Պիտեր Ռեյդերի սցենարը` գրված դեռ 1986թ-ին ու ոգեշնչված Ջորջ Միլլերի «Խելառ Մաքս» (Mad Max) ֆրանշիզով։
Եթե շատ կարճ, ապա «Ջրաշխարհը» Խելառ Մաքսն է, բայց օվկիանոսում։ Շատ վաղուց բևեռային սառույցների հալման պատճառով գրեթե ամբողջ ցամաքն անցել է ծովի տակ, իսկ ցաքուցրիվ մարդկային համայնքները գոյատևում են` անդադար պայքար մղելով թե տարերքի ու թե միմյանց դեմ։ Անանուն հերոսը (Քոստներ) իր տրիմարանով թափառում է օվկիանոսի ջրերում` ժամանակ առ ժամանակ հայտնվելով մարդկային համայնքներում։ Հերթական նման այցելությունը սկիզբ է դնելու վտանգավոր մի ճամփորդության, որը կարող է փոխել ամեն ինչ։
1995-ին ֆիլմի բյուջեն կազմում էր մոտ $175 մլն (չնայած, ի սկզբանե պլանավորված էր ծախսել $100 մլն), ինչը այն դարձնում է էկրաններ բարձրանալու պահին պատմության ամենաթանկարժեք ֆիլմը։ Օվկիանոսն այստեղ տիրում է յուրաքանչյուր կադրում. մարդու ձեռքերով պատրաստված տեխնոլոգիաները` ժանգոտված ու մաշված մոտորանավակները, առագաստանավերը կամ հսկա տանկերները, լողացող քաղաքները, ամենակուլ ջրային տարերքի մաշկի մանր ու աննկատ կնճիռներ են, աննշան փոշի, որը կարող է անհետանալ ցանկացած պահի։ Էվոլյուցիան մարդուն չի ստեղծել ծովում ապրելու համար, այդ իսկ պատճառով ֆիլմում մարդկային կյանքը անդադար պայքար է. թալանիր, թե չէ քեզ են թալանելու, սպանիր, թե չէ քեզ կսպանեն։ Անցյալ կյանքի ցանկացած արտեֆակտ` կլինի դա սովորական սանր, թե կենդանի բույս, այս աշխարհում շատ ավելի թանկ արժի, քան մարդկային կյանքը։ Իսկ բոլորի, հատկապես ամբիցիոզ մարդկանց գլխավոր երազանքը այս անծայրածիր ջրային դժոխքից դուրս պրծնելն ու առասպելական ցամաքի մնացորդները գտնելն է։
Մինչդեռ, օվկիանոսն ու էվոլյուցիան արդեն իսկ արարում են մարդու լրիվ նոր տեսակ։ Մարդկանց, ովքեր կարող են ապրել ու շնչել ջրի տակ, չճզմվել ահռելի խորությունների ճնշումից ու խոսել օվկիանոսի հետ իր լեզվով։ Սա, թերևս, «Ջրաշխարհի» դրամատուրգիայան ողնաշարն է. միայն նոր մարդիկ, կարողանալով սուզվել բավարար խորը, օվկիանոսի հատակին կարող են տեսնել հին մարդկանց քաղաքակրթության մնացորդները` ջրասուզված մեգապոլիսներ, հասկանալ, թե ինչ աղետ են բերել հին մարդիկ ու գիտակցել, որ հները վաղուց արդեն անհետացման եզրին են. պետք է ուղղակի թեթևակի հրել։
Այս մասշտաբային ֆիլմն առաջին հերթին տպավորում է իր դեկորացիաներով ու հատուկ էֆեկտներով, շշմեցուցիչ էքշն դրվագներով ու հատկապես ստորջրյա քաղաքների` այն ժամանակ իրավամբ ցնցող պատկերներով։ Մի կողմից, սա հստակ ասելիք ունեցող թանկարժեք ատրակցիոն է։ Մյուս կողմից, ցավոք, դրամատուրգիան բավարար հասուն չէ բուն կերպարներին խորապես բացելու համար, հայտնելու, թե ինչ են զգում ու մտածում օվկիանոսի հավերժական տիրապետության տակ գտնվող մարդ արարածները։ Ֆիլմի ահռելի բյուջեն հնարավոր չեղավ հետ բերել, եկամուտ ստանալու մասին անգամ խոսք չկա, սակայն հետագայում, դուրս գալով տնային կրիչների վրա (հատկապես շքեղ ռեժիսորական տարբերակը), «Ջրաշխարհը» ձեռք բերեց կուլտային կարգավիճակ, սիրվեց միլիոնավոր մարդկանց կողմից ու շարունակվում է սիրվել մինչ օրս։
Էպիկական, մասշտաբային, բազում էլեմենտներով ու հնարամիտ էքշնով հագեցած։ «Ծովային մարդկության» սեթինգն ինքնին պատմությունների ահռելի գանձարան է, որի հիման վրա հնարավոր է ստեղծել բազում-բազում ֆիլմեր, կոմիքսներ, սերիալներ, խաղեր, ինչ ուզես, որովհետև օվկիանոսի վրա ապրող մարդկային քաղաքակրթության հետ տեղի են ունենում անթիվ-անհամար հետաքրքիր պատմություններ։ Զարմանալի է, որ մինչև հիմա այս հրաշալի աշխարհը ոչ ոք չի կիրառում, զարգացնում, ընդլայնում, որպես լիարժեք, ինքնաբավ տիեզերք՝ իր տրամաբանությամբ ու կանոններով։
Բացի այդ, «Ջրաշխարհը» տեխնոֆետիշիստի իսկական երազանքն է. դիզելպանկ միջավայր, դետալներ, որոնք ոչնչով չեն զիջում «Խելառ Մաքսին», ժանգոտված, կեղտոտ, մրոտ ու նավթոտ անիվներ, պտուտակներ, լամպեր, նավակներ, գնդացիրներ, խայտաբղետ կոստյումներ, մարդիկ։ Սա լավ մտածված ու մշակված սեթինգի ոչ պակաս լավ մտածված գեղարվեստական հավելումն է։ Ուղղակի աննկարագրելի, ահռելի մասշտաբի աշխատանք այն ժամանակ, երբ համակարգչային գրաֆիկան դեռ պոպուլյար չէր ու պետք էր աշխատել ձեռքերով։ Կասկադյորների հսկա խումբը նկարահանման ընթացքում ուղղակի աներևակայելի հնարքներ է կատարել, որոնք անգամ այժմ կասկադյորական դպրոցներում են ուսումնասիրում։ Կարճ ասած, օվկիանոսի մասին լավագույն ֆիլմերից մեկը։
Սակայն օվկիանոսի թեման ոչ միայն ֆինանսական կորուստներ է բերում, այլև կարող է ահռելի եկամուտի աղբյուր լինել։ Մանավանդ, եթե պատմում է ոչ թե անհայտ խորքերի կամ հեռավոր ապագայի, այլ մարդկանց հետ անմիջապես առնչվող ներկայի հետ։ Երբ լողափային իդիլիան վերածվում է իսկական արյունալի սպանդի։ Խոսքը, բնականաբար, բոլոր ժամանակների գլխավոր բլոկբաստերի, ընդհանրապես` ամառային բլոկբաստեր հասկացությունը կինեմատոգրաֆ ներմուծած ֆիլմի` Սթիվեն Սփիլբերգի լեգենդար «Ծնոտների» (Jaws, 1975) մասին է։ Դեռ մինչև Ջորջ Լուկասի տիեզերական Սագան, Սփիլբերգի ֆիլմը ցույց տվեց, որ կինոն կարող է ոչ թե լինել կամ ատրակցիոն, կամ բարձր արվեստ, այլ այդ երկուսը հնարավոր է համատեղել` ստանալով իսկական արվեստի գործ, որը հավասար հետաքրքիր կլինի թե նուրբ գնահատողներին, ու թե լայն հանրությանը։ Արդյունքում, $9 մլն բյուջեի պարագայում երիտասարդ ռեժիսորի ֆիլմը հավաքեց $476 մլն` Սփիլբերգին դարձնելով սուպերաստղ։
Սյուժեի համաձայն, Նոր Անգլիայի Էմիթի անվանմամբ հորինված հանգստավայրում մարդկանց սկսում է ահաբեկել ահռելի սպիտակ շնաձուկը։ Տեղի ոստիկանության պետը փորձում է միջոցներ ձեռնարկել հրեշին ոչնչացնելու համար։ Սփիլբերգի ֆիլմի ուժը ոչ միայն հիանալի գրված դերերն են, հիշվող երկխոսությունները (հատկապես` որսորդ Քվինթի մենախոսությունը, որը հավերժ մեխվում է մարդկանց հիշողության մեջ), այլ, ամենակարևորը, սասփենսը, որը վարպետորեն խտացվում է հանճարեղ Ջոն Ուիլյամսի երաժշտության շնորհիվ։ Հաշվի առնելով խնդիրները, որ առաջացել էին անիմատրոնիկ շնաձկան պատրաստման հետ, Սփիլբերգի առաջ մարտահրավերներ էր` ցույց տալ էկրանին շնաձկան մոտենալն ու դրա հետ կապված լարվածությունը` ցույց չտալով հենց կենդանուն. ու Ուիլյամսի երաժշտությունը, ոգեշնչված Ալֆրեդ Հիչքոքից, ավելի վախենալու է դարձնում ֆիլմը, քանի որ թաքնված վտանգը շատ ավելի զարհուրեցնող է։
«Ծնոտները» վախեցնում է, որովհետեւ ցույց է տալիս հենց մեր աշխարհը։ Օվկիանոսը ոչ միայն հանգստավայր է, այն կարող է սպանել հազար ու մի ձևով։ Հսկա սպիտակ շնաձուկը ընդամենը կենդանի է, սակայն Սփիլբերգին հաջողվել է կենդանի այդ արարածին հաղորդել իրավամբ առասպելական, դեմոնիկ գծեր, տալ անհատականություն, դարձնել գործող անձ, ինչի շնորհիվ մարդու ու Բնության պայքարը էլ ավելի սուր տեսք ունի։
Ծովային տարերքի հետ կռիվ տալու մասին ֆիլմերից կարելի է, իհարկե, հիշել «Կարիբյան ծովի ծովահենները» (Pirates of the Caribbean) հիանալի եռագրությունը (մոռանալով մնացածը, որպես վատ երազ), սակայն այս թեմայով դժվար թե նոր բան ասած լինենք։ Փոխարենը, կարելի է հիշել ֆիլմ, որը ուղիղ տեղափոխում է հանդիսատեսին Ժյուլ Վերնի ու Ռոբերտ Սթիվենսոնի` ծովային արկածների ռոմանտիկ ժամանակաշրջան, երբ լամպի լույսի տակ տան անկյունում գրքի հետ թաքնված` նա հայտնվում էր լրիվ այլ աշխարհում։ Այստեղ կենտրոնականը պատիվն էր ու տղամարդկային ընկերությունը, ծովի աղի օդը ու ահռելի ալիքների դեմ պայքարը, քամուց ձգված առագաստներն ու դեպի անհայտը տանող ուղին։ Այդ զգացումը հիանալի փոխանցել է Պիտեր Ուիրի «Հրամանատարը. Աշխարհի ծայրին» (Master and Commander: The Far Side of the World, 2003) արկածային ֆիլմը։
Ֆիլմի հիմքում Պատրիկ Օ'Բրայենի գրքաշարն է նավապետ Ջեք Օբրիի ու բժիշկ Սթիվեն Մեթյուրինի մասին, ում կերպարներում հստակ երևում են զուգահեռներ նավապետ Ջոն Մանգլսի ու բժիշկ Ժակ Պագանելի հետ` Ժյուլ Վերնի լեգենդար վեպից։ Օ'Բրայենի հերոսները, սակայն, ծովում պայքարում են Նապոլեոնի նավատորմի դեմ։ Ծովն այստեղ թե բարեկամ է, ու թե թշնամի. ահռելի ալիքները կարող են խոշոր վնասներ հասցնել ճակատամարտերից առանց այն էլ հյուծված նավին, իսկ փոթորիկները կարող են պատառոտել առագաստները։ Բայց ճիշտ ուղղությամբ փչող ու ճիշտ արագությամբ քամին կարող է փրկություն դառնալ անձնակազմի համար, այն դեպքում, երբ առանց քանի ծովի հայելային մակերևույթը կարող է վերածվել իսկական դժոխքի դարպասների։ Ծովն ինքն է որոշում, ում օգնել ու ում սպանել, իր կամքն անկանխատեսելի է ու քննարկման ենթակա չէ։ Այդ իսկ պատճառով, ծով դուրս են գալիս միայն Օբրիի ու Մեթյուրինի նման խիզախները։
Առանձնահատուկ խիզախները այնպիսի մարտահրավեր են նետում օվկիանոսին, որ վերջինս չի իմանում, ինչ պատասխանի։ 1947թ-ին նորվեգացի հետազոտող Թուր Հեյերդալը ու ևս հինգ հոգի երկարատև ճանապարհորդության դուրս եկան Խաղաղ օվկիանոսի ջրերում։ Քանի որ հետազոտության առարկան հասկանալն էր, արդյո՞ք պոլինեզացիների նախնիները նույն այդ ծովային ուղին են ժամանակին հաղթահարել, ճանապարհորդները գերաններից պատրաստված լաստանավակում էին։ Կոն-Տիկի անունը ստացած լաստանավակով, ահռելի զրկանքների գնով խիզախ ճանապարհորդները 101 օրում անցան գրեթե 7000 կիլոմետր։ Արդյունքում, Հեյերդալը գրեց իր հռչակավոր գիրքը, նկարեց «Օսկարի» արժանացած վավերագրական ֆիլմ, ցույց տվեց, որ պոլինեզացիները կարող են Հարավային Ամերիկայից լաստանավակներով Խաղաղ օվկիանոսը հաղթահարած հնդկացիների ժառանգները լինել։
Իսկ 2012-ին էկրաններ բարձրացավ նորվեգացի ռեժիսորներ Յոահիմ Ռոնինգի ու Էսպեն Սանդբերգի «Կոն-Տիկի» (Kon-Tiki) ֆիլմը, որը Հեյերդալի գրքի էկրանավորումն էր։ Սա, թերևս, սկզբնաղբյուրին ամենահավատարիմ կենսագրական ֆիլմերից մեկն է։ Եթե գրքում Հեյերդալը քայլ առ քայլ նկարագրում էր արշավի մոտիվացիան, նախապատրաստումն ու ընթացքը, բոլոր դժվարություններն ու մահացու վտանգները, որոնց հետ բախվել էր արշավախումբը, ապա դրանք ոսկերչական ճշգրտությամբ տեղափոխվել են ֆիլմ։ Իհարկե, գեղարվեստական ազդեցության ուժեղացման համար որոշ դրվագներ փոփոխվել են, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում ընդհանուր պատմության վրա, որը միաժամանակ տարերքի առաջ մարդու խոցելիության ու ցանկացած, անգամ ուժեղագույն տարերքին մարտահրավերներ նետելու ու դրանք հաղթահարելու կարողության մասին է։