Հոմերոսի «Ոդիսականը»՝ մոդեռնիստական վեպ, երգիծական ֆիլմ ու նախառաֆայելական շրջանի կտավ. Հունական առասպելի մշակութային ոդիսականը
Մոտ երեք հազար տարի առաջ ստեղծված պատմությունը դարեր շարունակ ու մինչև օրս էլ շարունակում է նոր շունչ ու երանգ ստանալ գրականության, գեղանկարչության, թատրոնի, կինոյի, երաժշտության և անգամ թվային արվեստի մեջ։ Ամեն անգամ փոխում է արտաքին որոշ ազդակներ ու անգամ կերպարանքներ, բայց պահպանում է ներքին առանցքն ու ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է նշանակում վերադառնալ տուն, երբ տուն տանող ճանապարհն արդեն փոխել է մարդուն։
Հոմերոսի «Ոդիսականը» արևմտյան գրականության հիմնարար էպոսներից է՝ «Իլիականի» հետ միասին։ «Իլիականը» պատմում է Տրոյական պատերազմի վերջին շրջանի մասին, դե, իսկ «Ոդիսականը» սկսվում է պատերազմի ավարտից հետո, երբ Իթակե կղզու արքա Ոդիսևսը փորձում է վերադառնալ կնոջ՝ Պենելոպեի և որդու՝ Տելեմաքոսի մոտ։ Այդ վերադարձը, սակայն, դառնում է տասը տարվա երկարատև փորձություն ու ճանապարհ՝ ծովերի, աստվածների, հրեշների, գայթակղությունների և հիշողության միջով։ Էպոսը սովորաբար թվագրվում է մ.թ.ա. VIII դարով, իսկ դրա գործողությունները կապված են Տրոյական պատերազմի առասպելական աշխարհի հետ։
«Ոդիսականը» հաճախ ներկայացվում է որպես արկածային պատմություն։ Ոդիսևսը փախչում է Պոլիփեմոս կիկլոպից, դիմակայում է կախարդուհի Կիրկեի հմայքներին, լսում է Սիրենների մահաբեր երգը, իջնում է մեռյալների աշխարհ, տարիներ է անցկացնում Կալիպսոյի կղզում և վերջապես՝ ծպտված ու փորձությունների միջով, վերադառնում է Իթակե։
Բայց այս դրվագները երբևէ չեն ընկալվել սոսկ սյուժետային իրադարձություններ։ Դրանք մարդու ներքին պայքարի ու «աշխարհագրության» պատկերներն են։ Կիկլոպը միայն հրեշ չէ, այլ նաև բիրտ ուժի և քաղաքակրթությունից դուրս կյանքի խորհրդանիշն է։ Կիրկեն միայն վհուկ չէ, այլ նաև այն գայթակղությունն է, որը կարող է փոխակերպել մարդուն ու հեռացնել իր նպատակից։ Սիրենները միայն գեղեցիկ ձայն ունեցող առասպելական արարածներ չեն, դրանք նաև արգելվածը տեսնելու ու լսելու վտանգավոր ցանկությունն են արտացոլում։ Իսկ տունը՝ Իթակեն, միայն աշխարհագրական կետ չէ։ Այն հիշողություն է, ինքնություն, խոստում, վայր, որտեղ մարդը գտնում է ինքն իրեն, թեև անցած ճանապարհն արդեն փոխել է նրան։
Այսպիսով, դեռևս հնագույն տեքստի շրջանակում «Ոդիսականը» ճանապարհի պատմություն է՝ աշխարհագրական, հոգևոր, մտավոր ճանապարհի։ Ոդիսևսը վերադառնում է տուն ու ճանապարհին բացահայտում ինքն իրեն, Տելեմաքոսը ճանապարհ է ընկնում՝ փնտրելով հոր հետքը և սեփական հասունությունը։ Պենելոպեն չի լքում տունը, բայց իրականում անցնում է իր սեփական դիմադրության ճանապարհը։
Հնագույն արվեստը շատ վաղ սկսեց պատկերել «Ոդիսականի» դրվագները։ Դրա ամենահայտնի առաջին օրինակներից մեկը Բրիտանական թանգարանում պահվող ստամնոսն է։ Հազվադեպ սևաֆիգուր նկարազարդումով ստամնոսի վրա պատկերված են Ոդիսևսը և սիրենները։ Առհասարակ, ամֆորայի նմանվող կավե կլորավուն անոթը պատրաստվել է Հին Հունաստանում մ. թ. ա. 6-րդ դարի վերջից մինչև 5-րդ դարի վերջը։ «Ոդիսականի» այս դրվագը պատկերող ստամնոսը թվագրվում է մ.թ.ա. 480-470 թվականներին։
Հետաքրքիր է, որ հետագայում եվրոպական արվեստում սիրենները հաճախ դառնում են գեղեցկուհի կանայք կամ ջրահարսանման կերպարներ, մինչդեռ հին հունական պատկերագրության մեջ նրանք թռչնակերպ էին։ Սիրենները ոգեղեն էակներ էին, համարվել են մուսաներից մեկի և Աքելոսի կիսաթռչնակերպ դուստրերը, որոնք հորից ժառանգել են վայրի տարերքը, իսկ մորից՝ աստվածային ձայնը։ Ըստ Հոմերոսի «Ոդիսականի», բնակվելով Կիրկե և Սկիլլա կղզիների միջև գտնվող ժայռակղզում, իրենց կախարդական երգով հրապուրել և կործանել են ծովագնացներին։ Սիրենների կղզու մոտակայքով նավարկող Ոդիսևսը կախարդ Կիրկեի խորհրդով նավաստիների ականջները փակել է մեղրամոմով, իսկ իրեն պատվիրել է կապել կայմին, որպեսզր չլսի Սիրենների երգը։
«Ոդիսականի» պատկերումը, սակայն, մեծ տարածում գտավ նոր ժամանակների եվրոպական արվեստում։ Ռոմանտիզմը, նախառաֆայելականների շրջանը, սիմվոլիզմը և Վիկտորյական դարաշրջանի գեղանկարչությունը պարբերաբար անդրադառնում էին Ոդիսևսին, Կիրկեին, Սիրեններին, Պենելոպեին և այլ թեմաների։ Անգլիացի նկարիչ Ուիլյամ Թըրների 1829 թվականի կտավը՝ «Ոդիսևսը ծաղրում է Պոլիփեմոսին», այս շարքի ամենատպավորիչ գործերից է։ Կտավում Ոդիսևսը հեռանում է կիկլոպի կղզուց և նավից հաղթական ժեստով նայում է դեպի կուրացած Պոլիփեմոսը։
Թըրները հայտնի էր իր յուղանկարներով, բայց նա նաև ջրաներկով բնանկարի ամենամեծ վարպետներից մեկն է համարվում ու հայտնի է որպես «լույսի նկարիչ»։ Այս ստեղծագործության մեջ ևս առասպելը սոսկ պատմական կամ գրական նկարազարդմամբ չի ներկայացված, այն վերածվում է լույսի, գույնի և շարժման տպավորիչ դինամիկայի։ Մեծ Բրիտանիայի Ազգային պատկերասրահի նկարագրությամբ՝ Թըրների այս ստեղծագործությունը կարևոր է նրա գեղանկարչական զարգացման համար, որովհետև այստեղ գույնն ու լույսը ստանում են ավելի արտահայտիչ ու առանցքային դեր։
Անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի 1891 թվականին ստեղծված «Ոդիսևսը և սիրենները» նկարը գտնվում է Մելբուռնի Վիկտորիայի ազգային պատկերասրահում։ Այն ևս կարևոր հանգրվան է «Ոդիսականի» պատկերային պատմության մեջ։ Այս ստեղծագործությունը պատկերում է այն դրվագը, որտեղ դիվական սիրենները փորձում են իրենց կախարդիչ երգով դեպի մահացու ջրերը գրավել գլխավոր հերոս Ոդիսևսին և նրա խմբին։
Ուոթերհաուսի նկարի ամենահակասական մասը սիրենների պատկերն է, որոնք խիստ տարբերվում էին Վիկտորյական դարաշրջանում նրանց մասին պատկերացումներից։ Դիտողներն սպասում էին սիրեններին տեսնել նիմփաների տեսքով, նման ջրահարսերի, սակայն զարմացել էին՝ տեսնելով կանանց գլուխներով թռչնանման էակների։ Առաջին ցուցադրության ժամանակ The Magazine of Art հանդեսի արվեստաբան և քննադատ Մարիոն Սփիլմանը նշել է, որ Ուոթերհաուսի նկարած կիսաթռչուն-կիսակին սիրենների գաղափարը կապվում է դասական հունական սափորների վրա սիրենների պատկերների հետ։
«Ոդիսականի» կին կերպարները նույնպես արվեստի պատմության մեջ անընդհատ վերադառնում են նոր շեշտադրումներով։ Կիրկեն, օրինակ, դարերով պատկերվել է որպես վտանգավոր հրապուրանք, կախարդական իշխանություն ունեցող կին, որը կարող է տղամարդկանց վերածել խոզերի։ Բայց ժամանակակից մեկնաբանություններում Կիրկեն հաճախ դիտվում է նաև որպես անկախ, խելացի և ուժեղ կին, որի կղզին քաղաքակրթությունից դուրս այլընտրանքային աշխարհ է։
Նույնը կարելի է ասել Կալիպսոյի մասին, որը յոթ տարի Ոդիսևսին պահում է իր կղզում և նրան անմահություն առաջարկում, եթե, իհարկե, Ոդիսևսը մնա իր հետ։ «Ոդիսականի» ամենախորը ու առանցքային հարցերից մեկն առաջանում է հենց այս դրվագում՝ ինչո՞ւ է մահկանացու մարդը հրաժարվում անմահությունից և ընտրում վերադառնալ մի տուն, որտեղ իրեն գուցե այլևս չճանաչեն։ Բայց, անմահությունն էլ գուցե մի յուրատեսակ աքսոր է։ Ու այս առումով «Ոդիսականը» վերադարձից բացի նաև ինքնության պահպանման մասին է։
Դարերի ընթացքում «Ոդիսականը» ազդել է ոչ միայն կերպարվեստի, այլև գրականության վրա։ XX դարի սկզբին Ջեյմս Ջոյսը վերցրեց Հոմերոսի էպոսը և այն տեղափոխեց Դուբլին։ «Ուլիսեսը», որ լույս է տեսել 1922 թվականին, համարվում է մոդեռնիստական գրականության առանցքային գործերից մեկը։ Վեպը պատմում է մեկ օրվա՝ 1904 թվականի հունիսի 16-ին կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում։ Ջեյմս Ջոյսը Ուլիսեսը բաժանել է 18 գլուխների կամ միջադեպերի։ Ուլիսեսի ամեն միջադեպ ունի իր թեման, տեխնիկան և կապը գործող անձանց և Ոդիսևսի գործող անձանց միջև։ Ինքնագիր տեքստը չուներ վերնագրված միջադեպեր, դրանք տեղի էին ունենում Լինանտի և Հիլբերտի սխեմայով։ Սեփական նամակներում Ջոյսը միջադեպերը անվանում է իր հոմերոսական վերնագրերով։ Որոշ միջադեպերի վերնագրեր ունեն անմիջական կապեր, օրինակ, «Նավսիկան» և «Տելեմաքոսը» վերցված են Վիկտոր Բերիի երկհատորյակի «Փյունիկեցիները և Ոդիսևսը» գրքից, որի հետ հեղինակը ծանոթացել է 1918 թվականին Ցյուրիխի կենտրոնական գրադարանում։
Եվ ահա՝ ժամանակի ընթացքում նաև արվեստի լեզուն էր, որ օգնեց «Ոդիսականը» դարձնել ժամանակակիցների համար ընկալելի ու այդքան տպավորիչ։ Այն այլևս միայն հին հունական աշխարհին պատկանող էպոս չէր, այլ մարդկային փորձառության մոդել։ Պատերազմից վերադարձող զինվորը, հայրենիքը կորցրած գաղթականը, երկար տարիներ բացակայությունից հետո տուն եկող մարդը, քաղաքում իրեն օտար զգացող անհատը, նույնիսկ թվային դարաշրջանում սեփական անձի շուրջ ուշադրությունը պահել փորձող մարդը կարող են իրենց պատմության որոշ դրվագներ փնտրել ու գտնել «Ոդիսականի» մեջ։ Նա անընդհատ ճանապարհին է, բայց ճամփորդության նպատակը միայն տեղ հասնելը չէ։ Նպատակը՝ չկորցնել սեփական անունը, հիշել, թե որտեղից ես գալիս և ուր ես գնում։ Իսկ «տունը» վաղուց արդեն սոսկ ֆիզիկական տարածք չէ։
Եթե XIX և XX դարերում «Ոդիսականը» վերածնվում էր հիմնականում գրականության ու գեղանկարչության մեջ, ապա XX դարի վերջից և XXI դարում այն սկսեց հայտնվել նաև էկրաններին։ Կինոն, իր բնույթով, շատ մոտ է հոմերոսյան էպոսին։ Այն նույնպես կառուցվում է պատկերների, ձայների, ռիթմի և հիշողության վրա։ Հոմերոսն ընթերցողի առաջ բացում էր ծովերի, կղզիների, հրեշների ու աստվածների աշխարհը, իսկ կինոռեժիսորը նույնը անում է լույսով, շարժումով և ձայնային տարածությամբ։
Սա է պատճառը, որ «Ոդիսականի» կինեմատոգրաֆիկ ճակատագիրը գրեթե անխուսափելի էր։ Ինչ-որ առումով այն պատրաստի արկածային սյուժե է, իսկ եթե մի փոքր ավելի խորքային դիտանկյուն ընտրենք՝ մարդու վերադարձի, պատերազմի հետևանքների, մեղքի, մենության, հիշողության և ինքնության մասին պատմություն է։ Գուցե սա է պատճառը, որ պատմությունը մեծ էկրանին երբեմն հայտնվում է գրեթե անճանաչելի վերապատումների տեսքով։
Ժամանակակից կինոյում «Ոդիսականի» ամենահայտնի և յուրօրինակ վերապատումներից մեկը Ջոել և Իթան Քոենների «Օ՜ եղբայր, որտե՞ղ ես դու» երաժշտական երգիծական կատագերգական-դրաման է։ 2000 թվականին նկարահանված ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Միսիսիպիի գյուղական շրջանում՝ 1937 թվականի ամռանը: Երեք փախստական դատապարտյալներ փնտրում են թաքնված գանձ, մինչդեռ շերիֆը անխնջորեն հետևում է նրանց:
Պատմությունը ժամանակակից երգիծանք է, որը, չնայած ներառում է Ամերիկայի Հարավի սոցիալական առանձնահատկությունները, լայնորեն հիմնված է Հոմերոսի «Ոդիսականի» վրա: Ֆիլմում կան Սիրեններ, Կիկլոպ, իսկ գլխավոր կերպարի անունը Ուլիսիս է։ Ֆիլմում ռեժիսորները ստեղծել են մի աշխարհ, որտեղ հարավային ֆոլկլորը, կրոնական պատկերները, հումորը և քաղաքական սատիրան խառնվում են հոմերոսյան ճանապարհորդությանը։ Ֆիլմի սկզբում նշվում է, որ այն հիմնված է Հոմերոսի «Ոդիսականի» վրա, բայց պետք է նշել, որ այն ավելի շատ մշակութային յուրօրինակ ու ժամանակակից արձագանք է, քան ուղղակի էկրանավորում։
Եվ ահա՝ ընդամենը մի քանի օրից մեծ էկրաններ է բարձրանալու ծանր հրետանին։ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» դեռ չի հասել կինոթատրոններ, բայց արդեն դարձել է բազմաթիվ քննարկումների ու անգամ քննադատությունների առիթ։ Ֆիլմը նկարահանվել է աշխարհի տարբեր անկյուններում՝ ամբողջությամբ IMAX 65/70 մմ ժապավենային տեսախցիկներով։ Դերասանական կազմում ընդգրկված է իսկական աստղաբույլ՝ Մեթ Դեյմոնը՝ Ոդիսևսի դերում, Թոմ Հոլանդը, Էն Հեթուեյը, Ռոբերտ Փաթինսոնը, Լուպիտա Նիոնգոն, Զենդեյան և Շարլիզ Թերոնը։ Նոլանի ֆիլմի շուրջ սպասելիքներն ի սկզբանե հասել էին առավելագույնին, հետևաբար ռեժիսորի համար չափազանց բարդ մարտահրավեր է լինելու արդարացնել այդ սպասելիքները։
Առհասարակ, առասպելների «երկարակեցության» գաղտնիքը շատ հստակ է՝ դրանք ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ սերունդները պատրաստ են քննարկել դասական դարձած այդ տեքստերը, կասկածի տակ դնել, վերապատմել, վերաձևակերպել կամ էլ տեղափոխել այլ աշխարհ ու իրականություն։ «Ոդիսականը» այս առումով բացառիկ կենսունակություն ունի։ Հին հունական էպոսը կարծես հեշտությամբ դառնում է մոդեռնիստական վեպ, ամերիկյան երգիծական ֆիլմ, ֆեմինիստական վերապատում ու լիամետրաժ ֆիլմ։ Հիմքում միշտ նույն գաղափարն է՝ չկորցնել բռնած ուղղությունն ու ինքնությունը։